Armenian ARMSCII Armenian
Կ-567-25.04.2023,06.06.2023-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքը (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով.

«Հոդված 5.1. Սույն օրենսգրքում կիրառվող հասկացությունների օգտագործման սահմանափակումը

1. Կազմակերպություններին արգելվում է իրենց անվանման մեջ «դատավոր» բառի կամ Հայաստանի Հանրապետության դատարանների անվանումների, դրանց բոլոր հոլովաձեւերի կամ դրանք ներառող բառակապակցությունների, ինչպես նաեւ «դատավոր» բառի կամ Հայաստանի Հանրապետության դատարանների անվանումների օտարալեզու իմաստային թարգմանությունների օգտագործումը:»:

Հոդված 2. Օրենքի 79-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Բարձրագույն դատական խորհուրդը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցերի լուծման, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի եւ դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումների դեմ բողոքները քննելու լիազորություններն իրականացնում է սույն օրենսգրքով սահմանված կազմերի միջոցով, որոնք հանդես են գալիս Բարձրագույն դատական խորհրդի անունից՝ գործելով որպես Բարձրագույն դատական խորհուրդ:»:

Հոդված 3. Օրենքի 84-րդ հոդվածի 11-րդ մասի 1-ին կետը «նիստերը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի» բառերով:

Հոդված 4. Օրենքի 85-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը Բարձրագույն դատական խորհուրդը քննում է ամբողջ կազմով, իսկ կարգապահական վարույթի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 19-րդ գլխի կանոնները՝ սույն հոդվածի պահանջների հաշվառմամբ:»:

Հոդված 5. Օրենքի 88-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Բարձրագույն դատական խորհրդի՝ սույն օրենսգրքի 141-րդ հոդվածի 1.1-ին եւ 156.2-րդ հոդվածի 1-ին մասերով սահմանված կազմերում ընդգրկված անդամի ինքնաբացարկը կամ բացարկը չի ընդունվում, եթե սույն օրենսգրքի 141-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կազմի անդամների թիվը պակասում է 3-ից, իսկ 156.2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կազմի անդամների թիվը՝ 5-ից:»:

Հոդված 6. Օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 7-րդ կետը «հարցը» բառից հետո լրացնել «եւ քննում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումների դեմ բողոքները» բառերով.

2) 8-րդ կետը «հարցը» բառից հետո լրացնել «եւ քննում է դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումների դեմ բողոքները» բառերով:

Հոդված 7. Օրենքի 90-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասից հանել «ինչպես նաեւ» բառերը, նույն մասը «հարցերը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի եւ դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումների դեմ բողոքները» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին եւ 3.2-րդ մասերով.

«3.1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի լիազորությունները դադարեցնելու, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերի եւ դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումների դեմ բողոքի վերաբերյալ հարցերով Բարձրագույն դատական խորհրդի նիստերը հրավիրում եւ վարում է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը կամ Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամը:

3.2. Բարձրագույն դատական խորհրդի նախագահը հրավիրում եւ վարում է Բարձրագույն դատական խորհրդի այն կազմի նիստերը, որում ընդգրկվել է վիճակահանությամբ: Բարձրագույն դատական խորհրդի այն կազմի նիստերը, որում Բարձրագույն դատական խորհրդի նախագահը վիճակահանությամբ չի ընդգրկվել, հրավիրում եւ վարում է այդ կազմում ընդգրկված եւ Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով ընտրված անդամը:».

3) 4-րդ մասը «կամ» բառից հետո լրացնել «սույն օրենսգրքով նախատեսված դեպքում նիստը վարելու իրավասություն ունեցող անդամի, ինչպես նաեւ խորհրդի» բառերով:

Հոդված 8. Օրենքի 91-րդ հոդվածի 1-ին մասը «նախագահը» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում նաեւ նիստը հրավիրելու եւ վարելու իրավասություն ունեցող անդամը» բառերով:

Հոդված 9. Օրենքի 92-րդ հոդվածի 2-րդ մասը «մասնակցում է խորհրդի» բառերից հետո լրացնել «, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ խորհրդի համապատասխան կազմի» բառերով:

Հոդված 10. Օրենքի 93-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «փոխարինող» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում՝ նաեւ նիստը վարելու իրավասություն ունեցող» բառերով.

2) 4-րդ մասի «կամ նրա» բառերը փոխարինել «, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում՝ նաեւ նիստը վարելու իրավասություն ունեցող խորհրդի անդամի կամ նրանց» բառերով:

Հոդված 11. Օրենքի 94-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասից հանել «Դատավորին եւ» բառերը, իսկ «ինչպես նաեւ» բառերից հետո՝ «դատավորի եւ» բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ մասով.

«11. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ հարցերը, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու եւ դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցերի մասին որոշումների դեմ բողոքները քննելիս Բարձրագույն դատական խորհրդի ակտերի եւ դրանց ընդունման կարգի նկատմամբ կիրառվում են սույն հոդվածով սահմանված կանոնները, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:»:

Հոդված 12. Օրենքի 113-րդ հոդվածի 7-րդ մասի եւ 125-րդ հոդվածի 5-րդ մասի «օրենսգրքով» բառը փոխարինել «օրենսգրքի 157-րդ հոդվածով» բառերով:

Հոդված 13. Օրենքի 141-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-1.5-րդ մասերով.

«1.1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության համար Բարձրագույն դատական խորհրդում ձեւավորվում է Բարձրագույն դատական խորհրդի չորս անդամ ընդգրկող կազմ:

1.2. Կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելիս եւ որոշումներ կայացնելիս Բարձրագույն դատական խորհրդի անունից հանդես է գալիս սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված կազմը՝ գործելով որպես Բարձրագույն դատական խորհուրդ:

1.3. Յուրաքանչյուր կարգապահական վարույթով ձեւավորվում է սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված առանձին կազմ:

1.4. Սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված կազմում պետք է ընդգրկվեն Բարձրագույն դատական խորհրդի՝ Ընդհանուր ժողովի եւ Ազգային ժողովի կողմից ընտրված երկուական անդամներ:

1.5. Սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված կազմերը ձեւավորվում են վիճակահանությամբ՝ Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով:»:

Հոդված 14. Օրենքի 145-րդ հոդվածի 2-րդ մասում «եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

Հոդված 15. Օրենքի 146-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հաղորդման մեջ նշվում են՝

1) հաղորդումը ներկայացնող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հասցեն, իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, նրա անունից հաղորդում ներկայացնող անձի անունը, ազգանունը եւ պաշտոնը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմնի դեպքում՝ լրիվ անվանումը եւ պաշտոնատար անձի անունը, ազգանունը եւ պաշտոնը,

2) հաղորդման ներկայացման համար հիմք հանդիսացած դատական գործի համարը, տվյալ գործով դատավորի անունը, ազգանունը եւ պաշտոնը (կիրառելի լինելու դեպքում),

3) հիմնավորումներ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության վերաբերյալ,

4) հաղորդումը ներկայացնող անձի պահանջը,

5) հաղորդման ներկայացման ամսաթիվը եւ հաղորդումը ներկայացնող ֆիզիկական անձի ստորագրությունը, իրավաբանական անձի դեպքում՝ նրա անունից հանդես եկող անձի ստորագրությունը, իսկ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմնի դեպքում՝ համապատասխան պաշտոնատար անձի ստորագրությունը:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին եւ 2.2-րդ մասերով.

«2.1. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների խախտմամբ ներկայացված հաղորդումները վարույթ հարուցող մարմինը վերադարձնում է հաղորդում ներկայացրած անձին եւ առաջարկում է 15 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել այդ խախտումները: Հաղորդումը սույն մասով սահմանված կարգով վերադարձվում է նաեւ, եթե հաղորդումը կրկին ներկայացվելու դեպքում թույլ է տրվել սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների այլ նոր խախտում:

2.2. Վարույթ հարուցող մարմինը վարույթ հարուցելիս եւ իրականացնելիս կաշկանդված չէ հաղորդմամբ ներկայացված իրավական հիմքերով եւ հիմնավորումներով:».

3) 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված ժամկետում չեն շտկվել սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների խախտումները:»:

Հոդված 16. Օրենքի 147-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ մասով.

«11. Վարույթ հարուցող մարմնի որոշմամբ միեւնույն դատավորի վերաբերյալ միեւնույն խախտումների հիմքերով հարուցված երկու եւ ավելի կարգապահական վարույթները մինչեւ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված որոշումը կայացնելը կարող են միավորվել մեկ վարույթում: Միավորման արդյունքով սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը հաշվարկվում է ավելի վաղ հարուցված կարգապահական վարույթի հարուցման օրվանից: Վարույթները միավորելու մասին որոշումը հնգօրյա ժամկետում ուղարկվում է դատավորին, վարույթ հարուցող մյուս մարմին եւ հաղորդում ներկայացրած անձանց:»:

Հոդված 17. Օրենքի 153-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «հարցը» բառից հետո լրացնել «եւ կայացված որոշումների դեմ բողոքները» բառերով.

2) 1-ին մասի՝

ա) 1-ին կետը «հարցի» բառից հետո լրացնել «կամ բողոքի» բառերով.

բ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) սույն օրենսգրքով սահմանված կարգով բողոքարկելու իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումը:».

3) 2-րդ մասը «հարցը» բառից հետո լրացնել «եւ կայացված որոշումների դեմ բողոքները» բառերով.

4) 3-րդ մասի «հարցն» բառը փոխարինել «հարցը եւ կայացված որոշումների դեմ բողոքն» բառերով:

Հոդված 18. Օրենքի 154-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովադնակությամբ 5-րդ մասով.

«5. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ընդունվում է խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ՝ սույն օրենսգրքի 141-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կազմի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Եթե քվեարկության արդյունքով որոշման օգտին բավարար քանակի ձայների բացակայության պատճառով որոշում չի ընդունվում, ապա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը համարվում է ընդունված: Որոշումը կազմում եւ ստորագրում են սույն օրենսգրքի 141-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված կազմի այն անդամները, որոնք քվեարկել են միջնորդությունը մերժելու օգտին:»:

Հոդված 19. Օրենքի 155-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 1-ին կետը «անվանումը եւ» բառերից հետո լրացնել «դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության՝ սույն օրենքի 141-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված» բառերով.

2) 4-րդ մասը «եզրահանգումը» բառից հետո լրացնել «, որոշման բողոքարկման ժամկետն ու այն մարմինը, որտեղ կարող է ներկայացվել բողոքը» բառերով.

3) 6-րդ մասի «հրապարակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում,» բառերը փոխարինել «հրապարակվելուց հետո անմիջապես հանձնվում է, իսկ դրա անհնարինության դեպքում հնգօրյա ժամկետում» բառերով.

4) 7-րդ մասի՝

ա) «հրապարակման պահից» բառերից հետո լրացնել «մեկ ամիս հետո» բառերով.

բ) երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշման դեմ բողոք ներկայացվելու եւ որոշումը չվերացվելու կամ չփոփոխվելու դեպքում այն ուժի մեջ է մտնում բողոքի մասին որոշումը հրապարակելու պահից:»:

Հոդված 20. Օրենքի 156.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 156.1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման դեմ բողոք եւ բողոքի վերաբերյալ պատասխան ներկայացնելը

1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ եւ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոք կարող է ներկայացվել միայն Բարձրագույն դատական խորհուրդ:

2. Բողոք կարող են ներկայացնել՝

1) դատավորը, որի նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում է կայացվել,

2) դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցած մարմինը:

3. Բողոք կարող է ներկայացվել որոշման հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

4. Բարձրագույն դատական խորհուրդը բողոքն ստանալուց հետո այն անմիջապես ուղարկում է մյուս կողմին, որը կարող է Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնել բողոքի պատասխան այն ստանալու պահից մեկ շաբաթվա ընթացքում: Պատասխան չներկայացվելու դեպքում հիմք է ընդունվում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ընթացքում կողմի ներկայացրած դիրքորոշումը:»:

Հոդված 21. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 156.2-րդ եւ 156.3-րդ հոդվածներով.

«Հոդված 156.2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման դեմ բողոքի քննությունը

1. Բողոքի քննությունն իրականացնում է Բարձրագույն դատական խորհուրդը՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման կայացմանը չմասնակցած՝ առավելագույնը վեց անդամ ընդգրկող կազմով: Սույն մասով նախատեսված կազմում չեն ընդգրկվում Բարձրագույն դատական խորհրդի այն անդամները, որոնք ինքնաբացարկի կամ բացարկի հիմքով սույն օրենսգրքի 141-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված կազմում չեն մասնակցել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությանը:

2. Բողոքը քննելիս եւ որոշումներ կայացնելիս Բարձրագույն դատական խորհրդի անունից հանդես է գալիս սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կազմը՝ գործելով որպես Բարձրագույն դատական խորհուրդ:

3. Եթե Բարձրագույն դատական խորհրդի՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անդամների թիվը պակաս է 5-ից, ապա բողոքի քննությունը հետաձգվում է մինչեւ Բարձրագույն դատական խորհրդի կազմի՝ սույն մասով սահմանված նվազագույն թվի համալրումը, բայց ոչ ավելի, քան երեք ամիս ժամկետով: Եթե սույն մասով նախատեսված ժամկետում Բարձրագույն դատական խորհրդի կազմը չի համալրվում, ապա բողոքի քննությունն իրականացվում է անկախ սույն մասով նախատեսված նվազագույն թվից:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կազմի ձեւավորման կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը:

5. Բարձրագույն դատական խորհրդում բողոքը քննվում է այն ստանալու պահից երկամսյա ժամկետում:

6. Բարձրագույն դատական խորհրդում բողոքի քննությունն իրականացվում է սույն օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սկզբունքների հիման վրա: Բողոքի քննության նկատմամբ կիրառվում են («mutatis mutandis») սույն օրենսգրքով կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության համար սահմանված կանոնները այնքանով, որքանով դրանք կիրառելի են, եւ եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ:

7. Բարձրագույն դատական խորհուրդը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումը վերանայում է միայն բողոքի հիմքերի եւ հիմնավորումների սահմաններում:

8. Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է նոր ապացույց, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է տվյալ ապացույցը կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամանակ ներկայացնելու անհնարինությունը իրենից անկախ պատճառներով:

9. Բարձրագույն դատական խորհուրդն անդրադառնում է բողոքի հիմքին եւ դրա հիմնավորումներին, եթե բողոքարկողը տվյալ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնել է կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ընթացքում: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ բողոքարկողը զրկված է եղել այդ հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդում գործի քննության ժամանակ իր դիրքորոշումը հայտնելու հնարավորությունից:

10. Բարձրագույն դատական խորհրդում բողոքի քննության ժամանակ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությամբ հաստատված փաստերն ընդունվում են որպես հիմք, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքում վիճարկվում է այդ փաստը, եւ Բարձրագույն դատական խորհուրդը հանգում է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս սխալ է թույլ տրվել: Նման դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստ կամ հաստատված չհամարելու կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությամբ հաստատած փաստը, եթե կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի կամ բողոքի քննության ժամանակ հետազոտված ապացույցների հիման վրա հնարավոր է հանգել նման եզրակացության:

11. Եթե կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության ժամանակ հետազոտված ապացույցների հիման վրա չի հաստատվել որեւէ փաստ, որը պետք է հաստատվեր, ապա Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի հաստատված համարելու նոր փաստ, եթե բողոքարկողը վիճարկում է հետազոտված ապացույցների հիման վրա այն չհաստատվելը, եւ եթե կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի կամ բողոքի քննության ժամանակ հետազոտած ապացույցների հիման վրա հնարավոր է նման փաստ հաստատել:

12. Բարձրագույն դատական խորհրդում բողոքի քննությունն սկսվում է Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով ընտրված զեկուցող անդամի զեկուցումով, որը ներկայացնում է բողոքում եւ բողոքի պատասխանում նշված փաստարկները: Զեկուցումից հետո Բարձրագույն դատական խորհուրդը լսում է կողմերին:

13. Բարձրագույն դատական խորհրդի անդամները կարող են հարցեր ուղղել զեկուցողին, բողոքարկողին եւ մյուս կողմին:

Հոդված 156.3. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշման դեմ բողոքի քննության արդյունքներով կայացվող որոշումները

1. Բողոքի քննության արդյունքներով Բարձրագույն դատական խորհուրդը կարող է ընդունել հետեւյալ որոշումներից մեկը՝

1) բողոքը բավարարելու, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը վերացնելու եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը մերժելու մասին.

2) բողոքը բավարարելու, կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը մերժելու մասին որոշումը վերացնելու եւ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին.

3) բողոքը լրիվ կամ մասնակիորեն բավարարելու եւ որոշման պատճառաբանական մասը փոփոխելու մասին՝ առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին.

4) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը փոփոխելու եւ կարգապահական տույժի այլ տեսակ կիրառելու մասին.

5) բողոքը մերժելու եւ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին որոշումն անփոփոխ թողնելու մասին:

2. Բողոքի քննության արդյունքներով կայացված Բարձրագույն դատական խորհրդի որոշումը բաղկացած է ներածական, նկարագրական-պատճառաբանական եւ եզրափակիչ մասերից:

3. Բողոքի քննության արդյունքներով կայացված որոշման ներածական մասում նշվում են՝

1) Բարձրագույն դատական խորհրդի անվանումը եւ բողոքը քննող կազմը.

2) Բարձրագույն դատական խորհրդում բողոքի քննության վայրը եւ ժամանակը.

3) բողոքը ներկայացրած կողմի անունը, ազգանունը եւ պաշտոնը.

4) մյուս կողմի անունը, ազգանունը եւ պաշտոնը.

5) գործին մասնակցող անձանց անունը, ազգանունը.

6) որոշումը կայացրած կազմը, որոշման կայացման տարին, ամիսը, ամսաթիվը:

4. Բողոքի քննության արդյունքներով կայացված որոշման նկարագրական-պատճառաբանական մասում նշվում են՝

1) կայացված որոշման էության համառոտ շարադրանքը.

2) բողոքի հիմքերն ու հիմնավորումները, բողոքարկողի պահանջը, բողոքի պատասխանի առկայության դեպքում՝ պատասխանը ներկայացրած կողմի դիրքորոշումը եւ հիմնավորումները.

3) կողմերի բացատրությունները եւ դիրքորոշումը.

4) այն անձանց բացատրությունները, ցուցմունքները, որոնք հրավիրվել են նիստին.

5) այն ապացույցները կամ հանգամանքները, որոնց վրա հիմնված են Բարձրագույն դատական խորհրդի հետեւությունները, ինչպես նաեւ այս կամ այն ապացույցն անարժանահավատ համարելու փաստարկները.

6) նորմատիվ իրավական ակտի այն նորմերը, որոնցով Բարձրագույն դատական խորհուրդը ղեկավարվել է որոշումն ընդունելիս.

7) եզրահանգում՝ բողոքի յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ:

5. Բողոքի քննության արդյունքներով Բարձրագույն դատական խորհրդի որոշման եզրափակիչ մասում նշվում է Բարձրագույն դատական խորհրդի եզրահանգումը:

6. Բողոքի քննության արդյունքներով Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ընդունվում է խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ՝ սույն օրենսգրքի 156.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կազմի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով: Եթե քվեարկության արդյունքով որոշման օգտին բավարար քանակի ձայների բացակայության պատճառով որոշում չի ընդունվում, ապա ընդունված է համարվում այն որոշումը, որն առավել բարենպաստ է դատավորի համար, իսկ որոշումը կազմում եւ ստորագրում են սույն օրենսգրքի 156.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կազմի այն անդամները, որոնք քվեարկել են այդ որոշման օգտին:

7. Բողոքի քննության արդյունքներով դատավորը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը կարող է թողնվել անփոփոխ, եթե սույն օրենսգրքի 141-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կազմում կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշմանը կողմ քվեարկած եւ 156.2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կազմում կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշմանը կողմ քվեարկած անդամների ընդհանուր թիվը գերազանցում է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը:

8. Բարձրագույն դատական խորհրդի՝ բողոքի քննության արդյունքներով կայացված որոշումը կազմվում եւ դրա եզրափակիչ մասը հրապարակվում է Բարձրագույն դատական խորհրդի նիստում հարցի քննությունն ավարտված հայտարարելուց հետո՝ 15 օրվա ընթացքում:

9. Որոշումը հրապարակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում, ուղարկվում է վարույթ հարուցող մարմիններ եւ դատավորին:

10. Բարձրագույն դատական խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման:»:

Հոդված 22. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Այն կազմակերպությունները, որոնք մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը իրենց անվանումներում օգտագործել են սույն օրենքի 1-ին հոդվածով լրացվող սահմանափակումները, պարտավոր են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, իրենց անվանումները համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետում իրենց անվանումները սույն օրենքի պահանջներին չհամապատասխանեցրած կազմակերպությունները ենթակա են վարչական պատասխանատվության:

4. Սույն օրենքի 2-21-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում սույն օրենքի 13-րդ հոդվածով լրացվող՝ Oրենքի 141.1-ին հոդվածի 1.5-րդ մասի հիման վրա ընդունված Բարձրագույն դատական խորհրդի ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահին:

5. Մինչեւ սույն օրենքի 2-21-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելը հարուցված կարգապահական վարույթների, այդ թվում՝ ավարտված կարգապահական վարույթների, եւ այդ վարույթների արդյունքով կայացված որոշումների նկատմամբ կիրառվում են մինչեւ սույն օրենքի 2-21-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելը գործող կարգավորումները:

6. Բարձրագույն դատական խորհուրդը սույն օրենքի 2-21-րդ հոդվածներից բխող որոշումներն ընդունում, այդ թվում՝ իր աշխատակարգը սույն օրենքին համապատասխանեցնում է սույն օրենքի 2-21-րդ հոդվածներն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: