Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-615-08.06.2023-ԱռՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (ՀՕ-165-Ն) 393-րդ հոդվածի՝

ա) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«ԱՏԳ ԱԱ 2936, 3002 41 000 0, 3002 42 000 0, 3003, 3004, 3006 30 000 0, 3006 60 000 ծածկագրերին դասվող ներմուծվող ապրանքների դրոշմավորման համար նախատեսված դրոշմապիտակների ստացման համար պարտադիր է ներմուծման (համապատասխանության) հավաստագրի առկայությունը:».

բ) 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1) դեեւս առկա չեն ԱՏԳ ԱԱ 2936, 3002 41 000 0, 3002 42 000 0, 3003, 3004, 3006 30 000 0, 3006 60 000 ծածկագրերին դասվող ներմուծվող ապրանքների ներմուծման (համապատասխանության) հավաստագրերը.

գ) 8-րդ մասի 2-րդ կետում «ԱՏԳ ԱԱ 3004 ծածկագրին դասվող» բառերը փոխարինել ««ԱՏԳ ԱԱ 2936, 3002 41 000 0, 3002 42 000 0, 3003, 3004, 3006 30 000 0, 3006 60 000 ծածկագրերին դասվող» բառերով.

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է ԱՏԳ ԱԱ 2936, 3002 41 000 0, 3002 42 000 0, 3003, 3004, 3006 30 000 0, 3006 60 000 ծածկագրերին դասվող /դեղ, վիտամին, պատվաստանյութ եւ այլն/ (այսուհետ՝ դեղամիջոց) ներմուծվող ապրանքների դրոշմավորման համար սահմանել առանձին պայման՝ Հայաստանի Հանրապետությունում դեղերի օտարման ժամանակ ներմուծման համապատասխանության հավաստագրի հանգամանքը ֆիքսելու համար՝ բացառելով առանց ներմուծման (համապատասխանության) հավաստագրի դեղամիջոցների օտարումը:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. Ներկայումս ՀՀ-ում դեղերը դասվում են այն ապրանքների դասին, որոնք օտարվում են դրոշմապիտակավորման պարտավորություն կրող հարկ վճարողների կողմից: Այդ դրոշմապիտակները դեղամիջոցներն օտարողները ստանում են հարկային մարմնից: Ներմուծվող դեղերի դրոշմավորման համար նախատեսված դրոշմապիտակները ստացվում են մինչեւ այդ ապրանքների օտարումը: Մյուս կողմից, Հայաստանի Հանրապետությունում արգելվում է իրացնել Հայաստանի Հանրապետությունում չգրանցված կամ որակի պահանջներին չհամապատասխանող կամ պիտանիության ժամկետն անցած կամ գրանցումն ուժը կորցրած ճանաչված կամ գրանցումը կասեցված կամ շրջանառությունը դադարեցված (հետ կանչված), Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտմամբ ներմուծված դեղերը, կեղծ դեղերը, դեղանյութերը: Այսինքն, ԱՏԳ ԱԱ 2936, 3002 41 000 0, 3002 42 000 0, 3003, 3004, 3006 30 000 0, 3006 60 000 ծածկագրերին դասվող ներմուծվող ապրանքները, բացի դրոշմավորման համար նախատեսված դրոշմապիտակներ ունենալուց պետք է գրանցված լինեն ՀՀ-ում բացառությամբ օրենքով սահմանված՝ լիազոր մարմնի թույլտվությամբ ներմուծվող դեպքերի: Դեղամիջոցների ներմուծումը ՀՀ ընթացակարգ է, որն անցնում է փորձաքննություն եւ արդյունքը կարող է լինել բացասական, այսինքն՝ դեղամիջոցի ներմուծումը կարող է մերժվել եւ ներմուծման (համապատասխանության) հավաստագիր չտրամադրվել: Այդ դեպքում, ներմուծման (համապատասխանության) հավաստագիր դեռ չստացած դեղամիջոցները կարող են դրոշմապիտակավորվել եւ առանց ներմուծման (համապատասխանության) հավաստագրի հայտնվել շուկայում:

Մասնավորապես, համաձայն ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի թիվ 202 որոշման 1-ին հավելվածի 27-րդ կետի՝ երրորդ երկրից ներմուծման դեպքում դեղագործական արտադրանքի նմուշառումն իրականացվում է մաքսային հսկողության գոտում, իսկ ԵԱՏՄ անդամ երկրից ներմուծման դեպքում՝ հայտատուի պահեստում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 202-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված կարգով: Հաշվի առնելով վերը նշված հանգամանքը, բազմաթիվ դեպքեր են գրանցվել, երբ ոչ բարեխիղճ ներմուծողները ԵԱՏՄ-ից ներմուծման պարագայում, առանց ներմուծման (համապատասխանության) հավաստագիր ստանալու դեղամիջոցներն օտարում են:

Վերը նշված դեպքերում, համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 47.3-րդ հոդվածի, օրենքով սահմանված կարգով չգրանցված, կամ գրանցումը կասեցված կամ օրենքի խախտմամբ դեղեր ներմուծելը բաշխելը կամ իրացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում: Այս իրողության պայմաններում, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչությունը կատարելով իրեն վերապահված գործառույթները դեղատներում հանդիպում է օտարվող այնպիսի դեղեր, որոնք դրոշմապիտակավորված են, սակայն ներմուծման (համապատասխանության) հավաստագրեր դեռ չեն ստացել:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Առաջարկվող կարգավորումներով՝ ներմուծման ժամանակ ներմուծման հավաստագրի (համապատասխանության) առկայությունը դրոշմապիտակի վրա պարտադիր լինելու հանգամանքը ֆիքսելը, կհանգեցնի նրան, որ դեղամիջոցների օտարումը կլինի դրոշմավոված եւ միաժամանակ ներմուծման հավաստագրի (համապատասխանության) առկայությամբ:

Այսինքն՝ ներմուծվող դեղամիջոցը կօտարվի ներմուծման հավաստագրի (համապատասխանության)՝ նմուշառման եւ փորձագիտական դրական եզրակացություն ստանալուց հետո, այսպիսով նպաստելով ՀՀ-ում շրջանառվող դեղերի անվտանգության բարձրացմանը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք. Նախագիծը մշակվել է ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների կողմից: Նախագիծը քննարկվել է կառավարության, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչության համապատասխան մասնագետների, դեղերի մանրածախ եւ մեծածախ գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների, ինչպես նաեւ դեղագործական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ:


ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ նոր իրավական ակտերի ընդունման կամ այլ իրավական ակտերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ նոր օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջանա:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ



Մեծարգո պարոն Սիմոնյան


Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ որպես օրենսդրական նախաձեռնություն, Ձեզ ենք ներկայացնում «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կցվում են.

ա) օրենքի նախագիծը (հիմնական զեկուցող՝ Նարեկ Զեյնալյան),

բ) օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքում փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը,

դ) օրենքի նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը:

Խնդրում ենք սահմանված կարգով օրենքների նախագծերի փաթեթը դնել շրջանառության մեջ:
 


ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
ՆԱՐԵԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ