Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-616-14.06.2023-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքի (այսուհետ՝ «Օրենք») 1-ին հոդվածի 1-ի մասը լրացնել նոր 6)-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«6) նպաստել տեսալսողական ոլորտում վարկանիշային չափումների զարգացմանը եւ չափման գործընթացին»

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասն լրացնել նոր 29-րդ եւ 30-րդ ենթակետով հետեւյալ բովանդակությամբ.

«29) Հեռուստալսարանի չափումներ՝ փիփլմետրիկ սարքավորումների միջոցով առանձին տեսալսողական հաղորդումների կամ տեսալսողական ծրագրերի վարկանիշների բացահայտման կապակցությամբ իրականացվող գործունեություն»:

30) Հեռուստատեսային ինդուստրիալ Կոմիտե՝ (այսուհետ՝ Կոմիտե) անդամության վրա հիմնված ինքնակարգավորվող ոչ առեւտրային կազմակերպություն (ԻԿԿ), որի իրավունքները, պարտականությունները եւ գործունեության առանձնահատկությունները սահմանվում է սույն օրենքով եւ իր կանոնադրությամբ:»:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին գլխով.

«ԳԼՈՒԽ 3.1

ՀԵՌՈՒՍՏԱԼՍԱՐԱՆԻ ՉԱՓՈՒՄՆԵՐԸ

Հոդված 14.1. Հեռուստալսարանի վարկանիշային չափումները եւ սկզբունքները

1. Հեռուստատեսության ոլորտում վարկանիշի ձեւավորվումը, ինչպես նաեւ հեռարձակման գովազդային շուկայում գնագոյացումն իրականացվում է հեռարձակողների, առանձին տեսալսողական հաղորդումների եւ տեսալսողական ծրագրերի հեռուստալսարանի չափումների միջոցով (այսուհետեւ՝ հեռուստալսարանի չափումներ):

2. Հեռուստալսարանի չափումներն իրականացվում են օրինականության, անկողմնակալության, անկախության, վստահելիության, արհեստավարժության, հետազոտությունների անընդմեջության եւ հեռուսալսարանի չափումների ոլորտում ընդունելի այլ սկզբունքների հիման վրա:

3. Հեռուստալսարանի չափումների արդյունքները ենթակա չեն հրապարակման, եթե համապատասխան հեռարձակողն այդ մասով համապատասխան պահանջ է ներկայացնում Հեռուստալսարանի չափումներ իրականացնող անձին: Հեռարձակողի կողմից համապատասխան պահանջը ներկայացվելուց հետո այդ գծով հեռուստալսարանի չափումների արդյունքները տրամադրվում են բացառապես կարգավորող մարմնին, ով դրանք կարող է օգտագործել օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով:

Հոդված 14.2. Հեռուստալսարանի չափումներ իրականացնողները

1. Հեռուստալսարանի չափումներն իրականացնում են Կոմիտեի կողմից ընտրված եւ վերահսկվող առեւտրային կազմակերպությունները:

2. Կոմիտեի կողմից հեռուստալսարանի չափումներ իրականցնող անձինք ընտրվում են առնվազն 5 տարի ժամկետով:

3. Հեռուստալսարանի չափումներ իրականացնող կազմակերպություններին ներկայացվող պահանջները՝ ըստ չափումների ենթակա նպատակի, դրանց ընտրության ընթացակարգը, գործառույթները եւ վերջիններիս հետ կնքվող հեռուստալսարանի չափումների պայմանագրի նվազագույն պայմանները սահմանում է Կոմիտեն:

4. Սույն հոդվածի 1-ին մասով եւ Կոմիտեի սահմանած ընթացակարգով չընտրված կամ չվերահսկվող կազմակերպությունների իրականացրած հեռուստալսարանի չափումների արդյունքերը հիմք չեն հեռարձակողների վարկանիշների ձեւավորման, այդ թվում՝ գովազդի շուկայական ճանաչելի գնի սահմանման համար:

Հոդված 14.3. Կոմիտեն, դրա ձեւավորումն ու մասնակիցների լիազորությունների դադարումը

1. Կոմիտեն իրականացնում է հետեւյալ հիմնական գործառույթները.

1) սահմանում է հեռուստալսարանի չափումների չափանիշները.

2) մրցութային կարգով, որոշակի ժամկետով ընտրում է համապատասխան չափումներ իրականացնող կազմակերպությանը.

3) վերահսկողություն է իրականացնում չափում անցկացնող կազմակերպության հեռուստալսարանի չափումների կատարման նկատմամբ.

4) սահմանում է հեռուստալսարանի չափումներ իրականացնող անձանց ընտրության եւ մրցույթի կազմակերպման կարգը.

5) սահմանում է Հեռուստալսարանի չափումների գործընթացը կասեցնելու, դադարեցնելու, վերահսկողություն իրականացնելու կարգը.

6) իրականացնում է օրենքով չարգելված այլ գործառույթներ, որոնք միտված են Հեռուստալսարանի չափումների գործընթացի բնականոն գործունությանը եւ կատարելագործմանը:

2. Կոմիտեն ձեւավորվում է մասնակիցների կամավոր անդամության սկզբունքով, հետեւյալ համամասնությամբ՝

1) հանրային եւ մասնավոր մուլտիպլեքսով սփռում ունեցող հեռուստաընկերությունները, (բացառությամբ միջպետական պայմանագրերի հիման վրա հեռաձակողների, ում հիմնադիրների/մասնակիցների/ ցանկում ՀՀ-ն ներառված չէ), որոնց մասնակցությունը կազմում է ընդհանուր ձայների քառասունինը տոկոսը: Ընդ որում, հանրապետական եւ մայրաքաղաքային սփռում ունեցող հեռարձակողները պետք է կազմեն առնվազն դրա կեսից ավելին.

2) գովազդատուները, որոնց մասնակցությունը կազմում է ընդհանուր ձայների քսանհինգ տոկոսը.

3) գովազդային գործակալությունները, որոնց մասնակցությունը կազմում է ընդհանուր ձայների քսանչորս տոկոսը.

4) կարգավորող պետական մարմինը՝ որի մասնակցությունը կազմում է ընդհանուր ձայների երկու տոկոսը:

3. Կոմիտեին անդամակցող սույն հոդվածի երկրորդ մասի առաջին, երկրորդ եւ երրորդ ենթակետերում նշված սուբյեկտները համապատասխանաբար կազմում են երեք առանձին խմբեր (այսուհետ՝ Խումբ), որի անդամներից յուրաքանչյուրն ունի մեկ ձայնի իրավունք համապատասխան Խմբում քվեարկություն իրականացնելիս:

4. Նույն անձը Կոմիտեի մասնակից կողմերի կազմում կարող է հանդես գալ կամ որպես հեռուստաընկերություն, կամ գովազդատու կամ գովազդային գործակալություն:

5. Հանրային եւ մասնավոր մուլտիպլեքսով հեռարձակողները Կոմիտեին անդամակցում են համապատասխան սփռման (լիցենզիայի գործողության) ժամանակահատվածում:

6. Հանրային հեռարձակողները եւ կարգավորող պետական մարմինը Կոմիտեին անդամակցում են անժամկետ՝ օրենքի ուժով:

7. Կոմիտեն համարվում է ձեւավորված, եթե ապահովվել է հանրային մուլտիպլեքով հեռարձակողների կազմում հանրապետական եւ մայրաքաղաքային սփռում ունեցող հեռուստաընկերությունների առնվազն կեսից ավելի մասնակցությունը:

8. Կոմիտեն չի կարող ստեղծվել, իսկ ստեղծված լինելու դեպքում գործունեությունը օրենքի ուժով ժամանակավորապես դադարեցվում է, եթե դրան չեն անդամակցում հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող հանրապետական եւ մայրաքաղաքային սփռում ունեցող հեռուստաընկերությունների առնվազն կեսից ավելին:

9. Կոմիտեին անդամակցող անձինք՝ իրենց անդամակցության ժամանակահատվածում պարտավորվում են օգտվել սույն օրենքի 14.2-րդ հոդվածի դրույթներով սահմանված կազմակերպությունների կատարած հեռուստալսարանի չափումների տվյալներից եւ այլ սահմանված ծառայություններից Կոմիտեի կողմից սահմանված նվազագույն պայմաններով:

10. Սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված տվյալներից ու ծառայություններից չօգտվելու դեպքում՝ տվյալ կազմակերպությունը (կամ անձը) պարտավորվում է չօգտված ծառայության արժեքի չափով անհատույց վճարում իրականացնել Կոմիտեին, որի հաշվարկման կարգը սահմանվում է Կոմիտեի կողմից:

11. Կոմիտեի մասնակիցների անդամությունը դադարեցնելու դեպքերը սահմանում է Կոմիտեն:

12. Կոմիտեն ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից: Կոմիտեի պետական գրանցումն իրականացնում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը: Կոմիտեի գրանցման համար, բացի օրենքով սահմանված փաստաթղթերից, ներկայացվում են նաեւ տեղեկություններ նրա անդամների մասին: Կոմիտեի անվանումը պետք է ներառի «ինքնակարգավորվող կազմակերպություն» բառերը եւ «ԻԿԿ» հապավումը:

13. Կոմիտեի ընդունած կարգերը ենթակա են հրապարակման կազմակերպության պաշտոնական կայքում եւ պարտադիր են Հեռուստալսարանի չափումներ իրականացնելիս:

Հոդված 14.4. Կոմիտեի կառավարման մարմինները

1. Կոմիտեի կառավարման բարձրագույն մարմինը ընդհանուր ժողովն է, որը կազմակերպության ղեկավարումն իրականացնում է տարեկան եւ արտահերթ ժողովների գումարման միջոցով: Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հիսուն տոկոսից ավելի ձայնի իրավունք ապահովող անդամների կեսից ավելին. ձայների տոկոսային հաշվարկն իրականացվում է այնպես, որ ապահովվի սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված կարգով որոշումներն ընդունելու հնարավորությունը:

2. Ընդհանուր ժողովում որոշումներն ընդունվում են հետեւյալ կարգով.

Հեռուստատեսությունների, ինչպես նաեւ գովազդատուների եւ գովազդային գործակալությունների քվեարկության արդյունքները (կողմ կամ դեմ) որոշվում են Խմբերից յուրաքանչյուրի շրջանակներում ներառված՝ տվյալ Խմբին պատկանող անձանց ընդհանուր քվեարկության արդյունքում՝ մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե պարզ մեծամասնությունից տարբերվող ձայների այլ համամասնություն նախատեսված չէ Կոմիտեի կանոնադրությամբ:

Առանձին խմբերում քվեարկության արդյունքներով առավել շատ քանակությամբ ձայները համարվում են որպես տվյալ Խմբի կողմ կամ դեմ ձայն սույն օրենքի 14.3 հոդվածով նախատեսված տոկոսային հարաբերակցությամբ ընդհանուր ժողովի համապատասխան որոշումն ընդունելիս:

3. Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերն են՝

1) Կոմիտեի կանոնադրության հաստատումը.

2) Կոմիտեի դիտորդ խորհրդի (առկայության դեպքում), վերահսկիչ ծառայության (առկայության դեպքում) անդամների եւ ղեկավարի, ընտրությունը, նրանց գործառույթների սահմանումը, լիազորությունների դադարեցումը.

3) Կոմիտեի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունների հաստատումը (հաշվետվություններiն ներկայացվող պահանջները սահմանվում են Ընդհանուր ժողովի կողմից)

4) Հեռուստալսարանի չափումներ իրականացնող անձանց ընտրության ժամկետների որոշումը, գործունեության կասեցումը, դադարեցումը.

5) Կոմիտեի անդամավճարի չափը եւ այն վճարելու կարգը սահմանելը.

6) գործադիր մարմին ընտրելը.

7) Կոմիտեի կանոնադրությամբ նախատեսված այլ հարցեր:

4. Գործադիր մարմնի եւ այլ մարմինների գործառույթները, գործունեության կարգը սահմանվում են կազմակերպության կանոնադրությամբ: Կոմիտեի կանոնադրությամբ կարող են սահմանվել սույն օրենքում չնշված այլ կառավարման մարմիններ եւս:

Հոդված 4. Օրենքի 57-րդ հոդվածը լրացնել 6.1 մասով հետեւյալ բովանդակությամբ.

1. «6.1 Սույն օրենքի 14.2 հոդվածի 1-ին մասով եւ Կոմիտեի սահմանած ընթացակարգով չընտրված եւ/կամ չվերահսկվող անձանց կողմից իրականացված հեռուստալսարանի չափումների արդյունքում գովազդի շուկայական գնի որոշումը յուրաքանչյուր դեպքում առանձին առաջացնում է տուգանքի նշանակում չափումներն իրականացնող անձի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով:»

Հոդված 5. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 30-րդ օրը:

2. Մինչեւ 2024թ. հունվարի 1-ը հեռուստալսարանի չափումներ կարող են իրականացնել Կոմիտեի սահմանած ընթացակարգով չընտրված եւ/կամ չվերահսկվող ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձինք պայմանով, որ այդ մասին սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում կամ հեռուստալսարանի չափումներն իրականացնելուն նախորդող առնվազն հինգերորդ օրը պետք է ծանուցեն Կարգավորող մարմնին, իսկ Կոմիտեի ստեղծվելուց հետո Կոմիտեին: Սույն մասում նշված ծանուցումը պետք է պարունակի առնվազն հետեւյալ տվյալները՝ չափումներ իրականացնող անձի անվանումը, պետական գրանցման համարը, հասցեն:

3. Կոմիտեի սահմանած ընթացակարգով չընտրված եւ/կամ չվերահսկվող անձանց կողմից հեռուստալսարանի չափումներ կատարելու գծով կարգավորող մարմինը կարող է սահմանել, փոփոխել կամ դադարեցնել չափանիշներ (ստանդարտներ) հեռուստալսարանի չափումներ իրականցնելու համար եւ վերահսկել արդյոք համապատասխան չափումներ իրականացնող անձինք պահպանում են այդ չափանիշները (ստանդարտներ):

4. Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված վերահսկողության շրջանակներում Կարգավորող մարմինը կարող է հեռուստալսարանի չափումներն իրականացնող անձանցից պահանջել անհրաժեշտ տեղեկատվություն, փաստաթղթեր կամ այլ նյութեր՝ սահմանելով դրանք ներկայացնելու ժամկետները եւ/կամ ձեւաչափերը:

5. Մինչեւ 2024թ. հունվարի 1-ը հեռուստալսարանի չափումներ իրականացնող անձինք, ինչպես նաեւ ցանկացած այլ անձ, ով հեռուստալսարանի չափումների արդյունքները կամ այդ արդյունքների հիման վրա մշակված ցանկացած այլ տվյալ փոխանցում կամ որեւէ կերպ օգտագործում է երրորդ անձանց հետ հարաբերություններում մինչեւ դրանց փոխանցումը եւ/կամ օգտագործումը, պետք է այդ անձանցից ստացված գրավոր հավաստումների բնօրինակները ներկայացնի կարգավորող պետական մարմին: Սույն մասում նշված գրավոր հավաստման մեջ առնվազն պետք է նշված լինեն, որ

1) հեռուստալսարանի չափումների արդյունքները կամ այդ արդյունքների հիման վրա մշակված ցանկացած այլ տվյալ չի կարող հանդիսանալ օբյեկտիվ տվյալ:

2) Տեղեկատվություն առ այն, որ գրավոր հավաստումը ներկայացնող անձը ծանոթացել է սույն օրենքն ուժի մեջ մտնելուն նախորդող երկու տարվա ընթացքում համապատասխան անձի Հեռուստալսարանի չափումների գծով իրականացված աուդիտի, ստուգումների եւ ցանկացած այլ ուսումնասիրությունների արդյունքներին, որոնք կասկածի տակ են դնում տվյալ անձի կողմից հեռուստալսարանի չափումների արժանահավատությունը՝ գրավոր հավաստմանը կցելով համապատասխան աուդիտի, ստուգումների եւ ցանկացած այլ ուսումնասիրությունների ամբողջական արդյունքները (եզրակացություններ) դրանց առկայության դեպքում:

Սույն մասում նշված աուդիտի, ստուգումների եւ ցանկացած այլ ուսումնասիրությունների արդյունքները համապատասխան հեռուստալսարանի չափումներ իրականացնող անձինք եւ ցանկացած այլ անձ, ով հեռուստալսարանի չափումների արդյունքները կամ այդ արդյունքների հիման վրա մշակված ցանկացած այլ տվյալ փոխանցում կամ որեւէ կերպ օգտագործում է երրորդ անձանց հետ հարաբերություններում, պարտավոր է տրամադրել գրավոր հավաստումը ստորագրող անձին:

6. Մինչեւ 2024թ. հունվարի 1-ը հեռուստալսարանի չափումներ իրականացնող անձինք, ինչպես նաեւ ցանկացած այլ անձ, ով հեռուստալսարանի չափումների արդյունքները կամ այդ արդյունքների հիման վրա մշակված ցանկացած այլ տվյալ տարածում է դրանց տարածմանը զուգահեռ, պետք է համաժամանակյա նույն եղանակով ծանուցի երրորդ անձանց առնվազն հետեւյալի մասին.

1) հեռուստալսարանի չափումների արդյունքները կամ այդ արդյունքների հիման վրա մշակված ցանկացած այլ տվյալ չի կարող հանդիսանալ օբյեկտիվ տվյալ:

2) Տեղեկատվություն սույն օրենքն ուժի մեջ մտնելուն նախորդող երկու տարվա ընթացքում համապատասխան անձի մոտ Հեռուստալսարանի չափումների գծով իրականացված աուդիտի, ստուգումների եւ ցանկացած այլ ուսումնասիրությունների արդյունքների մասին, որոնք կասկածի տակ են դնում տվյալ անձի կողմից հեռուստալսարանի չափումների արժանահավատությունը՝ կցելով համապատասխան աուդիտի, ստուգումների եւ ցանկացած այլ ուսումնասիրությունների ամբողջական արդյունքները (եզրակացություններ) դրանց առկայության դեպքում:

7. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված չափանիշներին (ստանդարտ) չհամապատասխանելու դեպքում համապատասխան անձի իրականացրած հեռուստալսարանի չափումների արդյունքում գովազդի շուկայական գնի որոշումը յուրաքանչյուր դեպքում առանձին առաջացնում է տուգանքի նշանակում չափումներն իրականացնող անձի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով: Ընդ որում, եթե համապատասխան չափումներն իրականացնող անձի կողմից չեն ներկայացվում իրենից պահանջվող սույն հոդվածի երրորդ մասում նշած անհրաժեշտ տեղեկատվությունը, փաստաթղթերը կամ այլ նյութերը, կամ ներկայցվում են ոչ պատշաճ (սխալ, թերի, կարգավորող պետական մարմնի կողմից սահմանված ժամկետից ուշ կամ վերջինիս կողմից սահմանված ձեւաչափից տարբերվող ձեւով), ապա համարվում է, որ համապատասխան հեռուստալսարանի չափումները չեն համապատասխանում սույն հոդվածի 3-րդ մասում նշված չափանիշներին (ստանդարտ):

8. Սույն հոդվածի 5-րդ մասում նախատեսված գրավոր հավաստումը չներկայացնելու (այդ թվում նաեւ, երբ ներկայացված հավաստումը չի պարունակում սահմանված բովանդակության որեւ մաս կամ անհրաժեշտ կից փաստաթղթեր) դեպքում յուրաքանչյուր դեպքում առանձին առաջացնում է տուգանքի նշանակում համապատասխան հեռուստալսարանի չափումներ իրականացնող անձանց, ինչպես նաեւ ցանկացած այլ անձանց համար, ով հեռուստալսարանի չափումների արդյունքները կամ այդ արդյունքների հիման վրա մշակված ցանկացած այլ տվյալ փոխանցում կամ որեւէ կերպ օգտագործում է երրորդ անձանց հետ հարաբերություններում, սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով: Ընդ որում սույն մասով նախատեսված պատասխանատվության միջոցը կիրառվում է միայն այն դեպքում, երբ անձը չի ներկայացնում իր հետ անմիջականորեն հարաբերությունների մեջ մտած անձանցից ստացված գրավոր հավաստումները:

9. Սույն հոդվածի 5-րդ մասում նախատեսված Հեռուստալսարանի չափումների գծով իրականացված աուդիտի, ստուգումների եւ ցանկացած այլ ուսումնասիրությունների արդյունքները համապատասխան անձանց չտրամադրելու (այդ թվում նաեւ սահմանված ժամկետում չտրամադրել կամ ոչ ամբողջական տրամադրելը) դեպքում յուրաքանչյուր դեպքում առանձին առաջացնում է տուգանքի նշանակում այն տրամադրելու պարտավորություն ունեցող անձանց համար սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

10. Սույն հոդվածի 6-րդ մասում նախատեսված ծանուցումը չիրականացնելու կամ ոչ պատշաճ իրականացնելու դեպքում յուրաքանչյուր դեպքում առանձին առաջացնում է տուգանքի նշանակում այդպիսի ծանուցում իրականացնելու պարտավորություն ունեցող անձանց համար սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

11. Սույն հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները կիրառվում են Կարգավորող մարմնի կողմից Օրենքի 9-րդ գլխի կանոններով:

12. Սույն օրենքի 14.3-րդ հոդվածի 1-6-րդ, 9-րդ, 10-րդ մասերը, 14.4-րդ հոդվածի 2-4-րդ մասերը գործում են մինչեւ 2029թ. հունվարի 1-ը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը.

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հեռուստաալիքների եւ առանձին հաղորդումների վարկանիշավորման եւ հեռուստալսարանի պահանջարկի ու նախընտրությունների ուսումնասիրություն համակարգի ներդման միտումներով: Օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է սահմանել հեռուստալսարանի չափման գործիքակազմ, ստեղծել հեռուստատեսային ինդուստրիայի կոմիտե եւ չափելի դարձնել գովազդային շուկային գնագոյացման սանդղակը:

2. Խնդիրները եւ կարգավորման նպատակը.

Ներկայիս գործող օրենսդրությամբ նախատեսված չէ Հեռուստաալիքների եւ առանձին հաղորդումների հեռուստալսարանի ուսումնասիրությունը մեխանիզ եւ գործիքակազմ: Սակայն հեռաձակողների եւ հատկապես գովազդային շուկայի շահառուների համար այդ տեղեկատվությունը ունի հիմնարար նշանակություն եւ յուրաքանչյուրը առաջնորդվում է քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված գործունեության հնարավորություններով եւ ծառայութունների միջոցով հարցին տալիս մասնակի ու տեղային լուծումներ: Ըստ էության, հեռուստաալիքների եւ առանձին հաղորդումների հեռուստալսարանի ուսումնասիրության հարցը թողնվել է առաջարկի եւ պահանջարկի տիրույթում՝ հաշվի չառնելով Հեռուստաալիքների եւ առանձին հաղորդումների հեռուստալսարանի ուսումնասիրության ծառայությունների առանձնահատկությունները, նման ծառայությունների շուկայի վիճակագրության պատկերը, այս բնագավառում միջազգային փորձի նախադեպերը եւ այլն:

Օրենսդրական նախաձեռնության համար հիմք են հանդիսացել տարածաշրջանի երկրների, ետխորհրդային նմանատիպ երկրների, ԵՏՄ, ԵՄ անդամ երկրների կարգավորումներն ու փորձը, որոնցի առավել հաջողված են զարգացում են արձանագրել Ֆրանսիան, Իսրայելը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն: Առաջարկվող մոդելը ներկայումս օրենսդրորեն ներդրվում է նաեւ Ռուսաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում եւ ետխորհրդային մի շարք պետություններում:

Վերոնշյալ ուսումնասիրություններից ելնելով Հեռուստաալիքների եւ առանձին հաղորդումների հեռուստալսարանի ուսումնասիրության իրավական կարգավորումները կարելի է բաժանելի մի քանի խմբերի.

- Պետության ակտիվ մասնակցությամբ հեռուստալսարանի ուսումնասիրություն. վերջինիս ծայրահեղական դրսեւորումն այն է, երբ պետությունն է անմիջականորեն ԶԼՄ-ների հեռուստալսարանի չափումներն իրականացնում, իսկ չափավոր դրսեւորումը, երբ պետությունը այդ գործառույթը պատվիրակում է առանձին մասնագիտացված կազմակերպությունների: Այս խմբի երկրներում օրենսդրորեն սահմանվում են կարգավորումներ առ այն, որ պետությունն ունի մոնոպոլ իշխանություն նշված ծառայությունների մատուցման կամ դրանք մատուցող ընկերություններին ընտրելու եւ վերահսկելու գծով:

- Պետության պասիվ մասնակցությամբ հեռուստալսարանի ուսումնասիրություն. երբ պետությունը նորմատիվ իրավական ակտեր ընդունելու միջոցով սահմանում է, թե ինչպես պետք է իրականացվեն ԶԼՄ-ների լսարանի ուսումնասիրություններ, ի՞նչ եղանակներով պետք է իրականացվեն այդ ուսումնասիրություններն իրականացնող կազմակերպությունների ընտրությունն ու վերահսկողությունը: Ընդ որում այս խմբին պատկանող երկրներում որպես կանոն գործում են խոշոր գովազդատուներից, գովազդային գործակալություններից, ԶԼՄ-ներից բաղկացած ինդուստրիալ կոմիտեներ, ովքեր ընտրում են հեռուստալսարանի ուսումնասիրությունն իրականացնող կազմակերպություններին եւ վերահսկում նրանց գործունեությունը, սահմանում հեռուստալսարանի ուսումնասիրության ստանդարտները եւ այլն:

- Հեռուստալսարանի ուսումնասիրության գծով պետության մասնակցության եւ անմիջական իրավական կարգավորման բացակայություն: Այս խմբի մեջ մտնող երկրներում, որպես կանոն, չեն կարեւորվում հեռուստալսարանի չափումների արդյունքները (այս ծառայությունները զարգացած չեն տվյալ երկրներում): Օրինակ՝ նմանատիպ մոտեցում գոյություն ուներ հեռուստալսարանի չափումների վաղ ժամանակաշրջանում, երբ չափումներն անում էին առանձին հեռուստաընկերություններ բացառապես սեփական կարիքների համար:

Հեռուստալսարանի ուսումնասիրության եւ դրանց չափումների կարգավորման բացակայությունը առաջացնում են հետեւյալ հիմնական խնդիրները.
 

  • Հեռուստատեսության ոլորտում լսարանի չափումների արդյունքները կասկածելի բնույթ ունեն առնվազն այն տեսանկյունից, որ շուկայի ոչ բոլոր մասնակիցները հնարավորություն ունեն մասնակցել, կառավարել եւ վերահսկել չափող մարմնի գործառույթները: Չափող մարմինն ինքն է որոշում, թե ինչ եղանակով ու մեթոդներով պետք է իրականացվեն հեռուստալսարանի չափումները:
  • Բացակայում են գովազդի գների ձեւավորման համար հստակ չափորոշիչներ, իսկ այդպիսի չափորոշիչների առկայության դեպքում էլ դրանք անարժանահավատ չեն: Մասնավորապես, հեռուստատեսության ոլորտում այսօր լսարանի ուսումնասիրություն եւ չափումներ է իրականացնում Ադմոսֆեր Արմենիա կազմակերպությունը, սակայն վերջինիս ուսումնասիրություններն ու չափումները անարժանահավատ են ըստ մասնագիտացված միջազգային աուդիտորական 3M3A ընկերության: Մասնագիտացված միջազգային աուդիտորական 3M3A ընկերության իրականացրած աուդիտի արդյունքում արձանագրվել է, որ Ադմոսֆեր Արմենիայի համակարգը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, այն հիմնովին թերի է եւ անհնար է հիմնվել նրա տրամադրած չափումների վրա:

    Օրենքի նախագծում առաջարկվում է լրացնել «Հեռուստալսարանի չափումները» վերնագրով նոր 3.1-րդ գլուխ, որով կկարգավորվեն կարգավորումներ հեռուստալսարանի ուսումնասիրության եւ չափումների գործընթացները եւ կսահմանվեն իրականացնողներ: Առաջարկի հիմքում նախատեսված կարգավորման մշակվել են հետեւյալ հիմնարար հիմնախնդիրները կարգավորելու միտումով.

    1) Հեռուստալսարանի ուսումնասիրություններն ու չափումներն իրականացվում են հատուկ մասնագիտացված կառույցների միջոցով՝ ուսումնասիրությունների անընդհատության, ստանդարտների, մեթոդների միասնականության, հավաստիության եւ առաջավոր երկրներում ընդունված այլ սկզբունքներով.

    Ներկայումս Հայաստանում գործող հեռուստալսարանի ուսումնասիրության եւ չափման ծառայություններ կարող է մատուցել ցանկացած կազմակերպություն՝ իր սահմանած սկզբունքներով ու գործիքակազմով, իսկ գովազդային շուկայում մատուցվող ծառայությունների արժեքները, գովազդի արդյունավետությունը, ճշգրիտ թիրախավորումը ի սկզբանե դուրս է վերահսկելիությունից, սահմանված չափանիշների բացակայության պայմաններում կատարվում է չհիմնավորված տվյալաներով եւ ցուցանիշներով: Նման համակարգը նվազեցնում է գովազդակրի գրավչությունը տեղական եւ միջազգային գովազգատուների համար, ինչպես նաեւ դառնում ռիսկային՝ միջազգային կազմակերպությունների գովազների տարածման ու ներդրումներ կատարելու հետաքրքրվածության տեսանկյունից

    Խաթարվում է նաեւ Սահմանադրությամբ երաշխավորված ազատ մամուլի սկզբունքը, քանի որ հեռուստաընկերություններն ըստ արժանվույնի հատուցում չեն ստանում մատուցված ծառայությունների դիմաց: Առաջարկվող լրացումը նախ՝ կարող է հնարավոր միջավայր ստեղծել հեռուստալսարանի ուսումնասիրություններ եւ չափումներ իրականացնողների համար, եւ բարձրացնել նմանատիպ ծառայությունների մատուցման գրավչությունը, երկրորդ՝ այդ ծառայությունները կարող են նպաստել եւ բարձրացնել գովազդատուների, գովազդ արտադրողների եւ հեռարձակողների գործունեության արդյունավետությունը:

    2) Օգտվելով տեսալսողական մեդիայի շուկայում հեռուստալսարանի չափումներ իրականացնող կառուցակարգերի նախադեպերից, սահմանել հեռուստալսարանի չափումների հիմքերը, լսարանի գնահատման եւ վերահսկելիության սկզբունքները: Դրանց ապահովման նպատակով ձեւավորել բազմակողմ ընդգրկվածությամբ մեկ կառույց՝ Ինդուստրիալ կոմիտա, որը ընդունելի կլինի առնվազն անդամագրվածների շրջանում: Կոմիտեի կազմում կարող են ընդգրկվել խոշոր գովազդատուներ, գովազդ արհադրողներ (գործակալություններ) եւ տեսալսողական հեռարձակում իրականացնող կազմակերպություններ:

    Նաշատեսվում է Ինդուստրիալ կոմիտեի միջոցով կանոնակարգել հետեւյալ հիմնական գործառույթները.

    - Մրցութային կարգով որոշակի ժամանակահատվածի համար ընտրել տվյալ պահին շուկային անհրաժեշտ չափող կազմակերպություն.

    - Սահմանել այն չափանիշները, որոնցով պետք է ղեկավարվի չափումներ իրականացնող կազմակերպությունը,

    - Վերահսկողություն իրականացնել չափող կազմակերպության գործունեության նկատմամբ:

    3. Ակնկալվող արդյունքը.

    Օրենքի նախագծի ընդունման դեպքում տեսալողական մեդիայի ոլորտում ակնկալվում է հետեւյալ արդյունքները.

  • Գովազդային շուկայում գնագոյացման մեխանիզմները հստակեցում,
  • Առավել կանխատեսելի, թիրախային, գրավիչ եւ արդյունավետ մեդիա գովազդների իրականացում, գովազդատուների հետաքրքրվածության եւ վստահության բարձրացում, ֆինանսական հոսքերի կանխատեսում եւ կազմակերպությունների տնտեսական վիճակի բարելավման հնարավորություն.
  • Հաջողված եւ հեռուստալսարանի շրջանում բարձր վարականիշ վայելող ծրագրերի որոշարկում, պահանջարկված ուղղվածությունների սահմանում, բարձրորակ ծրագրերի նախագծում, արտադրության, կազմակերպության զարգացում.
  • բարձրորակ մեդիա հաղորդումների եւ սպառողների լայն շրջանակի համար նախագծերի ստեղծում, զարգացումը
  • տեսալսողական ոլորտում հեռուստալսարանի ուսումնասիրության եւ չափման գործընթացի նկատմամբ վստահության բարձրացում:


    Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

    Գրություն