Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-617-19.06.2023-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-Ի ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ (ՎՎԲ/KFW) ՏԵՂԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅՏԱԳՐԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՁԵՎՈՎ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2022 թվականի դեկտեմբերի 13-ին եւ 2023 թվականի փետրվարի 15-ին հայտագրերի փոխանակման ձեւով կնքված՝ «Գերմանական Միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի եւ Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KfW) տեղային գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» համաձայնագիրը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-Ի ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ (ՎՎԲ/KFW) ՏԵՂԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅՏԱԳՐԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՁԵՎՈՎ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՄ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հարաբերությունները հիմնված են կառուցողական համագործակցության եւ փոխադարձ հարգանքի վրա: Երկու երկրները կիսում են երկար եւ հարուստ պատմություն, որը նշանավորվել է վերջին երեք տասնամյակների ընթացքում լավ եւ արդյունավետ համագործակցությամբ:

Վերջին տարիներին արձանագրվել է երկկողմ բարձրաստիճան փոխայցերի էական ակտիվացում, ինչը ցույց է տալիս հայ-գերմանական երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում էլ ավելի ընդլայնելու եւ ամրապնդելու փոխադարձ պատրաստակամությունը:

Երկու երկրների միջեւ ակտիվորեն ընթանում է քաղաքական երկխոսությունը, զարգանում են միջխորհրդարանական հարաբերությունները, միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությունը: Գերմանիայի դաշնային երկրամասերի հետ ապակենտրոնացված համագործակցությունը չափազանց կարեւոր է Հայաստանի համար եւ լրացնում է միջպետական գործընկերությունը:

Հայաստանը մեծապես կարեւորում է Գերմանիայի հետ առեւտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացումը: ԵՄ երկրների շարքում Գերմանիան հանդիսանում է Հայաստանի խոշորագույն գործընկերներից մեկը: Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի շարունակական օգնությունը, որով Գերմանիան իր արժեքավոր ներդրումն է ունենում Հայաստանի կայուն զարգացման ջանքերում:

Հայ-գերմանական համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի նաեւ ՀՀ–ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում:

Հայաստանը բարձր է գնահատում ԳԴՀ տնտեսական զարգացման եւ համագործակցության դաշնային նախարարության «BMZ 2030» բարեփոխումների ռազմավարության շրջանակներում Հայաստանի ընդգրկումը որպես երկկողմ եւ փոխակերպող գործընկեր: Սա հիանալի հնարավորություն է՝ ապահովելու Հայաստանում ընթացիկ բարեփոխումների եւ ծրագրերի կայուն շարունակությունը:

Բարձր է գնահատվում Գերմանիայի միջազգային համագործակցության գործակալության (GIZ) եւ Վերակառուցման եւ զարգացման բանկի (KfW) գործունեությունը Հայաստանում:

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ Վերականգնման վարկերի բանկի (KfW) տեղական գրասենյակների հիմնումը մեծապես կաջակցի Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջեւ զարգացման ոլորտում համագործակցությանը:

Հաշվի առնելով վերոգրյալը 2022թ. դեկտեմբերի 13-ին եւ 2023 թվականի փետրվարի 15-ին հայտագրերի փոխանակման ձեւով կնքված «Գերմանական Միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի եւ Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KFW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» համաձայնագրի հաստատումը կամ վավերացումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:


ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Պարույր Հովհաննիսյան

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-Ի ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ (ՎՎԲ/KFW) ՏԵՂԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅՏԱԳՐԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՁԵՎՈՎ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ



«Գերմանական Միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի եւ Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KFW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) կնքվել է 2022թ. դեկտեմբերի 13-ին եւ 2023 թվականի փետրվարի 15-ին հայտագրերի փոխանակման ձեւով:

Համաձայնագիրն ուժի մեջ է կմտնի այն օրը, երբ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը կծանուցի, որ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար ներպետական անհրաժեշտ ընթացակարգերն ավարտված են:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Պարույր Հովհաննիսյան

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

««ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» (ՄՀԸ-GIZ) ՍՊԸ-Ի ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ (ՎՎԲ-KfW) ՏԵՂԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագրում առկա են տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվող ձեւակերպումներ, որոնք կարգավորված չեն ներպետական օրենսդրությամբ: Այսպես՝ Համաձայնագրի 7-րդ կետի «ա» ենթակետը նախատեսում է ՀՀ պետական մարմինների երաշխավորությունը՝ «պատշաճ հոգածությամբ ապահովելու» ՄՀԸ-GIZ եւ ՎՎԲ-KfW գրասենյակների անվտանգությունն ու պաշտպանությունը: Համանման դրույթ է պարունակում նաեւ նույն կետի «է» ենթակետը, որտեղ «գործուղված մասնագետների եւ նրանց հետ նույն հարկի տակ բնակվող ընտանիքի անդամներին (հավանաբար՝ համատեղ բնակվող) «անվճար եւ անգրավ հիմունքներով տրամադրվում է անհրաժեշտ վիզա, աշխատանքի եւ կացության թույլտվություն», այս իրավունքը տարածելով նաեւ «գրանցված եւ ոչ գրանցված զուգընկերների եւ երեխաների վրա»: Նկատի ունենալով, որ ՀՀ օրենսդրությամբ նշված անձանց շրջանակը նախատեսված չէ, ուստի Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կողմից տրամադրվող երաշխիքների կատարումը խնդրահարույց է օրենսդրությամբ կարգավորված չլինելու տեսանկյունից:

Համաձայնագրում թեեւ առկա չեն օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն այն պարունակում է Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող նորմեր:

Մասնավորապես՝ Համաձայնագրի 7-րդ կետով նախատեսվում են հարկային եւ ֆինանսական արտոնություններ, ինչը, սակայն, հակասում է ՀՀ հարկային օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին, որի համաձայն՝ հարկային արտոնությունները սահմանվում են բացառապես Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով, եւ 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, որի համաձայն՝ Օրենսգրքի կիրառության իմաստով՝ կազմակերպություններ են համարվում օտարերկրյա պետությունում գրանցված կազմակերպությունները:

Համաձայնագրի վերոնշյալ դրույթը հակասում է նաեւ «Պետական տուրքի մասին» օրենքի 3-րդ հոդվածին, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում պետական տուրք վճարողներ են համարվում սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված ծառայություններից կամ գործողություններից օգտվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք:

Բացի այդ՝ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ տեղական տուրք եւ (կամ) վճար վճարողները պարտավոր են սահմանված ժամկետում եւ կարգով լրիվ վճարել սույն օրենքով սահմանված տեղական տուրքերը եւ կամ վճարները: Վերը նշված օրենքը չի պարունակում դրույթներ օտարերկրյա կազմակերպություններին տեղական տուրքերից եւ վճարներից ազատելու վերաբերյալ:

Միաժամանակ հայտնում ենք, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետերի դրույթներով, իսկ ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում՝ նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերի դրույթներով:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-Ի ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ (ՎՎԲ/KFW) ՏԵՂԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱՏԵՍՈՂ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

2023թ. մարտի 2-ին ստորագրված «Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի եւ Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KfW) տեղային գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» համաձայնագրով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


ՏԵՂԵԿԱՆՔ

«ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-Ի ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ (ՎՎԲ/KFW) ՏԵՂԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅՏԱԳՐԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՁԵՎՈՎ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

2023 թվականի մարտի 2-ին Երեւանում կայացել է «Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն» ՍՊԸ-ի (GIZ) եւ Վերականգնման վարկերի բանկի (KfW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ հայտագրերի փոխանակմամբ համաձայնագրի ստորագրման արարողությունը:

«Միջազգային համագործակցության ընկերության (ՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի եւ Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KfW) տեղային գրասենյակների հիմնման վերաբերյալ» համաձայնագրի ստորագրումը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջեւ համագործակցության զարգացմանը՝ հիմք ընդունելով 1998թ. հուլիսի 27-ին երկու երկրների միջեւ կնքված Տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիրը:

Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծել ՄՀԸ եւ ՎՎԲ տեղային գրասենյակներ: Համաձայնագիրը ներառում է դրույթներ ՄՀԸ եւ ՎՎԲ գրասենյակների հանձնառությունների, ինչպես նաեւ ՀՀ եւ ԳԴՀ կառավարությունների պարտավորությունների վերաբերյալ:

Համաձայնագրով նախատեսվում է, որ ՄՀԸ գրասենյակը կաջակցի Գերմանիայի Դաշնային Հանրապետության անունից Տեխնիկական համագործակցության շրջանակում նախատեսված ծրագրերի կատարմանն ու կառավարմանը եւ կներկայացնի ՄՀԸ-ն Հայաստանում: ՄՀԸ գրասենյակը կարող է կատարել նաեւ նախատեսված ծրագրերից դուրս մասնագիտական եւ վարչարարական այլ գործառույթներ, ինչպես նաեւ երկրին առնչվող եւ տարածաշրջանային բնույթի հանձնարարություններ:

Համաձայնագրով նախատեսվում է, որ ՎՎԲ գրասենյակը գործընկեր պետությանը եւ կատարող գործընկեր կազմակերպություններին կօգնի նախապատրաստել եւ իրականացնել ֆինանսական համագործակցության շրջանակում Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից խրախուսվող ծրագրերը եւ կներկայացնի ՎՎԲ-ն Հայաստանում: ՎՎԲ գրասենյակը կարող է կատարել նաեւ նախատեսված ծրագրերից դուրս մասնագիտական եւ վարչարարական այլ գործառույթներ, ինչպես նաեւ երկրին առնչվող եւ տարածաշրջանային բնույթի հանձնարարականներ, որոնք կապված են այդ ծրագրերի հետ:

Սույն Համաձայնագրի համաձայն՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունն իր ծառայությունները մատուցում է կատարող կազմակերպություններ ՄՀԸ-ի ու ՎՎԲ-ի եւ իր հանձնարարությամբ գործող այլ կազմակերպությունների (մասնավորապես՝ ՖՏԴԻ/PTB-ի եւ ԵՀԲՊԴԻ/BGR-ի միջոցով), իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այս կազմակերպությունների գործընկեր է նշանակում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը:

Համաձայնագրով նախատեսվում է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը ստանձնում է գրասենյակների համար անհրաժեշտ բոլոր ներդրումային եւ գործառնական ծախսերը, ինչպես նաեւ գրասենյակների գործունեությունն ապահովող անձնակազմի (ինչպես գործուղված, այնպես էլ տեղացի կամ տարածաշրջանային մասնագետների) ծախսերը:

Համաձայնագրով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում է.

- երաշխավորել, որ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններն ապահովեն գրասենյակների անվտանգությունն ու պաշտպանությունը,

- ազատել Գրասենյակների համար ներմուծված պարագաները, այդ թվում՝ սարքերն ու ավտոմեքենաները ներմուծման ու արտահանման բոլոր տեսակի տուրքերից, նավահանգստային ու պահեստային վճարներից, ինչպես նաեւ այլ պետական վճարներից եւ երաշխավորում է դրանց անհապաղ բացթողումը,

- ազատել բոլոր տեսակի ուղղակի հարկերից ՄՀԸ եւ ՎՎԲ կատարող կազմակերպություններին եւ նրանց գրասենյակներին (բացառությամբ այն աշխատողների, որոնք չեն պատկանում ԳԴՀ կառավարության միջոցներով աշխատավարձ կամ նպաստ ստացող խմբին)

- ազատել Հայաստանի Հանրապետությունում գանձվող շրջանառության հարկերից կամ համանման այլ անուղղակի հարկերից ՄՀԸ եւ ՎՎԲ կատարող կազմակերպությունների կամ նրանց գրասենյակների ձեռք բերած պարագաները եւ ստացած ծառայությունները,

- հաստատել կատարող կազմակերպությունների կամ գրասենյակների՝ հեռահաղորդակցային կապերի, այդ թվում՝ ռադիոկապի եւ արբանյակային կապուղիների միացման վերաբերյալ դիմումները, օգնել կատարել բոլոր անհրաժեշտ գրանցումները,

- հաստատել կատարող կազմակերպությունների դիմումները, որոնք վերաբերում են գրասենյակների աշխատակիցների աշխատանքի թույլտվություններին, ինչպես նաեւ կացության անհրաժեշտ թույլտվություններին եւ վիզաներին,

- երաշխավորել, որ գործուղված մասնագետներին եւ նրանց հետ նույն հարկի տակ ապրող ընտանիքի անդամներին անհրաժեշտ կացության թույլտվությունները եւ վիզաները տրվեն անվճար եւ անգրավ հիմունքներով,

- ապահովել ՄՀԸ մասնագետների եւ նրանց հետ նույն հարկի տակ ապրող ընտանիքի անդամների՝ 1998 թվականի հուլիսի 27-ի շրջանակային համաձայնագրով սահմանված բոլոր իրավունքները. միեւնույն իրավունքները համապատասխան կիրառությամբ ապահովում է նաեւ ՎՎԲ գործուղված մասնագետների եւ նրանց հետ նույն հարկի տակ ապրող ընտանիքի անդամների, ինչպես նաեւ, հարկ եղած դեպքում, Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության հանձնարարությամբ գործող այլ կատարող կազմակերպությունների գործուղված մասնագետների եւ նրանց հետ նույն հարկի տակ ապրող ընտանիքի անդամների համար:

«Գերմանական Միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի եւ Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KfW) տեղային գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» հայտագրերի փոխանակման ձեւով կնքված համաձայնագիրը համահունչ է Հայաստանի Հանրապետության կողմից որդեգրած արտաքին տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին եւ նպատակներին:

Տվյալ Համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջեւ փոխշահավետ համագործակցության զարգացմանը, տնտեսական կապերի ընդլայնման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը, երկու երկրների տնտեսական համագործակցության ասպարեզում առկա ներուժի օգտագործմանը:

Ելնելով վերոհիշյալից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է գտնում «Գերմանական Միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի եւ Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KfW) տեղային գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» հայտագրերի փոխանակման ձեւով կնքված համաձայնագրի վավերացումը Հայաստանի Հանրապետության կողմից:

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ՝ ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆ


ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ



ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆԻՆ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոնայք,


Ի պատասխան Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության 2023 թվականի ապրիլի 5-ի թիվ 01/5705-2023 գրության եւ ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի ապրիլի 17-ի թիվ 02/06.5/18499-2019 հանձնարարականի հայտնում ենք, որ «Գերմանական Միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի եւ Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KfW) տեղային գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

«ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-Ի ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԲԱՆԿԻ (ՎՎԲ/KFW) ՏԵՂԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ ՀԻՄՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅՏԱԳՐԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՁԵՎՈՎ ԿՆՔՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Գերմանական Միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի եւ Վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KfW) տեղային գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» հայտագրերի փոխանակման ձեւով կնքված համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) համաձայնեցման եւ փոխհամաձայնեցման աշխատանքներում ներգրավված են եղել մի շարք շահագրգիռ գերատեսչություններ:

Համաձայնագրի կատարման համար պատասխանատու մարմիններն են.

1. ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2. ՀՀ ֆինանսների նախարարություն

3. ՀՀ արդարադատության նախարարություն

4. ՀՀ արտաքին գործերի նախարարություն

5. ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն

6. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

7. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

8. ՀՀ ոստիկանություն

9. ՀՀ միգրացիոն ծառայություն

10. ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտե

11. ՀՀ պետական եկամուտների կոմիտե


Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում
Գրություն