Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 154-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները.
1. 1-ին մասում «հինգհարյուրապատիկից հազարապատիկի» բառերը փոխարինել «յոթհարյուրհիսնապատիկից հազարհինգհարյուրապատիկի» բառերով:
2. 3-րդ մասում «հազարհինգհարյուրապատիկից երկուհազարապատիկի» բառերը փոխարինել «երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի» բառերով:
3. 4-րդ մասում «երկուհազարապատիկից երկուհազարհինգհարյուրապատիկի» բառերը փոխարինել «երկուհազարհինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 1541 հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները.
1. 2-րդ պարբերությունը վերաշարադրել հետեւյալ խմբագրությամբ. «առաջացնում է տուգանքի նշանակում՝ շինարարության նախահաշվային արժեքի (իսկ նախահաշվային փաստաթղթերի բացակայության դեպքում՝ քաղաքաշինության բնագավառի լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների համաձայն հաշվարկված ծախսերի) երեք տոկոսի չափով:»:
2. 4-րդ պարբերությունը վերաշարադրել հետեւյալ խմբագրությամբ. «առաջացնում է տուգանքի նշանակում՝ շինարարության նախահաշվային արժեքի (իսկ նախահաշվային փաստաթղթերի բացակայության դեպքում՝ քաղաքաշինության բնագավառի լիազորված պետական կառավարման մարմնի սահմանած շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշների համաձայն հաշվարկված ծախսերի) տասնհինգ տոկոսի չափով:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 154-րդ եւ 1541 -րդ հոդվածներով վարչական պատասխանատվություն է սահմանված շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելու, վերակառուցելու, տեղադրելու, առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ, առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելու, ինքնակամ կառույցի կասեցման դեպքում շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելը շարունակելու, ինչպես նաեւ կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում (շինարարության թույլտվության ժամկետն օրենքով սահմանված կարգով երկարաձգված լինելու դեպքում՝ երկարաձգված ժամկետում) չավարտելու համար:
Չնայած այս հանգամանքին, վերոնշյալ խումբ իրավախախտումները Հայաստանի Հանրապետությունում դեռեւս խիստ մեծ թիվ են կազմում: Ավելին, բազմաթիվ են դեպքերը, երբ նշված իրավախախտումները կատարելուց եւ վարչական տույժի ենթարկվելուց հետո համապատասխան սուբյեկտները շարունակում են վարչական իրավախախտում համարվող արարքների կատարումը, մի շարք դեպքերում վարչական իրավախախտում համարվող արարքները շարունակվում են նույնիսկ երկրորդ անգամ տույժի ենթարկվելուց հետո: Նշված իրավիճակը, ի թիվս այլնի, հետեւանք է նաեւ այն բանի, որ քննարկվող իրավախախտումների համար սահմանված վարչական տույժերն անհամարժեք են դրանց հանրային վտանգավորությանը: Արդյունքում առաջանում է այնպիսի իրավիճակ, երբ համապատասխան սուբյեկտի կողմից այս խումբ իրավախախտումները կատարելու հետեւանքով վերջինիս նկատմամբ նշանակվող տույժերը հաճախ էականորեն ավելի պակաս են այդ իրավախախտումների կատարման կամ շարունակման պայմաններում վերջիններիս կողմից ստացվող եկամուտներից, ինչպիսի պայմաններում քաղաքացիների ու իրավաբանական անձանց համար հաճախ վարչական իրավախախտում կատարելը, դրա համար նշանակված վարչական տույժը վճարելը, նույնիսկ՝ խախտման համար երկրորդ անգամ տույժի ենթարկվելը ավելի «շահավետ» են լինում, քան իրավախախտում կատարելուց խուսափելը եւ քաղաքաշինական համապատասխան նորմերի պահպանումը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է վարչական պատասխանատվության առավել խիստ միջոցներ սահմանել շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելու, վերակառուցելու, տեղադրելու, առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ, առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելու, ինքնակամ կառույցի կասեցման դեպքում շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելը շարունակելու, ինչպես նաեւ կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար:
Նախագծով առաջարկվում է նաեւ փոփոխել կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու համար տուգանքի չափերը:
3. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները
Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է բարելավել եւ խթանել Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինության ոլորտի օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանումը, էականորեն նվազեցնել շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելու, վերակառուցելու, տեղադրելու, կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելու դեպքերը:
Նախագծի նպատակը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ եւ 1541 -րդ հոդվածներով սահմանված վարչական իրավախախտումների, դրանց վտանգավորության եւ հետեւանքների, մյուս կողմի՝ այդ իրավախախտումների դեպքում նշանակվող վարչական տույժերի միջեւ անհրաժեշտ եւ ողջամիտ հավասարակշռության ապահովումն է՝ նպատակ հետապնդելով առավելագույնս բացառել այս խումբ վարչական իրավախախտումների համար սահմանված ոչ համարժեք, ցածր վարչական տույժերի հետեւանքով վարչական իրավախախտման համար տույժի ենթարկվելը համապատասխան սուբյեկտի կողմից քաղաքաշինական կիրառելի նորմերի պահպանումից ավելի շահավետ լինելու իրավիճակը:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի Հանրապետության վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում