Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-620-20.06.2023-ԳԿ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրակրթության մասին» 2009 թվականի հուլիսի 10-ի
ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 4-րդ մասում «օրինակելի ուսումնական պլանը» բառերը փոխարինել «ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքը եւ ուսումնական պլանի կազմման կանոնները» բառերով:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասում «մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի եւ» բառերը փոխարինել «մանկավարժական կամ գիտամանկավարժական աշխատանքի կամ» բառերով.

2) 18-րդ մասը մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«18. Պետական ուսումնական հաստատության համակարգող կարող է լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն եւ վերջին 5 տարվա ընթացքում «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված հանրային պաշտոններում կամ հանրային ծառայության պաշտոններում կամ ղեկավարման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից) առնվազն 3 տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:»:

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«14.3. Հանրակրթական պետական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունն իր ուսումնական պլանները կազմում է ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքի եւ ուսումնական պլանի կազմման կանոնների հիման վրա, համաձայն որի՝ դպրոցական բաղադրիչով նախատեսված ժամաքանակը ուսումնական հաստատությունը բաշխում է պետական բաղադրիչով սահմանված կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած առարկաներին:»:

Հոդված 4. Օրենքի 17.1 հոդվածը լրացնել նոր՝ 12-րդ եւ 13-րդ մասերով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«12. Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողները կարող են դիմել եւ մասնակցել կամավոր ատեստավորմանը:

«13. Կամավոր ատեստավորման գործընթացում մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ցուցաբերած համապատասխան արդյունքը հիմք է հինգ տարի ժամկետով հավելավճարի սահմանման համար:»:

Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասում «սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի» բառերը փոխարինել «մարզերի» բառով:

Հոդված 6. Օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասում «պահանջներին համապատասխան» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ մինչեւ տվյալ առարկայի թափուր տեղը մրցութային կարգով համալրվելը» բառերը:

Հոդված 7. Օրենքի 26-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասը լրացնել նոր՝ 3-րդ ենթակետով՝ հետեւալ բովանդակությամբ.

«3) ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության ավարտական կուրսի ուսանողը՝ գյուղական բնակավայրի ուսումնական հաստատությունում աշխատելու նպատակով, որի համար աշխատանքային պայմանագրով նախատեսված ժամանակահատվածը կհաշվարկվի որպես աշխատանքային ստաժ:»:

2) 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Տնօրենը ապահովում է ուսուցչի մասնակցությունը մասնագիտական զարգացման կարիքի հիման վրա իրականացվող վերապատրաստմանը:»:

3) 11-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«11. Յուրաքանչյուր ուսուցիչ, ինչպես նաեւ սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի պահանջները բավարարող յուրաքանչյուր անձ, կարող է դիմել եւ մասնակցել կամավոր ատեստավորման.»:

Հոդված 8. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենքի 29-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի 6-րդ կետում «եւ տնօրենի նշանակման կարգը» բառերը փոխարինել «,տնօրենի նշանակման եւ բողոքարկման կարգը» բառերով:

2) 1-ին մասը լրացնել նոր՝ 12.5-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«12.5) հաստատում է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման կարգը եւ կամավոր ատեստավորման արդյունքով տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական աշխատողներին հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձեւավորման կարգը.».

Հոդված 10. Օրենքի 30-րդ հոդվածի 26-րդ կետի 11-րդ ենթակետում «պետական ուսումնական հաստատություններ» բառերից առաջ լրացնել «մարզերի» բառը:

Հոդված 11. Օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասում «օգոստոսի 20-ը,» բառից եւ թվից հետո լրացնել «բացառությամբ այն դեպքերի, երբ ապահովում են ուսուցչին ներկայացվող պահանջները, կամ մասնակցել են կամավոր ատեստավորմանը եւ կառավարության սահմանած կարգով համարվել ատեստավորված, որը հիմք է շարունակելու մասնագիտական գործունեությունը տվյալ կամ այլ ուսումնական հաստատությունում: Կամավոր ատեստավորմանը հայտ ներկայացրած եւ անկախ պատճառներից՝ չմասնակցած ուսուցիչների մասնագիտական գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրամանով հաստատված 2023 թվականի ժամանակացույցով նախատեսված՝ տվյալ առարկայի կամավոր ատեստավորման օրվան հաջորդող օրվանից:» բառերը:

Հոդված 12. Սույն նախագծի 1-ին եւ 3-րդ հոդվածներով սահմանված դրույթներն ուժի մեջ են մտնում հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման ժամանակացույցի համաձայն:

Հոդված 13. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ենթաօրենսդրական իրավական ակտի ընդունման ժամկետը սահմանել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 5 ամսվա ընթացքում:

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: