Armenian ARMSCII Armenian
Կ-6213-21.06.2023-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. «Նոտարիատի մասին» 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21.2-րդ կետով.

«21.2) արձակում է գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն.»:

Հոդված 2. Օրենքի 36.1-ին հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողությունների արդյունքով կայացվող որոշումը, գործարքը, գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը կամ այլ փաստաթղթի հաստատումը կամ վավերացումը, կատարողական մակագրության թերթը նոտարական ակտեր են:»:

Հոդված 3. Օրենքը  լրացնել  հետեւյալ  բովանդակությամբ 18.3-րդ գլխով.

«Գ Լ ՈՒ Խ 18.3
ՆՈՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՒՄԱՐԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿՎԵԼԸ

Հոդված 82.4. Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմում ներկայացնելը

1. Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը (այսուհետ՝ դիմում) ներկայացնելու օրվա դրությամբ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի (ներառյալ՝ տուժանքի (տուգանքի, տույժի), տոկոսների եւ այլ վճարների) բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու դիմում նոտարին ներկայացնում են բանկերը, վարկային կազմակերպությունները,
ինչպես նաեւ էներգետիկայի (էլեկտրաէներգետիկայի, ջերմամատակարարման, գազամատակարարման), ջրային եւ հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) ոլորտներում կարգավորվող գործունեություն իրականացնող անձինք (այսուհետ սույն գլխում նաեւ՝ դիմող)՝ սպառողների  կամ հաճախորդների հետ կնքված պայմանագրերի հիման վրա:

Արտարժույթով պահանջ ներկայացվելու դեպքում նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցելու հարցը որոշվում է դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի հրապարակած արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձեւավորված միջին փոխարժեքով:

2. Սույն հոդվածի 1-ին մասի իմաստով՝ դիմող է համարվում նաեւ այն անձը, որին զիջվել է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմանագրերից բխող պահանջը:

3. Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումի հետ չեն կարող ներկայացվել դրամական բնույթ չկրող պահանջներ, բացառությամբ շարժական գույք հանդիսացող գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու պահանջների, եթե գրավառուի եւ գրավատուի միջեւ կնքված գրավոր համաձայնությամբ սահմանվել է առանց դատարան դիմելու շարժական գույք հանդիսացող գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու մասին պայման:

4. Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը կարող է ներկայացվել մեկից ավելի անձանց դեմ, եթե պարտավորությունը համապարտ է:

5. Սույն հոդվածում նշված պահանջները ենթակա են քննության նոտարի կողմից սույն գլխով սահմանված կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակվելը մերժելու մասին որոշում:

6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 43-րդ գլխով նախատեսված կանոնները տարածվում են սույն գլխի վրա այնքանով, որքանով դրանք կիրառելի են նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակվելու նկատմամբ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:

Հոդված 82.5. Նոտարների միջեւ գործերի բաշխման եւ վերաբաշխման կարգը

1. Նոտարների միջեւ գործերի բաշխումը եւ վերաբաշխումը կատարվում են բացառապես հատուկ համակարգչային ծրագրի միջոցով (այսուհետ՝ Համակարգչային ծրագիր), որի շահագործման կարգը սահմանվում է արդարադատության նախարարի հրամանով:

2. Դիմումը նոտարների միջեւ բաշխվում է այնպես, որ ապահովվի դրանց հնարավորինս հավասարաչափ բաշխումը: Նոտարների միջեւ դիմումների բաշխման, վերաբաշխման կարգը եւ չափանիշները սահմանվում են արդարադատության նախարարի հրամանով:

3. Համակարգչային ծրագրի մշակման եւ գործարկման կարգը սահմանում է նոտարական պալատը:

4. Եթե օբյեկտիվ պատճառներով առաջացել են տեխնիկական խնդիրներ՝ կապված Համակարգչային ծրագրի շահագործման հետ, ապա այդ հանգամանքը հայտնաբերած նոտարն անհապաղ այդ մասին տեղեկացնում է նոտարական պալատին: Նոտարական պալատը ծանուցումն ստանալուց անմիջապես հետո քննարկում է պատճառները եւ դրանց վերացման ուղղությամբ տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ Համակարգչային ծրագրի անխափան շահագործման համար պատասխանատու աշխատակիցներին:

Հոդված 82.6. Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումի ձեւը եւ բովանդակությունը

1. Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարական պալատ ներկայացվում է էլեկտրոնային եղանակով, որում նշվում են`

1) նոտարական պալատի անվանումը.

2) դիմողի անվանումը, գտնվելու վայրի հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը եւ պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը, ինչպես նաեւ դիմողի հեռախոսահամարը եւ էլեկտրոնային փոստի հասցեն՝ նոտարի որոշումները նշված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու միջնորդությամբ.

3) պարտապանի անունը, ազգանունը, հայրանունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի, իսկ ֆիզիկական անձի հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակվելու վայրի, իսկ բնակության վայրն անհայտ լինելու դեպքում՝ գույքի  գտնվելու վայրի հասցեն,  ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, առկայության դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման համարը.

4) դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ բռնագանձման ենթակա գումարի, ինչպես նաեւ առկայության դեպքում՝ պահանջվող տուժանքի (տուգանքի, տույժի) եւ տոկոսների գումարների հիմքն ու չափը, դրանց հաշվարկը.

5) պահանջը հաստատող ապացույցները, այդ թվում՝ պայմանագիրը եւ (կամ) պայմանագրի կնքման փաստը հավաստող ապացույցները.

6) առկայության դեպքում՝ պահանջի զիջման մասին պայմանագիրը, եթե դիմումը ներկայացվում է զիջված պահանջի հիման վրա.

7) պահանջ` գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին.

8) հայտարարություն առ այն, որ պահանջը կապված չէ դեռեւս չկատարված հանդիպակաց պարտավորությունների հետ, կամ հանդիպակաց պարտավորություններն արդեն կատարված են.

9) կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.

10) առկայության դեպքում՝ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության եւ լուծման համար.

11) հայտարարություն առ այն, որ առկա չէ նույն անձանց վերաբերյալ, միեւնույն փաստական հիմքերով եւ միեւնույն պահանջի վերաբերյալ գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելը մերժելու մասին որոշում.

12) նշում առ այն, որ պայմանագրով սահմանված է ծանուցման այլ կարգ՝ դրա առկայության դեպքում:

2. Դիմումին կցվում են պահանջը հաստատող ապացույցները, ինչպես  նաեւ նոտարական գործողության վճարի վճարումը հավաստող փաստաթուղթը:

3. Դիմումն ստորագրում է դիմողը կամ նրա ներկայացուցիչը: Դիմումն ստորագրվում է էլեկտրոնային եղանակով:

4. Ներկայացուցչի ստորագրած դիմումին կցվում են նրա լիազորությունը հավաստող փաստաթղթի եւ անձը հաստատող փաստաթղթի պատճենները: Դիմողի ներկայացուցչի լիազորությունները կարող են հաստատվել նաեւ էլեկտրոնային կամ ֆաքսիմիլային ստորագրությամբ տրված լիազորագրով, ինչպես նաեւ ստորագրված լիազորագրի սկանավորված տարբերակը ներկայացնելով:

5. Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու համար գանձվում է նոտարական գործողության վճար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված չափով:

Հոդված 82.7. Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը վերադարձնելը

1. Նոտարը դիմումն ստանալուց հետո՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, վերադարձնում է այն, եթե՝

1) չեն պահպանվել սույն օրենքով դիմումի ձեւին, բովանդակությանը եւ կից փաստաթղթերին ներկայացվող պահանջները.

2) դիմումն ստորագրված չէ, կամ ստորագրել է այն ստորագրելու լիազորություն չունեցող անձը, կամ այնպիսի անձ, որի պաշտոնեական դրությունը նշված չէ.

3) դիմումը ներկայացրել է սույն օրենքի 82.4-րդ հոդվածի 1-ին մասում չնշված անձը.

4) ներկայացված դիմումում միացված է մի քանի պահանջ, որոնցից մեկը ենթակա չէ նոտարի քննությանը.

5) դիմողը ներկայացրել է դիմումը հետ վերցնելու պահանջ.

6) դիմումի, այդ թվում՝ դիմումով ներկայացված պահանջի ու ներկայացված փաստաթղթերի (ապացույցների) միջեւ առկա են անհամապատասխանություն եւ այն շտկելու հնարավորություն:

2. Դիմումը վերադարձնելու մասին որոշումն էլեկտրոնային եղանակով ուղարկվում է պահանջատիրոջը, որն այն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դրանում մատնանշված թերությունները վերացնելու դեպքում կարող է դիմումը կրկին ներկայացնել:

3. Սահմանված ժամկետում թերությունները շտկելու դեպքում դիմումը համարվում է ներկայացված սկզբնական ներկայացման օրը:

4. Կրկին ներկայացված դիմումը մակագրվում է դիմումը վերադարձրած նույն նոտարին:

5. Դիմողի կողմից կրկին ներկայացված դիմումում նախկինում վկայակոչված թերությունները չշտկելու դեպքում թերությունների շտկման համար նոր ժամկետ չի տրամադրվում:

Հոդված 82.8. Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումի քննության ժամկետը եւ կարգը

1. Եթե առկա չեն դիմումը վերադարձնելու կամ սույն օրենքի 82.9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը մերժելու հիմքերը, ապա նոտարը դիմումն ստանալուց հետո՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, ծանուցում է պարտապանին ստացված դիմումի մասին՝ առաջարկելով ծանուցումն ստանալուց հետո՝ քսան օրվա ընթացքում, կատարել պարտավորությունը կամ ներկայացնել իր առարկությունները  գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու դիմումի վերաբերյալ: Ծանուցման մեջ նշվում են նաեւ, որ՝

1) գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունը նոտարի կողմից արձակվելու դեպքում այն կողմերի համար դառնում է պարտադիր արձակվելուց 10 օր հետո եւ ենթակա է հարկադիր կատարման.

2) գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու դեպքում նոտարական գործողության վճարի հատուցման պարտականությունը դրվում է պարտապանի վրա.

3) եթե գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու դիմումը «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի   82.9-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված հիմքով նոտարը մերժում է, եւ դատարանն ամբողջությամբ բավարարում է նույն անձի դեմ նույն փաստական հիմքով ներկայացված պահանջը, ապա գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու հետ կապված ծախսը (նոտարական գործողության վճարը)՝ դրա կրկնապատիկի չափով, հատուցելու պարտականությունը կարող է դրվել պարտապանի վրա:

2. Պարտապանին տրամադրված 20-օրյա ժամկետի ավարտին  հաջորդող երկշաբաթյա ժամկետում նոտարը՝

1) ամբողջովին մերժում է գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու մասին դիմումը.

2) արձակում է գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն:

Հոդված 82.9. Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումի մերժումը

1. Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը սույն օրենքի 82.8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում մերժվում է, եթե՝

1)  առկա է նույն անձանց վերաբերյալ, միեւնույն փաստական հիմքերով եւ միեւնույն պահանջի վերաբերյալ գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելը մերժելու կամ կարգադրություն արձակելու վերաբերյալ նոտարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշում.

2) դիմողը սահմանված ժամկետում չի վերացրել նոտարի կողմից դիմումը վերադարձնելու վերաբերյալ որոշմամբ մատնանշված թերությունները.

3) պահանջն առերեւույթ հիմնավորված չէ.

4) պահանջի հիմքում ընկած գործարքը կամ գործարքի որեւէ էական պայման առ ոչինչ է:

2. Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը սույն օրենքի 82.8-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում մերժվում է, եթե պարտապանը ծանուցում ստանալուց հետո՝ սահմանված 20-օրյա ժամկետում՝

1) ներկայացրել է առարկություն կամ

2) կատարել է վճարման պահանջը:

3. Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը մերժելու դեպքում նոտարն այդ մասին կայացնում է որոշում, որը ոչ ուշ, քան հաջորդ օրն ուղարկվում է դիմողին եւ պարտապանին:

4. Գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին նոտարի որոշումը չի զրկում դիմողին հետագայում նույն պահանջը դատարան ներկայացնելու իրավունքից:

Հոդված 82.10. Գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրության բովանդակությունը, այն պարտապանին ուղարկելը եւ կողմերի համար պարտադիր դառնալը

1. Նոտարը դիմումը բավարարելու դեպքում արձակում է կարգադրություն, որը կողմերի համար դառնում է պարտադիր այն արձակելուց 10 օր հետո:

2. Նոտարի արձակած կարգադրությունը պարունակում է՝

1) նշում առ այն, որ նոտարն ըստ էության չի ստուգել պահանջի հիմնավորվածությունը, բացառությամբ սույն օրենքի 82.9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերի.

2) նշում բռնագանձվող գումարի եւ տոկոսների չափի վերաբերյալ, այդ թվում՝ բռնագանձվող գումարի ընդհանուր չափը` առանձին նշելով հիմնական պարտքի, տուժանքի (տուգանքի, տույժի), վնասների չափերը, ինչպես նաեւ այն գումարի չափը, որի վրա հաշվեգրվում են տոկոսներ, այդ տոկոսների չափը եւ դրանց հաշվեգրման սկզբի տարին, ամիսը եւ ամսաթիվը.

3) եզրահանգումներ նոտարական գործողության վճարի եւ պարտապանի կողմից դրա հատուցման վերաբերյալ:

3. Գումարի բռնագանձման պահանջով արձակված  կարգադրությունը ոչ ուշ, քան արձակվելու հաջորդ օրն ուղարկվում է դիմողին եւ պարտապանին:

4. Կողմերի համար պարտադիր դարձած գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրության հարկադիր կատարման համար նոտարը եռօրյա ժամկետում էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկում հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, որում նշվում են՝

1) գումարի բռնագանձման պահանջով արձակված  կարգադրություն արձակած նոտարի անունը եւ նոտարական տարածքը.

2) գումարի բռնագանձման պահանջով կարգադրության վարույթի մասնակիցների անունները (անվանումները), նրանց հաշվառման (գտնվելու) վայրի, ֆիզիկական անձի հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակվելու վայրի, իսկ բնակության վայրն անհայտ լինելու դեպքում՝ գույքի  գտնվելու վայրի հասցեն,  ֆիզիկական անձի անձնագրային տվյալները, առկայության դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշը, իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման համարը.

3) գումարի բռնագանձման պահանջով կարգադրության արձակման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը եւ համարը.

4) գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունը կողմերի համար պարտադիր դառնալու ամսաթիվը:

5. Նոտարը էլեկտրոնային հաղորդագրության հետ միասին ուղարկում է նաեւ արձակված կարգադրությունը:

Հոդված 82.11. Նոտարի որոշումները (կարգադրությունները) եւ ծանուցումներն ուղարկելու (հանձնելու) կարգը

1. Եթե կողմերի միջեւ կնքված պայմանագրով սահմանված է էլեկտրոնային փոստի կամ հաղորդակցության այլ միջոցներով ծանուցման կարգ, ապա նոտարի որոշումները (կարգադրությունները)  եւ ծանուցումներն իրականացվում են այդ եղանակով:

2. Նոտարի որոշումները (կարգադրությունները) եւ ծանուցումներն էլեկտրոնային փոստի հասցեով կամ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով ուղարկվելու (հանձնվելու) դեպքում հասցեատերն ստանում է որոշման կամ ծանուցման տեքստը կամ համապատասխան էլեկտրոնային հղումը, որի միջոցով որոշումը կամ ծանուցումը կարող է հասանելի դառնալ հասցեատիրոջը:

3. Այն դեպքերում, երբ ծանուցումը հնարավոր չէ իրականացնել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով, ապա նոտարի որոշումները (կարգադրությունները) կամ ծանուցումները ուղարկվում են փոստային առաքմամբ կամ հանձնվում են առձեռն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

4. Եթե անձը հրաժարվել է ստանալ փոստային առաքանին, կամ կողմի նշած հասցեով ուղարկված փոստային առաքանին վերադարձվել է, կամ պատվիրված նամակով ուղարկվելու դեպքում ուղարկելու օրվանից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, նոտարը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), ապա նոտարի որոշումը (կարգադրությունը) կամ ծանուցումը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքէջում: Սույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո՝ հինգերորդ օրը, փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):

Հոդված 82.12. Գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը վիճարկելը

1. Գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրությունը կողմերը կարող են վիճարկել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետում՝ գումարի բռնագանձման պահանջով կարգադրությունը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելու միջոցով:»:

Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ նոտարական պալատի հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից չեղյալ ճանաչել ««Նոտարիատի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի օրենքը:

3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարկմանը հաջորդող երկամսյա ժամկետում: