Armenian ARMSCII Armenian
Կ-6215-21.06.2023-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ մասով.

«Սույն օրենքը, «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, սահմանում է նաեւ գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության կատարման պայմանները եւ կարգը այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են այդ ակտերի կատարման նկատմամբ:»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8.2-րդ կետով.

«8.2) գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրությունը.»:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը «, արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար մշտապես գործող արբիտրաժային հաստատության էլեկտրոնային հաղորդագրությունը,» բառերից հետո լրացնել «գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության էլեկտրոնային հաղորդագրությունը,» բառերով:

Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակության 5.1-ին մասով.

«5.1. Գումարի  բռնագանձման  պահանջով  նոտարի  արձակած կարգադրության էլեկտրոնային հաղորդագրությունը կարող է ներկայացվել հարկադիր կատարման կողմերի համար պարտադիր դառնալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:»:

Հոդված 5. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.2-րդ մասով.

«2.2. Կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության էլեկտրոնային հաղորդագրությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում:»:

Հոդված 6. Օրենքը  լրացնել  հետեւյալ  բովանդակությամբ 31.6-րդ հոդվածով.

«Հոդված 31.6. Գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության էլեկտրոնային հաղորդագրությունը վերադարձնելը

1. Գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության էլեկտրոնային հաղորդագրությունը հարկադիր կատարողը վերադարձնում է նոտարին, եթե այն չի համապատասխանում «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 82.10-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության էլեկտրոնային հաղորդագրությանը ներկայացվող պահանջներին, ինչպես նաեւ եթե լրացել է էլեկտրոնային հաղորդագրությունը հարկադիր կատարման ներկայացնելու մեկամսյա ժամկետը:»:

Հոդված 7. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վարույթ է ընդունել գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրությունը չեղյալ ճանաչելու մասին դիմումը:»:

Հոդված 8. Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով կասեցված կատարողական վարույթը վերսկսվում է գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրությունը չեղյալ ճանաչելու մասին դիմումի քննությամբ կայացված որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:»:

Հոդված 9. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18-րդ կետով.

«18) գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրության պահանջը փաստացի կատարվել է, կամ կարգադրության հարկադիր կատարման ընթացքում պարզվել է, որ անձը կատարել է իր պարտավորությունը մինչեւ նոտարի կողմից էլեկտրոնային հաղորդագրությունը հարկադիր կատարման ուղարկվելը, կամ օրինական ուժի մեջ է մտել գումարի բռնագանձման պահանջով նոտարի արձակած կարգադրությունը չեղյալ ճանաչելու մասին դատարանի որոշումը:»:

Հոդված 10. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումը նոտարին էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային համակարգի գործարկման վերաբերյալ նոտարական պալատի հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից չեղյալ ճանաչել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 23-ի օրենքի 1-ին հոդվածով լրացվող տասներորդ պարբերությունը,  2-րդ հոդվածը, ինչպես նաեւ 3-րդ հոդվածի «նոտարի արձակած վճարման կարգադրությունը» բառերը: