Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6232-27.06.2023-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 1706-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ`

 «1. Օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավաբանական անձի կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության պաշտոնատար անձի կամ անհատ ձեռներեցի կամ պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնատար անձի կողմից հարկ վճարողի կատարողի հետ կատարված գործառնությունների, ինչպես նաեւ իրենց կողմից եւ իրենց հաշվին ֆիզիկական անձին վճարված եկամուտների եւ պահված հարկերի մասին տվյալները, հարկման նպատակով օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված անհրաժեշտ այլ տվյալներ հարկային մարմիններ սահմանված ժամկետում չհաղորդելը կամ սխալ տվյալներ հաղորդելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ տասնհինգապատիկի չափով:

Նույն արարքը, որը նպաստել է հարկ վճարողի կողմից հարկվող օբյեկտը /հարկը/ թաքցնելուն`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:

2. Էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ձեւակերպված պատվերների մասով հարկային մարմնին իրենց տվյալների բազային առցանց հասանելիություն չտրամադրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում ուղեւորափոխադրումների ոլորտում առկա օրենսդրական բացերը լրացնելու եւ անօրինական փոխադրումները կանխարգելելու նպատակով:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Ներկայումս հանրապետությունում էլեկտրոնային հարթակների միջոցով ուղեւորափոխադրման ծառայությունների մատուցումը մեծ կիրառություն ունի, սակայն ոլորտն օրենսդրական կարգավորում չունի: Բազմաթիվ վարորդներ իրենց պատկանող տրանսպորտային միջոցներով իրականացնում են ուղեւորափոխադրումներ, որոնք չեն վերահսկվում եւ չեն հարկվում: Էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները փաստացի անօրինական ուղեւորափոխադրման գործունեություն են իրականացնում՝ պատվերներ ընդունելով եւ փոխանցելով անհատ վարորդներին, կարգավորում են իրենց հարթակներով ուղեւորափոխադրման սակագները, սահմանում են փոխադրման պահանջներ (էկոնոմ, կոմֆորտ, բիզնես): Փաստացի օնլայն հարթակները ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպություններ են, ընդ որում՝ գործունեությունն իրականացնում են առանց օրենսդրական կարգավորման:

Ոլորտում գործունեություն իրականացնողների վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ օրենսդրական կարագավորումների բացակայության պատճառով:

Փաստացի ստեղծվել է անհավասար մրցակցային պայմաններ տաքսի ուղեւորափոխադրումների ոլորտում գործունեություն իրականացնողների համար, ինչը նպաստում է անօրինական փոխադրումների կազմակերպմանը: Արդյունքում տուժում են օրինական դաշտում աշխատող փոխադրողները, որոնք հարկային պարտավորություններ են կատարում եւ մրցակցում են առանց հարկային պարտավորությունների գործունեություն իրականացնողների հետ:

Օրենսդրական դաշտի չկարգավորման պայմաններում ոլորտում բացակայում են վերահսկողական մեխանիզմները: Էլեկտրոնային հարթակով պատվերներ ձեւակերպող եւ փոխանցող կազմակերպությունների գործունեությունը չի կանոնակարգվում, քանի որ նրանց գործունեությունը սահմանված չէ որպես տնտեսական գործունեության տեսակ: Առկա չէ տեղեկատվություն ոլորտում գործունեություն իրականացնողների փաստացի թվաքանակի, նրանց կողմից հարկեր եւ տուրքեր չվճարելու արդյունում պետական բյուջե չմուտքագրվող գումարների չափերի վերաբերյալ:

Բացի այդ, ներկայումս 6-8 նստատեղով թեթեւ մարդատար ավտոմոբիլով ֆիզիկական անձանց կողմից միջմարզային կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղիներով ցածր սակագներով կանոնավոր փոխադրումներ են իրականացվում տաքսու ռեժիմով: Տաքսի ծառայություն մատուցողների կողմից կանոնավոր երթուղիների ուղեւորներին երթուղիների սկզբնակետում հավաքագրումը հանգեցնում է ուղեւորահոսքի նվազեցմանը, ինչը հանգեցնում է կանոնավոր ուղեւորափոխադրումների բնագավառում գործունեություն իրականացնողների արդարացի դժգոհությունը: Ուղեւորահոսքի նվազեցման արդյունքում կազմակերպությունները հրաժարվում են կանոնավոր երթուղիների սպասարկումից, ինչը խոչընդոտում է հանրապետության տարածքում կանոնավոր ուղեւորափոխադրումների կազմակերպմանը:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Առկա խնդիրները լուծելու նպատակով առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային հարթակների միջոցով ուղեւորների պատվերներ գրանցող եւ փոխանցող կազմակերպությունների գործունեությունը, որը փաստացի դուրս է մնում վերահսողությունից:

Մասնավորապես ուսումնասիրվել է օնլայն հարթակների միջոցով ուղեւորափոխադրման միջազգային փորձը, համաձայն որի մի շարք երկրներում (Ռուսաստան, Ուկրաինա, Էստոնիա) իրականացվում են օրենսդրական փոփոխություններ, որոնցով կկանոնակարգվեն էլեկտրոնային հարթակներով ուղեւորների փոխադրման պատվերի ստացման եւ փոխանցման գործընթացը:

Առաջարկվում է էլեկտրոնային հարթակների միջոցով ուղեւորների պատվերներ գրանցելու եւ փոխանցելու գործունեությունը սահմանել ծանուցման ենթակա գործունեություն:

Հաշվի առնելով ոլորտում անհատ վարորդների մեծ ներգրավվածությունը, որոնք որեւէ հարկային պարտավորություն չունեն եւ անհավասար մրցակցային պայմաններում են գտնվում ոլորտում օրինական գործունեություն իրականացնողների նկատմամբ՝ անհրաժեշտ է հարկային պարտավորություններ սահմանել տնտեսական գործունեություն իրականացնողների համար, կիրառելով նոր մեխանիզմներ եւ ապահովել օրինական ուղեւորափոխադրող կազմակերպությունների համար բարենպաստ մրցակցային միջավայրը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

1.սահմանել էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայության հասկացությունը.

2. էլեկտրոնային հարթակներով ուղեւորների փոխադրման պատվերներ ձեւակերպող եւ փոխանցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գործունեությունը կանոնակարգել <<Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքով.

3. Էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայությունների համար սահմանել պետական տուրք յուրաքանչյուր փոխադրման դեպքում, ինչպես նաեւ պատվերի վճարման էլեկտրոնային անդորրագրի տրամադրման պահանջ.

4. վերանայել <<Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված կանոնավոր ուղեւորափոխադրումների արտոնագրի տրամադրման գործընթացը.

5.սահմանվում են կարգավորումների խախտումների դեպքում վարչական պատասխանատվության միջոցները:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք.

Օրենքների նախագծերի փաթեթը մշակվել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը որեւէ ռազմավարական փաստաթղթի հետ կապ չունի:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն