Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-623-27.06.2023-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ օրենք) 4-րդ հոդվածի «ոչ կանոնավոր փոխադրում» հասկացությունից հետո լրացնել նոր հասկացություն հետեւյալ բովանդակությամբ.

«էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն՝ էլեկտրոնային եղանակով, այդ թվում՝ համացանցի (ինտերնետի) միջոցով, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ ուղեւորների փոխադրման պատվերների ձեւակերպման եւ փոխանցման ծառայությունների մատուցում.»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի «առանձին պատվերներով ավտոբուսներով» բառերից հետո լրացնել «կամ թեթեւ մարդատար ավտոմոբիլներով» բառերը:

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի՝

1) Վերնագրից «Ավտոբուսային» բառը հանել, հաջորդ բառը գրել մեծատառով:

2) 4-րդ մասից հետո լրացնել նոր 5-8-րդ մասերով հետեւյալ բովանդակությամբ.

«5. Էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն կարող են իրականացնել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքի պահանջներին համապատասխան լիազոր մարմնից ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ստացած իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնակատերերը:

6. Էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը լիազոր մարմնին եւ հարկային մարմնին առցանց տրամադրում են տվյալների բազայի հասանելիություն ձեւակերպված պատվերների (հարկային մարմնին՝ ուղեւորափոխադրում իրաանացնողների) մասով տեղեկատվությանը, այդ թվում՝ փոխադրողի վարորդական իրավունքի վկայականի եւ տրանսպորտային միջոցի տեխնիկական անձնագրի վերաբերյալ, ապահովելով անձնական տվյալների պաշտպանության օրենսդրության պահանջները: Տվյալների բազայի հասանելիության ընթացակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը պետք է ապահովեն Էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայության միջոցով ուղեւորների փոխադրման յուրաքանչյուր պատվերի իրականացման դեպքում՝

1) փոխադրման ընդհանուր արժեքի մասին տեղեկատվության տրամադրումը պատվիրատուին,

2)  պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի տրամադրումը պատվիրատուին,

3)  փոխադրման ընդհանուր արժեքից պետական տուրքի հաշվարկը, գանձումը եւ վճարումը պետական բյուջե՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով եւ կարգով:

8. Ֆիզիկական անձանց կողմից թեթեւ մարդատար ավտոմոբիլներով ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների իրականացումը թույլատրվում է միայն էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայության միջոցով:»:

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերությունից հետո լրացնել նոր 3-րդ եւ 4-րդ պարբերություններով հետեւյալ բովանդակությամբ՝

«Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումներ կարող են իրականացնել այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք միացված են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին եւ ամեն պատվերի իրականացման դեպքում տրամադրում են պատվիրատուին պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնը (բացառությամբ էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայության միջոցով ուղեւորափոխադրումների):

Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումները կարող են իրականացվել նաեւ էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայության միջոցով, որի դեպքում պատվերի վճարման էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնը պատվիրատուին տրամադրում է էլեկտրոնային հարթակով ուղեւորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը:»:

Հոդված 5. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  2024 թվականի սեպտեմբերի 1-ից:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ընդունվելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում: