Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-624-28.06.2023-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 7-րդ հոդվածի 6.2-րդ մասում «5-րդ ենթակետով» բառերից հետո լրացնել «13-րդ կետի 2-րդ ենթակետով,» բառերով, իսկ «փաստաթղթի առկայության դեպքում:» բառերից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն. «Թույլտվությունը տրվում է անժամկետ կամ որոշակի ժամկետով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Անհրաժեշտությունը.

Սույն օրենքի ընդունումը պայմանավորված է «Լիցենզավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 6.2-րդ մասով սահմանված՝ Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության անդամ երկրների, ինչպես նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հարավային Կորեայի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետությունում համապատասխան լիցենզավորող մարմնի թույլտվությամբ օրենքով նախատեսված՝ գործունեության իրականացման վայրի պահանջ չնախատեսող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներից միջուկային նյութերի, ռադիոակտիվ նյութերի/ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի եւ ռադիոակտիվ թափոնների ներմուծում/ արտահանումը հիշյալ դրույթի բացառությունների շարքին դասելու անհրաժեշտությամբ:

Բացի այդ, անհրաժեշտություն է առաջացել Օրենքում նախատեսել իրավադրույթ, որը հնարավորություն կտա Օրենքի 7-րդ հոդվածի 6.2-րդ մասով նախատեսված թույլտվությունները տրամադրել նաեւ որոշակի ժամկետով, ինչի շնորհիվ հնարավոր կլինի հիշյալ թույլտվությունները անհրաժեշտության դեպքում տրամադրել մինչեւ «Լիցենզավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6.2-րդ մասով սահմանված երկրների օրենսդրությամբ՝ համապատասխան գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթղթի ժամկետի ավարտը:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

«Լիցենզավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6.2-րդ մասին համապատասխան, օտարերկրյա իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետությունում համապատասխան լիցենզավորող մարմնի թույլտվությամբ կարող են իրականացնել իրականացման վայրի պահանջ չնախատեսող լիցենզավորման ենթակա գործունեություն՝ միջուկային նյութերի, ռադիոակտիվ նյութերի/ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի եւ ռադիոակտիվ թափոնների ներմուծում/արտահանում: Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան, լիցենզիան լիցենզավորող մարմնի կողմից լիցենզավորման կարգերին համապատասխան տրվող գործունեություն իրականացնելու թույլտվությունն է:

Միջուկային նյութերի, ռադիոակտիվ նյութերի/ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի եւ ռադիոակտիվ թափոնների ներմուծման/ արտահանման լիցենզավորման կարգերը (ՀՀ կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N1790-Ն, 2005 թվականի մարտի 24-ի NN 346-Ն, 375-Ն որոշումներ) նախատեսում են, որ իրավաբանական անձինք վերոհիշյալ ապրանքների ներմուծման/արտահանման լիցենզիա ստանալու համար պետք է ունենան միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի օգտագործման կամ պահեստավորման (ռադիոակտիվ թափոնների դեպքում) լիցենզիաներ:

Մինչդեռ՝ օգտագործման կամ պահեստավորման լիցենզիա ստանալու համար հայտատուն, այլ անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, պետք է ներկայացնի նաեւ միջուկային տեղակայանքի եւ միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման լիցենզիայի, անձնակազմի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները, ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանության ապահովման ծրագիրը կամ հրահանգը, անձնակազմի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները, այդ թվում` ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարեւոր պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց լիցենզիաների պատճենները, ռադիոակտիվ թափոնների պահման ֆիզիկական պաշտպանության ապահովումը հավաստող փաստաթղթերի պատճենները (ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 762-Ն, 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1751-Ն, 2005 թվականի մայիսի 5-ի. N647-Ն որոշումներ):

Միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի ֆիզիկական պաշտպանության հետ կապված տեղեկությունները դասվում են պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների շարքին (ՀՀ կառավարության 1998 թվականի մարտի 13-ի N 173 որոշում), եւ օտարերկրյա իրավանաբական անձանց դրանք տեսականորեն եւ գործնականում հասանելի չեն:

Ավելին, ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարեւոր պաշտոններ կարող են զբաղեցնել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

Բացի այդ, հաշվի առնելով, որ Օրենքի 7-րդ հոդվածի 6.2-րդ մասով նախատեսված թույլտվությունները տրամադրվում են նշյալ հոդվածում սահմանված երկրների օրենսդրությամբ՝ համապատասխան գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում, հետեւապես նպատակահարմար է Օրենքում նախատեսել կարգավորում, ինչի շնորհիվ հնարավոր կլինի հիշյալ թույլտվությունները անհրաժեշտության դեպքում տրամադրել նաեւ մինչեւ «Լիցենզավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6.2-րդ մասով սահմանված երկրների օրենսդրությամբ՝ համապատասխան գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթղթի ժամկետի ավարտը:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

«Լիցենզավորման մասին» օրենքում կատարվում են համապատասխան լրացումներ, որպես բացառություն սահմանելով միջուկային նյութերի, ռադիոակտիվ նյութերի/ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի եւ ռադիոակտիվ թափոնների ներմուծումը/ արտահանումը, «Լիցենզավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6.2-րդ մասով սահմանված Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության անդամ երկրների, ինչպես նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հարավային Կորեայի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Արաբական Միացյալ Էմիրությունների, Վրաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետությունում համապատասխան լիցենզավորող մարմնի թույլտվությամբ օրենքով նախատեսված՝ գործունեության իրականացման վայրի պահանջ չնախատեսող լիցենզավորման ենթակա գործունեության տեսակից, ինչպես նաեւ Օրենքում նախատեսվում է կարգավորում, ինչի շնորհիվ հնարավոր կլինի Օրենքի 7-րդ հոդվածի 6.2-րդ մասով նախատեսված թույլտվությունները տրամադրել նաեւ մինչեւ «Լիցենզավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6.2-րդ մասով սահմանված երկրների օրենսդրությամբ՝ համապատասխան գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթղթի ժամկետի ավարտը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք.

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կապահովվի օրենքի 7-րդ եւ 26-րդ հոդվածների միմյանց համապատասխանությունն ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի մասով, ինչպես նաեւ միջուկային եւ ճառագայթային անվտանգության մակարդակը՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան, ինչպես նաեւ կսահմանվի իրավական հնարավորություն Օրենքի 7-րդ հոդվածի 6.2-րդ մասով նախատեսված թույլտվությունները մինչեւ «Լիցենզավորման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6.2-րդ մասով սահմանված երկրների օրենսդրությամբ՝ համապատասխան գործունեության տեսակով զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթղթի ժամկետի ավարտը տրամադրելու վերաբերյալ:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը չի բխում ռազմավարական հետեւյալ փաստաթղթերից՝ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն