Հոդված 1. «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի ապրիլի 8-ի ՀՕ-42-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի վերնագրում «ցանկերը» բառից հետո լրացնել «եւ փորձաքննության անցկացումը» բառերը:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել զգայուն ապրանքների ցանկեր, որոնցում ներառված ապրանքները վերափոխման արդյունքում կարող են հանդիսանալ սույն օրենքի իմաստով հսկվող ապրանքներ:»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասում «Համապատասխանության գնահատման մասին» բառերը փոխարինել «Հավատարմագրման մասին» բառերով:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Հսկվող ապրանքների եւ հսկվող ոչ նյութական արժեքների մասնագիտական փորձաքննության անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի:
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում Oրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասից բխող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը, սակայն ոչ ուշ, քան սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամիս հետո:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Սույն որոշման ընդունումը պայմանավորված է երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ իրավական դաշտի կատարելագործման եւ Կառավարության լիազորությունների եւ պարտականությունների հստակեցման անհրաժեշտությամբ:
2. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Նախագծով առաջարկվում է «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-42-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածում սահմանել դրույթ, համաձայն որի՝ հսկվող ապրանքների եւ հսկվող ոչ նյութական արժեքների փորձաքննության անցկացման կարգը սահմանում է Կառավարությանը: Նշված դրույթը նաեւ կհանդիսանա որպես լիազորող օրենսդրական նորմ համապատասխան գործընթացների իրականացման համար:
Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունից կարող են նաեւ արտահանվել (կամ տարանցիկ փոխադրվել) ապրանքներ, որոնք չեն հանդիսանում ՀՀ կառավարության 01.07.2010թ. «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողություն իրականացնող լիազոր մարմին ճանաչելու, երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման թույլտվության տրամադրումն այլ շահագրգիռ պետական մարմինների հետ համաձայնեցնելու կարգը եւ անհրաժեշտ փաստաթղթերի ձեւերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 19-ի N 212-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 765-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 924-Ն որոշման շրջանակներում կարգավորման առարկա, սակայն որոշ ձեւափոխումների արդյունքում կարող են հանդիսանալ Օրենքի իմաստով հսկվող ապրանքներ եւ օգտագործվեն ռազմական նպատակներով:
Այս իմաստով անհրաժեշտություն կա վերահսկելու այդ գործընթացները եւ բացառելու այդ ապրանքները ռազմական նպատակներով օգտագործելու հետ կապված հնարավոր ռիսկերը:
Նպատակ ունենալով կանոնակարգել վերը նշված ապրանքների արտահանումը եւ տարանցիկ փոխադրումը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել նոր՝ 1.1-ին մասով, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել զգայուն ապրանքների ցանկեր, որոնցում ներառված ապրանքները վերափոխման արդյունքում կարող են հանդիսանալ սույն օրենքի իմաստով հսկվող ապրանքներ:
Միեւնույն ժամանակ հաշվի առնելով, որ «Համապատասխանության գնահատման մասին» օրենքը մասնակի կորցրել է ուժը՝ նախագծով սահմանվում է հսկվող ապրանքների եւ հսկվող ոչ նյութական արժեքների ցանկին որեւէ ապրանքի պատկանելության վերաբերյալ փորձագիտական եզրակացություն տրամադրող մարմինների հավատարմագրման անհրաժեշտությունը՝ համաձայն «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, որի 12-րդ հոդվածը սահմանում է համապատասխանության գնահատման այն մարմինների շրջանակը, որոնք կարող են դիմել հավատարմագրման համար:
«Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա կատարել փոփոխություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 765-Ն որոշման մեջ, որի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի սույն Նախագծի ընդունման արդյունքում:
3. ՏՎՅԱԼ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության հավատարմագրման ազգային մարմնի եւ հավատարմագրված կամ հավատարմագրմանը հավակնող համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց հարաբերությունների կանոնակարգում:
4. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԲՆՈՒՅԹԸ
Սույն նախագծի ընդունումը կհստակեցնի երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման բնագավառում Կառավարության լիազորություններն ու պարտականությունները:
5. ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից՝ շահագրգիռ պետական մարմինների մասնակցությամբ:
6. ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ
Նախագիծը կապ չունի ռազմավարական փաստաթղթերի՝ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարությունների հետ:
7. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման բնագավառում փորձագիտական եզրակացություն տրամադրող մարմինների գործունեության համար անհրաժեշտ պահանջների սահմանմամբ՝ վերջիններիս գործունեության արդյունավետության բարելավում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՐԿԱԿԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՏԱՎՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Երկակի նշանակության ապրանքների արտահանման, Հայաստանի Հանրապետության տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում