Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-631-07.07.2023-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածը լրացնել նոր՝ 1.1.-ին, 1.2.-րդ եւ 1.3.-րդ մասերով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Եթե անձի առաջին անգամ կատարած հանցանքը ծանր կամ առանձնապես ծանր հանցանք է, ապա հանցավորի դերի, հանցանքը կատարելիս կամ դրանից հետո նրա վարքագծի եւ այլ հանգամանքների հետ կապված բացառիկ գործոնների առկայության դեպքում, նա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը: Բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը:

1.2. Սույն հոդվածի 1.1.-ին մասով նախատեսված հիմքով անձը չի կարող ազատվել քրեական պատասխանատվությունից սույն օրենսգրքի 133-154-րդ հոդվածներով, 188-րդ հոդվածով, 196-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածով, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 419-420-րդ հոդվածերով, 425-րդ հոդվածով, 450-րդ հոդվածով, 522-523-րդ հոդվածներով, 549-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 550-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված հանցանքներ կատարելու, ինչպես նաեւ այնպիսի հանցանք կատարելու դեպքում, որի համար նախատեսված է նաեւ ցմահ ազատազրկում:

1.3. Եթե հանցագործությունից տուժողը 14 տարին չլրացած անձ է կամ հոգեկան առողջության խնդիրների կամ մտավոր զարգացման մեջ հետ մնալու հետեւանքով լրիվ կամ մասնակիորեն զրկված է իր դեմ ուղղված հանցագործության բնույթն ու հետեւանքները գիտակցելու կամ իր վարքագիծը ղեկավարելու հնարավորությունից, ապա նրա դեմ ուղղված հանցանք կատարած անձը սույն հոդվածի 1.1.-ին մասով նախատեսված հիմքով չի կարող ազատվել քրեական պատասխանատվությունից:»:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածը (քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու հիմքով) սահմանում է.

«1. Եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք է, եւ նա համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը:

2. Նախկինում սույն հոդվածով նախատեսված հիմքով քրեական պատասխանատվությունից ազատված անձը չի կարող նույն հիմքով կրկին ազատվել քրեական պատասխանատվությունից:»:

Այսպիսով, Քրեական օրենսգիրքը գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու համար սահմանում է մի շարք նախապայմաններ: Դրանք են՝

1. անձը հանցանքը կատարել է առաջին անգամ,

2. արարքը դասվում է ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքների շարքին,

3. անձը համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ,

4. չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը,

5. վնաս պատճառած լինելու դեպքում հատուցում է պատճառված վնասը,

6. վնաս պատճառած լինելու դեպքում այլ կերպ հարթում է պատճառված վնասը:

Վերոգրյալի հիման վրա կարող ենք փաստել, որ գործուն զղջալու դեպքում կարեւորվում է քրեական հետապնդման մարմինների հետ համագործակցությունը, մեղքի ընդունումը եւ պատճառված վնասի հատուցումը կամ այլ կերպ հարթումը:

Նկատենք, որ նախաքննական մարմինների առկա ծանրաբեռնվածության պայմաններում խիստ կարեւոր է նման իրավակարգավորումը, որն էապես նվազեցնում է ինչպես նախաքննական մարմինների, այնպես էլ դատարանների ծանրաբեռնվածությունը:

Նման պայմաններում հարց է առաջանում. իսկ ինչու նույն իրավակարգավորումները բացառիկ դեպքերում կիրառելի չեն ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների դեպքում:

Այս համատեքստում ուշագրավ է ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածով (օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը) սահմանված իրավակարգավորումը, համաձայն որի.

«1. Հանցանքի շարժառիթների ու նպատակների, հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի եւ այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, որոնք այն աստիճան են նվազեցրել անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորության աստիճանը, որ դատարանի համոզմամբ սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածի սանկցիայով նախատեսված պատժի նվազագույն չափը կամ ժամկետը խիստ է տվյալ անձի համար, ինչպես նաեւ խմբի կողմից կատարված հանցանքի մասնակցի կողմից այդ խմբի կատարած հանցագործությունը բացահայտելուն աջակցելու դեպքում դատարանը կարող է նշանակել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի կամ հոդվածի մասի սանկցիայով նախատեսված պատժի նվազագույն չափից կամ ժամկետից պակաս չափ կամ ժամկետ կամ ավելի մեղմ պատժատեսակ, քան նախատեսված է այդ հոդվածով կամ հոդվածի մասով: Բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը:»:

Ինչպես տեսնում ենք, օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելիս օրենսդիրը հանցագործության ծանրության աստիճանին չի անդրադարձել, ինչի արդյունքում ստացվում է, որ բացառիկ հանգամանքների առկայության պարագայում անգամ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի դեպքում դատարանը կարող է կիրառել այդ խրախուսական նորմը: Ի տարբերություն դրա, գործուն զղջալու հիմքի կիրառման դեպքում օրենսդիրը ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների համար սահմանել է սահմանափակում՝ անթույլատրելի համարելով գործուն զղջալու քրեաիրավական նորմի կիրառումը:

Հաշվի առնելով այն, որ օրենսդիր մարմինը օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար հանցանքի ծանրությամբ պայմանավորված սահմանափակում չի նախատեսում, առաջարկում ենք գործուն զղջալու դեպքում եւս չնախատեսել նման սահմանափակում:

Վերոգրյալով պայմանավորված, Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածում (քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու հիմքով) լրացնել 1.1 մասով՝ եւ դրանով իսկ նախատեսել կարգավորում, որ այն դեպքերում, երբ անձի առաջին անգամ կատարած հանցանքը դասվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների շարքին, ապա հանցավորի դերի, հանցանքը կատարելիս ու դրանից հետո նրա վարքագծի եւ այլ հանգամանքների հետ կապված բացառիկ հանգամանքների առկայության դեպքում, նա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը: Բացառիկ կարող են ճանաչվել ինչպես առանձին մեղմացնող հանգամանքները, այնպես էլ այդ հանգամանքների համակցությունը:

Բացի այդ, հարկ է նկատի ունենալ, որ 2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքով եւս առկա էր կարգավորում այն մասին, որ այլ տեսակի հանցանք կատարած անձը քրեական պատասխանատվությունից կարող էր ազատվել միայն քրեական օրենսգրքի Հատուկ մասի հոդվածով հատկապես նախատեսված դեպքերում:

Նախագծով եւս գործուն զղջալու իրավակարգավորմյան կիրառումը կապվում է որոշակի հանգամանքների հետ, մասնավորապես, եթե առկա են մեղմացնող հանգամանքներ, անձը չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը եւ այլն:

Նախագծով հստակեցվել է նաեւ այն անձանց շրջանակը, որոնց նկատմամբ նշված իրավակարգավորումը չի կարող կիրառվել, մասնավորապես՝ այն կիրառելի չի լինելու այն հանցանքների կատարման դեպքում, որոնց համար քրեական օրենսգրքով որպես պատիժ նախատեսված է նաեւ ցմահ ազատազրկումը, ինչպես նաեւ այն անձանց նկատմամբ, ովքեր կատարել են Քրեական օրեսգրքի օրենսգրքի 133-154-րդ հոդվածներով, 188-րդ հոդվածով, 196-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածով, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 419-420-րդ հոդվածերով, 425-րդ հոդվածով, 450-րդ հոդվածով, 522-523-րդ հոդվածներով, 549-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 550-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված հանցանքներ:

Նախագծով նաեւ սահմանվել է, որ այս իրավակարգավորումը չի կարող կիրառվել, եթե հանցագործությունից տուժողը 14 տարին չլրացած անձ է կամ հոգեկան առողջության խնդիրների կամ մտավոր զարգացման մեջ հետ մնալու հետեւանքով լրիվ կամ մասնակիորեն զրկված է իր դեմ ուղղված հանցագործության բնույթն ու հետեւանքները գիտակցելու կամ իր վարքագիծը ղեկավարելու հնարավորությունից:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է Քրեական օրենսգրքի 81-րդ հոդվածում կատարել համապատասխան լրացում եւ կարգավորում առ այն, որ գործուն զղջալու ինստիտուտը որոշակի պայմանների առկայության պարագայում կարող է կիրառվել նաեւ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերով:

3.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից.

4.Ակնկալվող արդյունքը.

Օրենսդրական նման փոփոխության դեպքում քրեական հետապնդման մարմինները, մարդասիրության սկզբունքից ելնելով, հաշվի առնելով բացառիկ հանգամանքները, հնարավորություն կունենան խիստ բացառիկ դեպքերում կիրառել այդ խրախուսական նորմը (քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու հիմքով) նաեւ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում՝ բեռնաթափելով ինչպես քրեական հետապնդման մարմինների, այնպես էլ՝ դատարանների ծանրաբեռնվածությունը:

5. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ եւ/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա.

6.Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապե՟տու՟թյան պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Գրություն

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում