Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 45-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 3-րդ եւ 4-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3) երբ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի սնանկության գործը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ավարտվում է, եւ կազմակերպությունը համարվում է լուծարված, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի գործունեությունը համարվում է դադարած,
4) երբ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի սնանկության գործը դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ավարտվում է, եւ վճռով ֆիզիկական անձը ազատվում է բոլոր պարտավորություններից բացառությամբ՝ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի,»,
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ, 8-րդ եւ 9-րդ կետեր.
«7) երբ անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի երկու միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների կատարման՝ Օրենսգրքով եւ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված վերջնաժամկետից անցել է 5 տարի:
8) երբ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի՝ երկու միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների կատարման՝ Օրենսգրքով եւ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված վերջնաժամկետից անցել է 7 տարի:
9) երբ մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձը չունի որեւէ ժառանգ կամ ժառանգը (ժառանգները) հրաժարվել են ժառանգությունից եւ ֆիզիկական անձի մահվանից անցել է 5 տարի:»:
Հոդված 2. Օրենսգրքի 45-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենսգրքի 45-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Հարկային պարտավորությունների հաշվառման եւ հաշվառումից հանելու կարգը սահմանում է հարկային մարմինը:»:
Հոդված 4.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելն առկա հարկային պարտավորությունների նկատմամբ:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածից բխող ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: