Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-637-11.07.2023-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետեւ՝ Օրենսգիրք) 106.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 106.1. Հեռավար աշխատանք

1. Հեռավար աշխատանքն աշխատողի կողմից աշխատանքային պարտականությունների կատարումն է առանց աշխատանքի վայր ներկայանալու:

2. Հեռավար աշխատանքը կատարվում է աշխատողի եւ գործատուի (անկախ սեփականության ձեւից եւ կազմակերպաիրավական տեսակից) փոխադարձ համաձայնությամբ, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն կատարել նաեւ հեռավար եղանակով:

3. Աշխատանքը հեռավար կատարելու մասին կողմերի համաձայնությունը ձեւակերպվում է գրավոր, որն աշխատանքի էական պայամանների փոփոխություն չի համարվում:

4. Տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետեւանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում, երբ այդ դեպքերով պայմանավորված հնարավոր չէ ապահովել աշխատողի կողմից իր աշխատանքային պարտականությունների կատարումն աշխատանքի վայրում, աշխատանքը կատարվում է հեռավար:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամանակահատվածներում աշխատանքային պարտականությունների կատարման անհնարինության դեպքում, այդ թվում՝ հեռավար եղանակով, գործատուն աշխատողի պահանջով տրամադրում է ամենամյա արձակուրդ (առկայության դեպքում):

6. Հեռավար աշխատանքի իրականացման կարգն ու պայմանները, ինչպես նաեւ անհրաժեշտ սարքավորումների, նյութերի կամ դրանց ձեռք բերման հետ կապված ծախսերի փոխհատուցման վերաբերալ հարցերը որոշվում են գործատուի ու աշխատողի գրավոր համաձայնությամբ:

7. Աշխատանքային պարտականությունները հեռավար եղանակով կատարելու ժամանակահատվածում աշխատողը պետք է ապահովի աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը, ինչպես նաեւ գործատուի համար իր հասանելիությունը՝ փոխադարձ համաձայնեցված եղանակով: Աշխատողի մեղքով սույն մասով սահմանված պահանջի չկատարումը համարվում է աշխատանքային կարգապահության խախտում:

8. Հեռավար աշխատանքի դեպքում գործատուի վրա չեն տարածվում աշխատողների առողջության եւ անվտանգության պահպանման նորմերի պահանջները, բացառությամբ կոլեկտիվ կամ անհատական պաշտպանության միջոցներով աշխատողներին ապահովման պահանջների:

9. Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված իրավաբանական անձ հանդիսացող կազմակերպությունում կամ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված հիմնարկում կամ օտարերկրյա պետությունում գրանցված կազմակերպությունների կամ միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված առանձնացված ստորաբաժանումներում կամ հիմնարկներում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հեռավար աշխատող օտարերկրացիների վրա սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը չի տարածվում:

10. Աշխատանքի հեռավար կատարումը հիմք չէ աշխատողի՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված իրավունքներն ու երաշխիքները սահմանափակելու համար:»:

Հոդված 2. Օրենսգրքի 187.1-ին հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը կնքված աշխատանքային պայմանագրերով (աշխատանքի ընդունելու մասին անհատական իրավական ակտերով) ծագած եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին շարունակվող աշխատանքային հարաբերությունների վրա: