Armenian ARMSCII Armenian
Կ-548-03.04.2023,11.07.2023-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» 2006 թվականի հունիսի 15-ի ՀՕ-149-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը «շենքերի» բառից հետո լրացնել «շքամուտքի մոտ կամ շենքերի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 7. Հայաստանի Հանրապետության դրոշին ներկայացվող պահանջները

1. Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է լինի ամբողջական, մաքուր եւ չգունաթափված:

2. Հայաստանի Հանրապետության դրոշի երկարության հարաբերությունը դրոշաձողի երկարության նկատմամբ կարող է լինել 1:1,7-ից ոչ պակաս:

3. Հայաստանի Հանրապետության դրոշը ուղղահայաց դիրքով կախելու դեպքում պետք է ժամացույցի սլաքի ուղղությանը հակառակ 90 աստիճանով շրջել այնպես, որ դեմքով դեպի դրոշը կանգնելիս կարմիր, կապույտ, նարնջագույն գույների հերթականությունը ձախից աջ չխախտվի:

4. Բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշի ներքեւի մասը պետք է գտնվի գետնից 2,5 մետրից ոչ պակաս բարձրության վրա:

5. Սույն օրենքով սահմանված կարգով մշտապես բարձրացված Հայաստանի Հանրապետության դրոշը գիշերային ժամերին պետք է լուսավորվի:

6. Հայաստանի Հանրապետության դրոշին ներկայացվող պահանջների պահպանման պարտականությունը սահմանվում է հանրային իշխանության մարմիններում, ինչպես նաեւ ուսումնական հաստատությունների, պետական գիտական, մարզական եւ մշակութային կազմակերպությունների, պետության եւ համայնքի հիմնադրած այլ իրավաբանական անձանց աշխատանքային կարգապահական ներքին կանոններով:»:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) վերնագրի «Պատասխանատվությունը» բառը փոխարինել «Հսկողությունը եւ պատասխանատվությունը» բառերով.

2) 1-ին մասը «Սույն» բառից առաջ լրացնել «1.» թվով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Հայաստանի Հանրապետության դրոշին ներկայացվող պահանջների պահպանման հսկողությունն իրականացնում եւ պատասխանատվություն կիրառում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, եթե Հայաստանի Հանրապետության դրոշը տեղադրված, ամրացված կամ բարձրացված է շենքերի եւ շինությունների վրա կամ դրանցից դուրս կամ դրանց արտաքին հատվածի վրա:»:

Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, հանրային իշխանության մարմինները, ինչպես նաեւ ուսումնական հաստատությունների, պետական գիտական, մարզական եւ մշակութային կազմակերպությունների, պետության եւ համայնքի հիմնադրած այլ իրավաբանական անձինք աշխատանքային կարգապահական ներքին կանոններով սահմանում են սույն օրենքով Հայաստանի Հանրապետության դրոշին ներկայացվող պահանջների պահպանման պարտականությունը: