Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-638-12.07.2023-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զենքի շրջանառության կարգավորման մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-368-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 1-ին հոդվածը լրացնել նոր մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2. Սույն օրենքի դրույթները տարածվում են նաեւ զենքի փամփուշտների եւ հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի շրջանառության վրա:»:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 38-րդ կետը:

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, ռազմամարզության» բառը:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետից հանել «, ռազմամարզությամբ» բառը:

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասի 1-ին կետում «զենք» բառից հետո լրացնել «եւ հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր» բառերը, իսկ «թույլտվություն» բառը փոխարինել «թույլտվություններ» բառով,

2) 4-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագությամբ.

«1) քաղաքացիական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր եւ փամփուշտներ ձեռք բերելու թույլտվություն՝ հնգօրյա գործողության ժամկետով.»,

3) 13-րդ մասում «բացառությամբ» բառից հետո լրացնել «2-րդ եւ» բառերը

4) 13-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից քաղաքացիական կամ ծառայողական զենք պահելու եւ կրելու գործող թույլտվություն ունենալու պայմաններում նոր զենք ձեռք բերելու, պահելու եւ կրելու թույլտվություն ստանալու համար Հայաստանի Հանրապետության ոստիկանություն չեն ներկայացնում  սույն հոդվածի 11-րդ մասի 2-րդ, 5-րդ եւ 7-րդ կետերով նշված փաստաթղթերը:»,

5) լրացնել 20-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«20. Սույն հոդվածի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սպայական կազմի զինծառայողներին որպես պարգեւատրում, ինչպես նաեւ զինվորական հանդերձանքի պարտադիր մաս կազմելու դեպքում՝ այլ զինծառայողներին ժամանակավորապես դաշույների (սպայական կազմի զինծառայողների մասով՝ այսուհետ՝ սպայական դաշույն) տրման վրա:»:

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «ռազմամարզական» բառը, ինչպես նաեւ «, որսորդական տնտեսություն վարող» բառերը հանել:

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց բոլոր աշխատողները պարտավոր են երեք տարին մեկ անցնել զենքի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու՝ իրենց պիտանիությունը որոշող ստուգարքներ:» նախադասությունը, իսկ «անցկացնելու կարգը» բառերից հետո լրացնել «սահմանում է» բառերը:

Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածի՝

1) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Բացառությամբ սառը եւ նետողական զենքերի, առաջին անգամ զենք, այդ թվում՝ առաջին անգամ ակոսափող հրազեն ձեռք բերող քաղաքացին, պարտավոր է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով հանձնել զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննություն: Քննությունից ազատվում է այն քաղաքացին, ով ծառայում է Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպություններում եւ ունի զենք պահելու եւ կրելու թույլտվություն: Պետական մարմինների կողմից քննություն անցկացնելու դեպքում սահմանվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով:»,

2) 7-րդ մասի 7-րդ կետում «կանոնները» բառից հետո լրացնել «մեկ տարվա ընթացքում կրկնակի» բառերը, իսկ «՝ մինչեւ վարչական տույժի ժամկետը լրանալը» բառերը հանել:

Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «զենք» բառից հետո լրացնել «, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր, փամփուշտներ» բառերը:

Հոդված 10. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) վերնագրից հանել «, ռազմամարզական կազմակերպությունների եւ որսորդական տնտեսություն վարող» բառերը հանել,

2) 2-րդ մասից հանել «եւ ռազմամարզական» բառերը,

3) ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասը:

Հոդված 11. Օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասից հանել «հրաձգությամբ զբաղվող» բառերը:

Հոդված 12. Օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ մասից հանել «, ռազմամարզական» բառը:

Հոդված 13. Օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասից հանել «եւ զենքի անվանացանկը» բառերը:

Հոդված 14. Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել 23-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«23. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական կազմի զինծառայողներին սպայական դաշույնով պարգեւատրելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 14. Օրենքի 29-րդ հոդվածում՝

1) ուժը կորցրած ճանաչել Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը,

2) 3-րդ մասի 5-րդ կետից հանել «ռազմամարզական եւ» բառերը:

Հոդված 15. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասը:

Հոդված 16. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանը կընդունվի սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 15 օրվա ընթացքում:

3. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գանձված պետական տուրքերը, ինչպես նաեւ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 11-րդ մասի 5-րդ կետով սահմանված բժշկական եզրակացությունները վավեր են սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում: