Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6381-12.07.2023-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբեի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ օրենք) 19.1-ին հոդվածի 7-րդ մասից հետո լրացնել նոր մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
 
«7.1. զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր, փամփուշտներ ներկրելու, արտահանելու, տարանցիկ փոխադրելու համար (6 ամիս գործողության ժամկետով) բազային տուրքի հնգապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենքի 19.1 հոդվածի՝

1) 12-րդ մասում (քաղաքացիական) բառից հետո լրացնել հետո լրացնել «եւ ծառայողական» բառը,

2) նույն կետի (գ) կետից հետո լրացնել նոր կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
 
(դ) ծառայողական զենք ձեռք բերելու համար բազային տուրքի վեցապատիկի չափով):

Հոդված 3. Օրենքի 19.1-ին հոդվածը լրացնել 12.1-ին մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
 
«12.1. Հայաuտանի Հանրապետության քաղաքացիներին՝ հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու համար (6 ամիu գործողության ժամկետով) բազային տուրքի չափով»:

Հոդված 4. Օրենքի 19.1-ին հոդվածի 22-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«22. Օտարերկրյա քաղաքացիներին՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր եւ փամփուշտներ ձեռք բերելու (5 oր գործողության ժամկետով)՝
 
ա) յուրաքանչյուր միավոր նետողական կամ սառը զենքի համար բազային տուրքի տասնապատիկի չափով
բ) յուրաքանչյուր միավոր գազային զենքի համար բազային տուրքի տասնապատիկի չափով
գ) յուրաքանչյուր միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7.5 ջոուլից ավելի փողային էներգիայով oդաճնշիչ զենքի համար բազային տուրքի 20-ապատիկի չափով
դ) յուրաքանչյուր միավոր երկար-ակոսափող կամ համակցված հրազենի համար բազային տուրքի 25-ապատիկի չափով
ե) զենքի 100-ական փամփուշտից բաղկացած խմբաքանակ ձեռք բերելու համար բազային տուրքի հնգապատիկի չափով
զ) հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու համար բազային տուրքի հնգապատիկի չափով»:

Հոդված 5. Օրենքի 19.1-ին հոդվածը լրացնել նոր 25-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
 
«25. Զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննություններ՝ բազային տուրքի եռապատիկի չափով»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ընդունվել է 2022 թվականի հոկտեմբերի 5-ին, որն ուժի մեջ է մտել 2023 թվականի հունիսի 1-ից: «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների եւ առկա իրավական անհամապատասխանությունները վերացնելու անհրաժեշտությամբ:

Մասնավորապես, անհրաժեշտություն է առաջացել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) դրույթները տարածել նաեւ փամփուշտների, ինչպես նաեւ հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի շրջանառության վրա, քանի որ գործող կարգավորումներով փամփուշտներին եւ հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերին վերաբերող դրույթներ որոշ հոդվածներից բացակայում են, ինչը խոչընդոտներ է առաջացնում իրավակիրառ պրակտիկայում: Բացի այդ, առաջին անգամ քաղաքացիական հրազեն ձեռք բերող քաղաքացինների համար նախատեսված է պարտականություն՝ Կառավարության երաշխավորած ռազմամարզական հասարակական կազմակերպություններից մեկում հանձնել զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննություններ, մինչդեռ դեռեւս նման կազմակերպություններ չկան: Ուստի նշված քննությունների անցակացումը կազմակերպելու համար նախատեսվում է դրանք իրականացնել ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր  մարմնի սահմանած կարգով:

Օրենքից ողջ տեքստից հանվում են ռազմամարզական կազմակերպություններին վերաբերող դրույթները, քանի որ վերջիններիս վերաբերող կարգավորումները նախատեսվում է սահմանել ոլորտը կարգավորող առանձին օրենսդրությամբ:

Միաժամանակ, կհստակեցվեն Օրենքի մի շարք դրույթներ:

«Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով անհրաժեշտություն է առաջացել սահմանել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքով նախատեսված լիցենզիաներ եւ թույլտվություններ տալու եւ դրանց գործողության ժամկետները երկարաձգելու համար պետական տուրքի նոր դրույքաչափեր, որոնք դուրս են մնացել օրենքից եւ որը բխելու է անմիջականորեն «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքից:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է

1) Օրենքի 1-ին հոդվածում նախատեսել կարգավորում, որի համաձայն՝ Օրենքի դրույթները կտարածվեն նաեւ փամփուշտների եւ հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի վրա:

2) Օրենքից ողջ տեքստից հանել ռազմամարզական կազմակերպություններին վերաբերող դրույթները:

3) խմբագրել Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասը՝ առկա անհամապատասխանությունը վերացնելու համար: Մասնավորապես, նշված հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, որպես օտարերկրյա քաղաքացիներին տրվող թույլտվությունների տեսակ, նախատեսված է քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվություն, մինչդեռ հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի եւ փամփուշտների համար՝ արտահանման թույլտվություն: Ուստի, անհրաժեշտություն է առաջացել նախատեսել քաղաքացիական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր եւ փամփուշտներ ձեռք բերելու թույլտվություն:

4) Օրենքի 11-րդ հոդվածի 13-րդ մասում  թույլտվությունների ժամկետները երկարաձգելու համար, բացի զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննությունները հանձնելու համապատասխան փաստաթղթից, բացառություն է սահմանվում նաեւ Ոստիկանություն զենքի պահպանման պայմանների առկայության վերաբերյալ հաշվառման կամ բնակության վայրի (կախված զենքը պահելու վայրից) ոստիկանության տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից հաստատված տեղեկանք ներկայացնելը:

Միաժամանակ, նշված հոդվածի 13-րդ մասում լրացվում է նոր դրույթ, որով արդեն իսկ քաղաքացիական կամ ծառայողական զենք պահելու եւ կրելու գործող թույլտվություն ունեցող ՀՀ քաղաքացուն հնարավորություն է ընձեռվում ՀՀ ոստիկանություն չներկայանցնել զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդությունների եւ վիճակների բացակայության մասին դիմողին տրվող բժշկական եզրակացությունը, ինչպես նաեւ զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննությունները հանձնելու համապատասխան փաստաթուղթ:

Բացի այդ, լրացնել՝ նոր 20-րդ մաս, համաձայն որի՝ 11-րդ հոդվածի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սպայական կազմի զինծառայողներին որպես պարգեւատրում, ինչպես նաեւ զինվորական հանդերձանքի պարտադիր մաս կազմելու դեպքում՝ այլ զինծառայողներին ժամանակավորապես դաշույների (սպայական կազմի զինծառայողների մասով՝ այսուհետ՝ սպայական դաշույն) տրման վրա:

5) Օրենքի 16-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց բոլոր աշխատողները պարտավոր են երեք տարին մեկ անցնել զենքի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու՝ իրենց պիտանիությունը որոշող ստուգարքներ:» նախադասությունը: Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողներին տրվող զենք կրելու թույլտվության ժամկետը սահմանված է 5 տարի, հետեւաբար 16-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված՝ երեք տարին մեկ զենքի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու՝ իրենց պիտանիությունը որոշող ստուգարքներ անցնելու անհրաժեշտությունը բացակայում է, բացի այդ, զենքը նշված անձանց տրվում է հատուկ պատրաստության ստուգարք անցնելուց հետո:

6) Օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասը նախատեսել նոր խմբագրությամբ: Մասնավորապես, նախատեսել, որ բացառությամբ սառը եւ նետողական զենքերի, առաջին անգամ զենք, այդ թվում՝ առաջին անգամ ակոսափող հրազեն ձեռք բերող քաղաքացին, պարտավոր է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի բնագավառում պետական լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով հանձնել զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննություն: Քննությունից ազատվում է այն քաղաքացին, ով ծառայում է Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպություններում եւ ունի զենք պահելու եւ կրելու թույլտվություն: Պետական մարմինների կողմից քննություն անցկացնելու դեպքում սահմանվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված չափով:

7) Օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասից հանել «հրաձգությամբ զբաղվող» բառերը, քանի որ ոչ բոլոր սպորտային կազմակերպություններն են, որոնք զբաղվում են հրաձգությամբ:

8) Օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասից հանել «եւ զենքի անվանացանկը» բառերը, քանի որ յուրաքանչյուր զենքի հավաքածու կազմելու եւ զենքի հավաքածու ցուցադրելու համար անվանացանկերը կարող են լինել տարբեր, եւ նման դրույթի նախատեսումը Օրենքով նպատակահարմար չէ:

9) Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել նոր 23-րդ մասով, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի սպայական կազմի զինծառայողներին սպայական դաշույնով պարգեւատրելու իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքով սահմանված կարգով:

10) Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած է ճանաչվել, քանի որ առկա կարգավորման պարագայում չի կարող ապահովվել Օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթի կատարումը. այն է՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են իրենց պատկանող զենքը պահել այնպիսի պայմաններում, որ ապահովեն դրա պահպանությունը, անվտանգությունը, եւ բացառվի կողմնակի անձանց համար զենքի հասանելիությունը:

11) Ուժը կորցրած է ճանաչվում Օրեքի 31-րդ հոդածի 2-րդ մասը, քանի որ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից զենք պահելու եւ օգտագործելու կամ պահելու եւ կրելու թույլտվության ժամկետը երկարաձգելու համար իրենց պատկանող ակոսափող զենքերը ստուգման նպատակով կրակելու համար կրկին փորձաքրեագիտական ստորաբաժանում ներկայացնելու պահանջի անհրաժեշտությունը բացակայում է:

Միաժամանակ, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվել է՝

1) դրույքաչափ՝ զենքի փամփուշտների, հրազենի հիմնական մասեր ներկրելու, արտահանելու, տարանցիկ փոխադրելու համար (6 ամիս գործողության ժամկետով)՝ բազային տուրքի հնգապատիկի չափով, քանի որ գործող օրենքով պետական տուրք է եղել սահմանված միայն հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու համար, իսկ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ իրավաբանական անձանց տրվող թույլտվություններից է քաղաքացիական եւ ծառայողական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր, փամփուշտներ ներկրելու, արտահանելու, տարանցիկ փոխադրելու թույլտվությունը՝ վեց ամիս գործողության ժամկետով.

2) «Պետական տուրքի մասին» օրենքի 19.1-րդ հոդվածի 12-րդ մասում Հայաuտանի Հանրապետության քաղաքացիներին տրվող  քաղաքացիական զենք ձեռք բերելու համար նախատեսված տուրքից բացի նախատեսվել է լրացնել նաեւ ծառայողական զենք ձեռք բերելու համար տուրք, քանի որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պետական ռազմականացված կազմակերպություններում 20 եւ ավել տարի զինվորական ծառայության ստաժ եւ առնվազն «գնդապետ» զինվորական կոչումով գործող եւ պահեստազորի սպաներն իրավունք ունեն զենք ձեռք բերելու թույլտվության առկայության դեպքում ձեռք բերելու մեկ միավոր ծառայողական զենք՝ պահելու եւ կրելու թույլտվությամբ, որն օգտագործելու իրավունք ունեն միայն լիցենզավորված հրաձգարանների տարածքում:

3) «Պետական տուրքի մասին» օրենքի 19.1-րդ հոդվածի 12-րդ մասից հետո լրացվել է նոր 12.1-ին մաս, որով պետական տուրք է սահմանվել հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի ձեռքբերման թույլտվության համար, իսկ 24-րդ  մասից հետո լրացվել է նոր 25-րդ մաս, որով պետական տուրք է սահմանվել զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննությունների համար:

4) օտարերկրյա քաղաքացիներին՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական եւ ծառայողական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր եւ փամփուշտներ ձեռք բերելու եւ արտահանելու համար (5 oր գործողության ժամկետով)՝ «Պետական տուրքի մասին» օրենքի 19.1-րդ հոդվածի 22-րդ մասում նախատեսված  դրույթները խմբագրվել եւ համապատասխանեցվել են «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 11-րդ եւ 18-րդ հոդվածների պահանջներին:

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Կառավարության 2021-2026թթ. ծրագիր

Նախագիծը չի բխում որեւէ ռազմավարական փաստաթղթից:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը նախապատրաստվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կվերացվեն Օրենքում առկա իրավական անհամապատասխանությունները:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ պետական բյուջեում կառաջանա լրացուցիչ եկամուտներ՝

2023թ. պետական բյուջեն կլրացվի 1մլն 135 հազար դրամ եկամուտուվ,

փոփոխությունների արդյունքում 2023թ. պետական բյուջեի եկամուտների համեմատ՝ պետական բյուջեն կլրացվի 1մլն 135 հազար դրամով,

2024թ. պետական բյուջեն կլրացվի ընթացիկ տարվա համեատ 2մլն 550 հազար դրամ եկամուտուվ,

2025թ. պետական բյուջեն կլրացվի ընթացիկ տարվա համեատ 2մլն 360 հազար դրամ եկամուտուվ,

2026թ. պետական բյուջեն կլրացվի ընթացիկ տարվա համեատ 2մլն 400 հազար դրամ եկամուտուվ:

Միաժամանակ նախագծերի ընդունումը չի հանգեցնի Հայաստանի Հանրապետության պետական բյուջում ծախսերի ավելացման: 

Գրություն

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում