Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6391-14.07.2023-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասից, 34-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերից հանել «դատական ակտերի» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է դեռեւս 2004 թվականին, երբ հարկադիր կատարողը ապահովում էր միայն դատական ակտի հարկադիր կատարումը: Հետագայում, Օրենքում առավել ընդգրկուն փոփոխություն կատարվել է 2020թ., որի նպատակն էր օրենքը համապատասխանեցնել «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքին:

Սակայն, այդ փոփոխություններից ի վեր ներկայումս հարկադիր կատարման գործընթացում արդիական են մի շարք օրենսդրական եւ կիրառական խնդիրներ, որոնք խոչընդոտում են ծառայության աշխատանքը բնականոն եւ արդյունավետ կազմակերպելու, թափուր հաստիքները լրացնելու, բանիմաց կադրեր ընդունելու, ծառայողների սոցիալական դրությունը, գիտելիքները բարելավելու համար:

2. Ընթացիկ իրավիճակը եւ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը.

2.1. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ նաեւ Ծառայություն) անցնելուց հետո հարկադիր կատարողը վերապատրաստվում է միայն այն դեպքում, երբ վերջինս կատարողականի գնահատականը ցածր է, ինչն արդարացված չէ: Այսպես, օրենսդրական դաշտի կատարելագործման, հարկադիր կատարման ենթակա ակտերի շրջանակի ընդլայնման պայմաններում հարկադիր կատարողների պարտադիր հատուկ մասնագիտացված վերապատրաստման (ինչպես նաեւ ֆիզիկական պատրաստվածության) դրույթներ ներկայումս սահմանված չեն, ինչը կարող է խոչընդոտ հանդիսանալ հարկադիր կատարողի՝ օրենքով եւ կանոնադրությամբ իր լիազորությունների եւ Ծառայության առջեւ դրված խնդիրների պատշաճ իրականացման ճանապարհին: Ուստիեւ, անհրաժեշտ է օրենքով նախատեսել շարունակական վերապատրաստումների համակարգ՝ հարկադիր կատարողների համար սահմանելով որոշակի պարտադիր գործնական եւ տեսական դասընթացներ:

2.2. Օրենքի 16-րդ հոդվածը կարգավորում է, հարկադիր կատարողի փոխադրման հետ կապված իրավահարբերությունը, սակայն գործնականում, դրա թերի կարգավորումը առաջացնում է որոշակի խնդիրներ, արդյունքում ստորաբաժանումներից մի մասում հարկադիր կատարողի պաշտոնները մնում են ժամանակավոր թափուր (օրինակ՝ աշխատակցի խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում, կամ  լիազորությունները կասեցվելիս) եւ գործնականում դա հնարավոր չի լինում համալրել (Ծառայությունը չունի կադրերի ռեզերվ), կամ առողջական վիճակից ելնելով, հարկադիր կատարողը կոնկրետ ստորաբաժանումում չի կարողանում իրականացնել կատարողական գործողություններ (օրինակ՝ վտարում, քանդում), սակայն հրաժարվում է տալ իր համաձայնությունը այլ ստորաբաժանում տեղափոխվելու համար:

Նշվածը կանոնակարգելու համար անհրաժեշտություն է առաջացել առավել ճկուն դարձնել հարկադիր կատարողի փոխադրման հարաբերությունները՝ հստակեցնելով դեպքերը, երբ հարկադիր կատարողը կարող է առանց իր համաձայնությամբ փոխադրվել այլ հավասարազոր պաշտոնի, ինչպես նաեւ անհրաժեշտություն է առաջացել ստեղծել իրավական հիմքեր ժամանակավոր թափուր պաշտոնները համալրելու համար:

2.3. Ծառայությունում գործող պրակտիկայի համաձայն՝ պետի կամ այլ հարկադիր կատարողի պաշտոն զբաղեցված անձը կարող է առանց իր համաձայնությամբ փոխադրվել իր բնակության վայրից հեռու գնվող վայրում: Նշված դրույթը հիմնականում կիրառվում է ստորաբաժանման պետի պաշտոն զբաղեցնող անձի դեպքում, երբ օրինակ Երեւան քաղաքում ապրող անձը փոխադրվում է Լոռու մարզային բաժնում պետ կամ տեղակալ:

Այնուհանդերձ, նշված վայրում վերջիններիս բնակարանային վարձավճարները չեն փոխհատուցվում, արդյունքում նման դեպքում ծառայողները իրենց սեփական միջոցներով վարձակալում են բնակարաններ, ինչի արդյունքում աշխատանքի վարձատրության եւ վերջիններս կրած ծախսերի համեմատությամբ այլեւս «ոչ գրավիչ» են դարձնում տվյալ աշխատանքը՝ նպաստելով կադրերի արտահոսքի:

2.4 «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ «Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմիններում պետական ծառայության հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, եթե այլ օրենքներով առանձնահատկություններ սահմանված չեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական ծառայության պաշտոնը համարվում է առանձնահատկություն ունեցող, եթե այն չի ընդգրկվում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում:

Նույնաբովանդակ սահմանում նախատեսված է նաեւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով՝ համաձայն որի Կառավարչական իրավահարաբերությունների այլ առանձնահատկություններ կարող են սահմանվել օրենքներով:

 Վերոշարադրյալից պարզ է դառնում, որ քաղաքացիական ծառայության իրավահարաբերությունները տարածվում են այն դեպքերում, երբ պետական ծառայության այլ օրենքներով առանձնահատկություններ չեն նախատեսվում:

Օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ սույն օրենքը կարգավորում է դատական, վարչական ակտերի, կատարողական մակագրության թերթերի (այսուհետ՝ նաեւ կատարման ենթակա ակտեր) հարկադիր կատարման գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնի (այսուհետ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն)՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի առանձնահատկությունները:

Նույն Օրենքի 36-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովի ձեւավորման, գործունեության կարգը, հարկադիր կատարողի վարքագծի կանոնները խախտելու եւ (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու եւ (կամ) շահերի բախման կանոնները, նվերներ ընդունելու արգելքը խախտելու, անհամատեղելիության պահանջները չպահպանելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:

Ստացվում է, որ վերը նշված դեպքերում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով պետք է ստեղծվի էթիկայի հանձնաժողով, որը պետք է քննարկի հարկադիր կատարողի էթիկայի հետ կապված հարցերը: Այնինչ, հարկադիր կատարողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված կարեւորագույն նշանակություն ունի հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովների ձեւավորման հարցում հարկադիր կատարման ծառայության ոլորտային առանձնահատկությունները, այն տեսանկյունից, որ կատարողական գործողությունների ընթացքում հարկադիր կատարողը աշխատավայրից դուրս շփումներ ունի կատարողական վարույթի կողմերի հետ, ուստիեւ վերը նշված դեպքերը ստուգելու համար առավել նպատակահարմար է, որ այդ հանձնաժողովի ստեղծման եւ գործունեության կարգը սահմանվի ոլորտը կարգավորող նախարարի համապատասխան հրամանով:

2.5 Հաշվի առնելով, որ Ծառայությունում կոչումների առավելագույն աստիճանը պայմանավորված են որոշակի պաշտոնների լինում են դեպքեր, երբ տվյալ պաշտոնում ծառայողը աշխատում է շատ երկար տարիներ, սակայն վերջինիս հնարավորություն չունի ստանալու մեկ աստիճան բարձր կոչում, քանի որ պաշտոնը թույլ չի տալիս, ինչը այնքան էլ արդարացված չէ որոշ դեպքերում, քանի որ տվյալ անձը բարձր պաշտոնի չի նշանակվում, օրինակ հաստիքների բացակայության պատճառով:

2.6. Հարկադիր կատարողի լիազորությունների շրջանակը տարեցտարի ընդլայնվել է, սակայն Օրենքով լիազորությունների շրջանակը չի վերանայվել: Օրենքում առկա են մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք ենթակա են փոփոխման, հաշվի առնելով իրավակիառ պրակտիկան:

2.7. Օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի համաձայն՝ հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի պաշտոնները Օրենքով սահմանված կարգով զբաղեցվում են առանց աշխատանքային ստաժի եւ փորձի, իսկ հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի պաշտոններում ծառայողների առաջխաղացումն իրականացվում է տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարվա ծառայություն անցնելուց հետո: Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հարկադիր կատարման ծառայության պաշտոնների խմբերում պաշտոնների դասակարգումն իրականացվում է հարկադիր կատարման ծառայության պաշտոնների անվանացանկով, իսկ անվանացանկը հաստատում եւ (կամ) փոփոխում է գլխավոր հարկադիր կատարողը:

Ծառայության հաստատված անվանացանկի համաձայն՝ հարկադիր կատարման ծառայության առաջատար պաշտոնների խմբում են ընդգրկվում ավագ հարկադիր կատարողի, առաջատար խորհրդատուի, հարկադիր կատարողի եւ տեսուչի պաշտոնները: Առաջատար խմբում ընդգրկված պաշտոններին համապատասխան Օրենքով նախատեսվում է տարբեր առավելագույն կոչում ունենալու հնարավորություն, ինչի արդյունքում տարբերվում է նաեւ նշված խմբում ընդգրկված պաշտոնների համար սահմանված աշխատատավարձը (մասնավորապես՝ առաջատար խորհրդատու, առաջին կարգի խորհրդատու, ավագ հարկադիր կատարող - արդարադատության մայոր, հարկադիր կատարող, տեսուչ - արդարադատության կապիտան):

Գործող կարգավորումների համատեքստում առաջատար խմբի պաշտոններում ծառայողների առաջխաղացումն իրականացվում է տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարվա ծառայություն անցնելուց հետո եւ գործնականում, դիցուք, ավագ հարկադիր կատարողի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարվելու դեպքում անհավասար պայմաններ են ստեղծվում արդեն իսկ հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբում ընդգրկված տեսուչի կամ հարկադիր կատարողի կողմից այդ պաշտոնը զբաղեցնելու եւ ծառայությունից դուրս անձի կողմից թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու տեսնակյունից, քանի որ մի դեպքում Օրենքը սահմանում է, որ առաջատար խմբի պաշտոններ զբաղեցնելու համար աշխատանքային ստաժ չի պահանջվում (այսինքն՝ ծառայությունից դուրս անձը կարող է մասնակցել նույն մրցույթին), իսկ մյուս դեպքում սահմանում է, որ առաջատար խմբի պաշտոններում ծառայողների առաջխաղացումն իրականացվում է տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարվա ծառայություն անցնելուց հետո:

3. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները.

1. ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է.

1.1. Հարկադիր կատարման ծառայության գործառույթների արդյունավետ իրականացմանն ուղղված հարկադիր կատարողների մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների զարգացման նպատակով ներդնել շարունակական վերապատրաստումների համակարգ՝ հարկադիր կատարողների համար սահմանելով որոշակի պարտադիր դասընթացներ: Վերապատրաստման նման համակարգը թույլ կտա ոչ միայն ապահովել հարկադիր կատարողի պաշտոնը ստանձնող անձանց մասնագիտական պատշաճ պատրաստվածությունը, այլեւ արդեն իսկ այդ պաշտոնը զբաղեցնող անձանց գիտելիքների ու հմտությունների շարունակական զարգացումը՝ այդպիսով նոր որակ ու զարգացման նոր թափ հաղորդելով հարկադիր կատարման ողջ համակարգին: Միեւնույն ժամանակ, Նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է հարկադիր կատարողների վերապատրաստման հետ կապված հարաբերությունները կարգավորող ենթաօրեսդրական ակտերով նախատեսել, որ հարկադիր կատարողը ազատվում է պարտադիր վերապատրաստում անցնելու պարտականությունից, եթե նա վերջին մեկ տարվա ժամանակահատվածում արդեն իսկ կատարողականի գնահատականի արդյունքների հիման վրա վերապատրաստվել է:

1.2. Կարգավորել հարկադիր կատարողի փոխադրման հետ կապված իրավահարբերությունը՝ սահմանելով, որ առանց իր համաձայնության, հարկադիր կատարողը կարող է փոխադրվել՝ զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ պաշտոնի՝ տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո (նախատեսվում է, որ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված փոխադրման հիմքերը սահմանվում են Կառավարության որոշմամբ), զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ կամ ավելի ցածր պաշտոնի՝ առողջական վիճակից ելնելով՝ բժշկական եզրակացության հիման վրա, ինչպես նաեւ կարգավորվել է որոշակի դեպքերում հարկադիր կատարողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, կին ծառայողի հղիության կամ ծննդաբերության, ինչպես նաեւ ծառայողի՝ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի, հարկադիր կատարողի լիազորությունները ժամանակավորապես կասեցվելու դեպքերում նրա պաշտոնը զբաղեցնելու հնարավորություն:

1.3.Առաջարկվում է 2024թ.-ից առանց համաձայնության ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված (նախատեսվում է, որ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված փոխադրման հիմքերը սահմանվում են Կառավարության որոշմամբ) այլ ստորաբաժանում փոխադրելու դեպքում հարկադիր կատարողին, այնպես ինչպես առանձնահատկություն ունեցող այլ պետական ծառայողներին (Քրեակատարողական ծառայություն, Ոստիկանություն եւ այլն), տրամադրել փոխհատուցում բնակարանի վարձակալության համար Կառավարության կողմից սահմանվելիք կարգով եւ չափով:

1.4. Առաջարկվում է հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովի ձեւավորման, գործունեության կարգը սահմանել ոլորտը համակարգող նախարարի հրամանով՝ գործառույթային առանձնահատկություններով պայմանավորված՝ հիմքում դնելով կատարողական վարույթի կողմերի իրավունքների եւ շահերի պաշտպանությունը, ինչպես նաեւ վարույթի մասնակիցների համար հարկադիր կատարողի ոչ բարեվարք վարքագիծը բարձրաձայնելու հասանելի եւ անկաշկանդ հնարավորությունը:

1.5. Ընդլայնվել է հարկադիր կատարողին խրախուսելու եղանակների շրջանակը՝ եւ սահմանվել որ որոշ դեպքերում, որոշ դեպքերում գլխավոր հարկադիր կատարողը, կարող է շնորհել տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը, որը հարկադիր կատարողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել մեկ անգամ: Սույն փոփոխությամբ հնարավորություն է ստեղծվում խրախուսել այն հարկադիր կատարողներին, որոնք երկար տարիներ (ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետի կրկնակին) զբաղեցրել են նույն պաշտոնը՝ ունենալով տվյալ պաշտոնին համապատասխան առավելագույն կոչումը: Ընդ որում, նախագծով սահմանվել է, որ նման խրախուսանք չի կարող կիրառվել այն հարկադիր կատարողի նկատմամբ, ում ծառայության ընթացքում երբեւէ որպես խրախուսանք շնորհվել է արտահերթ կոչում:

1.6. Առաջարկվել է Ծառայության կառուցվածքը լրացնել կառուցվածքային միավորով՝ սահմանելով, որ Ծառայությունում կազմված է հարկադիր կատարման ծառայության կենտրոնական մարմնից, որը կարող է ունենալ բաժիններ եւ բաժանմունքներ, եւ տարածքային մարմիններից (բաժիններից), որոնք կարող են ունենալ բաժանմունքներ, հստակեցվել է հարկադիր կատարողի լիազորությունների շրջանակը, հստակեցվել է, որ ծառայությունից ազատված հարկադիր կատարողի կենսաթոշակի հետ կապված հարաբերությունները կարգավորող դրույթները չեն վերաբերում Ծառայությունում վարչական պաշտոն զբաղեցնող անձանց: Առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել, Օրենքի 51-րդ հոդվածը, քանի որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի եւ «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» ՀՀ օրենքի ուսումնասիրությունից բխում է, որ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հետ աշխատանքային պայմանագիր պետք է կնքի ոչ թե գխավոր հարկադիր կատարողը այլ, գլխավոր քարտուղարը:

1.7. Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը, որի համաձայն՝ հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի պաշտոններում ծառայողների առաջխաղացումն իրականացվում է տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարվա ծառայություն անցնելուց հետո: Ինչպես նաեւ սահմանել, որ ավագ հարկադիր կատարող, առաջատար խորհրդատու, առաջին կարգի խորհրդատու կարող է նշանակվել այն անձը, որն զբաղեցրել է գլխավոր հարկադիր կատարողի կամ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի կամ հարկադիր կատարման ծառայության գլխավոր խմբի պաշտոն կամ առնվազն մեկ տարի՝ առաջատար խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ երկու տարվա աշխատանքային ստաժ, ինչպես նաեւ սահմանվում է, որ տեսուչի եւ հարկադիր կատարողի պաշտոնները սույն օրենքով սահմանված կարգով զբաղեցվում են առանց աշխատանքային ստաժի եւ փորձի: Նշված փոփոխությունը նպատակ ունի աշխատանքային ստաժի պայման սահմանել առաջատար խմբում ընդգրկված այն պաշտոնների համար, որոնց հապատասախանում է առավել բարձր առավելագույն կոչում՝ ապահովելով զբաղեցրած պաշտոնի եւ օրենքով այդ պաշտոնի համար սահմանված պահանջների համաչափությունը:

2. ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է համապատասխան հոդվածներից հանել «դատական ակտերի» բառերը:

4. Նախագծերը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների եւ մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

5. Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը եւ պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ է ընդունել հարկադիր կատարողին բնակելի տարածությամբ ապահովելու, դրա անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տրամադրելու կարգի եւ չափի, ինչպես նաեւ հարկադիր կատարողներին ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված փոխադրման դեպքերը սահմանելու վերաբերյալ Կառավարության ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ, Էթիկայի հանձնաժողով ստեղծելու, հարկադիր կատարողի վերապատրաստումների կարգը հաստատելու մասին Արդարադատության նախարարի ներքին իրավական ակտ:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի Հանրապետության վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագծերի մշակումը բխում է՝

- Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման Հավելված 1-ում Արդարադատության նախարարությանը վերապահված 19-րդ նպատակից՝ «Հարկադիր կատարման համակարգի բարեփոխումների կատարում՝ միտված կատարողական վարույթի արդյունավետության բարձրացմանը, ներառյալ թվայնացման եւ էլկետրոնային համակարգերի գործարկման միջոցով».

- Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-Լ որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության 11-րդ ռազմավարական նպատակից՝ «Հարկադիր կատարման համակարգի բարեփոխումներ».

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն