Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-639-14.07.2023-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասում՝ «դատական, վարչական ակտերի, կատարողական մակագրության թերթերի» բառերը փոխարինել «օրենքով նախատեսված կատարման ենթակա ակտերի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում`

1) Վերնագրից հանել «Դատական ակտերի» բառերը,

2) 1-ին մասում «օրենքով նախատեսված» բառերից հետո «դատական ակտերի» բառերը փոխարինել «կատարման ենթակա ակտերի» բառերով:

3) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4.Հարկադիր կատարման ծառայությունը կազմված է հարկադիր կատարման ծառայության կենտրոնական մարմնից, որը կարող է ունենալ բաժիններ եւ բաժանմունքներ, եւ տարածքային մարմիններից (բաժիններից), որոնք կարող են ունենալ բաժանմունքներ:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքում 6-րդ հոդվածում «կենտրոնական մարմնի բաժնի պետ, Երեւանի քաղաքային բաժնի պետ, մարզային բաժնի պետ» բառերը փոխարինել «բաժնի պետ» բառերով:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1)  4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Ավագ հարկադիր կատարող, առաջատար խորհրդատու, առաջին կարգի խորհրդատու կարող է նշանակվել այն անձը, որը զբաղեցրել է գլխավոր հարկադիր կատարողի կամ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի կամ հարկադիր կատարման ծառայության գլխավոր խմբի պաշտոն կամ առնվազն մեկ տարի՝ առաջատար խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` երկու տարվա աշխատանքային ստաժ:»:

2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Տեսուչի եւ հարկադիր կատարողի պաշտոնները սույն օրենքով սահմանված կարգով զբաղեցվում են առանց աշխատանքային ստաժի եւ փորձի:»

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հարկադիր կատարողները ենթակա են վերապատրաստման «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով կատարողականի գնահատականի արդյունքներով գնահատված անհատական վերապատրաստման կարիքի հիման վրա, ինչպես նաեւ հարկադիր կատարողների՝ հարկադիր կատարման գործառույթների արդյունավետ իրականացմանն ուղղված հատուկ մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների զարգացման անհրաժեշտության դեպքում, սակայն ոչ ուշ, քան երեք տարին մեկ անգամ: Հարկադիր կատարման ծառայության գործառույթների արդյունավետ իրականացմանն ուղղված հատուկ մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների զարգացման համար անհրաժեշտ վերապատրաստման կարգը սահմանում է համապատասխան նախարարը:»:

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 16. Հարկադիր կատարողին այլ պաշտոնի փոխադրելը եւ ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակում կատարելը

1. Հարկադիր կատարողը առանց իր համաձայնության, կարող է փոխադրվել`

1) ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ պաշտոնի` տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո (իսկ մինչեւ մեկ տարին լրանալը՝ միայն իր համաձայնության դեպքում). ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված փոխադրման դեպքերը սահմանվում են Կառավարության որոշմամբ.

2) բաժինների պետերին, բաժինների պետերի տեղակալներին, բաժանմունքների պետերին պարտադիր ռոտացիայի կարգով այլ պաշտոնի փոխադրելով` տվյալ պաշտոնում առավելագույնը հինգ տարի ծառայելուց հետո.

3) իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող խմբում ավելի ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ.

4) զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ կամ ավելի ցածր պաշտոնի՝ առողջական վիճակից ելնելով` բժշկական եզրակացության հիման վրա:

2. Հարկադիր կատարողը, իր դիմումի համաձայն, կարող է փոխադրվել իր զբաղեցրած պաշտոնին հավասարազոր կամ ցածր այլ պաշտոնի, այդ թվում՝ ծառայության այլ վայր:

3. Հարկադիր կատարողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, կին ծառայողի հղիության կամ ծննդաբերության արձակուրդում գտնվելու, ինչպես նաեւ ծառայողի` մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու, հարկադիր կատարողի լիազորությունները կասեցվելու դեպքերում նրա պաշտոնը կարող է զբաղեցվել այլ բաժնի (բաժանմունքի) հավասարազոր պաշտոն զբաղեցնող հարկադիր կատարողի կողմից կամ ավելի բարձր պաշտոն զբաղեցնող հարկադիր կատարողի կողմից՝ վերջինիս իր համաձայնությամբ տվյալ պաշտոնին փոխադրելով, կամ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերով սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով:

4. Ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակված անձը սույն օրենքի իմաստով համարվում է հարկադիր կատարող եւ նրա նկատմամբ կիրառվում են հարկադիր կատարողի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ սոցիալական երաշխիքները:

5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքերի վերացման դեպքում փոխադրված ծառայողը շարունակում է ծառայել իր նախկին պաշտոնում, իսկ վերակազմակերպմամբ եւ (կամ) կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված հաստիքների եւ (կամ) հարկադիր ծառայության պաշտոնների կրճատման եւ (կամ) հաստիքների առավելագույն քանակի կրճատման հետեւանքով նախկին պաշտոնում ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում իր համաձայնությամբ նշանակվում է հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոնի, իսկ հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոնի նշանակվելու անհնարինության դեպքում ազատվում է հարկադիր կատարման ծառայությունից:

Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1)  1-ին մասի 11-րդ կետում «մարզային (Երեւանի քաղաքային) բաժինների պետերի» բառերը փոխարինել «բաժինների պետերի» բառերով:

2) 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

3) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Գլխավոր հարկադիր կատարողի բացակայության դեպքում նրան փոխարինում է տեղակալներից որեւէ մեկը՝ համապատասխան նախարարի հանձնարարությամբ, իսկ հանձնարարության բացակայության դեպքում տվյալ մարմնում մարմնի ղեկավարի տեղակալի առավել երկար ստաժ ունեցող տեղակալը:»:

Հոդված 9. Օրենքի 23-րդ հոդվածում՝ վերնագրում եւ հոդվածում «Մարզային (Երեւանի քաղաքային) բաժնի» բառերը փոխարինել «Բաժնի պետ» բառերով՝ համապատասխան հոլովաձեւով:

Հոդված 10. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) վերնագրում 1-ին մասում՝ «Դատական ակտերի» բառերը փոխարինել «կատարման ենթակա ակտերի» բառերով.

2) Նույն հոդվածում՝ «կատարողական թերթի կամ նոտարի կողմից տրված կատարողական մակագրության թերթ» բառերը փոխարինել «կատարման ենթակա ակտերի» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով.

3) 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) միջոցներ է ձեռնարկում օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով անձանց վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու ուղղությամբ:».

4) 2-րդ մասում «Դատական ակտերի» բառերը փոխարինել «Կատարման ենթակա ակտերի» բառերով.

5) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) կատարման ենթակա ակտերի կատարման փաստը ստուգելու համար հարցումներ իրականացնել իրավաբանական, ֆիզիկական անձանց, պետական մարմիններին, ինչպես նաեւ հասցե այցելու միջոցով տեղում ստուգելու այդ ակտերի կատարման ընթացքը, եթե դա հնարավոր չէ ստուգել առանց հասցե այցելելու:».

6) 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) կատարողական վարույթի շրջանակներում իրավաբանական անձանց (այսուհետ` կազմակերպություններ), ֆիզիկական անձանց, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, պաշտոնատար անձանց վերաբերյալ կայացնել որոշակի գործողություններ կատարելուն կամ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին որոշում, եթե առանց դրա հնարավոր չէ ապահովել հարկադիր կատարումը՝ հիմնավորելով նման անհնարինությունը, օրենքով սահմանված դեպքերում տալ հանձնարարություններ»:

7) 2-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) Հարկադիր կատարումն ապահովելու համար օրենքով սահմանված կարգով եւ չափով արգելանք դնելու պարտապանի հաշիվներում, ավանդներում կամ բանկերում եւ այլ վարկային կազմակերպություններում պահպանվող դրամական միջոցների եւ այլ արժեքների վրա.»:

Հոդված 11. Օրենքում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 28.1-րդ հոդված.

«28.1. Հարկադիր կատարողին բնակելի տարածությամբ ապահովելը

1. Սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետի հիմքով հարկադիր կատարողին իր մշտական բնակության վայրից այլ վայր ծառայության փոխադրելու դեպքում հարկադիր կատարողը Կառավարության սահմանած կարգով ապահովվում է բնակելի տարածությամբ: Հարկադիր կատարողին բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում տրվում է դրամական փոխհատուցում` Կառավարության սահմանած կարգով եւ չափերով:»:

Հոդված 12. Օրենքի 34-րդ հոդվածում.

1) վերնագրում, 1-ին եւ 3-րդ մասերում «Հարկադիր կատարողներ» բառերը փոխարինել «Հարկադիր կատարման ծառայության հանրային ծառայողներ» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով.

2) 2-րդ մասում «միայն մեկ անգամ» բառերից հետո լրացնել « եւ եթե սույն հոդվածի 2.1-րդ մասի հիմքով վերջինիս չի շնորհվել արտահերթ կոչում» բառերով.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1.-րդ մասով.

«2.1. Հարկադիր կատարողին, որպես խրախուսանք, կարող է շնորհվել տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը, որը հարկադիր կատարողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել մեկ անգամ եւ եթե սույն հոդվածի 2-րդ մասի հիմքով վերջինիս չի շնորհվել արտահերթ կոչում:»:

Հոդված 13. Օրենքի 35-րդ հոդվածի վերնագրում, 1-ին, 3-րդ եւ 5-րդ մասերում «Հարկադիր կատարողներ» բառերը փոխարինել «Հարկադիր կատարման ծառայության հանրային ծառայողներ» բառերով՝ համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 14. Օրենքի 36-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.  Հարկադիր կատարողի վարքագծի կանոնները խախտելու եւ (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու եւ (կամ) շահերի բախման կանոնները, անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում նշանակված ծառայողական քննությունն անցկացնում է հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովը:

2. Հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովը բաղկացած է 7 անդամից: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են գլխավոր հարկադիր կատարողի տեղակալներից մեկը եւ հարկադիր կատարման ծառայության 3 աշխատակից՝ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով, եւ Արդարադատության նախարարի հրամանով նշանակված երեք ներկայացուցիչ:

3. Էթիկայի հանձնաժողովը նախագահում է հանձնաժողովի կազմում ընդգրկված գլխավոր հարկադիր կատարողի տեղակալը: Հանձնաժողովի նախագահը կատարում է աշխատանքների բաշխում հանձնաժողովի անդամների միջեւ:

4. Էթիկայի հանձնաժողովը որոշումներն ընդունում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝ բաց քվեարկությամբ: Հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում քննարկան դրված հարցը համարվում է մերժված:

5. Հանձնաժողովը ծառայողական քննության վերաբերյալ եզրակացություն ընդունում է՝ գումարելով հանձնաժողովի նիստ: Նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է էթիկայի հանձնաժողովի առնվազն հինգ անդամ:

6.Հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովի ձեւավորման, գործունեության կարգը սահմանում է համապատասխան նախարարը:»:

Հոդված 15. Օրենքի 38-րդ հոդվածում.

1) 1-ին մասի 14-րդ կետում «:» նշանը փոխարինել «.» նշանով:

2) 1-ին մասը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 15-րդ կետով.

«15) առաջացել է սույն օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հիմքը:»:

Հոդված 16. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասը «ծառայությունից ազատվածներին» բառերից հետո լրացնել «(բացառությամբ վարչական պաշտոն զբաղեցնող)» բառերով:

Հոդված 17. Օրենքի 51-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 18. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածի, որը ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 6-րդ, 7-րդ, 11-րդ եւ 14-րդ հոդվածները գործում են նշված նորմերով նախատեսված իրավական ակտերի ուժի մեջ մտնելու պահից:

3. Սույն օրենքով նախատեսված՝ իրավական ակտերը ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը.

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է դեռեւս 2004 թվականին, երբ հարկադիր կատարողը ապահովում էր միայն դատական ակտի հարկադիր կատարումը: Հետագայում, Օրենքում առավել ընդգրկուն փոփոխություն կատարվել է 2020թ., որի նպատակն էր օրենքը համապատասխանեցնել «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքին:

Սակայն, այդ փոփոխություններից ի վեր ներկայումս հարկադիր կատարման գործընթացում արդիական են մի շարք օրենսդրական եւ կիրառական խնդիրներ, որոնք խոչընդոտում են ծառայության աշխատանքը բնականոն եւ արդյունավետ կազմակերպելու, թափուր հաստիքները լրացնելու, բանիմաց կադրեր ընդունելու, ծառայողների սոցիալական դրությունը, գիտելիքները բարելավելու համար:

2. Ընթացիկ իրավիճակը եւ նախագծերի ընդունման անհրաժեշտությունը.

2.1. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ նաեւ Ծառայություն) անցնելուց հետո հարկադիր կատարողը վերապատրաստվում է միայն այն դեպքում, երբ վերջինս կատարողականի գնահատականը ցածր է, ինչն արդարացված չէ: Այսպես, օրենսդրական դաշտի կատարելագործման, հարկադիր կատարման ենթակա ակտերի շրջանակի ընդլայնման պայմաններում հարկադիր կատարողների պարտադիր հատուկ մասնագիտացված վերապատրաստման (ինչպես նաեւ ֆիզիկական պատրաստվածության) դրույթներ ներկայումս սահմանված չեն, ինչը կարող է խոչընդոտ հանդիսանալ հարկադիր կատարողի՝ օրենքով եւ կանոնադրությամբ իր լիազորությունների եւ Ծառայության առջեւ դրված խնդիրների պատշաճ իրականացման ճանապարհին: Ուստիեւ, անհրաժեշտ է օրենքով նախատեսել շարունակական վերապատրաստումների համակարգ՝ հարկադիր կատարողների համար սահմանելով որոշակի պարտադիր գործնական եւ տեսական դասընթացներ:

2.2. Օրենքի 16-րդ հոդվածը կարգավորում է, հարկադիր կատարողի փոխադրման հետ կապված իրավահարբերությունը, սակայն գործնականում, դրա թերի կարգավորումը առաջացնում է որոշակի խնդիրներ, արդյունքում ստորաբաժանումներից մի մասում հարկադիր կատարողի պաշտոնները մնում են ժամանակավոր թափուր (օրինակ՝ աշխատակցի խնամքի արձակուրդում գտնվելու ընթացքում, կամ  լիազորությունները կասեցվելիս) եւ գործնականում դա հնարավոր չի լինում համալրել (Ծառայությունը չունի կադրերի ռեզերվ), կամ առողջական վիճակից ելնելով, հարկադիր կատարողը կոնկրետ ստորաբաժանումում չի կարողանում իրականացնել կատարողական գործողություններ (օրինակ՝ վտարում, քանդում), սակայն հրաժարվում է տալ իր համաձայնությունը այլ ստորաբաժանում տեղափոխվելու համար:

Նշվածը կանոնակարգելու համար անհրաժեշտություն է առաջացել առավել ճկուն դարձնել հարկադիր կատարողի փոխադրման հարաբերությունները՝ հստակեցնելով դեպքերը, երբ հարկադիր կատարողը կարող է առանց իր համաձայնությամբ փոխադրվել այլ հավասարազոր պաշտոնի, ինչպես նաեւ անհրաժեշտություն է առաջացել ստեղծել իրավական հիմքեր ժամանակավոր թափուր պաշտոնները համալրելու համար:

2.3. Ծառայությունում գործող պրակտիկայի համաձայն՝ պետի կամ այլ հարկադիր կատարողի պաշտոն զբաղեցված անձը կարող է առանց իր համաձայնությամբ փոխադրվել իր բնակության վայրից հեռու գնվող վայրում: Նշված դրույթը հիմնականում կիրառվում է ստորաբաժանման պետի պաշտոն զբաղեցնող անձի դեպքում, երբ օրինակ Երեւան քաղաքում ապրող անձը փոխադրվում է Լոռու մարզային բաժնում պետ կամ տեղակալ:

Այնուհանդերձ, նշված վայրում վերջիններիս բնակարանային վարձավճարները չեն փոխհատուցվում, արդյունքում նման դեպքում ծառայողները իրենց սեփական միջոցներով վարձակալում են բնակարաններ, ինչի արդյունքում աշխատանքի վարձատրության եւ վերջիններս կրած ծախսերի համեմատությամբ այլեւս «ոչ գրավիչ» են դարձնում տվյալ աշխատանքը՝ նպաստելով կադրերի արտահոսքի:

2.4 «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ «Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմիններում պետական ծառայության հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, եթե այլ օրենքներով առանձնահատկություններ սահմանված չեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական ծառայության պաշտոնը համարվում է առանձնահատկություն ունեցող, եթե այն չի ընդգրկվում քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում:

Նույնաբովանդակ սահմանում նախատեսված է նաեւ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով՝ համաձայն որի Կառավարչական իրավահարաբերությունների այլ առանձնահատկություններ կարող են սահմանվել օրենքներով:

 Վերոշարադրյալից պարզ է դառնում, որ քաղաքացիական ծառայության իրավահարաբերությունները տարածվում են այն դեպքերում, երբ պետական ծառայության այլ օրենքներով առանձնահատկություններ չեն նախատեսվում:

Օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ սույն օրենքը կարգավորում է դատական, վարչական ակտերի, կատարողական մակագրության թերթերի (այսուհետ՝ նաեւ կատարման ենթակա ակտեր) հարկադիր կատարման գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմնի (այսուհետ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն)՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի առանձնահատկությունները:

Նույն Օրենքի 36-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովի ձեւավորման, գործունեության կարգը, հարկադիր կատարողի վարքագծի կանոնները խախտելու եւ (կամ) հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու եւ (կամ) շահերի բախման կանոնները, նվերներ ընդունելու արգելքը խախտելու, անհամատեղելիության պահանջները չպահպանելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:

Ստացվում է, որ վերը նշված դեպքերում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով պետք է ստեղծվի էթիկայի հանձնաժողով, որը պետք է քննարկի հարկադիր կատարողի էթիկայի հետ կապված հարցերը: Այնինչ, հարկադիր կատարողի գործառութային առանձնահատկություններով պայմանավորված կարեւորագույն նշանակություն ունի հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովների ձեւավորման հարցում հարկադիր կատարման ծառայության ոլորտային առանձնահատկությունները, այն տեսանկյունից, որ կատարողական գործողությունների ընթացքում հարկադիր կատարողը աշխատավայրից դուրս շփումներ ունի կատարողական վարույթի կողմերի հետ, ուստիեւ վերը նշված դեպքերը ստուգելու համար առավել նպատակահարմար է, որ այդ հանձնաժողովի ստեղծման եւ գործունեության կարգը սահմանվի ոլորտը կարգավորող նախարարի համապատասխան հրամանով:

2.5 Հաշվի առնելով, որ Ծառայությունում կոչումների առավելագույն աստիճանը պայմանավորված են որոշակի պաշտոնների լինում են դեպքեր, երբ տվյալ պաշտոնում ծառայողը աշխատում է շատ երկար տարիներ, սակայն վերջինիս հնարավորություն չունի ստանալու մեկ աստիճան բարձր կոչում, քանի որ պաշտոնը թույլ չի տալիս, ինչը այնքան էլ արդարացված չէ որոշ դեպքերում, քանի որ տվյալ անձը բարձր պաշտոնի չի նշանակվում, օրինակ հաստիքների բացակայության պատճառով:

2.6. Հարկադիր կատարողի լիազորությունների շրջանակը տարեցտարի ընդլայնվել է, սակայն Օրենքով լիազորությունների շրջանակը չի վերանայվել: Օրենքում առկա են մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք ենթակա են փոփոխման, հաշվի առնելով իրավակիառ պրակտիկան:

2.7. Օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերի համաձայն՝ հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի պաշտոնները Օրենքով սահմանված կարգով զբաղեցվում են առանց աշխատանքային ստաժի եւ փորձի, իսկ հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի պաշտոններում ծառայողների առաջխաղացումն իրականացվում է տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարվա ծառայություն անցնելուց հետո: Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հարկադիր կատարման ծառայության պաշտոնների խմբերում պաշտոնների դասակարգումն իրականացվում է հարկադիր կատարման ծառայության պաշտոնների անվանացանկով, իսկ անվանացանկը հաստատում եւ (կամ) փոփոխում է գլխավոր հարկադիր կատարողը:

Ծառայության հաստատված անվանացանկի համաձայն՝ հարկադիր կատարման ծառայության առաջատար պաշտոնների խմբում են ընդգրկվում ավագ հարկադիր կատարողի, առաջատար խորհրդատուի, հարկադիր կատարողի եւ տեսուչի պաշտոնները: Առաջատար խմբում ընդգրկված պաշտոններին համապատասխան Օրենքով նախատեսվում է տարբեր առավելագույն կոչում ունենալու հնարավորություն, ինչի արդյունքում տարբերվում է նաեւ նշված խմբում ընդգրկված պաշտոնների համար սահմանված աշխատատավարձը (մասնավորապես՝ առաջատար խորհրդատու, առաջին կարգի խորհրդատու, ավագ հարկադիր կատարող - արդարադատության մայոր, հարկադիր կատարող, տեսուչ - արդարադատության կապիտան):

Գործող կարգավորումների համատեքստում առաջատար խմբի պաշտոններում ծառայողների առաջխաղացումն իրականացվում է տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարվա ծառայություն անցնելուց հետո եւ գործնականում, դիցուք, ավագ հարկադիր կատարողի թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարվելու դեպքում անհավասար պայմաններ են ստեղծվում արդեն իսկ հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբում ընդգրկված տեսուչի կամ հարկադիր կատարողի կողմից այդ պաշտոնը զբաղեցնելու եւ ծառայությունից դուրս անձի կողմից թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու տեսնակյունից, քանի որ մի դեպքում Օրենքը սահմանում է, որ առաջատար խմբի պաշտոններ զբաղեցնելու համար աշխատանքային ստաժ չի պահանջվում (այսինքն՝ ծառայությունից դուրս անձը կարող է մասնակցել նույն մրցույթին), իսկ մյուս դեպքում սահմանում է, որ առաջատար խմբի պաշտոններում ծառայողների առաջխաղացումն իրականացվում է տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարվա ծառայություն անցնելուց հետո:

3. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները.

1. ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է.

1.1. Հարկադիր կատարման ծառայության գործառույթների արդյունավետ իրականացմանն ուղղված հարկադիր կատարողների մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների զարգացման նպատակով ներդնել շարունակական վերապատրաստումների համակարգ՝ հարկադիր կատարողների համար սահմանելով որոշակի պարտադիր դասընթացներ: Վերապատրաստման նման համակարգը թույլ կտա ոչ միայն ապահովել հարկադիր կատարողի պաշտոնը ստանձնող անձանց մասնագիտական պատշաճ պատրաստվածությունը, այլեւ արդեն իսկ այդ պաշտոնը զբաղեցնող անձանց գիտելիքների ու հմտությունների շարունակական զարգացումը՝ այդպիսով նոր որակ ու զարգացման նոր թափ հաղորդելով հարկադիր կատարման ողջ համակարգին: Միեւնույն ժամանակ, Նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է հարկադիր կատարողների վերապատրաստման հետ կապված հարաբերությունները կարգավորող ենթաօրեսդրական ակտերով նախատեսել, որ հարկադիր կատարողը ազատվում է պարտադիր վերապատրաստում անցնելու պարտականությունից, եթե նա վերջին մեկ տարվա ժամանակահատվածում արդեն իսկ կատարողականի գնահատականի արդյունքների հիման վրա վերապատրաստվել է:

1.2. Կարգավորել հարկադիր կատարողի փոխադրման հետ կապված իրավահարբերությունը՝ սահմանելով, որ առանց իր համաձայնության, հարկադիր կատարողը կարող է փոխադրվել՝ զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ պաշտոնի՝ տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո (նախատեսվում է, որ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված փոխադրման հիմքերը սահմանվում են Կառավարության որոշմամբ), զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ կամ ավելի ցածր պաշտոնի՝ առողջական վիճակից ելնելով՝ բժշկական եզրակացության հիման վրա, ինչպես նաեւ կարգավորվել է որոշակի դեպքերում հարկադիր կատարողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, կին ծառայողի հղիության կամ ծննդաբերության, ինչպես նաեւ ծառայողի՝ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի, հարկադիր կատարողի լիազորությունները ժամանակավորապես կասեցվելու դեպքերում նրա պաշտոնը զբաղեցնելու հնարավորություն:

1.3.Առաջարկվում է 2024թ.-ից առանց համաձայնության ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված (նախատեսվում է, որ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված փոխադրման հիմքերը սահմանվում են Կառավարության որոշմամբ) այլ ստորաբաժանում փոխադրելու դեպքում հարկադիր կատարողին, այնպես ինչպես առանձնահատկություն ունեցող այլ պետական ծառայողներին (Քրեակատարողական ծառայություն, Ոստիկանություն եւ այլն), տրամադրել փոխհատուցում բնակարանի վարձակալության համար Կառավարության կողմից սահմանվելիք կարգով եւ չափով:

1.4. Առաջարկվում է հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովի ձեւավորման, գործունեության կարգը սահմանել ոլորտը համակարգող նախարարի հրամանով՝ գործառույթային առանձնահատկություններով պայմանավորված՝ հիմքում դնելով կատարողական վարույթի կողմերի իրավունքների եւ շահերի պաշտպանությունը, ինչպես նաեւ վարույթի մասնակիցների համար հարկադիր կատարողի ոչ բարեվարք վարքագիծը բարձրաձայնելու հասանելի եւ անկաշկանդ հնարավորությունը:

1.5. Ընդլայնվել է հարկադիր կատարողին խրախուսելու եղանակների շրջանակը՝ եւ սահմանվել որ որոշ դեպքերում, որոշ դեպքերում գլխավոր հարկադիր կատարողը, կարող է շնորհել տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը, որը հարկադիր կատարողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել մեկ անգամ: Սույն փոփոխությամբ հնարավորություն է ստեղծվում խրախուսել այն հարկադիր կատարողներին, որոնք երկար տարիներ (ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետի կրկնակին) զբաղեցրել են նույն պաշտոնը՝ ունենալով տվյալ պաշտոնին համապատասխան առավելագույն կոչումը: Ընդ որում, նախագծով սահմանվել է, որ նման խրախուսանք չի կարող կիրառվել այն հարկադիր կատարողի նկատմամբ, ում ծառայության ընթացքում երբեւէ որպես խրախուսանք շնորհվել է արտահերթ կոչում:

1.6. Առաջարկվել է Ծառայության կառուցվածքը լրացնել կառուցվածքային միավորով՝ սահմանելով, որ Ծառայությունում կազմված է հարկադիր կատարման ծառայության կենտրոնական մարմնից, որը կարող է ունենալ բաժիններ եւ բաժանմունքներ, եւ տարածքային մարմիններից (բաժիններից), որոնք կարող են ունենալ բաժանմունքներ, հստակեցվել է հարկադիր կատարողի լիազորությունների շրջանակը, հստակեցվել է, որ ծառայությունից ազատված հարկադիր կատարողի կենսաթոշակի հետ կապված հարաբերությունները կարգավորող դրույթները չեն վերաբերում Ծառայությունում վարչական պաշտոն զբաղեցնող անձանց: Առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել, Օրենքի 51-րդ հոդվածը, քանի որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի եւ «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» ՀՀ օրենքի ուսումնասիրությունից բխում է, որ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հետ աշխատանքային պայմանագիր պետք է կնքի ոչ թե գխավոր հարկադիր կատարողը այլ, գլխավոր քարտուղարը:

1.7. Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը, որի համաձայն՝ հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի պաշտոններում ծառայողների առաջխաղացումն իրականացվում է տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարվա ծառայություն անցնելուց հետո: Ինչպես նաեւ սահմանել, որ ավագ հարկադիր կատարող, առաջատար խորհրդատու, առաջին կարգի խորհրդատու կարող է նշանակվել այն անձը, որն զբաղեցրել է գլխավոր հարկադիր կատարողի կամ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալի կամ հարկադիր կատարման ծառայության գլխավոր խմբի պաշտոն կամ առնվազն մեկ տարի՝ առաջատար խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ երկու տարվա աշխատանքային ստաժ, ինչպես նաեւ սահմանվում է, որ տեսուչի եւ հարկադիր կատարողի պաշտոնները սույն օրենքով սահմանված կարգով զբաղեցվում են առանց աշխատանքային ստաժի եւ փորձի: Նշված փոփոխությունը նպատակ ունի աշխատանքային ստաժի պայման սահմանել առաջատար խմբում ընդգրկված այն պաշտոնների համար, որոնց հապատասախանում է առավել բարձր առավելագույն կոչում՝ ապահովելով զբաղեցրած պաշտոնի եւ օրենքով այդ պաշտոնի համար սահմանված պահանջների համաչափությունը:

2. ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է համապատասխան հոդվածներից հանել «դատական ակտերի» բառերը:

4. Նախագծերը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների եւ մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

5. Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը եւ պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ է ընդունել հարկադիր կատարողին բնակելի տարածությամբ ապահովելու, դրա անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տրամադրելու կարգի եւ չափի, ինչպես նաեւ հարկադիր կատարողներին ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված փոխադրման դեպքերը սահմանելու վերաբերյալ Կառավարության ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ, Էթիկայի հանձնաժողով ստեղծելու, հարկադիր կատարողի վերապատրաստումների կարգը հաստատելու մասին Արդարադատության նախարարի ներքին իրավական ակտ:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի Հանրապետության վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագծերի մշակումը բխում է՝

- Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման Հավելված 1-ում Արդարադատության նախարարությանը վերապահված 19-րդ նպատակից՝ «Հարկադիր կատարման համակարգի բարեփոխումների կատարում՝ միտված կատարողական վարույթի արդյունավետության բարձրացմանը, ներառյալ թվայնացման եւ էլկետրոնային համակարգերի գործարկման միջոցով».

- Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-Լ որոշման Հավելված 1-ով հաստատված Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության 11-րդ ռազմավարական նպատակից՝ «Հարկադիր կատարման համակարգի բարեփոխումներ».

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն