Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-642-24.07.2023-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենքի) 13-րդ հոդվածի 8-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 16. Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքի լաբորատոր փորձարկումների իրականացման կարգը

1. Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքի նմուշառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված դեպքերում եւ կարգով:

2. Սննդամթերքի նմուշառումը եւ լաբորատոր փորձարկումներն իրականացվում են ապրանքը տնօրինողի կողմից ընտրված Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների եւ փորձարկման լաբորատորիաների միասնական ռեեստրում ներառված ու Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան նշանակված Հայաստանի Հանրապետության համապատասխանության գնահատման մարմնի (այսուհետ՝ Գնահատման մարմին) կողմից:

3. Գնահատման մարմնի կողմից նմուշառումն իրականացվում է սահմանային պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի ներկայությամբ եւ փորձարկման է ներկայացվում Լիազոր մարմնի ուղեկցող նամակով:

4. Նմուշառման արդյունքում խմբաքանակից առանձնացվում է պահեստային նմուշ, որը կապարակնքվում կամ դրոշմակնքվում եւ ի պահ է հանձնվում Լիազոր մարմնին: Պահեստային նմուշը պահվում է տվյալ ապրանքի համար նախատեսված համապատասխան պահման պայմաններում:

5. Պահեստային նմուշը փորձարկման է ներկայացվում Լիազոր մարմնի կողմից՝ ուղեկցող նամակով:

6. Նմուշի տեղափոխման եւ փորձարկման ծախսերը կատարվում են ապրանքը տնօրինողի հաշվին:

7. Մինչեւ Հայաստանի Հանրապետությունում ազգային ռեֆերենս լաբորատորիայի նշանակումը՝ լաբորատոր փորձարկումների արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում ապրանքը տնօրինողը, իր միջոցների հաշվին, պահեստային նմուշն ուղարկվում է այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված ցանկի համաձայն, որի պատասխանը համարվում է վերջնական:

8. Մինչեւ Հայաստանի Հանրապետությունում ազգային ռեֆերենս լաբորատորիայի նշանակումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում եւ կարգով Լիազոր մարմինը պետական բյուջեի միջոցների հաշվին պահեստային նմուշը կարող է ուղարկել այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա:

9. Ռեֆերենս լաբորատորիայում իրականացված փորձարկման արդյունքների հիման վրա մեկ տարվա ընթացքում անհամապատասխանության 2 դեպք արձանագրելու դեպքում կասեցվում է Գնահատման մարմնի հավատարմագրումը եւ օրենսդրության համաձայն իրականացվում են ստուգումներ:

10. Երկու տարի անընդմեջ անհամապատասխանությունների կրկնության դեպքում՝ օրենսդրության համաձայն, Գնահատման մարմնի հավատարմագրումը դադարեցվում է:

11. Ռեֆերենս լաբորատորիայի կողմից իրականացված փորձարկման արդյունքների հիման վրա անհամապատասխանությունների արձանագրման դեպքում Գնահատման մարմինը հատուցում է ռեֆերենս լաբորատորիայի փորձարկման հետ կապված ծախսերը:»:

Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը «նշանակվում է» բառից հետո լրացնել «պետական լաբորատորիա՝» բառերը:

Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է 2024 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիայում փորձարկում իրականացնելու վերաբերյալ իրավակարգավորումները գործում են մինչեւ Հայաստանի Հանրապետությունում ազգային ռեֆերենս լաբորատորիայի նշանակումը, որից հետո բողոքարկումն իրականացվում ազգային ռեֆերենս լաբորատորիայում: