Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-643-01.08.2023-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետում «Բարձրագույն դատական խորհրդի նախագահի եւ անդամի» բառերից հետո լրացնել «, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, սնանկության դատարանի եւ վարչական դատարանի դատավորի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում եւ 8-րդ հոդվածի 5-րդ մասում «Բարձրագույն դատական խորհրդի նախագահի եւ անդամի» բառերից հետո լրացնել «, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, սնանկության դատարանի եւ վարչական դատարանի դատավորի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1.-րդ մասով.

«5.1. Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, սնանկության դատարանի եւ վարչական դատարանի դատավորներին սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 60 տոկոսի չափով:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:



ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Կարգավորման ենթակա խնդիրը

Նախագծի ընդունումը պայմանավորված է առաջին ատյանի դատարանների դատավորներին տրվող վարձատրության համակարգի վերանայման անհրաժեշտությամբ եւ բխում է դատավորի անկախությունը երաշխավորելու, ինչպես նաեւ առաջին ատյանի դատարանների դատավորների առկա թափուր պաշտոնները համալրելու նպատակով համապատասխան բարձր որակավորում ունեցող մասնագետների համար գրավչություն ապահովելու անհրաժեշտությունից:

2. Առկա իրավիճակը

Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դատավորի համար սահմանվում է նրա բարձր կարգավիճակին եւ պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն: Առաջին ատյանի դատարանների դատավորների վարձատրության հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ աշխատավարձի չափը, կարգավորվում են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք): Սակայն հարկ է նկատել, որ Օրենքով առաջին ատյանի դատարանների դատավորների համար սահմանված վարձատրության չափը չի համապատասխանում վերջիններիս կարգավիճակին եւ պատասխանատվությանը:

Ընդգծվում է դատավորների՝ «կարմիր նշակետը» հատող գերծանրաբեռնվածությունը եւ այդ ծանրաբեռնվածության ու դատավորների ներկայիս վարձատրության անհամապատասխանությունը: Ընդ որում, վիճակագրության արդյունքներով քննվող դատական գործերի քանակով եռաստիճան դատական համակարգում ծանրաբեռնվածության ամենամեծ բեռը կրում են հենց առաջին ատյանի դատարանների դատավորները: Արդյունքում, դատական համակարգում արդեն իսկ նկատվում են իրական ռիսկեր համապատասխան բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից առաջին ատյանի դատարանների դատավորների առկա թափուր պաշտոնները համալրելու ցանկության եւ շահագրգռվածության բացակայության մասով:

Այս առումով պետք է նկատի ունենալ, որ Օրենքում նախկինում կատարված փոփոխությունների արդյունքում հավելում է սահմանվել հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար, այնուհետեւ վերանայվել են նաեւ Վճռաբեկ դատարանի եւ Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության չափերը: Որպես նշված փոփոխությունների տրամաբանական շարունակություն՝ անհրաժեշտություն է վերանայել նաեւ դատական համակարգում ծանրաբեռնվածության մեծ բեռ կրող առաջին ատյանի դատարանների դատավորների վարձատրության չափը:

Հարկ է նշել, որ դատական իշխանության մարմիններին տրվող սոցիալական երաշխիքներին եւ վարձատրությանը, ինչպես նաեւ դրանց տարբերակվածությանը անդրադարձ են կատարել նաեւ միջազգային կառույցները: Մասնավորապես, «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) բազմիցս դիրքորոշում է հայտնել դատավորների նյութական երաշխիքների ապահովման անհրաժեշտության վերաբերյալ: Վենետիկի հանձնաժողովը 2009 թվականի հունիսի 4-ի «Դատական համակարգի անկախությունը. Մաս 1. Դատավորների անկախությունը» զեկույցի շրջանակներում նշել է, որ. «Դատավորների վարձատրությունը պետք է համապատասխանի նրանց մասնագիտական արժանապատվությանը եւ այդ համարժեք վարձատրությունը անփոխարինելի է դատավորներին արտաքին անհարկի միջամտությունից պաշտպանելու համար: (...) Վարձատրությունը պետք է հիմնված լինի ընդհանուր ստանդարտների վրա եւ համապատասխանի օբյեկտիվության, թափանցիկության չափանիշներին եւ չհիմնվի դատավորի անհատական գործունեության գնահատման վրա»: Վենետիկի հանձնաժողովը 2019 թվականի դեկտեմբերի 11-ին «Դատարանների եւ դատավորների մասին Վենետիկի հանձնաժողովի կարծիքներ եւ զեկույցներ» ժողովածուի շրջանակներում ամփոփելով դատական համակարգի, այդ թվում՝ դատավորների վարձատրության վերաբերյալ արտահայտած դիրքորոշումները, նշել է. «Դատավորի վարձատրությունը պետք է սահմանվի օրենքով եւ պետք է հավասար լինի նույն պարտականությունները կատարող դատավորների համար: Տարբերություններ կարող են լինել ավագության, դատարանի աստիճանի կամ օրենքով հստակորեն սահմանված այլ չափանիշների հիման վրա (...)»: Դատավորների վարձատրությանը անդրադարձ է կատարվել նաեւ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի CM/Rec(2010)12 «Դատավորներ. անկախություն, արդյունավետություն եւ պատասխանատվություն» հանձնարարականի շրջանակներում: Մասնավորապես նշվել է, որ «Դատավորների վարձատրությունը պետք է համաչափ լինի իրենց մասնագիտությանն ու պարտականություններին, եւ պետք է հանդիսանա նրանց որոշումների կայացման վրա ազդեցություն գործելու նպատակ հետապնդող ազդակներից պաշտպանության արդյունավետ միջոց:»: Եվրոպայի խորհրդի շրջանակներում 1998 թվականին ընդունված «Դատավորների կարգավիճակի մասին» եվրոպական խարտիայի 6.2-րդ կետի համաձայն՝ դատավորի վարձատրության չափը մյուս դատավորի վարձատրության համեմատությամբ կարող է փոփոխվել կախված ծառայության տեւողությունից, իրենց կողմից կատարվող պարտականությունների բնույթից եւ իրենց վրա դրված առաջադրանքների կարեւորությունից: Այնուհետեւ կարեւորվում է նման առաջադրանքների գնահատման չափորոշիչների թափանցիկությունը՝ խուսափելու այնպիսի տարբերակումներից, որոնք կապված չեն կատարված աշխատանքի կամ դրա պիտանիության հետ: Միջազգային կառույցների նշված դիրքորոշումների համադրությունից կարելի է առանձնացնել դատավորների վարձատրության համակարգի մի քանի կարեւոր չափանիշներ, այն է. 1) դատավորների վարձատրության համակարգը պետք է ամրագրվի օրենքով՝ բացառելու համար հնարավոր հայեցողության դրսեւորումը, 2) դատավորների վարձատրությունը պետք է համապատասխանի նրանց մասնագիտությանը, մասնագիտությունից բխող պարտականություններին եւ պետք է չեզոքացնի մասնագիտական պարտականություններին խոչընդոտ հանդիսացող հնարավոր ազդեցությունները, 3) դատավորների վարձատրությունը կարող է տարբերակվել դատավորների ավագությամբ, դատարանի աստիճանով, դատավորների վրա դրված առաջադրանքների կարեւորությամբ, դատավորի կողմից կատարվող պարտականությունների բնույթով եւ օրենքով հստակ սահմանված այլ չափանիշներով:

Հարկ է նկատել, որ Սահմանադրական դատարանը եւս անդրադարձ է կատարել վարձատրության առկա խնդիրներին: Մասնավորապես 2019 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1463, 2019 թվականի փետրվարի 12-ի ՍԴՈ-1443, 2010 թվականի մայիսի 10-ի ՍԴՈ-881 եւ այլ որոշումներով անդրադարձ է կատարել տարբերակված վարձատրության հիմնահարցին: Դրանցում արտահայտված դիրքորոշումների ամփոփմամբ՝ կարելի է եզրահանգել, որ Սահմանադրական դատարանը նույնիսկ միեւնույն կատեգորիայի անձանց շրջանակում թույլատրելի է համարում տարբերակված մոտեցումը, եթե այն համապատասխանում է հետեւյալ երկու չափանիշներին, այն է՝ ունի օբյեկտիվ հիմք եւ հետապնդում է իրավաչափ նպատակ:

3. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է 60% հավելում սահմանել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, սնանկության դատարանի եւ վարչական դատարանի դատավորների համար՝ ապահովելով դատավորի բարձր կարգավիճակին եւ պատասխանատվությանը համապատասխանող վարձատրությունը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

5. Օրենքի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի մշակումը բխում է Դատաիրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից, որում որպես նպատակ նախատեսված է դատական համակարգի բարեփոխումների շարունակական ապահովումը:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն