Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-644-07.08.2023-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2014թ. հոկտեմբերի 14-ին ստորագրված՝ «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը :

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) նպատակը  ստանդարտացված եւ արդյունավետ մեխանիզմի ապահովումն է՝ ուղղված տեղեկությունների ավտոմատ փոխանակման գործընթացի դյուրացմանը՝ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) եւ «Մեծ քսանյակ»-ի (G20) պետությունների կողմից համատեղ մշակված Հարկային հարցերում ֆինանսական տեղեկությունների ավտոմատ փոխանակման ստանդարտին (Standard for Automatic Exchange of Financial Information in Tax Matters) համապատասխան: Սույն ստանդարտի ներդնումը հնարավորություն է տալիս բարելավելու հարկային օրենսդրությունը եւ հարկերից խուսափելու դեմ պայքարը:

Համաձայնագրի իրավական հիմքը ՏՀԶԿ-ի եւ Եվրոպայի խորհրդի համատեղ «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» բազմակողմ կոնվենցիայի 6-րդ հոդվածն է, որը նախատեսում է ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակում կոնվենցիայի Կողմերի միջեւ: Հայաստանը միացել է վերոնշյալ կոնվենցիային 2018թ.: Համաձայնագրի կողմերը յուրաքանչյուր տարի ավտոմատացված ձեւով փոխանակում են սահմանված կանոնների համաձայն ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկություններ:

Ֆինանսական համակարգի թափանցիկության բարձրացման, փողերի լվացման դեմ պայքարի, ինչպես նաեւ ապօրինի ճանապարհով ձեռք բերված ֆինանսական միջոցների շարժին հետեւելու նպատակով միջազգային համագործակցությունը խթանելու համատեքստում համաձայնագրին միանալն արդյունավետ է:

Ելնելով վերոգրյալից եւ առաջնորդվելով Միջազգային պայմանագրերի մասին օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրին միանալը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից համարում է նպատակահարմար:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՎԱՀԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՏԵՂԵԿԱՆՔ
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2014թ. հոկտեմբերի 14-ին:

Համաձայնագիրը «երկու Իրավասու մարմինների միջեւ գործողության մեջ կմտնի հետեւյալ երկու ամսաթվերից ամենաուշ ամսաթվին՝ i) այն ամսաթիվը, երբ երկու Իրավասու մարմիններից երկրորդը, 1-ին պարբերության համաձայն, Համակարգող մարմնի քարտուղարություն է ուղարկել ծանուցում՝ միաժամանակ նշելով մյուս Իրավասու մարմնի Պետությունը՝ 1-ին պարբերության «զ» ենթապարբերության համաձայն, եւ կիրառելիության դեպքում՝ ii) այն ամսաթիվը, երբ Կոնվենցիան ուժի մեջ է մտել եւ երկու Պետությունների համար էլ գործում է» (Համաձայնագրի 7 հոդված, 2.1):

Համաձայնագիրը ստորագրել է 119 կողմ (ցանկը կից ներկայացվում է) :

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՎԱՀԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ գտնում ենք, որ Համաձայնագիրը նախատեսում է անձնական տվյալներ պարունակող տեղեկությունների ավտոմատացված ձեւով փոխանակում, ուստի ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում Համաձայնագիրը ենթակա կլինի վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետերով:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝         ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 1-ին հոդվածի 1-ին կետի «է» պարբերությամբ սահմանվում է «Համակարգող մարմնի քարտուղարություն» եզրույթը (ՏՀԶԿ-ի քարտուղարություն), որն աջակցություն է տրամադրում Կոնվենցիայի կողմ հանդիսացող իրավասու մարմինների ներկայացուցիչներից կազմված համակարգող մարմնին:

Միաժամանակ, Համաձայնագրի 8-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է, որ Համաձայնագիրը ստորագրող բոլոր կողմերը տարեկան կտրվածքով հավասարապես կրում են Համակարգող մարմնի քարտուղարության կողմից Համաձայնագրի կիրարկումը վարելու հետ կապված ծախսերը:

Վերը նշված դրույթների ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտության, որը գնահատել հնարավոր չէ՝ ելնելով ծախսերի վերաբերյալ ելակետային տվյալների բացակայությունից:

ԱՐՄԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ռ. Բադասյանին
ՀՀ արդարադատության նախարար
Գ. Մինասյանին
Ի պատասխան ՀՀ պետական եկամուտների կոմիտեի
19.04.2023թ. թիվ 01/5-5/23549-2023 գրության

Հարգելի՛ գործընկերներ

Հայտնում ենք, որ «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրով «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով՝       Գ. Սանոսյան

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով Կառավարության սկզբունքային համաձայնությունը Հայաստանի Հանրապետությունում ներդնելու օտարերկրյա հարկային ռեզիդենտների ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների հավաքագրման եւ փոխանակման Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (այսուհետ՝ ՏՀԶԿ) Միասնական հաշվետվական ստանդարտը (Common Reporting Standard; այսուհետ՝ Ստանդարտ), Կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N1830-Լ որոշմամբ հաստատված հավելված 2-ի 2.2.10-րդ կետով նախատեսվում է առաջիկա տարիներին ստեղծել ՀՀ հաշվետու ֆինանսական հաստատություններում օտարերկրյա ռեզիդենտների ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրման, ավտոմատացված հաղորդման եւ օտարերկրյա իրավասու մարմինների հետ փոխանակման, ինչպես նաեւ ՀՀ ռեզիդենտների կողմից օտարերկրյա պետությունների ֆինանսական հաստատություններում ունեցած հաշիվների վերաբերյալ օտարերկրյա իրավասու մարմիններից ստացվող տեղեկությունների օգտագործման համակարգ (այսուհետ՝ Համակարգ):

Համակարգի տարրերից է ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակում օտարերկրյա իրավասու մարմինների հետ, որի իրավական հիմքը կազմում եւ ընթացակարգը սահմանում է «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների միջեւ բազմակողմ համաձայնագիրը (Multilateral Competent Authority Agreement on Automatic Exchange of Financial Account Information; այսուհետ՝ Համաձայնագիր): Համաձայնագրին միանալը՝ Համակարգի ներդրման պարտադիր նախապայմաններից է եւ նախատեսված է ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N1830-Լ որոշման Հավելված N2 թիվ 2.2.10 միջոցառման «դ» կետով:

Ներկայիս դրությամբ Համաձայնագիրը ստորագրել է 119 ենթադատություն: Համաձայնագիրը բխում է ՏՀԶԿ եւ ԵԽ 25.01.1988թ. Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին կոնվենցիայից (2010թ. արձանագրության փոփոխություններով), որին Հայաստանի Հանրապետությունը միացել է 2020 թվականի հունիսի 1-ին: Համաձայնագրի ստորագրումն ինքնըստինքյան չի նշանակում բոլոր ստորագրած պետությունների իրավասու մարմինների հետ տեղեկությունների փոխանակման մեկնարկ: Համաձայնագրին միանալուց հետո՝ տեղեկությունների փոխանակումը մեկնարկելու համար Համաձայնագիրը համակարգող մարմնին (ՏՀԶԿ-ի Քարտուղարություն) կներկայացվի սահմանված ձեւի պաշտոնական ծանուցում, որում կհաստատվի տեղեկություններ փոխանակելու ՀՀ ցանկությունը կամ վերջինիս բացակայությունը՝ ըստ յուրաքանչյուր ենթադատության:

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաեւ կարեւորելով Ստանդարտի ներդրման գործընթացը եւ նպատակ ունենալով ապահովելու ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N1830-Լ որոշման Հավելված N2 թիվ 2.2.10 միջոցառման «դ» կետով սահմանված միջոցառման կատարումը՝ նպատակահարմար է Հայաստանի Հանրապետության միացումը «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագրին: 

«Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը (անգլերեն տարբերակ):

Գրություն

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում