Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-646-07.08.2023-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ՝ «ԲՈԼՈՐ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՄԱՀԱՊԱՏԺԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 13 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2002թ. մայիսի 3-ին Վիլնյուսում ստորագրված «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ՝ «ԲՈԼՈՐ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՄԱՀԱՊԱՏԺԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 13 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) ԵԽ եզակի միջազգային պայմանագրերից է, որի առնչությամբ Նախարարների Կոմիտեի հանդիպման ընթացքում, տարին մեկ անգամ, մահապատժի վերացման համընդհանուր արշավի շրջանակներում գրավոր հարցում է իրականացվում ԵԽ անդամ՝ չստորագրած եւ չվավերացրած երկրների շրջանում, պարզելու համար պատճառները: Նման դեպքերում, Հայաստանի /նախկինում նաեւ Ռուսաստանի/ ու Ադրբեջանի պատվիրակությունները ստիպված են լինում հիմնավորումներ ներկայացնել չստորագրելու կամ չվավերացնելու հանգամանքների վերաբերյալ: Արձանագրության ստորագրման եւ վավերացման հարցը պարբերաբար դրվում է նաեւ ԵԽԽՎ օրակարգում: ԵԽ Գլխավոր քարտուղարները, գլխավոր քարտուղարի տեղակալները, ԵԽ այլ պաշտոնյաներ քանիցս անդրադարձել են Արձանագրության վավերացմանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներին եւ խնդրել անհրաժեշտ ուշադրություն հատկացնել այս հարցին:

Հայաստանի Հանրապետության պարագայում, Արձանագրության վավերացման 17 տարիների ձգձգումն անընկալելի է ԵԽ անդամ պետությունների եւ ԵԽ ղեկավարների համար, հատկապես երբ ՀՀ Սահմանադրությամբ մահապատիժը դե յուրե վերացված է: Բացի այդ, մահապատժի վերացումը համապատասխանում է «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրով ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին: 1989թ. դեկտեմբերի 15-ին ստորագրված «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված երկրորդ կամընտիր արձանագրությունն Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2021թ. հունիսի 18-ին:

Մահապատժի վերացումը շարունակում է մնալ ՀՀ կարեւոր միջազգային հանձնառություններից մեկը: Բազմակողմ հարթակներում իր դիրքորոշումներում, այդ թվում՝ քվեարկությունների ժամանակ, ՀՀ հանդես է գալիս որպես մահապատժի վերացման ջատագով պետություն:

Հայաստանի կողմից Արձանագրության վավերացումը ԵԽ կողմից կգնահատվի իբրեւ կարեւորագույն դրական քայլ, լուրջ առաջընթաց երկրում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման առումով, կամրապնդվի Հայաստանի վարկանիշն իբրեւ իր պարտավորությունները հարգող ԵԽ անդամ պետություն:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրության վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:


ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Պարույր Հովհաննիսյան


ՏԵՂԵԿԱՆՔ



«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ՝ «ԲՈԼՈՐ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՄԱՀԱՊԱՏԺԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 13 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) ստորագրվել է 2002թ. մայիսի 3-ին:

Հայաստանի Հանրապետության կողմից Արձանագրությունը ստորագրվել է 2006թ. մայիսի 19-ին:

Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Եվրոպայի խորհրդի անդամ տասը պետությունների կողմից, 4-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, Արձանագրությամբ պարտավորված լինելու մասին համաձայնություն արտահայտվելու օրվանից հետո` եռամսյա ժամկետի լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2003թ. հուլիսի 1-ին:

2023թ. ապրիլի 6-ի դրությամբ Արձանագրությունն ստորագրել է 46 պետություն, ուժի մեջ է մտել 44 պետության համար (ցանկը կից ներկայացվում է) :



ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Պարույր Հովհաննիսյան


ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
««2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-ԻՆ ՎԻԼՆՅՈՒՍՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ՝ «ԲՈԼՈՐ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՄԱՀԱՊԱՏԺԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 13 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԹԻՎ 13 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


Թիվ 13 արձանագրությունը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում ենք, որ Թիվ 13 արձանագրությունը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերի դրույթների:



ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:


ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ


ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Մինասյան,

Ի պատասխան Ձեր գրության՝ հայտնում ենք, որ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությամբ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:



ՀԱՐԳԱՆՔՈՎ՝ ԱՌՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ


ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ԿԻՑ՝ «ԲՈԼՈՐ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՄԱՀԱՊԱՏԺԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 13 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը (այսուհետ՝ Արձանագրություն) ստորագրվել է 2002թ. մայիսի 3-ին Վիլնյուսում:

Հայաստանի Հանրապետության կողմից Արձանագրությունը ստորագրվել է 2006թ. մայիսի 19-ին:

Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Եվրոպայի խորհրդի անդամ տասը պետությունների կողմից, 4-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, Արձանագրությամբ պարտավորված լինելու մասին համաձայնություն արտահայտվելու օրվանից հետո` եռամսյա ժամկետի լրանալուն հաջորդող ամսվա առաջին օրը:

Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2003թ. հուլիսի 1-ին:

Արձանագրության վավերացումը համահունչ է Հայաստանի՝ որպես մահապատժի ամբողջական վերացման կողմնակից պետության դիրքորոշմանը:

Այս պահի դրությամբ Արձանագրությունը ստորագրել է 46 պետություն, ուժի մեջ է մտել 44 պետության համար:

Մահապատժի արգելքն` առանց սահմանափակումների, ամրագրված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ: Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունը հանձն է առել վերացնել մահապատիժը թե՛ համընդհանուր, թե՛ տարածաշրջանային միջազգային գործիքների միջոցով:

«Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002 թվականի ապրիլի 26-ին:

2003թ. հոկտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի «Մահապատժի վերացման վերաբերյալ» 6-րդ արձանագրությունը, իսկ 2021թ. հունիսի 18-ից՝ «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի՝ մահապատժի վերացմանն ուղղված Երկրորդ կամընտիր արձանագրությունը:

Արձանագրության վավերացման հարցը պարբերաբար դրվում է ինչպես Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի, այնպես էլ՝ ԵԽԽՎ օրակարգերում:

Հայաստանի Հանրապետության կողմից «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրության վավերացումը Եվրոպայի խորհրդի կողմից կգնահատվի կարեւորագույն դրական քայլ, լուրջ առաջընթաց երկրում մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման առումով:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Արձանագրության կնքումը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 1 եւ 5.2 կետերից: Կառավարության համար արտաքին քաղաքականության կարեւոր նպատակներից են բոլոր պետությունների եւ կազմակերպությունների հետ Հայաստանի երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների շարունակական զարգացումը եւ արդյունավետ համագործակցությունը:

Բացի այդ, Կառավարությունը որպես առաջնահերթություն դիտարկում է մարդու իրավունքների եւ ազատությունների երաշխավորման եւ պաշտպանության ինստիտուցիոնալ եւ համակարգված քաղաքականության շարունակական իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ միջազգային պայմանագրերով երաշխավորված բոլոր իրավունքների պաշտպանության ապահովումը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՀՀ արդարադատության նախարարությունը նպատակահարմար է գտնում «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրության վավերացումը:


ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն