Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-064-25.07.2003-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

ԲԱԺԻՆ I.

ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

ԳԼՈՒԽ I.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է վարչարարության հիմունքները, կարգավորում է վարչական մարմինների եւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց միջեւ այն հարաբերությունները, որոնք վերաբերում են վարչական ակտերի ընդունմանը, այդ մասին իրազեկելուն, այդ ակտերի ուժի մեջ մտնելուն, բողոքարկմանն ու կատարմանը, ինչպես նաեւ վարչական ծախսերին:

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքի I եւ VI բաժինների գործողությունը տարածվում է վարչական մարմինների ցանկացած գործունեության վրա, անկախ դրա բովանդակությունից, տեսակից, եղանակից, նպատակից, այն եզրափակող իրավական ակտերի բնույթից եւ այն իրականացնող վարչական մարմինների կարգավիճակից եւ շրջանակից:

2. Սույն օրենքի II-V բաժինների գործողությունը տարածվում է վարչական մարմինների այնպիսի գործունեության վրա, որն իրականացվում է հանրային իրավունքի բնագավառում՝ ի կիրառումն նորմատիվ իրավական ակտերի եւ եզրափակվում է վարչական ակտերի ընդունմամբ:

3. Սույն օրենքի II-V բաժինների գործողությունը չի տարածվում.

ա) վարչական մարմինների այնպիսի գործունեության վրա, որը եզրափակվում է կամ կարող է եզրափակվել նորմատիվ իրավական ակտերի ընդունմամբ.

բ) վարչական իրավախախտումներին վերաբերող, ինչպես նաեւ դատավարական իրավունքի նորմերով կարգավորվող հարաբերությունների վրա:

4.Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության առանձին (այսուհետ՝ հատուկ) օրենքներում սահմանված են այլ դրույթներ, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են հատուկ օրենքների դրույթները:

Հոդված 3. Օրենքում գործածվող հիմնական հասկացությունները

1.Սույն օրենքի իմաստով վարչական մարմինները Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններն են, տարածքային կառավարման մարմինները, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինները:

Դրան համապատասխան՝

ա) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններ են՝ Հայաստանի Հանրապետության նախարարությունները, Հայաստանի ամբողջ տարածքում վարչարարական գործառույթներ իրականացնելու լիազորություններով օժտված այլ պետական մարմինները, ինչպես նաեւ դրանց արտաքին ներգործության ուժով օժտված որոշումներ ընդունելու (գործողություններ կատարելու) լիազորություն ունեցող կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումները, պետական կառավարչական հիմնարկները.

բ) տարածքային կառավարման մարմիններ են՝ մարզպետները եւ Երեւանի քաղաքապետը, ինչպես նաեւ մարզպետարանների (Երեւանի քաղաքապետարանի) արտաքին ներգործության ուժով օժտված որոշումներ ընդունելու (գործողություններ կատարելու) լիազորություն ունեցող կառուցվածքայինեւ առանձնացված ստորաբաժանումները, պետական կառավարչական հիմնարկները.

գ) տեղական ինքնակառավարման մարմիններ են՝ թաղապետը՝ Երեւան քաղաքում, քաղաքապետը՝ քաղաքային համայնքում, գյուղապետը՝ գյուղական համայնքում, ինչպես նաեւ թաղապետարանի, քաղաքապետարանի կամ գյուղապետարանի արտաքին ներգործության ուժով օժտված որոշումներ ընդունելու (գործողություններ կատարելու) լիազորություն ունեցող կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումները, հիմնարկները:

Այն դեպքում, երբ սույն հոդվածում թվարկված մարմիններից բացի պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինները կամ դրանց արտաքին ներգործության ուժով օժտված որոշումներ ընդունելու (գործողություններ կատարելու) լիազորություն ունեցող կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումները կամ հիմնարկներն են ստանձնում վարչարարական գործառույթների իրականացումը, ապա դրանք նույնպես համարվում են վարչական մարմիններ:

2. Վարչական մարմնի պաշտոնատար անձը՝ վարչական մարմնի կանոնադրությամբ կամ ներքին ակտով վարչական մարմնի անունից արտաքին ներգործության ուժով օժտված որոշումներ ընդունելու (գործողություններ կատարելու) լիազորություն ունեցող անձն է:

3. Վարչական մարմնի տարածքը՝ Հայաստանի Հանրապետության տարածքը կամ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային այն միավորի (մարզի, համայնքի) կամ դրա որեւէ բնակավայրի վարչական տարածքն է, որում տվյալ վարչական մարմինն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները:

4.Հայեցողական լիազորությունը՝ օրենքով վարչական մարմնին տարված լիազորությունն է` տվյալ վարչական ակտ ընդունելիս օրենքից բխող հնարավոր մեկից ավելի որոշումներից ընդունելու որեւէ մեկը:

5. Վարչական ակտի նկատմամբ վստահության իրավունքը վարչական ակտի հասցեատիրոջ համոզմունքն է առ այն, որ ընդունելով համապատասխան վարչական ակտը, վարչական մարմինը գործել է օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում եւ այդ ակտը համարվում է իրավաչափ, այդ առումով էլ` վստահություն ներշնչող:

6. Վարչարարությունը՝ վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեությունն է, որը դրսեւորվում է վարչական մարմիններին վերապահված լիազորությունների իրականացման ժամանակ գործողություններ կատարելու կամ դրանց կատարումից ձեռնպահ մնալու մեջ եւ եզրափակվում նորմատիվ (նորմաստեղծ) կամ անհատական (վարչական) իրավական ակտերի ընդունմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքը իրավական հետեւանքների առաջացման համար բավարար է համարում վարչական մարմնի (դրա պաշտոնատար անձի) գործողության (անգործության) փաստը:

Վարչարարության տարատեսակներն են՝ բարենպաստ վարչարարությունը, միջամտող վարչարարությունը եւ զուգորդվող վարչարարությունը։

Սույն օրենքի նպատակների համար՝

ա) վարչարարությունը բարենպաստ է համարվում, եթե դրա իրականացումն ուղղված է ֆիզիկական կամ իրավաբանական անձանց իրավունքների, առավելությունների, արտոնությունների տրամադրմանը կամ նրանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությանը.

բ) վարչարարությունը միջամտող է համարվում, եթե դրա իրականացումն ուղղված է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց որոշակի իրավունքներից, առավելություններից, արտոնություններից կամ դրանց մի մասից զրկմանը, օրենքի կամ այլ իրավական ակտի խախտման համար օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկմանը.

գ) վարչարարությունը զուգորդվող է համարվում, եթե դրա իրականացումն ուղղված է ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միաժմանակ որոշակի իրավունքների, առավելությունների, արտոնությունների տրամադրմանը կամ նրանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությանը, ինչպես նաեւ որոշակի իրավունքներից, առավելություններից, արտոնություններից կամ դրանց մի մասից զրկմանը կամ օրենքի կամ այլ իրավական ակտի խախտման համար օրեանքով նախատեսված պատասխանատվության ենթարկմանը։


ԳԼՈՒԽ II.

ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՓՈԽՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 4. Գործերի տարածքային ենթակայությունը

1. Անշարժ գույքին վերաբերող հարցերի քննարկումը եւ լուծումը վերապահվում է այն վարչական մարմնի իրավասությանը, որի տարածքում տեղակայված է տվյալ անշարժ գույքը:

2. Իրավաբանական անձին որեւէ իրավունք, արտոնություն, ծառայություն տրամադրելը, նրա իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման ստեղծելը (այսուհետ՝ իրավունք) կամ նրա վրա որեւէ պարտականություն դնելը, ինչպես նաեւ նրան վերաբերող այլ հարցերի քննարկումը եւ լուծումը վերապահվում է վարչական այն մարմնի իրավասությանը, որի տարածքում գործում է տվյալ իրավաբանական անձը:

3. Անհատ ձեռնարկատիրոջը որեւէ իրավունք տրամադրելը կամ նրա վրա որեւէ պարտականություն դնելը, ինչպես նաեւ նրան վերաբերող այլ հարցերի քննարկումը եւ լուծումը վերապահվում է այն վարչական մարմնի իրավասությանը, որի տարածքում անհատ ձեռնարկատերն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն:

4. Ֆիզիկական անձին վերաբերող հարցերի քննարկումը եւ լուծումը վերապահվում է այն վարչական մարմնի իրավասությանը, որի տարածքում հաշվառված է տվյալ անձը, կամ որի տարածքում նա բնակվում է մշտապես կամ առավելապես:

5. Այն դեպքում, եթե սույն հոդվածի 1-4-րդ մասերի դրույթների հիման վրա հնարավոր չէ որոշել որեւէ հարցի ենթակայությունը, ապա դրա լուծումը վերապահվում է այն վարչական մարմնի իրավասությանը, որը մասնագիտական առումով առավել արդյունավետ եւ առավել սեղմ ժամկետում կարող է քննարկել եւ լուծել տվյալ հարցը: Նման դեպքերում պետք է հաշվի առնվեն նաեւ գործին մասնակցող անձանց կարծիքները:

6. Եթե որեւէ հարց վերաբերում է միաժամանակ երկու եւ ավելի վարչական մարմինների իրավասությանը, ապա ենթակայությունը որոշվում է նրանց փոխադարձ համաձայնությամբ, իսկ եթե այն ի հայտ չի գալիս՝ նրանց վերադաս վարչական մարմնի որոշմամբ:

Այն դեպքում, եթե վերադաս մարմինները տարբեր են, ենթակայությունը որոշվում է վերադաս մարմինների փոխադարձ համաձայնությամբ, իսկ եթե դա հնարավոր չէ՝ այն վերադաս մարմնի որոշմամբ, որի իրավասությանը առավելապես մոտ է լուծում պահանջող հարցը:

7. Արտակարգ իրավիճակներում վարչական մարմինների անհապաղ լուծումը պահանջող հարցերը վերապահվում են այն վարչական մարմնի իրավասությանը, որի տարածքում առաջացել է այդ իրավիճակներով պայմանավորված գործողություններ կատարելու կամ որոշումներ ընդունելու անհրաժեշտությունը, իսկ եթե դա հնարավոր չէ՝ այն վարչական մարմնի իրավասությանը, որի տարածքին հարում է այդ տարածքը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Հոդված 5. Գործերի առարկայական ենթակայությունը

1. Գործերի առարկայական ենթակայությունը վարչական մարմիններին որոշվում է այդ գործերում արծարծվող փաստական հանգամանքներին վերաբերող օրենքներով:

2. Եթե վարչական մարմնին օրենքը լիազորում է որեւէ հարցով վերջնական որոշում ընդունել, ապա այդ նույն մարմնին պետք է վերապահվեն նաեւ այդ հարցի առնչությամբ ընթացիկ գործողությունների կատարման լիազորությունները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Հոդված 6. Վարչական մարմինների փոխադարձ օգնության պարտականությունը

1. Վարչական մարմինները պարտավոր են փոխադարձ օգնություն (այսուհետ՝ փոխոգնություն) ցուցաբերել միմյանց՝ իրենց լիազորությունների իրականացման համար:

2. Փոխօգնություն չի համարվում միմյանց նկատմամբ ենթակայության հարաբերությունների մեջ գտնվող վարչական մարմինների միջեւ օգնությունը, եթե այդպիսի օգնություն ցուցաբերելը մտնում է ստորադաս կամ վերադաս վարչական մարմնի պաշտոնական պարտականությունների մեջ:

Հոդված 7. Փոխօգնության պարտականությունից ազատելը

1. Վարչական մարմինն ազատվում է փոխօգնության պարտականությունից, եթե.

ա) հայցվող վարչական մարմնի համար ակնհայտ է հայցվող փոխօգնության կարգով ձեռնարկվող միջոցների ոչ իրավաչափ լինելը.

բ) հայցվող փոխօգնությունը ցուցաբերելու համար անհրաժեշտ գործողությունների կատարումը չի մտնում հայցվող վարչական մարմնի իրավասության մեջ.

գ) հայցվող փոխօգնությունը ցուցաբերելու համար անհրաժեշտ գործողությունների կատարումը մտնում է հայցող վարչական մարմնի իրավասության մեջ.

դ) փոխօգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները, տեղեկությունները) դասվում են օրենքով պահպանվող գաղտնիքների շարքին եւ դրանց տրամադրումը հայցող վարչական մարմնին՝ նույնիսկ տրամադրման գաղտնիությունն ապահովող եղանակով, արգելվում է օրենքով.

ե) որեւէ այլ վարչական մարմին, քան հայցվող մարմինն է, հայցվող փոխօգնությունը կարող է ցուցաբերել էապես ավելի նվազ ջանքերի գործադրմամբ.

զ) փոխօգնությունը ցուցաբերելու համար հայցվող վարչական մարմինը պետք է գործադրի այդ օգնությանը ոչ համարժեք ջանքեր.

է) հայցվող փոխօգնության ցուցաբերումը կարող է էապես խոչընդոտել հայցվող վարչական մարմնի սեփական պարտականությունների կատարմանը:

2. Հայցվող վարչական մարմինը փոխօգնություն ցուցաբերելը չի կարող մերժել սույն հոդվածի առաջին մասով չնախատեսված հիմքերով:

3. Սույն հոդվածի առաջին մասի դրույթները չեն խոչընդոտում որեւէ վարչական մարմնի՝ կամավոր հիմունքներով փոխօգնություն ցուցաբերել փոխօգնություն հայցող վարչական մարմնին, բացառությամբ առաջին մասի »ա«, »բ«, »գ« եւ »դ« կետերով նախատեսված դեպքերի:

4. Այն դեպքում, երբ հայցվող վարչական մարմինը համարում է, որ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված որեւէ հիմքով ինքն ազատված է փոխօգնության պարտականությունից, ապա նա այդ մասին պարտավոր է եռօրյա ժամկետում տեղեկացնել փոխօգնություն հայցած վարչական մարմնին: Հայցող վարչական մարմնին փոխօգություն ցուցաբերելու մերժումը կարող է վիճարկվել հայցվող վարչական մարմնի վերադաս վարչական մարմնում:

Վերադաս վարչական մարմինը սեղմ ժամկետում վերջնական որոշում է ընդունում փոխօգնությունը մերժելու վերաբելյալ վեճով եւ մերժումն անհիմն ճանաչելու դեպքում՝ հայցվող վարչական մարմնին հանձնարարում է անհապաղ ցուցաբերել հայցվող փոխօգնությունը:

Հոդված 8. Փոխօգնություն ցուցաբերելու համար հայցվող վարչական մարմնին ընտրելը

Այն դեպքում, եթե փոխօգնությունը կարող են ցուցաբերել միեւնույն համակարգի պատկանող մեկից ավելի վարչական մարմիններ, ապա հայցող վարչական մարմինը փոխօգնություն ցուցաբերելու համար պետք է ընտրի եւ դիմի այն վարչական մարմնին, որը` ըստ հայցող վարչական մարմնի, առավել արդյունավետ եւ սեղմ ժամկետում կտրամադրի անհրաժեշտ փոխօգնությունը:

Հոդված 9. Փոխօգնության կարգով ձեռնարկվող միջոցների իրավաչափությունը

1. Այն գործողության իրավաչափությունը, որը պետք է կատարվի փոխօգնություն ցուցաբերելու ընթացքում կամ արդյունքում, որոշվում է հայցող վարչական մարմնին վերաբերող իրավական ակտերին համապատասխան, իսկ փոխօգնություն ցուցաբերելու իրավաչափությունը՝ հայցվող վարչական մարմնին վերաբերող իրավական ակտերին համապատասխան:

2. Հայցող վարչական մարմինը հայցվող վարչական մարմնի առջեւ պատասխանատվություն է կրում հայցվող վարչական մարմնի՝ փոխօգնության կարգով ձեռնարկվող միջոցների իրավաչափության համար:

Հայցվող վարչական մարմինը պատասխանատվություն է կրում իր՝ փոխօգնության կարգով ձեռնարկած միջոցների իրավաչափության համար եւ կարող է հետադարձ պահանջներ ներկայացնել հայցող վարչական մարմնին, եթե հայցվող օգնության կարգով ձեռնարկված միջոցները չեն կրել ակնհայտ ոչ իրավաչափ բնույթ կամ հայցվող վարչական մարմինը չէր կարող իրազեկ լինել այդ միջոցների ոչ իրավաչափ լինելու մասին:


ԳԼՈՒԽ III.

ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 10. Վարչարարության օրինականությունը

1. Վարչական մարմինների լիազորությունները սահմանվում են օրենսդրությամբ եւ իրականացվում են օրենքի հիման վրա:

Վարչական մարմինը որեւէ հարցով համարվում է իրավասու, եթե այդ հարցը քննարկելու եւ լուծելու համար լիազորված է օրենքով:

2. Վարչական մարմիններն իրավունք չունեն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց որեւէ իրավունք տրամադրել կամ այն հետ կանչել, վերացնել կամ որեւէ այլ եղանակով ֆիզիկական կամ իրավաբանական անձին զրկել այդ իրավունքից օգտվելու հնարավորությունից, եթե դա նախատեսված չէ օրենքով, ինչպես նաեւ որեւէ պարտականություն դնել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վրա, եթե այն նախատեսված չէ օրենքով եւ պարտականություն դնելու լիազորությունը օրենքով վերապահված չէ տվյալ վարչական մարմնին:

3. Վարչական մարմիններն իրավունք ունեն միջամտել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների, ազատությունների եւ օրինական շահերի իրականացմանը՝ ընդհուպ մինչեւ միջամտող որոշումներ ընդունել, միայն օրենքով ուղղակիորեն նախատեսված հիմքերի առկայության դեպքում եւ օրենքով սահմանված ընթացակարգային երաշխիքների պահպանմամբ:

4. Վարչական մարմինները ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հանդեպ վարչական հարկադրանքի միջոցներ կարող են կիրառել միայն այդ անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգի շրջանակներում եւ բացառապես այն դեպքերում, եթե դա ուղղակիորեն նախատեսված է օրենքով:

Հոդված 11. Իրավունքի կիրառումը մերժելու արգելքը

Եթե վարչական մարմինն իրավասու է ֆիզիկական կամ իրավաբանական անձանց նկատմամբ կիրառել իրավունքի որեւէ նորմ եւ դրա կիրառումը չի հանդիսանում նրա հայեցողական լիազորությունը, ապա այդ մարմինը պարտավոր է սահմանված կամ գործի փաստական հանգամանքներով պայմանավորված ժամկետում կիրառել այն, եթե տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձը հայցում է դրա կիրառումը, կամ եթե տվյալ մարմինը օրենքի ուժով պարտավոր է կիրառել այդ նորմը:

Հոդված 12. Ձեւական պահանջները չարաշահելու արգելքը

1.Արգելվում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ծանրաբեռնել պարտականություններով՝ զուտ ձեւական պահանջների պահպանման նպատակով:

Սույն օրենքի նպատակների համար ձեւական պահանջների ներքո նկատի են առնվում այն պահանջները, որոնք օրենքով կամ դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտով սահմանված կամ նախատեսված են վարչական վարույթի իրականացման համար անհրաժեշտ դիմում, բողոք, դրանց կցվող կամ առնչվող կամ այլ փաստաթղթեր, ներառյալ՝ պետական տուրքի վճարումը հավաստող կամ այլ ապացույցներ, գործին մասնակցող անձանց ներկայացուցիչների լիազորությունները հաստատող փաստաթղթեր կազմելու եւ վարչական մարմին ներկայացնելու ձեւի կամ եղանակի, ժամկետի, վարչական վարույթին դիմողի կամ վարչական ակտի հասցեատիրոջ կամ երրորդ անձանց ներկայանալու, ներկա գտնվելու, հանդես գալու կարգի ու պայմանների, ինչպես նաեւ վարչական վարույթի իրականացման հետ կապված այլ ընթացակարգերի ձեւերի կամ եղանակների նկատմամբ։

2.Ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից ձեւական պահանջները չպահպանելը կամ ոչ պատշաճ պահպանելը չի կարող հիմք հանդիսանալ նրա կողմից հայցվող գործողության կատարումը (չկատարումը) կամ որոշման ընդունումը մերժելու համար, եթե այդ գործողությունը կարող է կատարվել (չկատարվել) կամ այդ որոշումը կարող է ընդունվել նաեւ առանց այդ պահանջների պահպանման:

Հոդված 13. Վարչական մարմինների հայեցողական լիազորությունները սահմանափակելը

Այն դեպքում, եթե որեւէ լիազորություն իրականացնելը վերապահված է վարչական մարմնի հայեցողությանը, ապա այդ լիազորությունն իրականացնելիս վարչական մարմինը չի կարող գերազանցել հայեցողության՝ օրենքով նախատեսված սահմանները եւ պարտավոր է առաջնորդվել մարդու եւ քաղաքացու՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների եւ ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ, իրավահավասարության եւ համաչափության սկզբունքներով, ինչպես նաեւ հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ:

Հոդված 14. Կամայականության արգելքը

1.Վարչական մարմիններին արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ, եթե առկա չէ դրանց տարբերակման որեւէ հիմք:

Վարչական մարմինները պարտավոր են անհատական մոտեցում ցուցաբերել էապես տարբեր փաստական հանգամանքների նկատմամբ:

2.Եթե վարչական մարմինը մի շարք հայեցողական լիազորություններ իրականացրել է միատեսակ ձեւով, ապա նման դեպքերում նա հետագայում եւս պարտավոր է իր հայեցողական լիազորությունները իրականացնել համապատասխան ձեւով:

Այդ սահմանափակումից վարչական մարմինը կարող է հրաժարվել միայն այն դեպքում, եթե նա հետագայում մտադիր է մշտապես ընդունել մեկ այլ հայեցողական որոշում:

Հոդված 15. Համաչափությունը

Վարչարարությունը պետք է համաչափ լինի դրանով հետապնդվող նպատակին՝ լինի պիտանի, անհրաժեշտ եւ չափավոր՝ վարչարարության բովանդակության, եղանակի, ժամանակի, տեղի, ինչպես նաեւ այն անձանց շրջանակի առումով, որոնց իրավունքները, ազատությունները կամ օրինական շահերը շոշափվում են վարչարարությամբ, կամ այն անձանց շրջանակի առումով, որոնք իրականացնում են այն:

Հոդված 16. Առավելագույնով ներառվում է նվազագույնը

1. Վարչական մարմիններն իրավունք չունեն ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից պահանջել կատարելու այնպիսի գործողություններ, որոնք արդեն իսկ կատարվել են այդ անձանց կողմից՝ այլ գործողությունների շրջանակներում, կամ էլ իրենց բովանդակությամբ ներառվում են կամ կարող են ներառվել այդ շրջանակների մեջ:

2. Եթե ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ վարչական մարմիններին ներկայացրած ամփոփ փաստաթղթերը (տվյալները, տեղեկությունները) իրենց մեջ ներառում են դրանց առարկային կամ նպատակին առնչվող այլ (միջանկյալ, մասնակի) փաստաթղթեր (տվյալներ, տեղեկություններ), ապա վերջիններս այլեւս չեն կարող պահանջվել լրացուցիչ կամ առանձնացված:

3. Վարչական մարմինների՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց տրված թույլտվություններն իրենց մեջ ներառում են դրանց առարկային կամ նպատակին առնչվող այլ (միջանկյալ, մասնակի) թույլտվությունները: Միջանկյալ եւ մասնակի թույլտվությունները համարվում են ամեն դեպքում տրված, եթե դրանք ներառվում են կամ կարող են ներառվել ընդհանուր (հիմնական) թույլտվության բովանդակության մեջ:

Հոդված 17. Ապացուցման պարտականությունը բաշխելը

1.Ֆիզիկական կամ իրավաբանական անձի եւ վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է՝

ա) բարենպաստ վարչարարության պայմաններում՝ տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձը՝ նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում.

բ) միջամտող վարչարարության պայմաններում՝ վարչական մարմինը` ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

2. Եթե սույն հոդվածի առաջին մասի »ա« կետով նախատեսված դեպքում վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ տվյալներին (տեղեկություններին) ֆիզիկական կամ իրավաբանական անձը կարող է իրազեկ դառնալ բացառապես տվյալ վարչական մարմնի միջոցով, ապա ապացուցման պարտականությունը դրվում է այդ վարչական մարմնի վրա:

3. Եթե սույն հոդվածի առաջին մասի »բ« կետով նախատեսված դեպքում վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ տվյալներին (տեղեկություններին) վարչական մարմինը կարող է իրազեկ դառնալ բացառապես տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձի միջոցով, ապա ապացուցման պարտականությունը դրվում է այդ անձի վրա:

Հոդված 18. Հավաստիության կանխավարկածը

1. Վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ հակառակը չի ապացուցվել վարչական մարմնի կողմից: Արգելվում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից պահանջել այդ տվյալները, տեղեկությունները հավաստող փաստաթղթեր կամ լրացուցիչ տեղեկություններ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Եթե վարչական մարմինը հիմնավոր կասկածներ ունի ֆիզիկական կամ իրավաբանական անձի ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ, ապա այն պարտավոր է ինքնուրույն եւ իր հաշվին ձեռնարկել միջոցներ՝ դրանց իսկության մեջ հավաստիանալու համար:

2. Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պատասխանատվություն են կրում վարչական մարմիններին կեղծ տվյալներ, տեղեկություններ ներկայացնելու համար:

Հոդված 19. Վարչական մարմինների որոշումների որոշակիությունը եւ հիմնավորումը

1. Վարչական մարմինների որոշումները պետք է ձեւակերպվեն հստակ եւ հասկանալի լեզվով:

Վարչական մարմինների որոշումների բովանդակությունը պետք է շարադրվի այնպես, որպեսզի դրանց հասցեատերերի համար ակնառու լինի, թե իրենց ինչ իրավունք է տրամադրվում կամ իրենց վրա ինչ պարտականություն է դրվում:

2. Վարչական մարմինների որոշումները պետք է բովանդակեն դրանցով ըստ էության լուծվող հարցերի՝ որոշմամբ ընտրված լուծման հիմնավորումը, բացառությամբ այն դեպքերի, երբ այդպիսի հիմնավորումը ակնհայտորեն բխում է որոշման տեքստից կամ երբ վարչական մարմիններն ընդունում են ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար բարենպաստ որոշում՝ նրա դիմումին համապատասխան:

Վարչական մարմիններն իրավունք չունեն ընդունել որոշումներ, որոնք չեն կարող որեւէ կերպ հիմնավորվել:

Արգելվում է վարչական մարմնի կողմից ընդունված որոշումների հիմնավորումը այդ մարմնի իրավասությանը չվերաբերող փաստարկներով:

3. Վարչական մարմինների նորմատիվ իրավական ակտերի հիմնավորումը կարող է հրապարակվել այդ մարմինների որոշմամբ:

Նորմատիվ իրավական ակտերի հիմնավորումը պետք է հրապարակվի (տրամադրվի, հաղորդվի զանգվածային լրատվության միջոցներով) առնվազն երկու զանգվածային լրատվության միջոցի կամ առնվազն երկու քաղաքական կուսակցության կամ առնվազն հինգ հասարակական կազմակերպության հայտով:

Հոդված 20. Վարչական մարմինների գույքային միջոցների տնտեսումը

Վարչական մարմինն իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է գործել այնպես, որպեսզի ապահովի իր տնօրինմանը հանձնված գույքային միջոցների առավել արդյունավետ օգտագործումն այն հաշվով, որպեսզի դա առավել սեղմ ժամկետում հանգեցնի տվյալ վարչական մարմնի գույքային դրության համար առավել բարենպաստ արդյունքի, այդուհանդերձ չխաթարելով նրա լիազորությունների իրականացումը:

Հոդված 21. Վարչարարության այլ սկզբունքներ կիրառելը

Սույն օրենքի 10-20-րդ հոդվածներով նախատեսված վարչարարության հիմնարար սկզբունքները սպառիչ չեն եւ չեն կարող արգելք հանդիսանալ վարչական մարմինների գործունեության նկատմամբ այդ սկզբունքների վրա հիմնված կամ դրանցից բխող վարչարարության այլ սկզբունքների լրացուցիչ կիրառման համար:


ԳԼՈՒԽ IV.

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՉ ԻՐԱՎԱՉԱՓ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հոդված 22. Պատասխանատվություն կրողը

1. Սույն օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի »ա« եւ »բ« կետերում նշված վարչական մարմինների՝ Հայաստանի Հանրապետության Սահմնանադրությանը կամ օրենքներին հակասող գործողությունների, անգործության եւ որոշումների համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետությունը:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի »գ« կետում նշված վարչական մարմինների՝ Հայաստանի Համրապետության Սահմնանադրությանը կամ օրենքներին հակասող գործողությունների, անգործության եւ որոշումների համար պատասխանատվություն է կրում համապատասխան համայնքը:

3. Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը սույն հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով սահմանված պատասխանատվությունը կրում է այն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց առջեւ, որոնց իրավունքները, ազատությունները կամ օրինական շահերը խախտվել են վարչական մարմինների ոչ իրավաչափ գործողություններով, անգործությամբ կամ որոշումներով:

Հոդված 23. Վարչական մարմնի ոչ իրավաչափ գործողության, անգործության եւ որոշման իրավական հետեւանքները

1. Վարչական մարմնի ոչ իրավաչափ գործողությունը, անգործությունը կամ որոշումն անվավեր է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը կամ օրենքին կամ այլ իրավական ակտին հակասող ճանաչվելու պահից, եթե սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով այլ բան նախատեսված չէ:

2. Վարչական մարմինների՝ սույն օրենքի 10-րդ հոդվածի երրորդ եւ չորրորդ մասերում ամրագրված դրույթների խախտմամբ ընդունված որոշումներն առ ոչինչ են ընդունման պահից:

Այն դեպքում, եթե վարչական մարմինները կատարել են գործողություններ՝ սույն օրենքի 10-րդ հոդվածի երրորդ եւ չորրորդ մասերում ամրագրված դրույթների խախտմամբ, պետք է վերականգնվի այն իրավական վիճակը, որը նախորդել է այդ գործողությունների կատարմանը:

3. Վարչական մարմինների՝ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքներին, ազատություններին, օրինական շահերին կամ պարտականություններին վերաբերող չհրապարակված նորմատիվ իրավական ակտերն առ ոչինչ են ընդունման պահից։

4. Վարչական մարմինների ոչ իրավաչափ վարչական ակտերի իրավական հետեւանքները որոշվում են սույն օրենքի X գլխի կանոններին համապատասխան:

5. Սույն հոդվածի առաջին, երկրորդ եւ երրորդ մասերում նախատեսված դեպքերում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատճառված վնասը, ներառյալ՝ բաց թողնված օգուտները, ենթակա է փոխհատուցման Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին համապատասխան:

Հոդված 24. Հետադարձ պահանջները

Հայաստանի Հանրապետությունը եւ համապատասխան համայնքն իրավունք ունեն ոչ իրավաչափ գործողություն կատարած, ոչ իրավաչափ կերպով այն չկատարած կամ ոչ իրավաչափ որոշում ընդունած վարչական մարմնի պաշտոնատար անձին ներկայացնել հետադարձ պահանջներ, եթե այդ որոշումն ընդունվել է, գործողությունը կատարվել է կամ չի կատարվել տվյալ պաշտոնատար անձի դիտավորության կամ կոպիտ անփութության պատճառով:
 


ԲԱԺԻՆ II.

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ

ԳԼՈՒԽ V.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 25. Վարչական վարույթի հասկացությունը

Վարչական վարույթը վարչարարության տարատեսակ է, որն ուղղված է ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար իրավունքների եւ պարտականությունների սահմանմանը, փոփոխմանը կամ վերացմանը՝ վարչական ակտ ընդունելու միջոցով։

Հոդված 26. Վարչական վարույթի փուլերը

1.Վարչական վարույթը բաղկացած է միմյանց փոխկապակցված՝ վարույթի հարուցման, ընթացիկ եւ ավարտական փուլերից:

2.Վարչական վարույթը հարուցվում է ֆիզիկական կամ իրավաբանական անձի (անձանց) դիմումի կամ վարչական մարմնի նախաձեռնության հիման վրա (հարուցման փուլ)։

3.Դիմումին կամ վարչական մարմնի նախաձեռնությանը համապատասխան, իրականացվում են վարչական գործի քննարկման հետ կապված սույն օրենքով նախատեսված գործառույթները (ընթացիկ փուլ)։

4.Վարչական վարույթը եզրափակվում է վարչական ակտի ընդունումով (ավարտական փուլ)։

Հոդված 27. Վարչական վարույթ հարուցելու հիմքերը

1. Վարչական վարույթ հարուցելու համար հիմք են.

ա) ֆիզիկական կամ իրավաբանական անձի դիմումը, եթե համապատասխան վարչական վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտի ընդունումը օրենքով պայմանավորվում է այդպիսի դիմումով.

բ) վարչական ակտի բողոքարկման դեպքում` բողոքը.

գ) վարչական մարմնի նախաձեռնությունը:

2. Սույն հոդվածի առաջին մասի »ա« եւ »գ« կետերով նախատեսված դեպքերում կիրառվում են սույն բաժնի համապատասխան դրույթները, իսկ »բ« կետով նախատեսված դեպքում` սույն օրենքի III բաժնի դրույթները։

Հոդված 28. Վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը եւ օբյեկտիվությունը

1.Վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննարկումը, բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ կողմի եւ երրորդ անձանց օգտին առկա հանգամանքները:

2.Վարչական մարմինն իրավունք չունի մերժելու վարչական վարույթին մասնակցող անձանց ներկայացրած այն դիմումներն ու միջնորդությունները, որոնց քննարկումը մտնում է իր իրավասության մեջ, սակայն որոնք հետագայում կարող են դիտվել իբրեւ անհիմն կամ տվյալ գործին չվերաբերող։

Հոդված 29. Վարչական մարմնի արագ գործելու պարտականությունը

Վարչական վարույթը պետք է իրականացվի ըստ հնարավորին սեղմ ժամկետում:

Եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, պարզաբանված եւ ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտ ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո ողջամիտ ժամկետում, չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն։

Հոդված 30. Վարչական վարույթի կողմերը եւ երրորդ անձինք

1. Վարչական վարույթում որպես նրա պարտադիր կողմ հանդես է գալիս այն վարչական մարմինը, որը վարույթի արդյունքում ընդունելու է համապատասխան վարչական ակտը։ Այն հանդես է գալիս որպես վարչական վարույթ իրականացնող կողմ։

Վարչական վարույթում որպես մյուս կողմ հանդես է գալիս այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որին հասցեագրված է լինելու ընդունվելիք վարչական ակտը` վարչական մարմնին դիմում ներկայացրած անձը, իսկ վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու դեպքում` վարչական ակտի հասցեատերը։

2. Վարչական վարույթում` երրորդ անձի կարգավիճակով, կարող են հանդես գալ նաեւ այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, որոնց իրավունքները կամ օրենքով պաշտպանվող շահերը կարող են շոշափվել վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտով։

Հոդված 31. Այլ անձինք վարչական վարույթում

Վարչական վարույթում կարող են հանդես գալ նաեւ այլ անձինք՝ վկաները, փորձագետը, մասնագետը, թարգմանիչը, ինչպես նաեւ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների (այսուհետ՝ այլ մարմիններ) ներկայացուցիչները։

Հոդված 32. Ներկայացուցչությունը վարչական վարույթում

1. Վարչական վարույթում որպես կողմի` դիմողի (ակտի հասցեատիրոջ) կամ երրորդ անձի ներկայացուցիչներ կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով լիազորված անձինք, այդ թվում` փաստաբաններ։

Անչափահաս կողմին` դիմողին (ակտի հասցեատիրոջը), կամ երրորդ անձին վարչական վարույթում ներկայացնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նրանց օրինական ներկայացուցիչներ համարվող անձինք։

2. Լիազորված անձինք կամ օրինական ներկայացուցիչները վարչական մարմնի պահանջով պարտավոր են ներկայացնել լիազորագիրը կամ օրինական ներկայացուցիչ համարվելու հանգամանքը հաստատող փաստաթուղթը։

3. Օրենքով սահմանված դեպքերում լիազորագրի գործողությունը դադարելիս, այդ մասին վարչական վարույթ իրականացնող մարմինը պետք է գրավոր տեղեկացվի լիազորողի կամ լիազորված անձի միջոցով։

4. Վարչական վարույթում կողմը` դիմողը (ակտի հասցեատերը) եւ երրորդ անձը կարող են մասնակցել ինքնուրույն, իրենց ներկայացուցիչների միջոցով կամ նրանց հետ միասին, բացառությամբ սույն օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված դեպքերի։

5. Վարչական մարմինը վարչական վարույթում հանդես է գալիս այդ մարմնի ղեկավարի, նրա տեղակալի կամ այդ մարմնի այլ պաշտոնատար անձի, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ կոլեգիալ մարմնի միջոցով։

6. Վարչական վարույթում վկան, փորձագետը, մասնագետը, թարգմանիչը եւ այլ մարմինների ներկայացուցիչները կարող են հանդես գալ միայն անմիջականորեն։

Հոդված 33. Իրավունքները եւ պարտականությունները վարչական վարույթում

Վարչական վարույթում կողմերի, երրորդ անձանց, վկայի, փորձագետի, մասնագետի, թարգմանչի, ինչպես նաեւ այլ մարմինների ներկայացուցիչների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենքով եւ հատուկ օրենքներով։

Հոդված 34. Վարչական վարույթի մասին ծանուցելու պարտականությունը

1.Վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինը դիմողին (ակտի հասցեատիրոջը), երրորդ անձանց կամ նրանց ներկայացուցիչներին նախօրոք ծանուցում է վարչական վարույթի մասին։ Այդ նպատակով վարչական մարմինը նշված անձանց, անհրաժեշտության դեպքում` նաեւ վկային, փորձագետին, մասնագետին, թարգմանչին եւ այլ մարմինների ներկայացուցիչներին ծանուցում է վարույթի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների անցկացման տեղի, օրվա, ժամի եւ այլ պայմանների մասին։

2.Դիմողի (ակտի հասցեատիրոջ) կամ երրորդ անձի դիմումի հիման վրա, վարչական մարմինը ծանուցման հետ միասին պարտավոր է նրանց ուղարկել նաեւ ընդունման ենթակա վարչական ակտի նախագիծը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ընդունվելիք վարչական ակտով ակնկալվող պարտադիր կատարման ենթակա գործողության կամ ենթադրվող գործողությունների (անգործության) նկարագրությունը։

Հոդված 35. Վարչական վարույթի վերաբերյալ գործերի մատչելիությունը

1. Վարչական վարույթի վերաբերյալ գործերի մասին տեղեկությունները վարչական մարմինը տրամադրում է դիմողին (ակտի հասցեատիրոջը) եւ երրորդ անձանց: Այլ անձանց այդ տեղեկությունները կարող են տրամադրվել դիմողի (ակտի հասցեատիրոջ) կամ երրորդ անձի համաձայնությամբ, կամ առանց այդպիսի համաձայնության, եթե օրենքը դրանց հետ ծանոթանալու իրավունք է վերապահում որոշակի այլ անձանց։

2. Տեղեկությունները պետք է տրամադրվեն համապատասխան դիմումը ներկայացնելու օրվանից երեք օրվա ընթացքում:

Տեղեկություններ հայցող անձի դիմումով վարչական վարույթի վերաբերյալ գործերի նյութերից կարող են հանվել պատճեններ, լուսապատճեններ, քաղվածքներ։

3. Տեղեկություններ տրամադրելիս, վարչական մարմինը պարտավոր է պահպանել պետական եւ ծառայողական գաղտնիքը, ինչպես նաեւ օրենքով պահպանվող այլ գաղտնիքները, իսկ այդպիսի գաղտնիքներ տրամադրելիս, պահպանել օրենքով սահմանված կարգն ու պայմանները։

Հոդված 36.Բացարկ հայտնելը

1. Դիմողը (ակտի հասցեատերը) եւ երրորդ անձինք կարող են գրավոր բացարկ հայտնել վարչական վարույթն իրականացնող պաշտոնատար անձին, իսկ օրենքով նախատեսված դեպքերում կոլեգիալ կազմով վարչական վարույթ իրականացնելիս՝ կոլեգիալ կազմի ցանկացած անդամին։

Բանավոր բացարկը չի ընդունվում։

2. Բացարկի վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ոչ ուշ, քան բացարկ հայտնելու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվա ընթացքում։

Բացարկի վերաբերյալ որոշումն ընդունում է այն պաշտոնատար անձի անմիջական ղեկավարը, որի նկատմամբ բացարկ է հայտնվել, իսկ կոլեգիալ կազմով վարչական վարույթ իրականացնելու դեպքում՝ կոլեգիալ կազմի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։

Բացարկի վերաբերյալ ղեկավարի որոշումը կարող է բողոքարկվել նրա անմիջական ղեկավարին, որը պարտավոր է բողոքի վերաբերյալ անհապաղ ընդունել վերջնական որոշում:

3. Եթե օրենքը հիմքեր է նախատեսում վարչական մարմնի ղեկավարի ինքնաբացարկի համար, ապա ղեկավարը պարտավոր է այդ հիմքերի առկայության դեպքում ինքնաբացարկ հայտնել։ Այդ դեպքում նրա փոխարեն վարչական վարույթն իրականացնում է օրենքով նշված պաշտոնատար անձը, իսկ օրենքով համապատասխան պաշտոնատար անձ նշված չլինելու դեպքում՝ ինքնաբացարկ հայտնած ղեկավարի տեղակալը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` ղեկավարին փոխարինելու լիազորություն ունեցող այլ պաշտոնատար անձը։

Եթե բացարկ է բերվել վարչական մարմնի ղեկավարի նկատմամբ եւ նրա կողմից ինքնաբացարկ հայտնելու հնարավորություն օրենքով նախատեսված չէ, ապա այդ դեպքում նույնպես ղեկավարի փոխարեն վարչական վարույթն իրականացնում է նրա տեղակալը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` ղեկավարին փոխարինելու լիազորություն ունեցող այլ պաշտոնատար անձը։

Սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերում ղեկավարի բացարկի վերաբերյալ որոշումն ընդունում է ղեկավարն ինքը։

4.Պաշտոնատար անձի դեմ հայտնված բացարկը ենթակա է բավարարման, եթե այդ անձը.

ա) տվյալ գործում անձնական շահագրգռվածություն ունի.

բ) դիմողի (ակտի հասցեատիրոջ) կամ երրորդ անձանցից որեւէ մեկի հետ ազգակցական, ամուսնական կամ խնամիական կապ ունի։ Ընդ որում, ամուսնալուծված լինելը շահագրգռվածության հանգամանքը չի վերացնում.

գ) տվյալ գործով դիմողի (ակտի հասցեատիրոջ) կամ երրորդ անձի որեւէ մեկի ներկայացուցիչ է կամ վարույթի իրականացման ընթացքում կամ երբեւէ գործել է ի շահ նշված անձանցից որեւէ մեկի.

դ) գործի քննարկման ընթացքում ի հայտ են եկել այլ հանգամանքներ, որոնք վկայում են այն մասին, որ նա գործի նկատմամբ կարող է կողմնակալ վերաբերմունք ունենալ։

5.Բացարկի վերաբերյալ ընդունված որոշման մասին պետք է տեղեկացվեն դիմողը (ակտի հասցեատերը) եւ երրորդ անձինք։

Հոդված 37. Դիմողին (ակտի հասցեատիրոջը) եւ երրորդ անձանց լսելը

1. Վարչական վարույթի ընթացքում վարչական մարմինը պարտավոր է դիմողին (ակտի հասցեատիրոջը) եւ երրորդ անձանց կամ նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտելու իրենց կարծիքները վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ, ինչպես նաեւ ներկայացնելու վկաներ, անկախ փորձագետներ, մասնագետներ, լրացուցիչ փաստաթղթեր, գործին անմիջականորեն վերաբերող այլ նյութեր, հարուցել միջնորդություններ:

2. Լսումներ կարող են չանցկացվել, եթե.

ա) վարչական վարույթի արդյունքում ընդունվելու է բարենպաստ վարչական ակտ, որը չի միջամտում այլ անձանց իրավունքների իրականացմանը եւ վարչական ակտի հասցեատերը չի պնդում լսումներ անցկացնելու վրա.

բ) անհրաժեշտություն է առաջանում անհապաղ ընդունել վարչական ակտ, քանի որ հապաղումը կարող է անխուսափելիորեն հանգեցնել հանրության համար որեւէ վտանգի առաջացմանը.

գ) ընդունվում է բանավոր կամ առարկայական վարչական ակտ:

Հոդված 38. Իրավաբանական եւ տեխնիկական օգնություն ցույց տալը

1. Վարչական մարմինը պարտավոր է` համապատասխան դիմումի դեպքում, հայցվող հարցի կապակցությամբ անհապաղ անվճար իրավաբանական օգնություն ցույց տալ դիմողին (ակտի հասցեատիրոջը) եւ երրորդ անձանց, այդ թվում` պարզաբանումներ տալ տվյալ վարչական վարույթի հետ կապված նրանց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ։ Իրավաբանական օգնությունը արտահայտվում է նաեւ դիմումի եւ դրան կից ներկայացվող փաստաթղթերի ձեւակերպմանն օժանդակելու, իսկ հնարավորություն դեպքում` դրանք կազմելու մեջ:

2. Վարչական մարմինը պարտավոր է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար պայմաններ ստեղծել` տվյալ վարչական մարմնի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերին, ինչպես նաեւ այդ մարմնի գործունեությանն առնչվող օրենքներին եւ այլ իրավական ակտերին ծանոթանալու նպատակով:

Հոդված 39. Վարչական վարույթի վերաբերյալ գործում առկա փաստաթղթերի թերությունները վերացնելը

1. Ներկայացրած փաստաթղթերում սխալներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում, վարչական մարմինը պարտավոր է այդ փաստաթղթերը ներկայացնողներին մատնացույց անել դրանց վրա՝ շտկելու նպատակով, ինչպես նաեւ՝ նրանց ներկայությամբ, ինքնուրույն ուղղել ներկայացված փաստաթղթերում առկա ակնհայտ սխալները, վրիպակները:

Վարչական մարմինն իրավունք չունի չընդունել սույն մասում նշված փաստաթղթերը զուտ այն պատճառով, որ դրանք պարունակում են նման սխալներ կամ վրիպակներ։

2. Սույն հոդվածի առաջին մասի դրույթները չեն կիրառվում փաստաթղթերում տեղ գտած այնպիսի սխալներ, վրիպակներ շտկելու կամ այլ թերություններ վերացնելու նկատմամբ, որի իրավունքը օրենքով վերապահված է այդ փաստաթղթերն ընդունած կամ տված մարմիններին։

Հոդված 40. Փորձագետ կամ մասնագետ նշանակելը, զննում կատարելը

1. Եթե փաստական հանգամանքների քննարկման համար անհրաժեշտություն է առաջանում նշանակել փորձագետ կամ մասնագետ, ապա վարչական մարմինն այդ հարցով դիմում է համապատասխան կազմակերպության ղեկավարին կամ համապատասխան անձին՝ այդ մասին ծանուցելով դիմողին (ակտի հասցեատիրոջը) եւ երրորդ անձանց։

2.Որպես փորձագետ կամ մասնագետ կարող է նշանակվել համապատասխան բնագավառի գիտելիքների տիրապետող անձը։

Փորձաքննական կամ մասնագիտական ուսումնասիրության արդյունքներով փորձագետը ներկայացնում է եզրակացություն, իսկ մասնագետը՝ կարծիք։

3. Փորձագիտական կամ մասնագիտական ուսումնասիրությունը կատարելիս, դիմողի (ակտի հասցեատիրոջ) եւ երրորդ անձանց խնդրանքով, վերջիններս կարող են ներկա գտնվել փորձագետի կամ մասնագետի կողմից կատարվող գործողություններին (եթե դա չի խանգարում փորձագետի կամ մասնագետի աշխատանքներին)՝ նրանց ներկայացնելով անհրաժեշտ լրացուցիչ փաստաթղթեր եւ այլ նյութեր։

4. Վարչական մարմնի, դիմողի (ակտի հասցեատիրոջ) կամ երրորդ անձանց պահանջով փորձագետը եւ մասնագետը պետք է լրացուցիչ պարզաբանումներ տան փորձագիտական եզրակացության կամ մասնագիտական կարծիքի վերաբերյալ:

5. Անհրաժեշտություն դեպքում, վարչական մարմինը կարող է նշանակել նաեւ տեղանքի, որեւէ օբյեկտի կամ առարկայի զննում` դրան մասնակից դարձնելով դիմողին (ակտի հասցեատիրոջը) եւ երրորդ անձանց։

Հոդված 41. Ապացույցները վարչական վարույթում

1. Վարչական վարույթում վարչական մարմինը որպես ապացույց գնահատում է գործում առկա փաստաթղթերը, նյութերը, իրերը, բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, մասնագիտական կարծիքները, ինչպես նաեւ այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի եւ անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման եւ գնահատման համար։

Վարչական մարմինը կարող է որոշում ընդունել ներկայացված ապացույցները գործում ներգրավելու կամ մերժելու մասին։

2. Վարչական մարմինն իրավունք չունի պահանջել ներկայացնել այնպիսի փաստաթղթեր կամ դրանց նոտարական կամ այլ կարգով վավերացված պատճեններ, որոնց ներկայացնելը կամ համապատասխան վավերացմամբ ներկայացնելը նախատեսված չէ օրենքով:

Վարչական մարմինն իրավունք չունի նաեւ պահանջել ներկայացնել գործում առկա պաշտոնական փաստաթղթի բովանդակությունը հաստատող ապացույց։

3. Դիմողի (ակտի հասցեատիրոջ) կամ երրորդ անձանց պահանջով վարչական մարմինը պարտավոր է տալ իր բացատրությունները եւ պարզաբանումները նրանց կողմից ներկայացված եւ գործում առկա այլ ապացույցների գնահատման վերաբերյալ։

Հոդված 42. Վարչական վարույթի ժամկետները

1. Վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է։ Օրենքով կարող են նախատեսվել հատուկ` 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ։

2. Վարչական վարույթի ժամկետը սկսվում է համապատասխան վարչական ակտ ընդունելու վերաբերյալ դիմումը տվյալ վարչական մարմնում սահմանված կարգով մուտքագրելու օրվանից, ներառյալ` փոստով կամ օրենքով նախատեսված դեպքերում կապի այլ միջոցների օգտագործմամբ առաքելու դեպքերը, իսկ վարչական մարմնի նախաձեռնությամբ ընդունվելիք վարչական ակտերի համար` նախաձեռնության օրվանից։

3. Սույն օրենքով նախատեսված ժամկետները հաշվարկվում են օրացուցային օրերով։

Եթե ժամկետը լրանում է ոչ աշխատանքային օրը, ապա ժամկետը ավարտված է համարվում այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվա ժամը 18:00-ին։

Հոդված 43. Վարչական վարույթի ժամկետը երկարացնելը

1.Վարչական վարույթի ժամկետը կարող է երկարացվել, եթե.

ա) գործի քննարկման համար էական համարվող հանգամանքներ պարզելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել կամ դրանք սույն օրենքին համապատասխան պարտավոր է ներկայացնել դիմողը եւ վարչական վարույթի մնացած ժամկետում հնարավոր չէ ըստ էության որոշում ընդունել.

բ) վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինը դիմել է այլ մարմնի` գործով փորձագետ կամ մասնագետ նշանակելու խնդրանքով եւ փորձագետական եզրակացություն կամ մասնագիտակ կարծիք տալու համար անհրաժեշտ է ավելի մեծ ժամանակ, քան վարչական վարույթի համար օրենքով նախատեսված ժամկետը.

գ) դիմումը ներկայացնելուց հետո` մինչեւ դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունելը, փոխվել է դիմում ներկայացրած անձի կարգավիճակը, որն էական նշանակություն ունի վարչական վարույթի համար.

դ) վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ եւ արդեն ընդունված նախնական վարչական ակտը սահմանված կարգով բողոքարկվել է եւ վարչական մարմնի համար ակնհայտ է, որ վարույթի ժամկետի երկարացման ընթացքում բողոքարկված ակտի վերաբերյալ համապատասխան վարչական մարմինը որոշում կընդունի.

ե) վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ է ընդունել նախնական վարչական ակտ (սույն օրենքի 61-րդ հոդված).

զ) գործի առանձին բարդության ժամանակ, որի հետեւանքով հնարավոր չէ սույն օրենքով սահմանված ժամկետում ընդունել համապատասխան վարչական ակտ։

2. Սույն հոդվածի առաջին մասի »ա« եւ »գ« կետերով նախատեսված դեպքերում վարչական վարույթի ժամկետը կարող է երկարացվել մինչեւ 10 օր ժամկետով։ Այդ դեպքում թույլատրվում է մինչեւ երկու անգամ երկարացում` հիշյալ ժամկետի պահպանումով։

Սույն հոդվածի առաջին մասի »բ« կետով նախատեսված դեպքում վարչական վարույթի ժամկետը կարող է երկարացվել մինչեւ համապատասխան փորձագիտական եզրակացությունը կամ մասնագիտական կարծիքն ստնալը։

Սույն հոդվածի առաջին մասի »դ« կետով նախատեսված դեպքերում վարչական վարույթի ժամկետը կարող է երկարացվել մինչեւ բողոքարկված վարչական ակտի վերաբերյալ իրավասու մարմնի կողմից ընդունված որոշումն ուժի մեջ մտնելը, բայց 10 օրից ոչ ավելի։

Սույն հոդվածի առաջին մասի »ե« եւ »զ« կետերով նախատեսված դեպքերում վարչական վարույթի ժամկետը կարող է երկարացվել մինչեւ 30 օր ժամկետով։

3. Եթե վարչական վարույթի ժամկետի երկարացման համար առաջացել են սույն հոդվածի առաջին մասով նախատեսված մեկից ավելի հիմքեր, ապա վարչական մարմինը կիրառում է միայն մեկը, որն ավելի մեծ հնարավորություններ է ընձեռում վարույթն արագ եւ արդյունավետ իրականացնելու եւ ըստ էության որոշում ընդունելու համար։

4.Վարչական վարույթի ժամկետը երկարացնելու վերաբերյալ վարույթն իրականացնող վարչական մարմինն ընդունում է որոշում, որի մասին սահմանված կարգով պետք է ծանուցի վարույթին մասնակցող կողմին, երրորդ անձանց կամ նրանց օրինական ներկայացուցիչներին, ինչպես նաեւ այլ անձանց ։

5. Վարչական վարույթի երկարացման մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենքով սահմանված կարգով։

Հոդված 44. Վարչական վարույթը կասեցնելը

1.Վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինը պարտավոր է կասեցնել այն, եթե.

ա) անհնարին է տվյալ վարույթի արդյունքում ակնկալվող վարչական ակտի ընդունումը մինչեւ սահմանադրական, քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով որոշում կայացնելը.

բ) վարույթին չի ներկայացել ապագա վարչական ակտի հասցեատերը, իսկ օրենքը բացառում է առանց նրա ներկայության համապատասխան վարչական ակտի ընդունումը.

գ) վարչական ակտի ընդունումը հնարավոր է միայն այդ ակտի ապագա հասցեատիրոջն ի հայտ բերելու դեպքում:

2.Վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինը կարող է կասեցնել այն, եթե.

ա) վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտի հասցեատերը բացակայում է եւ վարչական մարմինը՝ նախքան վարչական ակտի ընդունումը, անհրաժեշտ է համարում նրա ներկայությունը՝ վարույթին առնչվող որոշ կարեւոր հանգամանքներ նրանից պարզելու համար.

բ) ընդունվելիք վարչական ակտի ապագա հասցեատեր իրավաբանական անձը վերակազմակերպվում է.

գ) օրենքով նախատեսված այլ դեպքերում։

3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում վարչական վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո։

Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերում վարչական վարույթը վերսկսվում է դրա կասեցման հիմք հանդիսացած հանգամանքների վերանալուց հետո, բաց ոչ ուշ, քան կասեցման մասին որոշում ընդունելու օրվանից 60 օր հետո։

4. Վարչական վարույթի կասեցման վերաբերյալ վարչական մարմինն ընդունում է որոշում, որը եռօրյա ժամկետում ուղարկվում է դիմողին (ակտի հասցեատիրոջը) եւ երրորդ անձին (անձանց):

Վարչական վարույթի կասեցման մասին որոշումը կարող է ընդունվել վարույթի իրականացման ցանկացած փուլում։

5. Վարչական վարույթի կասեցման մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենքով սահմանված կարգով։

Հոդված 45. Վարչական վարույթը կարճելը

1.Դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե.

ա) դիմողը իր գրավոր դիմումով հրաժարվում է համապատասխան վարչական ակտի ընդունումից.

բ) գոյություն ունի միեւնույն անձի, միեւնույն առարկայի վերաբերյալ եւ միեւնույն հիմքերով ուժի մեջ մտած վարչական կամ դատական ակտ.

գ) դատարանի վարույթում գտնվում է միեւնույն անձանց միջեւ, միեւնույն առարկայի վերաբերյալ եւ միեւնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործ.

դ) փոխվել է դիմողի կարգավիճակը, որն՝ օրենքի ուժով, բացառում է դիմումով հայցվող վարչական ակտի ընդունումը.

ե) անձանց ընդունելության կապակցությամբ կազմված արձանագրության հիման վրա հարուցված վարչական վարույթում (սույն օրենքի 49-րդ հոդվածի երկրորդ մասի համապատասխան), եթե վարույթն առնչվում է դիմումի հիման վրա վարչական ակտ ընդունելու դեպքերին, որպես կողմ հանդես եկող անձը օրենքով պարտադիր համարվող լրացուցիչ փաստաթղթերը չի ներկայացրել արձանագրությունը ստորագրելու (հաստատելու) օրվանից հետո 10-օրյա ժամկետում։

2. Վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե.

ա) անձը, որին հասցեագրված է լինելու վարչական ակտը, վերացրել է օրենքի կամ այլ իրավական ակտի պահանջների խախտումները կամ պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ եւ նման դեպքերում օրենքը չի պահանջում վարչական ակտի ընդունում՝ այդ խախտումների վերաբերյալ.

բ) օրենքի կամ այլ իրավական ակտի պահանջների խախտումների կամ դրանց կանխման հետ չկապված հարցով իրավիճակի փոփոխման կամ օրենքով նախատեսված այլ հիմքով վերացել է վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը։

3. Վարչական վարույթի կարճման վերաբերյալ վարչական մարմինն ընդունում է որոշում, որը եռօրյա ժամկետում ուղարկվում է դիմողին (ակտի հասցեատիրոջը) եւ երրորդ անձանց:

4. Վարչական վարույթի կարճման դեպքում նույն հարցով վարույթի վերսկսում եւ համապատասխան վարչական ակտի ընդունում չի թույլատրվում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։

5. Վարչական վարույթի կարճման մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենքով սահմանված կարգով։

Հոդված 46. Վարչական վարույթի իրականացման լեզուն

1. Վարչական վարույթն իրականացվում եւ վարչական ակտն ընդունվում է հայերեն լեզվով։

2. Օրենքով սահմանված կարգով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների լեզուներին տիպապետող անձինք վարչական վարույթի իրականացման համար դիմումը եւ դրան կից փաստաթղթերը կարող են ներկայացնել համապատասխան փոքրամասնության լեզվով։ Այդ դեպքում վարչական մարմինը պահանջում է ներկայացնել փաստաթղթերի թարգմանությունները հայերեն լեզվով:

3. Վարչական վարույթի իրականացման հետ կապված փաստաթղթերը կազմվում եւ մնացած ողջ գործավարությունը տարվում է հայերեն լեզվով։

Վարչական վարույթի արդյունքում ընդունվելիք վարչական ակտի հիմք չհանդիսացող կամ էական նշանակություն չունեցող փաստաթղթերը դիմողը (ակտի հասցեատերը) եւ երրորդ անձինք կարող են ներկայացնել այլ լեզվով, սակայն օրենքով սահմանված կարգով հաստատված հայերեն թարգմանված տեքստի հետ միասին։ Եթե վարույթի մասնակցները փաստաթղթեր են ներկայացրել այլ լեզվով, ապա վարչական մարմնի պահանջով նրանք պարտավոր են ներկայացնել նաեւ դրանց հայերեն թարգմանությունները։

4. Վարչական վարույթի իրականացման ընթացքում թույլատրվում է մասնակիցների եւ երրորդ անձանց կողմից օտար լեզուների օգտագործումը։ Այդ անձինք պարտավոր են իրենց կողմից ներկայացրած թարգմանչի միջոցով ապահովել հայերեն թարգմանություն, եթե վարչական մարմինն ինքը հնարավորություն չունի այդպիսի թարգմանություն ապահովել։

Հոդված 47. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը վարելը եւ հաշվառելը

1. Վարչական վարույթի վերաբերյալ վարչական մարմինը կազմում է առանձին գործ, որում պահվում են տվյալ վարույթին առնչվող բոլոր փաստաթղթերը, այդ թվում` վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտը (դրա հաստատված պատճենը)։

Վարչական մարմինը միաժամանակ վարում է վարչական վարույթի գործերի ժամանակագրական եւ առարկայական հաշվառման գրանցամատյաններ, ինչպես նաեւ առանձին գրանցամատյան` վարչական վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտերի հաշվառման համար։

2. Վարչական վարույթի վերաբերյալ գործերի եւ դրանց հաշվառման գրանցամատյանների, ինչպես նաեւ վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանի վարման կարգն ու պայմանները սահմանում է վարչական մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված օրինակելի կարգի հիման վրա։

3. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը պահպանվում են օրենսդրությամբ սահմանված գործավարության կանոններին համապատասխան եւ օրենքով սահմանված կարգով ենթակա են հանձնման արխիվ։

4. Բանավոր եւ առարկայական վարչական ակտեր ընդունելու վերաբերյալ գործերի վարում եւ հաշվառում չի իրականացվում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ ։

Հոդված 48. Գիտելիքների ստուգում պահանջող վարույթի առանձնահատկությունները

1. Այն դեպքում, երբ դիմումի հիման վրա իրականացվող վարչական վարույթի ընթացքում պետք է կատարվի գիտելիքների ստուգում, ապա վարչական մարմինը պարտավոր է դիմողին գիտելիքների ստուգումից առնվազն մեկ ամիս առաջ տեղեկացնել այդպիսի ստուգում անցկացնելու տեղի եւ ժամանակի, ինչպես նաեւ դրա կարգի եւ պայմանների մասին, որպեսզի դիմողը բավարար ժամանակ ունենա ծանոթանալու դրանց եւ նախապատրաստվի ստուգման անցկացմանը։

Դիմողը պետք է պատշաճ ժամկետում նախապես տեղեկացվի նաեւ քննությունների կամ թեստերի մեջ ներառնվելիք հարցերի շրջանակի մասին։

2.Գիտելիքների ստուգումը կարող է իրականացվել քննությունների, հարցազրույցների անցկացման կամ թեստերի լրացման եղանակով։

3. Քննություն, հարցաձրույց կամ թեստ անցկացնելու ընթացքում, դիմողին կարող է հնարավորություն տրվել օգտվելու մասնագիտական գրականությունից, օրենքներից եւ այլ իրավական ակտերից։ Հարցազրույցի դեպքում դիմողը նման հնարավորությունից չի օգտվում:

4. Քննությունը կամ թեստը անցկացվում է գրավոր եղանակով կամ տեխնիկական սարքերի միջոցով։ Օրենքով նախատեսված դեպքերում քննությունը կարող է անցկացվել նաեւ բանավոր։

5.Քննությունը կամ թեստը պետք է անցկացվի հատուկ հանձնաժողովի կողմից, որը դրանց արդյունքներով գնահատականներ է նշանակում։ Տեխնիկական սարքերի օգնությամբ ստացված գնահատականների վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը կամ որոշումը ենթակա է հաստատման վարչական վարույթն իրականացնող վարչական մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինողի կողմից, եթե ղեկավարը կամ նրան փոխարինողը չի հանդիսանում այդ հանձնաժողովի նախագահ: Օրենքով կարող է նախատեսվել այլ կարգ:

6. Դիմումը եւ դրան կից փաստաթղթերը պետք է անձամբ ներկայացնի դիմողը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաեւ նրա լիազոր ներկայացուցիչը։

Վարչական մարմինը դիմողին քննության, հարցազրույցի կամ թեստի առնչությամբ օգնություն չի ցուցաբերում:

Քննությանը, հարցազրույցին կամ թեստին դիմողը պետք է մասնակցի անձամբ։

Հոդված 49. Ընդունելություն կազմակերպելը

1. Վարչական մարմինը ոչ ուշ, քան ամիսը մեկ անգամ, կազմակերպում է անձանց ընդունելություն` վարելով ընդունելությունների գրանցամատյան։

2.Եթե ընդունելության ընթացքում առաջադրված հարցերն ուղղակիորեն վերաբերում են տվյալ վարչական մարմնի իրավասությանը, ապա վարչական մարմինը դրանց վերաբերյալ կազմում է արձանագրություն` նշելով առաջադրված հարցը եւ դրան վարչական մարմնի կողմից տրված լուծումը կամ այն միջոցառումները, որոնք վարչական մարմինը պարտավոր է կամ նախատեսում է իրականացնել այդ կապակցությամբ։

3.Ընդունելության օրերի, ժամերի եւ ընդունելություն անցկացնող պաշտոնատար անձանց վերաբերյալ տեղեկությունները վարչական մարմինը պարտավոր է մատչելի տեղում եւ ձեւով հայտնի դարձնել հանրությանը։

Հոդված 50. Վարչական վարույթն արձանագրելը

1. Եթե գործի քննարկումը կատարվում է դիմողի (ակտի հասցեատիրոջ), երրորդ անձանց, ինչպես նաեւ վկաների, փորձագետի, մասնագետի, թարգմանչի, այլ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, ապա վարչական մարմինը արձանագրում է քննարկումները:

2.Արձանագրությունը պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները.

ա) վարույթն իրականացնող վարչական մարմնի անվանումը.

բ) վարույթն իրականացնելու վայրը, տարին, ամիսը, ամսաթիվը.

գ) սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց անունը եւ ազգանունը՝ տվյալ գործում նրանց կարգավիճակի (դիմող, երրորդ անձ, վկա եւ այլն) նշումով.

դ) քննարկվող հարցի բովանդակությունը.

ե) դիմողի (ակտի հասցեատիրոջ), երրորդ անձանց եւ վարույթում հանդես եկող այլ անձանց ելույթների համառոտ շարադրանքը.

զ) ընդունված որոշման եզրափակիչ մասը։

Արձանագրությունը կարող է պարունակել նաեւ լրացուցիչ տեղեկություններ։

3. Եթե քննարկումը կատարվել է ընդմիջումներով կամ ընդհատումներով, ապա պետք է նշվեն նաեւ ընդմիջման կամ ընդհատման վերաբերյալ տեղեկությունները։ Մի քանի քննարկումներ անցկացնելու դեպքում դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ կազմվում է առանձին արձանագրություն։ Արձանագրությանը կարող են կցվել հավելվածներ, այդ թվում` գործում առկա բոլոր փաստաթղթերի ցանկը` ըստ դրանք ներկայացրած վարույթի մասնակիցների։

ԳԼՈՒԽ VI.

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

Հոդված 51. Դիմումի ընդունումը

1. Դիմումի հիման վրա իրականացվող վարչական վարույթը հարուցվում է դիմումը վարչական մարմնում մուտքագրելու օրը։

2. Դիմումն ընդունելիս վարչական մարմինը պարտավոր է ստուգել դիմումի համապատասխանությունը սույն օրենքի 52-րդ հոդվածի պահանջներին:

Եթե դիմումը չի համապատասխանում սույն օրենքի 52-րդ հոդվածի պահանջներին, ապա վարչական մարմինը դիմողին առաջարկում է այն համապատասխանեցնել դրանց:

3. Դիմումը ենթակա է տվյալ վարչական մարմնում սահմանված կարգով մուտքագրման, հաշվառման եւ ըստ կատարողների բաշխման։

Հոդված 52. Դիմումին ներկայացվող ընդհանուր պահանջները

1. Վարչական մարմնին դիմումը ներկայացվում է գրավոր եւ պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները.

ա) դիմողի անունը եւ ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` նրա լրիվ անվանումը.

բ) դիմողի հասցեն (իրավաբանական անձի գտնվելու վայրը).

գ) այն վարչական մարմնի անվանումը, որին ներկայացվում է դիմումը.

դ) դիմումով ներկայացվող պահանջը (դիմումի առարկան).

ե) դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են).

զ) դիմումի ներկայացման տարին եւ ամսաթիվը.

է) դիմողի ստորագրությունը, իսկ իրավաբանական անձի դեպքում` նրա ներկայացուցչի ստորագրությունը, իրավաբանական անձի կնիքը.

ը) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը (եթե այդպիսիք ներկայացվում են)։

Եթե դիմումի առնչությամբ ընդունվելիք վարչական ակտի համար օրենքով նախատեսվում է պետական տուրքի կամ այլ պարտադիր վճարում, ապա պետք է ներկայացվի նաեւ վճարման կատարումը հավաստող ապացույց։

2. Վարչական մարմնում սույն օրենքի 49-րդ հոդվածով սահմանված կարգով իրականացվող ընդունելության արձանագրությունը սույն օրենքի իմաստով համարվում է դիմում, եթե դրանում առկա են սույն հոդվածի առաջին մասի »ա«, »բ« եւ »դ« կետերով նախատեսված տեղեկությունները, եւ օրենքը չի պահանջում, որ դիմումը ներկայացվի սույն հոդվածի առաջին մասի մյուս բոլոր կետերի պահպանմամբ:

Հոդված 53. Դիմումն առանց քննարկման թողնելը

1. Դիմումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում վարչական մարմինը պարտավոր է նախնական ուսումնասիրություն կատարել եւ պարզել ակնկալվող վարչական ակտի ընդունումն իր իրավասության մեջ մտնելու հարցը։

Եթե պարզվի, որ դիմումը ներկայացվել է ոչ իրավասու վարչական մարմնին, ապա դիմումն ստացած վարչական մարմինը այն թողնում է առանց քննարկման եւ սույն մասի առաջին պարբերությամբ նշված ժամկետում դիմողին գրավոր ծանուցում է այն մարմնի մասին, որն իրավասու է դիմումի վերաբերյալ որոշում ընդունել: Եթե օրենքով այդ մարմինը որոշված չէ, վարչական մարմինը դիմումը թողնում է առանց քննարկման` դրա պատճառների մասին գրավոր ծանուցելով դիմողին։

2. Դիմումն առանց քննարկման կարող է թողնվել նաեւ, երբ.

ա) տվյալ վարչական մարմնին միեւնույն անձի կողմից, միեւնույն առարկայի վերաբերյալ եւ միեւնույն հիմքով ավելի վաղ դիմում է ներկայացվել, որը գտնվում է քննարկման փուլում.

բ) միեւնույն առարկայի, միեւնույն անձի վերաբերյալ եւ միեւնույն հիմքով արդեն իսկ գոյություն ունի վարչական մարմնի ընդունած եւ ուժի մեջ մտած որոշում.

գ) դիմումը ներկայացվել է առանց ստորագրության եւ վարչական մարմինը՝ միջոցներ ձեռնարկելով դիմողին բացահայտելու ուղղությամբ, չի կարողացել պարզել, թե ով է հայցում համապատասխան վարչական ակտի ընդունումը։

3. Դիմումն առանց քննարկման թողնելու մասին ընդունվում է որոշում:

Եթե պարզվի, որ դիմումն առանց քննարկման թողնելը հիմնավորված չէ եւ վարչական մարմինը պարտավոր էր հարուցել վարչական վարույթ, ապա այդ դիմումի վերաբերյալ վարչական վարույթը համարվում է հարուցված՝ դիմումը տվյալ վարչական մարմնում ստանալու օրվանից։

Եթե վարչական վարույթի իրականացման համար մնացած ժամկետը հնարավորություն չի տալիս դիմումի վերաբերյալ պատշաճ քննարկում կատարել, ապա վարչական մարմինը պարտավոր է վարույթը երկարացնել դիմումի հիման վրա վարույթ հարուցելու եւ այն վարչական մարմնի կողմից առանց քննարկման թողնելու վերաբերյալ որոշում ընդունելու մինջեւ ընկած ժամկետով, սակայն ոչ ավելի, քան 30 օրով:

Հոդված 54. Ձեւական հիմքերով դիմումն առանց քննարկման թողնելն արգելելը

1. Արգելվում է վարչական մարմնի իրավասության մեջ մտնող հարցով ներկայացված դիմումն առանց քննարկման թողնելը զուտ այն պատճառաբանությամբ, որ դիմումը կազմվել եւ ներկայացվել է ձեւական պահանջների խախտմամբ կամ դրանում առկա են ակնհայտ սխալներ ու վրիպակներ։

2. Արգելվում է դիմումն առանց քննարկման թողնելը նաեւ դրանով հայցվող վարչական ակտի ընդունման ոչ նպատակահարմար լինելու պատճառաբանությամբ:

Հոդված 55. Դիմումի վերաբերյալ որոշումը

1. Վարչական մարմինն իրեն հասցեագրված դիմումի վերաբերյալ ընդունում է որոշում` այն բավարարելու կամ մերժելու մասին։

2. Եթե օրենքը հնարավորություն է տալիս դիմումը բավարարել մի մասով, ապա վարչական ակտն ընդունվում է այդ մասով` դիմողին գրավոր տեղեկացվելով մնացած մասով մերժելու հիմքերի մասին։ Եթե դիմողը պահանջում է դիմումում շարադրված բոլոր հարցերի վերաբերյալ ընդունել մեկ միասնական որոշում, ապա վարչական մարմինը պարտավոր է ընդունել դիմումը ամբողջությամբ բավարարելու կամ մերժելու մասին որոշում:


ԳԼՈՒԽ VII.

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

Հոդված 56. Վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու հիմքերը

1. Վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթը հարուցվում է բոլոր այն դեպքերում, երբ վարույթը եզրափակող վարչական ակտի ընդունումը պայմանավորված չէ այդ ակտի հասցեատիրոջ դիմումով։

2. Վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու հիմք կարող են հանդիսանալ պետության կամ հանրության որոշակի կարիքների բավարարման համար վարչական ակտ ընդունելու օրենքից բխող անհրաժեշտությունը, ինչպես նաեւ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից օրենքների եւ այլ իրավական ակտերի խախտումները վերացնելու կամ պետության եւ հանրության շահերի պաշտպանության նպատակով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց իրավունքներին միջամտելու անհրաժեշտությունը։

3. Մեկ անձի վերաբերող բարենպաստ վարչական ակտը վարչական մարմնի նախաձեռնությամբ կարող է ընդունվել բացառապես այդ անձի գրավոր համաձայնության առկայության դեպքում։

Եթե հնարավոր չէ որոշել բարենպաստ վարչական ակտի հասցեատերերի շրջանակը, ապա վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական ակտը կարող է ընդունվել առանց այդ ակտի հասցեատերերի համաձայնության, եթե այդ ակտը չի կարող կատարվել դրա հասցեատերերի կամքին հակառակ։

Հոդված 57. Վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ իրականացնելու կանոնները

Վարչական մարմնի նախաձեռնությամբ իրականացվող վարչական վարույթի նկատմամբ կիրառվում են սույն օրենքի VI գլխի համապատասխան կանոները:


ԳԼՈՒԽ VIII.

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԸ, ԴՐԱ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆՆԵՐԸ

Հոդված 58. Վարչական ակտի հասկացությունը եւ տեսակները

1. Վարչական ակտը՝ վարչական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի ցանկացած գրավոր կամ բանավոր որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ ցանկացած այլ գործողությունն է (ակտը), որն ընդունվել է (կատարվել է) վարչական մարմնի կողմից իշխանական լիազորություններ իրականացնելիս որոշակի հարցի լուծում տալու նպատակով, եթե այն օժտված է ակտն ընդունած վարչական մարմնի իրավական ակտերի համար սահմանված անմիջական արտաքին ներգործության ուժով եւ հասցեագրված է որեւէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կամ դրանց՝ որոշակի անհատական չափանիշներով առանձնացվող որեւէ խմբի:

Այն դեպքում, եթե օրենքը որեւէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի նկատմամբ իրավական հետեւանքների առաջացման հիմք է համարում նաեւ վարչական մարմնի անգործության փաստը, ապա այդ անգործությունը նույնպես համարվում է վարչական ակտ։

2. Սույն օրենքի իմաստով.

ա) բարենպաստ վարչական ակտը ՝ վարչական ակտի տարատեսակ է, որի միջոցով վարչական մարմինները ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրում են նոր իրավունքներ, հնարավորություններ, արտոնություններ, ծառայություններ, կամ ստեղծում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը (կացությունը) բարելավող ցանկացած այլ պայման.

բ) միջամտող վարչական ակտը՝ վարչական ակտի տարատեսակ է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ նաեւ սահմանափակում են ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների իրականացումը կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը (կացությունը).

գ) զուգորդվող վարչական ակտը՝ վարչական ակտի տարատեսակ է, որն իր մեջ զուգակցում է ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար ինչպես բարենպաստ, այնպես էլ միջամտող վարչական ակտերի` սույն մասի »ա« եւ »բ« կետերով սահմանված դրույթներ:

Հոդված 59. Վարչական ակտի իրավաչափությունը

1. Վարչական ակտը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, սույն օրենքին եւ այլ օրենքներին, ինչպես նաեւ նորմատիվ իրավական այլ ակտերին։

2. Վարչական ակտով դրա հասցեատիրոջը կարող են տրամադրվել միայն օրենքով նախատեսված կամ օրենքից բխող իրավունքներ, առավելություններ, արտոնություններ, ինչպես նաեւ ներկայացվել միայն օրենքով նախատեսված պահանջներ եւ պայմաններ։

Վարչական ակտը չպետք է վնասի ակտի հասցեատեր չհամարվող անձանց իրավունքներին եւ օրենքով պաշտպանվող շահերին։

3. Վարչական ակտ ընդունելու իրավաբանական հիմք է հանդիսանում այն ընդունելու անհրաժեշտության կամ հնարավորության նախատեսված լինելը եւ այն վարչական մարմնի որոշված լինելն օրենքով կամ դրանից բխող այլ իրավական ակտով, որն այդպիսի ակտ ընդունելու իրավունք ունի։

4. Եթե նախատեսված է վարչական ակտ ընդունելու անհրաժեշտությունը կամ հնարավորությունը, բայց որոշված չէ այն վարչական մարմինը, որն իրավասու է ընդունել այդ ակտը, ապա նման ակտի ընդունման իրավունք ունի այն վարչական մարմինը, որի գործունեության ոլորտի մեջ է մտնում վարչական ակտով կարգավորվելիք հարցը։ Այդ դեպքում չի բացառվում նաեւ նշված մարմնի նկատմամբ վերադաս համարվող եւ նրա գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորություն ունեցող վարչական մարմնի կողմից վարչական ակտի ընդունումը, եթե դա անհրաժեշտ է պետության եւ հանրության շահերի, ինչպես նաեւ անձանց իրավունքների պաշտպանության համար։

5. Վարչական ակտ ընդունելու իրավասության հարցի առնչությամբ վեճ առաջանալու դեպքում, իրավասության հարցը լուծում է.

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ եթե վեճն առաջացել է սույն օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի »ա« եւ »բ« կետերում նշված վարչական մարմինների միջեւ.

բ) համապատասխան մարզպետը (Երեւանի քաղաքապետը), եթե վեճն առաջացել է միեւնույն մարզի (Երեւան քաղաքի) տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ։

Եթե վեճի մեջ գտնվող վարչական մարմինները գտնվում են միեւնույն վերադաս մարմնի ենթակայության ներքո, ապա իրավասության հարցը լուծում է այդ վերադաս մարմինը։

Եթե վեճի մեջ գտնվող վարչական մարմինների միջեւ բացակայում է ենթակայությունը, ապա վեճը լուծվում է դրան մասնակցող վարչական մարմինների վերադաս մարմիններից այն մարմնի որոշմամբ, որի գործունեությանն առավել մոտ է համապատասխան հարցի լուծումը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։

Հոդված 60 Վարչական ակտի ընդունման ձեւերը

1. Վարչական ակտը, որպես կանոն, ընդունվում է գրավոր` որոշման, հրամանի, կարգադրության կամ օրենքով նախատեսված այլ ձեւով։ Դիմումի հիման վրա սկսված վարչական վարույթի արդյունքում կարող է ընդունվել միայն գրավոր վարչական ակտ:

2. Օրենքով նախատեսված դեպքերում վարչական ակտը կարող է ընդունվել բանավոր։

Բանավոր վարչական ակտը` օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ այդ ակտի հասցեատիրոջ կամ երրորդ անձի գրավոր կամ բանավոր պահանջով, կամ երբ բանավոր ակտ ընդունող վարչական մարմինը հայտարարել է, որ այն կընդունի նաեւ գրավոր, ենթակա է հետագա գրավոր ձեւակերպման։ Այդ դեպքում պահպանվում են գրավոր վարչական ակտին ներկայացվող սույն օրենքի պահանջները։

3. Վարչական ակտը կարող է ընդունվել նաեւ առարկայական` լուսային, ձայնային, պատկերային, ազդանշանների կամ նշանների, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ ձեւերով։

4. Վարչական ակտը կարող է արտահայտվել նաեւ որոշակի գործողության ձեւով, եթե դա նախատեսված է օրենքով։

Հոդված 61. Վարչական ակտ ընդունելը այլ վարչական ակտի հիման վրա

1. Եթե օրենքը նախատեսում է, որ վարչական ակտը պետք է ընդունվի մեկ այլ վարչական ակտի (այսուհետ` նախնական վարչական ակտ) հիման վրա կամ դրա առկայության դեպքում, ապա վարչական մարմինը դիմում է նախնական վարչական ակտ ընդունող վարչական մարմին՝ համապատասխան ակտ ընդունելու հարցով, վերջինիս ներկայացնելով այդ ակտի ընդունման համար անհրաժեշտ փաստաթղթերը։

Եթե վարչական ակտն ընդունվելու է ֆիզիկական կամ իրավաբանական անձի դիմումի հիման վրա, վարչական մարմինը նրանից պահանջում է ներկայացնել ինչպես նախնական վարչական ակտի, այնպես էլ դրա հիման վրա կամ դրա առկայության պայմաններում համապատասխան վարչական ակտի ընդունման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։

Վարույթի արագության ապահովման անհրաժեշտությունից ելնելով, վարչական մարմինը կարող է դիմողին ներգրավել նախնական վարչական ակտի ընդունման հետ կապված իր կողմից իրականացվող գործառույթներին։ Այդ դեպքում նախնական ակտի ընդունման հարցով հիմնական վարչական ակտ ընդունող վարչական մարմնի պահանջը հիմք է դիմումի հիման վրա` սույն օրենքով սահմանված կարգով, նախնական վարչական ակտ ընդունելու համար։

2. Եթե օրենքը նախատեսում է վարչական ակտի ընդունման համար մեկից ավելի նախնական վարչական ակտերի ընդունում կամ դրանց առկայություն, ապա նախնական վարչական ակտ ընդունելու համար իրավասու յուրաքանչյուր վարչական մարմնին դիմելու, համապատասխան փաստաթղթերը նրան տրամադրելու եւ նախնական վարչական ակտն ընդունելու հետ կապված մյուս գործառույթների իրականացման առումով դարձյալ կիրառվում են սույն հոդվածի առաջին մասի դրույթները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։

Հոդված 62. Վարչական ակտին ներկայացվող պահանջները

1. Վարչական ակտից հստակ պետք է երեւա, թե որ անձին (անձանց) է այն հասցեագրված եւ ինչ հարց է լուծում։

2. Վարչական ակտը պետք է հաշվի առնի դրանով կարգավորվող հարցի անհատական բնույթը եւ ցույց տա, որ այն չէր կարող ընդունվել այլ բովանդակությամբ։

3. Վարչական ակտը պետք է լինի իրավաբանորեն հիմնավորված։

Հոդված 63. Գրավոր վարչական ակտին ներկայացվող պահանջները

1. Սույն օրենքի 62-րդ հոդվածով նախատեսված ընդհանուր պահանջներից բացի, գրավոր վարչական ակտին ներկայացվում են նաեւ հետեւյալ լրացուցիչ պահանջները.

ա) վարչական ակտն իր բովանդակությամբ պետք է համապատասխանի դրա ընդունման համար օրենքով սահմանված պահանջներին, նշում պարունակի այն բոլոր էական փաստական եւ իրավաբանական հանգամանքների վերաբերյալ, որոնք վարչական մարմնին թույլ են տվել համապատասխան որոշում ընդունել.

բ) վարչական ակտը պետք է կազմված լինի սահմանված ձեւի եւ նմուշի թղթի վրա։

2. Գրավոր վարչական ակտը, որպես կանոն, պետք է տեղեկություններ պարունակի նաեւ այն ծախսերի եւ դրանք կրողների վերաբերյալ, որոնք կատարվել են ակտի ընդունման կապակցությամբ։ Ծախսերը վերադարձնելու հետ կապված ակտ ընդունելու դեպքում պետք է նշվեն վերադարձման ենթակա գումարը եւ վերադարձման կարգն ու պայմանները։

3. Գրավոր վարչական ակտը կարող է ունենալ ներդիրներ, հավելվածներ կամ այլ լրացուցիչ փաստաթղթեր, որոնց գործողությունը չի կարող գերազանցել վարչական ակտի գործողության ժամկետը։ Ներդիրները, հավելվածները եւ այլ լրացուցիչ փաստաթղթերը ինքնուրույն վարչական ակտեր չեն համարվում, այլ հանդիսանում են վարչական ակտի բաղկացուցիչ մասը եւ գործում են այնքանով, որքանով գործում է բուն վարչական ակտը։

Նախնական վարչական ակտի (ակտերի) հիման վրա ընդունված գրավոր վարչական ակտը պետք է նշումներ պարունակի նաեւ բոլոր այն նախնական վարչական ակտերի վերաբերյալ, որոնք այդ նպատակով ընդունվել են։ Դա կարող է կատարվել հավելվածի ձեւով։

4. Սույն հոդվածին համապատասխան, գրավոր վարչական ակտը պետք է պարունակի հետեւյալ հիմնական տեղեկությունները.

ա) վարույթն իրականացնող վարչական մարմնի լրիվ անվանումը.

բ) վարչական ակտի հասցեատիրոջ անունը եւ ազգանունը, իրավաբանական անձի դեպքում` դրա լրիվ անվանումը.

գ) ակտի լրիվ անվանումը, դրա ընդունման տարին, ամիսը եւ ամսաթիվը, համարը.

դ) ակտով լուծվող հարցի նկարագրությունը (նկարագրական մաս).

ե) ակտի ընդունման հիմնավորումը (պատճառաբանական մաս).

զ) ընդունված որոշման շարադրանքը (եզրափակիչ մաս).

է) ակտի բողոքարկման ժամկետը եւ մարմինը (մարմինները, ներառյալ` դատարանը), որին կարող է այդ ակտը բողոքարկվել.

ը) ակտն ընդունող վարչական մարմնի պաշտոնատար անձի պաշտոնը, անունը եւ ազգանունը, նրա ստորագրությունը.

թ) ակտն ընդունող վարչական մարմնի (Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով) կնիքը։

Եթե գրավոր վարչական ակտն ընդունվում է տեխնիկական միջոցների օգնությամբ, ապա այդ դեպքում նրանում կարող է բացակայել ակտն ընդունող պաշտոնատար անձի ստորագրությունը, վարչական մարմնի կնիքը, իսկ ակտի բովանդակության շարադրման համար կարող են օգտագործվել կոդավորման նշաններ, եթե անձը, որին հասցեագրված է վարչական ակտը, նրա բովանդակությունը կարող է անվերապահորեն հասկանալ ակտին կցվող պարզաբանումների հիման վրա։

5. Միանման հարց կարգավորող վարչական ակտը կարող է ունենալ միասնական նմուշի ձեւ (ձեւաթուղթ)։

Հոդված 64. Գրավոր վարչական ակտի հիմնավորումը պարտադիր չլինելու դեպքերը

Գրավոր վարչական ակտի հիմնավորումը չի պահանջվում, եթե վարչական ակտի հիմնավորումը բխում է վարչական ակտի տեքստից եւ դա ակնառու է բոլորի համար:


ԳԼՈՒԽ IX.

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏ ԸՆԴՈՒՆԵԼԸ, ԱՅԴ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿԵԼԸ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

Հոդված 65. Վարչական ակտ ընդունելը

1. Բանավոր եւ առարկայական վարչական ակտն ընդունված է համարվում այդ ակտը հրապարակելու պահից։

2. Գրավոր վարչական ակտն ընդունված է համարվում այդ ակտը վարչական մարմնի իրավասու պաշտոնատար անձի կողմից ստորագրելու օրվանից։

Հոդված 66. Վարչական ակտի ընդունման մասին իրազեկելը (հրապարակելը, հրատարակելը եւ հասցեատիրոջը հանձնելը)

1. Վարչական ակտի ընդունման մասին վարչական մարմինն իրազեկում է սույն հոդվածով նախատեսված հրապարակման (հրատարակման) եւ վարչական ակտի հասցեատիրոջը այն հանձնելու եղանակով:

2. Բանավոր վարչական ակտը հրապարակվում է այդ ակտի ընդունման պահին՝ բանավոր ձեւով դրա հասցեատիրոջը (հասցեատերերին) հայտարարելու միջոցով։ Բանավոր վարչական ակտը կարող է հրապարակվել դրա հասցեատիրոջ համար հասկանալի որեւէ օտար լեզվով, որը չի բացառում այդ ակտի ընդունումը վարչական վարույթի իրականացման լեզվով եւ անվավեր չի դարձնում վարչական վարույթի լեզվով ընդունված վարչական ակտը։

Բողոքարկման դեպքում հիմք է ընդունվում վարչական վարույթի իրականացման լեզվով ընդունված վարչական ակտը։

3.Առարկայական վարչական ակտը հրապարակվում է օրենքով նախատեսված որեւէ առարկայական տեսքով դրա հասցեատիրոջը (հասցեատերերին) անմիջականորեն կամ անհապաղ տեսանելի, ընկալելի կամ որեւէ այլ ձեւով հասանելի դարձնելու միջոցով։

4.Գրավոր վարչական ակտը հանրային իրազեկման նպատակով հրապարակվում է օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով։

5.Գրավոր վարչական ակտը կարող է հրատարակվել օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ վարչական մարմնին հայտնի չեն այդ ակտով ուղղակիորեն շոշափվող երրորդ անձանց վերաբերյալ տեղեկությունները:

Գրավոր վարչական ակտը կարող է հրատարակվել նաեւ վարչական մարմնի նախաձեռնությամբ, եթե ակտի հրատարակումը վարչական մարմինը համարում է առավել նպատակահարմար` պետության եւ հանրության շահերի, ինչպես նաեւ անձանց իրավունքների արդյունավետ պահպանման անհրաժեշտությունից ելնելով։

Գրավոր վարչական ակտը կարող է հրատարակվել այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ այլ պաշտոնական տեղեկագրում, ինչպես նաեւ մամուլում եւ զանգվածային լրատվության կամ տեղեկատվության տարածման այլ միջոցներով։

Մամուլում կամ տեղեկատվության տարածման այլ միջոցներով հրատարակվում է գրավոր վարչական ակտի եզրափակիչ մասը։ Նման եղանակով հրատարակման մեջ պետք է նշվի, թե որտեղ կարելի է ամբողջությամբ ծանոթանալ վարչական ակտին, այդ թվում` դրա հիմնավորմանը։

6.Գրավոր վարչական ակտը՝ դրա ընդունումից հետո եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի այդ ակտի հասցեատիրոջը։ Դա կարող է իրականացվել պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցումով, ստորագրությամբ հասցեատիրոջն առձեռն հանձնելու, ինչպես նաեւ` օրենքով սահմանված այլ եղանակներով:

Որպես կանոն, գրավոր վարչական ակտի հանձնումը պետք է կատարվի ստորագրությամբ ակտն առձեռն դրա հասցեատիրոջը հանձնելու միջոցով։ Հանձնման սույն կետով նախատեսված մյուս միջոցները կիրառվում են այն դեպքում, երբ որեւէ հիմնավոր պատճառով ստորագրությամբ առձեռն հանձնելու հնարավորություն չկա, այդ թվում` եթե հասցեատերն ինքը խնդրել է օգտագործել հանձնման այլ միջոցները։

Գրավոր վարչական ակտը հասցեատիրոջը հանձնելիս, վարչական մարմինը պարտավոր է դրա հետ միասին հանձնել նաեւ այդ ակտի բաղկացուցիչ մաս հանդիսացող փաստաթղթերը։

Նշված փաստաթղթերը վարչական ակտի հետ միաժամանակ չհանձնելը կամ ուշ հանձնելը չի կարող ազդել վարչական ակտի գործողության վրա եւ այդ պատճառով ակտի իրավաչափության վիճարկելու հիմք հանդիսանալ։

7.Գրավոր վարչական ակտում, ինչպես նաեւ դրա բաղկացուցիչ մաս կազմող փաստաթղթերում օրենքով սահմանված կարգով փոփոխություններ եւ լրացումներ կատարելու դեպքում, այդ փոփոխությունները եւ լրացումները կատարած վարչական մարմինը պարտավոր է դրանք սույն հոդվածով սահմանված կարգով հանձնել վարչական ակտի հասցեատիրոջը։

8.Գրավոր վարչական ակտի հասցեատիրոջ խնդրանքով, վարչական ակտն ընդունած վարչական մարմինը նրան կարող է տրամադրել նաեւ վարչական ակտի օտար լեզվով թարգմանված պատճենը, որը պետք է հաստատված լինի համապատասխան վարչական մարմնի պաշտոնական կնիքով։

Իրավաբանական ուժ ունի միայն վարչական ակտի վարչական վարույթի իրականացման լեզվով ընդունված տեքստը։ Օտար լեզվով թարգմանված պատճենը չի կարող հիմք հանդիսանալ այդ ակտի իմաստը կամ բովանդակությունը մեկնաբանելու կամ պարզաբանելու համար, իսկ վեճ առաջանալու կամ բողոք ներկայացնելու դեպքում, հիմք է ընդունվում բացառապես վարույթի իրականացման լեզվով ընդունված տեքստը։

Հոդված 67. Վարչական ակտի ուժի մեջ մտնելը

1.Բանավոր եւ առարկայական վարչական ակտերն ուժի մեջ են մտնում այդ ակտերը հրապարակելու պահից։

2.Գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին սույն օրենքի 66-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ։

3. Եթե վարչական ակտը պարունակում է այնպիսի առանձին դրույթներ, որոնք ակտի որեւէ մասով ուժի մեջ մտնելը կապում են որոշակի պայմանների կամ հանգամանքների առաջացման հետ, ապա այդ մասով վարչական ակտն ուժի մեջ է մտնում համապատասխան պայմանի կամ հանգամանքի առաջացման պահից (պայմանով ակտ)։

Հոդված 68. Վարչական ակտի գործողության ժամկետը

1. Ուժի մեջ մտնելու պահից բանավոր վարչական ակտը գործում է մինչեւ այն պահը, երբ այդ ակտն ընդունած վարչական մարմինը ավարտում է դրա հետ կապված օրենքով նախատեսված գործողությունների կատարումը կամ ակտի հասցեատիրոջը օրենքով նախատեսված որեւէ եղանակով հայտարարում է ակտի գործողության դադարեցման մասին։

2. Առարկայական վարչական ակտը գործում է մինչեւ այն պահը, երբ օրենքով նախատեսված տեսանելի, լսելի կամ որեւէ այլ ձեւով հասանելի եղանակով ակտի հասցեատիրոջը հայտնի է դարձվում այդ ակտի գործողության դադարեցման մասին։

3. Գրավոր վարչական ակտը՝ օրենքի հիման վրա, կարող է գործել անորոշ կամ որոշակի ժամկետով։

Անորոշ ժամկետով գրավոր վարչական ակտը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ այն չի փոխարինվել մեկ այլ վարչական ակտով կամ սույն օրենքով սահմանված կարգով անվավեր կամ ուժը կորցրած չի ճանաչվել կամ օրենքով նախատեսված որեւէ այլ հիմքով նրա գործողությունը չի դադարեցվել։

Որոշակի ժամկետով ընդունված գրավոր վարչական ակտը գործում է մինչեւ ակտով նախատեսված ժամկետի լրանալը։ Մինչեւ որոշակի ժամկետով ընդունված վարչական ակտի ժամկետի լրանալը կամ ժամկետի լրանալուց հետո 15 օրվա ընթացքում, այդ վարչական ակտի ժամկետը կարող է այլ վարչական ակտով երկարաձգվել նոր ժամկետով կամ` անորոշ ժամկետով։

4. Օրենքով նախատեսված դեպքերում վարչական ակտը կարող է գործողության ժամկետի վերաբերյալ որեւէ նշում չպարունակել, եթե ակտով կարգավորվող հարցի լուծումը կապված է որոշակի մեկ կամ մի քանի այնպիսի գործողությունների կատարման հետ, որոնց կատարման ավարտի պահով էլ որոշվում է այդ ակտի գործողության ժամկետը (պայմանով ակտ)։

Այդ ակտով նախատեսված պայմանի կատարման պահով ավարտվում է դրա գործողության ժամկետը։

Հոդված 69. Վարչական վարույթի ժամկետում վարչական ակտ չընդունելու հետեւանքները

1. Դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունելու դեպքում, կիրառվում են հետեւյալ կանոնները.

ա) եթե դիմումը վերաբերում է այնպիսի իրավունքի տրամադրմանը, որի համար օրենքը դիմումից բացի այլ փաստաթղթեր ներկայացնելու պահանջ չի դնում, ապա վարչական ակտը համարվում է ընդունված եւ դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը, իսկ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված կարգով իր նկատմամբ միջամտող վարչական ակտ ընդունելու դեպքում, դադարեցնում է համապատասխան իրավունքի իրականացումը, որն արգելք չէ միջամտող վարչական ակտի բողոքարկման համար.

բ) եթե դիմումը վերաբերում է այնպիսի իրավունքի տրամադրմանը, որի համար դիմումից բացի օրենքը պահանջում է ներկայացնել նաեւ այլ փաստաթղթեր, այդ թվում` նախնական վարչական ակտ, ապա համապատասխան վարչական ակտը համարվում է ընդունված եւ դիմողը պարտավոր է վարչական ակտ ընդունելու ժամկետը լրանալու օրվանից եռամսյա ժամկետում սույն օրենքով նախատեսված միջոցներ ձեռնարկել՝ համապատասխան վարչական ակտն իրավասու վարչական մարմնից կամ նրա վերադասից ստանալու համար։

Եթե նշված մարմինները մերժեն համապատասխան վարչական ակտի ընդունման վերաբերյալ դիմողի խնդրանքը, ապա համարվում է, որ նա չի ստացել իր կողմից ակնկալվող վարչական ակտը: Մերժումը կարող է բողոքարկվել սույն օրենքով սահմանված կարգով.

գ) եթե դիմումը վերաբերում է օրենքով նախատեսված որեւէ փաստաթղթի տրամադրմանը, որն առնչվում է որեւէ փաստի (ծնունդ, մահ, անձի բացակայություն տվյալ վայրում եւ այլն) հաստատմանը կամ արձանագրմանը, ապա շահագրգիռ անձն ազատվում է այն պատասխանատվությունից կամ պարտականություններից, որոնք օրենքը կապում է սույն կետով նախատեսված փաստաթղթերը չունենալու հետ։

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կանոնների կիրառումը համապատասխան վարչական մարմնին չեն զրկում դիմումի կապակցությամբ` թեեւ ուշացումով, վարչական ակտ ընդունելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմողը հայց է ներկայացրել դատարան, որը ձեռնամուխ է եղել դրա ըստ էության քննությանը։

Ուշացումով ընդունված վարչական ակտի նկատմամբ գործում են սույն օրենքի ընդհանուր կանոնները։

3. Սույն հոդվածով նախատեսված իրավունքներից կարող են օգտվել նաեւ տվյալ վարչական վարույթին մասնակցող երրորդ անձինք։

ԳԼՈՒԽ X.

ԱՌ ՈՉԻՆՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏ, ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏՆ ԱՆՎԱՎԵՐ ԿԱՄ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Հոդված 70. Վարչական ակտի առ ոչինչ լինելու հիմքերը

1. Վարչական ակտը, որում առկա է այնպիսի թերություն կամ ակնառու կոպիտ խախտում, որն ակնհայտ է դառնում այն բոլոր հանգամանքները քննարկելիս, որոնք վարչական ակտն ընդունող վարչական մարմինը պարտավոր էր հաշվի առնել, ընդունման պահից համարվում է իրավաբանական ուժ չունեցող եւ կատարման կամ կիրառման ոչ ենթակա (առ ոչինչ վարչական ակտ)։

Վարչական ակտը առ ոչինչ է, մասնավորապես, եթե դրանում առկա են հետեւյալ թերությունները կամ կոպիտ խախտումները.

ա) ակտից հստակ չի երեւում կամ միանշանակ պարզ չէ, թե որ վարչական մարմնի կողմից է այն ընդունվել.

բ) ակտից պարզ չէ, թե այն որոշակիորեն ում է հասցեագրված կամ հայտնի չէ, թե ինչ հարց է լուծում կամ կարգավորում.

գ) ակտով դրա հասցեատիրոջից պահանջվում է կատարել այնպիսի գործողություն, որը կհանգեցնի վարչական կամ քրեական պատասխանատվության.

դ) ակտից երեւում է, որ ընդունվել է պատճառաբանական մասին հակասող կամ դրանից չբխող որոշում, որն անհնար է դարձնում տվյալ ակտի ըստ նշանակության կիրառումը։

Վարչական ակտը առ ոչինչ կարող է համարվել նաեւ օրենքով նախատեսված այլ դեպքերում։

2. Առ ոչինչ վարչական ակտը չկատարելը կամ չկիրառելը չի կարող առաջացնել որեւէ պատասխանատվություն այն անձանց համար, ում հասցեագրված է։

3. Վարչական մարմինը, որն ընդունել է առ ոչինչ վարչական ակտը, պարտավոր է իր նախաձեռնությամբ կամ ցանկացած անձի դիմումի հիման վրա անհապաղ հաստատել այդ ակտի առ ոչինչ լինելը։

Հոդված 71. Ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր ճանաչելը

1. Ոչ իրավաչափ է առ ոչինչ չհանդիսացող այն վարչական ակտը, որն ընդունվել է.

ա) օրենքի խախտումով, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետեւանքով.

բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից հետեւում է, որ պետք է ընդունվեր էապես այլ որոշում։

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ նրա վերադաս մարմնի կողմից, ինչպես նաեւ դատական կարգով։

3. Ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է գործել, եթե ակտի հասցեատերը իրավունք ունի վստահել այդ ակտի գործողությանը եւ դրա առկայությունը (գործողության մեջ գտնվելը) վնաս չի կարող պատճառել որեւէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի իրավունքներին կամ օրենքով պաշտպանվող շահերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքին:

4. Վարչական ակտի հասցեատերը վարչական ակտի գործողությանը կամ դրա առկայությանը վստահելու իրավունք չունի այն դեպքերում, եթե նա.

ա) համապատասխան վարչական ակտի ընդունմանը հասել է կաշառքի, սպառնալիքի կամ վարչական մարմի պաշտոնատար անձին դիտավորյալ մոլորության մեջ գցելու միջոցով.

բ) համապատասխան վարչական ակտի ընդունմանը հասել է կեղծ փաստաթղթեր կամ ոչ լրիվ փաստաթղթեր ներկայացնելու միջոցով.

գ) նախապես իմացել է վարչական ակտի ոչ իրավաչափ լինելու մասին կամ այդ մասին պարտավոր էր իմանալ՝ իր համար մատչելի տեղեկությունների հիման վրա։

5. Որպես կանոն, վարչական ակտն անվավեր է ճանաչվում ամբողջությամբ։

Վարչական ակտը մի մասով անվավեր կարող է ճանաչվել միայն այն դեպքում, երբ անվավեր չճանաչված մասը կարող է ուժի մեջ մնալ կամ գործել առանց անվավեր ճանաչված մասի։

Եթե վարչական ակտն անվավեր է ճանաչվել մասնակիորեն, ապա սույն կետի կանոնները կիրառվում են միայն նրա անվավեր ճանաչված մասի նկատմամբ։

Հոդված 72. Ոչ իրավաչափ վարչական ակտի անվավեր ճանաչելու հետեւանքները

1. Բարենպաստ ոչ իրավաչափ վարչական ակտը, որի հիման վրա ծագում են միաժամանակյա կամ ընթացիկ գույքային պարտականություններ, կամ որն այդպիսի պարտականությունների համար նախադրյալ է համարվում, կարող է ուժը կորցնել միայն դրա անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու պահից, եթե այդ ակտով օգուտ ստացողը` վարչական ակտի նկատմամբ վստահության իրավունքի ուժով, արդեն ձեռք է բերել տրամադրված օգուտները կամ տնօրինել է գույքը, որի հետեւանքով դրանք չեն կարող վերադարձվել կամ վերադարձվելու դեպքում կարող է էական վնաս պատճառվել օգուտ ստացողին։ Այս դեպքում կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի անհիմն հարստացման վերաբերյալ դրույթները։

2. Փոխհատուցման ենթակա օգուտի չափը պետք է սահմանվի այն վարչական մարմնի կողմից, որն անվավեր կամ ուժը կորցրած է ճանաչել ոչ իրավաչափ վարչական ակտը։

Ընդ որում, օգուտ ստացողը չի կարող հղում կատարել վստահության իրավունքի վրա, եթե վարչական մարմինը բավարար ապացույցներ ունի առ այն, որ օգուտ ստացող անձը համապատասխան վարչական ակտի ընդունմանը հասել է սույն օրենքի 71-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված խախտումները թույլ տալու միջոցով։

3. Եթե վարչական ակտն անվավեր է ճանաչվել, ապա վարչական մարմինը` շահագրգիռ անձի դիմումի հիման վրա, պարտավոր է նրան փոխհատուցել այն գույքային վնասը, որն այդ անձը կրել է ոչ իրավաչափ վարչական ակտի գոյությունը վստահելու հետեւանքով, բացառությամբ սույն օրենքի 71-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքերի։

Գույքային վնասի հատուցումը պետք է համաչափ լինի այն օգուտի չափին, որը շահագրգիռ անձը կարող էր ստանալ վարչական ակտը կատարելու դեպքում։ Փոխհատուցման ենթակա գույքային վնասը սահմանվում է վարչական մարմնի կողմից։

4.Փոխհատուցման մասին պահանջը կարող է ներկայացվել երեք տարվա ընթացքում` վարչական մարմնի կողմից վարչական ակտն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումը հասցեատիրոջը կամ երրորդ անձանց հանձնելու կամ այդ որոշման մասին նրանց ծանուցելու օրվանից հաշված։

Հոդված 73. Ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր ճանաչելու ժամկետը

Ոչ իրավաչափ վարչական ակտի անվավեր ճանաչելու հարցը կարող է քննարկվել ոչ ուշ, քան 6 ամսվա ընթացքում այն օրվանից, երբ իրավասու վարչական մարմինը տեղեկացվել է այն փաստերի մասին, որոնք հիմք կարող էին հանդիսանալ վարչական ակտն անվավեր ճանաչելու համար:

Վարչական մարմինը ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչել իր նախաձեռնությամբ կամ վարչական վարույթին մասնակցած անձանց դիմումի հիման վրա։

Հոդված 74. Իրավաչափ վարչական ակտի ուժը կորցնելը

1. Իրավաչափ վարչական ակտ է օրենքի պահանջներին համապատասխան ընդունված ակտը։

2. Միջամտող իրավաչափ վարչական ակտը կարող է ուժը կորցնել բոլոր դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ պետք է նորից ընդունվի միեւնույն բովանդակությամբ նոր վարչական ակտ կամ ուժը կորցրած ճանաչելն արգելվում է օրենքով նախատեսված այլ պատճառներով։

3. Բարենպաստ իրավաչափ վարչական ակտը կարող է ուժը կորցնել միայն այն դեպքում, եթե.

ա) օրենքի փոփոխության պատճառով վերանում է տվյալ վարչական ակտի անհրաժեշտությունը կամ գործողությունը.

բ) ուժը կորցրած ճանաչելը թույլատրվում է օրենքով կամ դա պայմանավորված է իրավաչափ վարչական ակտում այդպիսի վերապահումով.

գ) վարչական ակտի հետ կապված է օրենքով նախատեսված որեւէ պարտականություն, որը պետք է կատարեր այդ ակտի հասցեատերը, սակայն չի կատարել կամ պատշաճ չի կատարել.

դ) ակտի ընդունումից հետո առաջացած փաստական կամ իրավական հանգամանքների բերումով վարչական ակտն ուժը չկորցնելու դեպքում կարող են խախտվել պետության կամ հանրության՝ օրենքով ամրագրված շահերը.

ե) օրենքի փոփոխության հետեւանքով վարչական մարմինն իրավունք է ձեռք բերում չհրատարակել վարչական ակտը, եթե մինչ այդ վարչական ակտի հասցեատերը չի օգտվել տրամադրված օգուտներից, կամ նրա նկատմամբ դեռեւս չեն կատարվել այն պարտականությունները, որոնք վարչական ակտով երաշխավորված են եղել, ինչպես նաեւ՝ երբ վարչական ակտի ուժը կորցնելու դեպքում, կարող են խախտվել պետության կամ հանրության շահերը, եթե ուժը չկորցնելու վերաբերյալ որոշում ընդունելը թույլատրված է օրենքով կամ դրա հնարավորության մասին վերապահում է արված բուն վարչական ակտում.

զ) անհրաժեշտ է վերացնել այլ անձանց կյանքի, առողջության կամ սեփականության, ինչպես նաեւ պետության անվտանգության կամ հանրության բարեկեցության համար այլ ծանր հետեւանքները կամ խուսափել դրանց առաջացումից։

4. Եթե ուժը կորցրել է բարենպաստ իրավաչափ վարչական ակտը, որի հետեւանքով դրա հասցեատիրոջը կամ երրորդ անձին նյութական վնաս է պատճառվել, ապա վերջինիս դիմումի հիման վրա վնասը ենթակա է հատուցման այնքանով, որքանով այդ անձը՝ վստահելով վարչական ակտի գոյությունը, դրա ընդունման կամ կատարման հետեւանքով որոշակի վնաս է կրել։

Հոդված 75. Վարչական ակտի վերանայումը վերադասության կարգով

1. Վարչական մարմնի կողմից ընդունված վարչական ակտի վերաբերյալ բողոքի բացակայության դեպքում, այդպիսի ակտ ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմինը (պաշտոնատար անձը) վերահսկողության կարգով եւ իր նախաձեռնությամբ իրավունք ունի վերանայել ստորադաս վարչական մարմնի ընդունած վարչական ակտը` օրինականության ստուգման նպատակով։

2. Սույն օրենքի 71-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերի առկայության դեպքում, վերադաս վարչական մարմինը կարող է ստորադաս վարչական մարմնի ընդունած վարչական ակտն անվավեր ճանաչել, ինչպես նաեւ հանձնարարել ստորադաս վարչական մարմնին ընդունլ նոր վարչական ակտ կամ ընդունել հասցեատիրոջ իրավունքների պաշտպանությանն ուղղված վարչական ակտ, եթե օրենքը չի արգելում, որ այն ընդունի տվյալ վերադաս վարչական մարմինը։

Հոդված 76. Փաստաթղթերը կամ իրերը հետ վերադարձնելը

1. Այն փաստաթղթերը, որոնք տրվել են անվավեր կամ ուժը կորցրած ճանաչված վարչական ակտի հիման վրա, ենթակա են հետ վերադարձման։

Այդ փաստաթղթերի կամ իրերի հասցեատերը, իսկ եթե դրանց տիրապետողը հասցեատերը չէ, ապա նաեւ այդ փաստաթղթերը եւ իրերը տիրապետող անձը, պարտավոր են դրանք վերադարձնել վարչական ակտն ընդունած մարմնին։

Սակայն ակտի հասցեատերը կամ այն տիրապետողը կարող են պահանջել, որ տրված փաստաթղթերը կամ իրերը վերադարձվեն այն բանից հետո, երբ վարչական մարմինը դրանցից յուրաքանչյուրի վրա նշում կատարի համապատասխան փաստաթղթերը եւ իրերը վերադարձման ենթակա լինելու վերաբերյալ։ Սույն կանոնը չի կիրառվում այն իրերի նկատմամբ, որոնց վրա համապատասխան նշում կատարելն անհնար է կամ դա հնարավոր չէ անել պատշաճ հստակությամբ կամ այնպես, որ այդ նշումը պահպանվի երկար ժամանակ։

Եթե սույն հոդվածի համաձայն վարչական ակտի հասցեատերը կամ այդ ակտը տիրապետողը վարչական ակտը չեն վերադարձնում, ապա ակտն ընդունած վարչական մարմինը իրավունք ունի պաշտոնական հրապարակման միջոցով հայտարարել, որ տվյալ վարչական ակտը այլեւս չի գործում։

2. Անվավեր կամ ուժը կորցրած ճանաչված վարչական ակտը եւ դրան կից փաստաթղթերը վերադարձնելիս՝ դրանց հասցեատիրոջ կամ իրավահաջորդի ցանկությամբ, վարչական մարմինը նրան կարող է տալ այդ ակտի եւ կից փաստաթղթերի պատճենները` դրանց վրա համապատասխան նշում կատարելով եւ իր կնիքով հաստատելով։

3. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում վարչական ակտը եւ դրան կից փաստաթղթերը վարչական մարմինը չի կարող պահանջել վերադարձնել, եթե դրանով կարող են խախտվել վարչական ակտի հասցեատիրոջ իրավունքները եւ օրենքով պաշտպանվող շահերը։

Հոդված 77. Վարչական ակտի վարույթը վերսկսելը

1. Դիմողի (ակտի հասցեատիրոջ) կամ երրորդ անձի դիմումի հիման վրա վարչական մարմինը պարտավոր է որոշում ընդունել բողոքարկման ոչ ենթակա վարչական ակտը փոփոխելու կամ ուժը կորցնելու վերաբերյալ, եթե.

ա) վարչական ակտի ընդունումից հետո դրա հիմքում դրված փաստական հանգամանքները կամ ակտի հասցեատիրոջ կարգավիճակը փոփոխվել են հօգուտ այն անձի, որը վարույթը նորոգելու հարցով դիմում է ներկայացրել.

բ) առկա են կամ ի հայտ են եկել նոր ապացույցներ, որոնք կարող են հանգեցնել վարույթը նորոգելու հարցով դիմած անձի համար ավելի շահավետ որոշման ընդունման.

գ) ի հայտ են եկել տվյալ վարչական ակտի համար էական նշանակություն ունեցող այնպիսի նոր հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել եւ չէին կարող հայտնի լինել վարչական ակտով վարույթը նորոգելու հարցով դիմած անձանց, կամ թեեւ հայտնի են եղել այդ անձանց, սակայն նրանցից անկախ հանգամանքներով չեն ներկայացվել վարչական ակտն ընդունող վարչական մարմնին.

դ) առկա են օրենքով նախատեսված այլ հիմքեր։

Սույն մասով նախատեսված դեպքերում վարչական վարույթը վերսկսվում է, որի ընթացքում կիրառվում են վարչական վարույթի իրականացման սույն օրենքով նախատեսված ընդհանուր կանոնները։

2. Դիմումը ներկայացնելը թույլատրվում է միայն այն դեպքում, եթե վարույթը վերսկսելու հարցով դիմած անձը իրենից անկախ հանգամանքներով ի վիճակի չի եղել ապացույցներ ներկայացնել նախկին վարչական վարույթի ընթացքում, մասնավորապես` բողոքարկման իրավունքի իրականացման միջոցով։

3. Դիմումը պետք է տրվի երեք ամսվա ընթացքում այն օրից, երբ վարույթը վերսկսելու հարցով դիմած անձն իմացել է վարչական ակտի վարույթը վերսկսելու հիմք հանդիսացող սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հանգամանքների մասին։

4. Դիմումի հիման վրա որոշում է ընդունում այն վարչական մարմինը, որն ընդունել է փոփոխման, անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու ենթակա վարչական ակտը կամ օրենքով այդ ակտը վարչական վարույթի վերսկսման միջոցով անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու իրավասություն ունեցող համապատասխան վերադաս կամ այլ իրավասու վարչական մարմինը։

5. Վարչական վարույթը վերսկսելիս կիրառվում են սույն օրենքի V, VI եւ VII գլուխների նորմերը։


ԲԱԺԻՆ III.

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՎԱՐՈՒՅԹ

ԳԼՈՒԽ XI .

ՎԱՐՉԱԿԱՆ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

Հոդված 78. Վարչական ակտի բողոքարկման իրավունքը

Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունեն բողոքարկելու վարչական ակտերը, այդ թվում՝ վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը:

Հոդված 79. Վարչական բողոքին ներկայացվող պահանջները

Վարչական ակտի դեմ բերվող բողոքը (այսուհետ՝ վարչական բողոք) պետք է պարունակի հետեւյալ տեղեկությունները.

ա) բողոք բերող ֆիզիկական անձի անունը եւ ազգանունը, նրա հասցեն, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ բողոք բերող անձի անունը եւ ազգանունը, պաշտոնը եւ իրավաբանական անձի գտնվելու վայրը.

բ) բողոքարկման առարկան.

գ) բողոք բերողի պահանջը.

դ) բողոքին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.

ե) բողոք բերելու տարին եւ ամսաթիվը.

զ) բողոք բերող անձի ստորագրությունը:

Հոդված 80. Վարչական բողոքն առանց քննարկման թողնելու հիմքերը

1. Վարչական բողոքը ենթակա է առանց քննարկման թողնելու, եթե՝

ա) պահպանված չեն վարչական բողոքին սույն օրենքի 79-րդ հոդվածով ներկայացվող պահանջները.

բ) վարչական բողոքը ներկայացված է բողոքարկման համար սույն օրենքով նախատեսված ժամկետը լրանալուց հետո եւ ժամկետի բաց թողնելը՝ սույն օրենքի 82-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված կարգով, հարգելի չի համարվել.

գ) վարչական բողոքի առարկայի վերաբերյալ գոյություն ունի մեկ այլ իրավասու վարչական մարմնի կամ դատարանի որոշում:

2. Վարչական բողոքն առանց քննարկման թողնելու վերաբերյալ ընդունվում է որոշում, որը կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

3.Սույն հոդվածի առաջին մասի »ա« կետով սահմանված թերությունները վերացնելուց հետո, ընդհանուր կարգով կարող է բերվել նոր վարչական բողոք:

Հոդված 81. Վարչական ակտը բողոքարկելը

1. Վարչական ակտը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով: Վարչական ակտը չի կարող միաժամանակ բողոքարկվել ինչպես վարչական, այնպես էլ դատական կարգով:

2. Վարչական կարգով բողոք կարող է ներկայացվել՝

ա) բողոքարկվող ակտն ընդունած վարչական մարմնին.

բ) բողոքարկվող ակտն ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմնին:

3.Եթե վարչական ակտը բողոքարկվում է.

ա) վարչական եւ դատական կարգով միաժամանակ, ապա բողոքը ենթակա է դատական քննության։ Այդ դեպքում վարչական մարմնում սկսված վարույթը կարճվում է.

բ) բողոքարկվող ակտն ընդունած վարչական մարմնին եւ (կամ) բողոքարկվող ակտն ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմնին, ապա բողոքը ենթակա է քննարկման բողոքարկվող ակտն ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմնում: Այդ դեպքում բողոքարկվող ակտն ընդունած վարչական մարմնում բողոքի առնչությամբ հարուցված վարույթը ենթակա է կարճման:

4. Դատական կարգով վարչական ակտերի բողոքարկումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

Հոդված 82. Վարչական ակտի բողոքարկման ժամկետները

1.Վարչական բողոքը կարող է բերվել բողոքարկվող ակտն ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում, որից հետո վարչական ակտը դառնում է անբողոքարկելի: Ընդ որում, վարչական ակտն ընդունելիս, ֆիզիկական կամ իրավաբանական անձը պետք է պատշաճ կարգով ծանուցված լինի դրա բողոքարկման ժամկետի մասին:

2. Բողոքարկման ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու դեպքում, այն վերականգնվում է բողոքը քննարկող վարչական մարմնի որոշմամբ:

Բողոքարկման ժամկետի բաց թողնելը համարվում է հարգելի, եթե վարչական ակտում բացակայում է հիմնավորումը, որը օրենքով պարտադիր է համարվում, կամ եթե ակտն ընդունելուց առաջ կողմերի լսում չի կատարվել, որը ըստ օրենքի պարտադիր է, կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձը պատշաճ կարգով ծանուցված չի եղել այդ մասին, կամ իրենից անկախ հանգամանքների բերումով չի կարողացել պահպանել բողոքարկման ժամկետը:

Հոդված 83. Վարչական բողոք բերելու իրավական հետեւանքները

Վարչական բողոք բերելը չի կասեցնում բողոքարկվող ակտի կատարումը՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

ԳԼՈՒԽ XII.

ՎԱՐՉԱԿԱՆ ԲՈՂՈՔԸ ՔՆՆԱՐԿԵԼԸ ԵՎ ԼՈՒԾԵԼԸ

Հոդված 84. Վարչական բողոքի քննարկման կարգը եւ սահմանները

1. Վարչական բողոքի քննարկումը իրականցվում է սույն օրենքի երկրորդ բաժնով սահմանված դրույթներին համապատասխան, եթե սույն բաժնով այլ բան նախատեսված չէ:

2.Վարչական բողոքը քննարկվում է բողոքարկված վարչական ակտի իրավաչափության եւ բողոքը քննարկող վարչական մարմնի կողմից հայեցողական որոշում ընդունելու՝ օրենքից բխող հնարավորության տեսանկյունից:

3. Վարչական բողոքը քննարկելիս վարչական մարմինը առաջնորդվում է ինչպես գործում առկա, այնպես էլ լրացուցիչ ներկայացվող ապացույցներով:

4. Վերադաս վարչական մարմինը պարտավոր է ստորադաս վարչական մարմնից պահանջել բողոքարկվող վարչական ակտով եզրափակված վարչական վարույթի վերաբերյալ գործը (նյութերը)։

Հոդված 85. Վարչական բողոքի քննարկման ժամկետները

1. Վարչական մարմինը պարտավոր է վարչական բողոքը քննարկել եւ դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունել բողոքն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում, եթե օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:

2. Եթե սույն հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում վարչական մարմինը բողոքի վերաբերյալ որոշում չի ընդունում կամ եթե բողոք բերողը համաձայն չէ ընդունված որոշման հետ, ապա նա կարող է բողոք բերել դատարան:

Հոդված 86. Վարչական բողոքի վերաբերյալ ըստ էության որոշում ընդունելը

Վարչական բողոքը քննարկելով, վարչական մարմինը կարող է ընդունել հետեւյալ որոշումներից որեւէ մեկը.

ա) վարչական ակտը թողնել անփոփոխ, իսկ վարչական բողոքն՝ առանց բավարարման.

բ) բեկանել (անվավեր կամ ուժը կորցրած ճանաչել) վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակիորեն եւ անհրաժեշտության դեպքում ընդունել նոր վարչական ակտ.

գ) փոփոխել վարչական ակտը:

ԲԱԺԻՆ IV.

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԱՐՈՒՅԹ

ԳԼՈՒԽ XIII.

ԴՐԱՄԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԸ

Հոդված 87. Հանրային իրավական դրամական պահանջներ

Հանրային իրավական դրամական պահանջները`օրենքով սահմանված կարգով վարչական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական բյուջե պարտադիր կարգով վճարման ենթակա դրամական գումարներն են (այսուհետ` դրամական պահանջներ ):

Հոդված 88. Դրամական պահանջների կատարման կարգը

Դրամական պահանջները ենթակա են կատարման դատական կարգով:

Հոդված 89. Պարտավոր անձը

Դրամական պահանջներով նախատեսվող գումարների վճարման համար պարտականությունը կրում է այն անձը, ով պարտավոր է այդ գումարը վճարել.

ա) իր համար կամ իր կողմից թույլ տրված խախտումների համար.

բ) մեկ այլ անձի փոխարեն։

Հոդված 90. Կատարողական մարմինը

Դրամական պահանջները պետք է ի կատար ածվեն դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից` դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքով սահմանված կարգով` սույն գլխի դրույթներին համապատասխան:

Հոդված 91. Դրամական պահանջների բողոքարկումը

Դրամական պահանջները կարող են բողոքարկվել սույն օրենքի III բաժնի դրույթներին համապատասխան: Ընդ որում, վարչական բողոք բերելը կասեցնում է բողոքարկվող դրամական պահանջի կատարումը` մինչեւ բողոքի վերաբերյալ ըստ էության վերջնական որոշման ուժի մեջ մտնելը:


ԳԼՈՒԽ XIV.

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՁԵՎՈՎ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ԿԱՏԱՐԵԼԸ

Հոդված 92. Վարչական հարկադրանքը

1. Վարչական ակտը, որն ուղղված է որեւէ գործողություն կատարելուն կամ որեւէ գործողության կատարումից ձեռնպահ մնալուն, կարող է հարկադրաբար ի կատար ածվել սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված հարկադրանքի միջոցների կիրառմամբ:

2. Հարկադրանքի միջոցներն են՝

ա) գործողությունն այլ անձի կողմից կատարելը (փոխարինող գործողություն).

բ) տուգանքը.

գ) անմիջական հարկադրանքը:

3.Հարկադրանքի միջոցը պետք է համաչափ լինի դրա նպատակին: Հարկադրանքի միջոցը պետք է ընտրվի այնպես, որպեսզի պարտավոր անձի եւ հանրության վնասները հասցվեն նվազագույնի:

Հոդված 93. Պարտավոր անձ

Պարտավոր անձը որոշակի գործողություն կատարելու կամ որեւէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալու վերաբերյալ ընդունված վարչական ակտի հասցեատերն է:

Հոդված 94. Կատարողական մարմինը

1.Վարչական ակտը պետք է ի կատար ածվի այն վարչական մարմնի կողմից, որն այն ընդունել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

2.Վարչական ակտ ընդունած մարմինը ի կատար է ածում նաեւ բողոքների վերաբերյալ ընդունված որոշումները:

Հոդված 95. Փոխարինող գործողությունը

Այն դեպքում, երբ որեւէ գործողություն կատարելու վերաբերյալ վարչական ակտով նախատեսված պարտականությունն այդ ակտի հասցեատիրոջ կողմից չի կատարվում, բայց դրա կատարումը հնարավոր է մեկ այլ անձի կողմից, ապա կատարողական մարմինը կարող է վերջինիս հանձնարարել կատարելու այդ գործողությունը՝ պարտավոր անձի հաշվին:

Կատարողական մարմինը՝ եթե դա հնարավոր է, կարող է ինքը կատարել այդ գործողությունը՝ պարտավոր անձի հաշվին, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։

Հոդված 96. Տուգանքը

1. Այն դեպքում, երբ գործողությունը չի կարող կատարվել նաեւ մեկ այլ անձի կողմից, ապա պարտավոր անձը կարող է հարկադրվել գործողության կատարմանը՝ նրա նկատմամբ տուգանք նշանակելու միջոցով:

2. Տուգանք կարող է նշանակվել նաեւ այն դեպքում, երբ պարտավոր անձը ձեռնպահ չի մնում որեւէ գործողություն կատարելուց, որի վերաբերյալ համապատասխան վարչական ակտ է ընդունվել:

3. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում տուգանք կարող է նշանակվել այն գործողության համար կատարած ծախսերի մինչեւ եռապատիկի չափով, որը պետք է կատարվեր, իսկ որեւէ գործողության կատարումից ձեռնպահ չմնալու դեպքում՝ այդ պահանջի չկատարման հետեւանքով ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատճառած վնասի մինչեւ եռապատիկի չափով:

4. Տուգանքը կարող է նշանակվել միայն դատարանի վճռով՝ վարչական մարմնի պահանջի հիման վրա։

Հոդված 97. Անմիջական հարկադրանքը

1.Եթե փոխարինող գործողությունը կամ տուգանքը չեն հասնում իրենց նպատակին կամ օբյեկտիվ հանգամանքների բերումով չեն կարող կիրառվել, ապա կատարողական մարմինը կարող է պարտավոր անձին օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով, անմիջականորեն հարկադրել կատարելու համապատասխան գործողությունը կամ արգելել կատարելու որոշակի գործողություն ։

2.Անմիջական հարկադրանքը կարող է կիրառվել միայն այդպիսի իրավունք ունեցող վարչական մարմնի կողմից` օրենքով սահմանված կարգով:

Հոդված 98. Հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին նախազգուշացնելը

1. Հարկադրանքի միջոցների կիրառման մասին պետք է նախազգուշացվի այն անձը, որի նկատմամբ այն պետք է կամ կարող է կիրառվել: Նախազգուշացման մեջ պետք է սահմանվի համապատասխան պարտականությունը կատարելու ժամկետը, որի ընթացքում պարտավոր անձին կարող է հնարավորություն տրվել, որպեսզի նա իրեն համար ընդունելի եւ օրենքով չարգելված եղանակներով այն կատարի:

2. Փոխարինող գործողության նախազգուշացման մեջ պետք է նշվի ծախսերի նախահաշիվը, որը չի խոչընդոտում հետագա պահանջներ ներկայացնելուն այն դեպքում, եթե փոխարինող գործողության կատարումն առաջացնի ավելի մեծ ծախսեր:

3. Տուգանք կիրառելու նախազգուշացման մեջ պետք է նշվի տուգանքի որոշակի չափը։

4. Նախազգուշացումը կարող է կրկնվել այնքան ժամանակ, քանի դեռ պարտականությունը չի կատարվել կամ կատարողական մարմինը չի դիմել անմիջական հարկադրանքի միջոցի կիրառմանը: Այդ ընթացքում նախազգուշացումը կարող է փոփոխություններ կրել (փոխարինող գործողությունը փոխարինվել տուգանքով եւ՝ հակառակը)։

5.Նախազգուշացումը պետք է կազմվի գրավոր եւ սույն օրենքով սահմանված կարգով հանձնվի պարտավոր անձին։

Հոդված 99. Հարկադրանքի միջոցներ նշանակելը

Հարկադրանքի միջոցները նշանակվում են այդ միջոցների կիրառման մասին նախազգուշացմամբ սահմանված ժամկետում համապատասխան պարտականությունը պարտավոր անձի կողմից չկատարվելու դեպքում։

Հոդված 100. Հարկադրանքի միջոցները կիրառելը

1. Նշանակված հարկադրանքի միջոցը կիրառվում է դրա նշանակությանը համապատասխան:

2. Եթե պարտավոր անձը փոխարինող գործողության կամ անմիջական հարկադրանքի կիրառման ժամանակ դիմադրություն է ցույց տալիս, ապա այն կարող է հաղթահարվել ուժի կիրառմամբ՝ օրենքով սահմանված կարգով:

Այդ դեպքում, կատարողական մարմնի պահանջով, համապատասխան մարմինները պարտավոր են օգնություն ցույց տալ՝ դիմադրությունը հաղթահարելու համար:

3. Կատարումն ավարտվում է, երբ այն հասել է իր նպատակին:

Հոդված 101. Հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը կամ դրանց անմիջական կիրառումը բողոքարկելը

Հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշումը կամ այդ միջոցների անմիջական կիրառումը կարող է բողոքարկվել սույն օրենքի երրորդ բաժնով սահմանված կարգով:


ԲԱԺԻՆ V.

ՎԱՐՉԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ

ԳԼՈՒԽ XV.

ՎԱՐՉԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 102. Վարչական ծախսերը

Վարչական ծախսերն են վարչական վարույթի վերաբերյալ գործի քննարկման ընթացքում օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով վճարվող պետական կամ տեղական տուրքը, ինչպես նաեւ սույն գլխով սահմանված այլ ծախսերը:

Հոդված 103. Վարչական վարույթի վերաբերյալ գործերով տուրք վճարելը

1. Դիմումի հիման վրա վարչական վարույթի գործերով դիմողը, ինչպես նաեւ օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ անձինք, վարչական վարույթի վերաբերյալ գործի քննարկման համար պարտավոր են սահմանված չափով եւ կարգով մուծել պետական կամ տեղական տուրք:

2.Վարչական վարույթի ընթացքում պետական կամ տեղական տուրքի

վճարման, դրա վերադարձման կարգը, չափը, տուրքի վճարումից ազատելու, վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու եւ դրա չափը նվազեցնելու հարցերը կարգավորվում են օրենքով:

Հոդված 104. Վարչական վարույթում կատարվող այլ ծախսերը

1.Վարչական վարույթի ընթացքում կատարվող այլ ծախսեր են.

ա) վարչական ակտը կամ այլ փաստաթղթերը դրանց հասցեատերերին հանձնելու, ինչպես նաեւ վկաների, փորձագետների, մասնագետների եւ թարգմանիչների հրավիրման հետ կապված ծախսերը.

բ) հրապարակային հայտարարություններ անելու հետ կապված ծախսերը.

գ) վարչական ակտի կամ վարույթի հետ առնչություն ունեցող այլ փաստաթղթերի լրացուցիչ օրինակների, դրանց պատճենների, լուսապատճենների եւ քաղվածքների համար կատարվող ծախսերը.

դ) վարույթին մասնակցություն ապահովելու կամ վարույթի հետ կապված այլ նպատակով հեռագրերի եւ միջքաղաքային հեռախոսազանգերի հետ կապված ծախսերը.

ե) գործուղումների առնչությամբ առաջացող ճանապարհածախսը.

զ) այն գումարները, որոնք պետք է վճարվեն այլ վարչական մարմիններին կամ այլ անձանց՝ նրանց կողմից ցույց տրված օգնության կամ ծառայությունների համար.

է) իրերի տեղափոխման կամ պահպանման հետ կապված ծախսերը.

ը) կատարողական վարույթում վարչական մարմնի ծախսերը.

թ) վարչական վարույթի ընթացքում, փորձագետներին, մասնագետներին եւ թարգմանիչներին վճարվող գումարները։

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված ծախսերը կատարում է վարչական վարույթն իրականացնող մարմինը, իսկ փորձագետ, մասնագետ կամ թարգմանիչ հրավիրելու հետ կապված ծախսերը հատուցվում են սույն օրենքի 106-րդ հոդվածով նախատեսված կարգով։

Վարչական գործի նյութերից պատճեններ, լուսապատճեններ, քաղվածքներ կատարելու հետ կապված ծախսերը կրում է դրանց նկատմամբ պահանջ ներկայացրած անձը։ Այդ դեպքում ծախսերի չափը չպետք է գերազանցի պատճենահանման, լուսապատճենահանման կամ քաղվածք կատարելու համար վարչական մարմնի կատարած փաստացի ծախսերի չափից։

Հոդված 105. Վարչական վարույթի վերաբերյալ գործերի մասին տեղեկատվության դիմաց կատարվող գանձումները

Վարչական վարույթի վերաբերյալ գործերի մասին տեղեկատվությունը դիմողին (ակտի հասցեատիրոջը), երրորդ անձանց, պետական մարմիններին եւ տեղական ինքնակառավարման մարմիններին տրվում է անվճար, իսկ այլ անձանց՝ վարչական մարմնի կողմից սահմանված համապատասխան վճարի դիմաց՝ պայմանով, որ այդ վճարի չափը չգերազանցի վարչական մարմնի կատարած ծախսերը:

Հոդված 106. Վարչական վարույթի ընթացքում վկաներին, փորձագետներին, մասնագետներին եւ թարգմանիչներին վճարվող գումարները

1. Փորձագետները, մասնագետները եւ թարգմանիչները վարձատրվում են իրենց կատարած աշխատանքների համար այն դեպքում, եթե այդ աշխատանքները չեն մտնում նրանց ծառայողական կամ աշխատանքային պարտականությունների մեջ:

2. Վկաներին, փորձագետներին, մասնագետներին եւ թարգմանիչներին վճարումներ կատարվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության բյուջեից կամ համայնքի բյուջեյից, կապված այն հանգամանքից, թե որ վարչական մարինն է հրավիրել սույն կետում նշված անձանց (պետական, թե տեղական ինքնակառավարման մաինները): Եթե փորձագետին, մասնագետին եւ թարգմանչին հրավիրել է վարչական վարույթում դիմող (ակտի հասցեատեր) հանդես եկող անձը կամ երրորդ անձը, ապա համապատասխան ծախսերը կրում են նշված անձինք։

3. Սույն հոդվածով նախատեսված անձանց համապատասխան վճարումները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափով, իսկ դիմողի (ակտի հասցեատիրոջ) կամ երրորդ անձանց կողմից հրավիրված լինելու դեպքում՝ նրանց եւ հրավիրվածների միջեւ պայմանավորված կարգով եւ չափով:

Հոդված 107. Փոխօգնության ծախսերը

Փոխօգնություն ցուցաբերելու համար հայցվող վարչական մարմինն ինքն է կրում փոխօգնության ծախսերը, եթե դրանք չեն գերազանցում փոխօգնության դիմաց գանձվող պետական կամ տեղական տուրքի օրենքով սահմանված չափը: Հակառակ դեպքում փոխօգնության ծախսերը կրում է փոխօգնությունը հայցող վարչական մարմինը, իսկ եթե այն ի վիճակի չէ կրել դրանք` Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:

ԲԱԺԻՆ VI.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ԳԼՈՒԽ XVI.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 108. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 9 ամիս հետո:

2. Սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո մինչեւ ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածում, սույն օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասում նշված վարչական մարմինները պարտավոր են ապահովել վարչարարության եւ վարչական վարույթին վերաբերող դրույթներ պարունակող իրենց իրավական ակտերի համապատասխանեցումը սույն օրենքին: