Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-648-10.08.2023-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել «Փոստային վճարումների ծառայությունների մասին համաձայնագիրը»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՏԵՂԵԿԱՆՔ

Փոստային վճարումների ծառայությունների մասին համաձայնագրի վավերացման նպատակահարմարության մասին

Փոստային վճարումների ծառայությունների մասին համաձայնագրի վավերացման նպատակահարմարությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 35-րդ կետի կատարման անհրաժեշտությունից, որը կնպաստի փոստային կապի ունիվերսալ ծառայությունների որակի եւ հասանելիության բարձրացմանը:

Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային փոստային միությանն (այսուհետ՝ ՀՓՄ) անդամակցում է 1992թ: ՀՓՄ-ը հանդիսանում է Միջկառավարական միջազգային կազմակերպություն եւ ունի Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության կարգավիճակ:

2021 թվականի օգոստոսի 9-ից 27-ը Կոտ դ՛Իվուարում կայացել է ՀՓՄ-ի 27-րդ համագումարը, որին ՀՀ-ը մասնակցել է հեռավար ձեւաչափով` հաշվի առնելով աշխարհում տիրող համաճարակը:

Համագումարի ժամանակ ընդունված ակտերը ստորագրվում են ՀՓՄ-ի անդամ-երկրների լիազորված ներկայացուցիչների կողմից:

Հաշվի առնելով, որ Կոտ դ՛Իվուարում կայացած ՀՓՄ-ի 27-րդ համագումարի ժամանակ ընդունված որոշման համաձայն, քվեարկությանը կարող էին մասնակցել միայն համագումարին ֆիզիկապես ներկա երկրները` ՀՀ-ի անունից քվեարկելու նպատակով համապատասխան լիազորագիր է տրվել ՌԴ արտաքին գործերի նախարարությանը, եւ ստացվել է հաստատում, որի հիման վրա ՀՀ արտաքին գործերի նախարարությունը գրություն է ուղարկել ՀՓՄ-ի Քարտուղարություն առ այն, որ ՀՀ-ի անունից քվեարկելու է ռուսական կողմը: Սակայն ՀՀ-ի կողմից ռուսական կողմին ՀՓՄ-ի ակտերը ստորագրելու լիազորություն չի տրվել, ուստի, Կոնգրեսում ընդունված ակտերը ՀՀ-ի կողմից չեն ստորագրվել:

«Փոստային վճարումների ծառայությունների մասին համաձայնագիրն» (այսուհետ՝ Համաձայնագիր) այն հիմնական փաստաթուղթն է, որով կարգավորվում են փոստային դրամական միջոցների փոխադրության հետ կապված բոլոր ծառայությունները, այդ թվում՝ թղթային փոխադրումները եւ էլեկտրոնային փոխանցումները: Սահմանվում են նշանակված օպերատորների պարտականությունները եւ պատասխանատվության հետ կապված հարցերը:

Մասնավորապես, Փոստային վճարումների ծառայությունների մասին համաձայնագրի համաձայն, նշանակված օպերատորները կարող են կնքել երկկողմ կամ բազմակողմ պայմանագրեր՝ դրամական փոխանցումներ իրականացնելու համար: Դրամական միջոցների փոխադրություններ իրականացնելիս կարգավորվում են իրավահարաբերությունները փոստային նշանակված օպերատորների եւ հաճախորդների միջեւ: Պայմանավորվող կողմերը պարտավորվում են խնդրո առարկա Համաձայնագրի շրջանակներում իրականացնել փոստային վճարումների ծառայությունների մատուցումը երկկողմանի հիմունքներով: Համաձայնագրով կարգավորվում են դրամական փոխանցումների հետեւյալ ենթատեսակները՝ կանխիկից կանխիկ, կանխիկից հաշիվ, հաշվից կանխիկ, հաշվից հաշիվ:

Ըստ համաձայնագրի՝ օպերատորների միջեւ կնքված պայմանագրով սահմանվում են դրամական փոխանցումների արժույթը, մեկ գործարքի առավելագույն գումարը, փոխանցումների վճարման առավելագույն ժամկետը, փոխհաշվարկի պարբերականությունը, իրականացման տեխնոլոգիան, կողմերի պատասխանատվությունը, պարտավորությունները եւ այլ դրույթներ:

Համաձայնագրի ստորագրման նպատակահարմարությունը կայանում է նրանում, որ ՀՀ-ի նշանակված օպերատորն ինտեգրվում է ֆինանսական վճարումների ծառայությունների բոլոր տեսակի ցանցերում, որը հնարավորություն է ընձեռում ցանկացած անդամ պետության հետ հնարավորինս սեղմ ժամկետներում փոստային դրամական փոխադրությունների փոխանակում իրականացնել եւ՛ թղթային, եւ՛ էլեկտրոնային ճանապարհով: Փոստային դրամական փոխադրությունների համակարգը միակն է, որի առավելությունը կայանում է նրանում, որ աշխարհի ցանկացած կետ եւ ցանկացած հասցեով կարող է ուղարկվել եւ ստանալ դրամական միջոցներ փոստային ցանցի միջոցով:

Հնարավոր իրացվելիության ռիսկերը կառավարելու նպատակով` որոշ օպերատորների հետ, որտեղ դրամական փոխանցումների առավել ակտիվ հոսք կա, սահմանվում եւ կիրառվում է նաեւ կանխավճար: Նմանատիպ վավերապայմաններ են ամրագրվում նաեւ մնացած միջազգային վճարահաշվարկային կազմակերպությունների հետ կնքվող պայմանագրերում:

ՀՓՄ-ի յուրաքանչյուր համագումարի ժամանակ ընդունվում է ՀՓՄ-ի Փոստային վճարումների ծառայությունների մասին համաձայնագրի փոփոխված տարբերակը՝ պահպանելով իրավական ակտի սկզբնական անվանումը, այն է՝ «Փոստային վճարումների ծառայությունների մասին համաձայնագիր»:

Փոստային վճարումների ծառայությունների մասին համաձայնագրում փոփոխությունները վերաբերում են օպերատորների կողմից ներքին եւ (կամ) միջազգային գործընկերներին ներգրավելու կարգին, որի նպատակն է նպաստել փոստային վճարային ծառայությունների ցանցի ֆինանսական հասանելիությանն ու համատեղելիությանը եւ Համաշխարհային փոստային միության անդամ-երկրների պարտավորություններին՝ իրենց տարածքում էլեկտրոնային տեսքով փոստային վճարումների ծառայությունների թույլտվությամբ:

Վավերացման գործընթացի իրականացման համար պատասխանատու մարմին է հանդիսանում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:

Հաշվի առնելով, որ ՀՓՄ-ի 27-րդ համագումարի շրջանակներում ընդունված «Փոստային վճարումների ծառայությունների մասին համաձայնագիրը» չի ստորագրվել ՀՀ-ի կողմից, սակայն այն 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել, ապա, այն ՀՀ-ի համար կարող է պարտադիր իրավաբանական ուժ ստանալ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված միանալու ընթացակարգի միջոցով:

Ելնելով վերոնշյալից եւ ղեկավարվելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նպատակահարմար է համարում Փոստային վճարումների ծառայությունների մասին համաձայնագրի վավերացումը:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ, ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԵՎ «ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային փոստային միությանն (այսուհետ՝ ՀՓՄ) անդամակցում է 1992 թվականից: ՀՓՄ-ը հանդիսանում է միջկառավարական միջազգային կազմակերպություն եւ ունի Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության կարգավիճակ: Այն երկրները, որոնք ընդունում են ՀՓՄ-ի կանոնադրությունը, կազմում են «Համաշխարհային փոստային միություն» միասնական փոստային տարածքը՝ փոստային առաքանիների փոխադարձ փոխանակման համար: Կազմակերպությունը օգնում է ապահովել ժամանակակից փոստային կապի ծառայությունների մատուցման միասնական ցանցը, իրականացնում է խորհրդատվական, միջնորդական եւ փոխկապակցող դեր եւ` անհրաժեշտության դեպքում ցույց է տալիս տեխնիկական աջակցություն: ՀՓՄ-ն սահմանում է միջազգային փոստափոխանակման կանոնները, հանձնարարություններ է տալիս փոստային ծառայությունների ծավալների աճի խթանման եւ հաճախորդներին ծառայությունների մատուցման որակի բարձրացման գծով:

Համաշխարհային փոստային միության առաքելությունն է խթանել համաշխարհային փոստային ծառայությունների որակյալ, արդյունավետ եւ մատչելի կայուն զարգացումը` աշխարհի բնակիչների միջեւ կապերը հեշտացնելու նպատակով:

«Համաշխարհային փոստային միության Կանոնադրությունը», «Համաշխարհային փոստային միության ընդհանուր կանոնակարգը», «Համաշխարհային փոստային կոնվենցիան», «Փոստային վճարումների ծառայությունների մասին համաձայնագիրը» ՀՓՄ հիմնարար փաստաթղթերն են, եւ ՀՓՄ-ը կոչ է անում իր անդամ երկրներին հնարավորինս արագ միանալ հիշյալ փաստաթղթերին:

Համաշխարհային փոստային միության կանոնադրությունն ընդունվել է 1964թ. հուլիսի 10-ին: Կանոնադրությունը փոփոխվել է 1969 թվականի Տոկիոյի, 1974 թվականի Լոզանի, 1984 թվականի Համբուրգի, 1989 թվականի Վաշինգտոնի, 1994 թվականի Սեուլի, 1999 թվականի Պեկինի, 2004 թվականի Բուխարեստի, 2008 թվականի 24-րդ Համագումարի, 2016 թվականի Ստամբուլի, 2018 թվականի Ադիս Աբեբայի եւ 2021 թվականի Աբիջանի Լրացուցիչ արձանագրություններով: Կանոնադրությունն ուժի մեջ է մտել 1966 թվականի հունվարի 1-ից եւ ուժի մեջ է մնում անորոշ ժամկետով:

Համաշխարհային փոստային կոնվենցիան ստորագրվել է 2021թ. օգոստոսի 26-ին: Համաշխարհային փոստային կոնվենցիան ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 1-ից (բացառությամբ «Վարձատրություն» վերտառությամբ VII բաժնում ներառված բոլոր դրույթների, որոնք ուժի մեջ են մտել 2022 թվականի հունվարի 1-ից) եւ գործում է անորոշ ժամկետով:

Փոստային վճարումների ծառայությունների մասին համաձայնագիրը ստորագրվել է 2021թ. օգոստոսի 26-ին: Փոստային վճարումների ծառայությունների մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ին եւ գործում է անորոշ ժամկետով:

Համաշխարհային փոստային միության ընդհանուր կանոնակարգը ստորագրվել է 2012թ. հոկտեմբերի 11-ին, փոփոխվել է 2016 թվականի Ստամբուլի, 2018 թվականի Ադիս Աբեբայի եւ 2021 թվականի Աբիջանի լրացուցիչ արձանագրություններով Համաշխարհային փոստային միության ընդհանուր կանոնակարգն ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ից եւ ուժի մեջ է մնում անորոշ ժամկետով:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ 1964թ. հուլիսի 10-ին ստորագրված Համաշխարհային փոստային միության կանոնադրության, 2012թ. հոկտեմբերի 11-ին ստորագրված Համաշխարհային փոստային միության ընդհանուր կանոնակարգի, 2021թ. օգոստոսի 26-ին ստորագրված Համաշխարհային փոստային կոնվենցիայի եւ 2021թ. օգոստոսի 26-ին ստորագրված «Փոստային վճարումների ծառայությունների մասին» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՎԱՀԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ





ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

Եզրակացություն

«Համաշխարհային փոստային միության կանոնադրության», «Համաշխարհային փոստային միության ընդհանուր կանոնակարգի», «Համաշխարհային փոստային կոնվենցիայի» եւ «Փոստային վճարումների ծառայությունների մասին համաձայնագրի» փաստաթղթերով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Համաշխարհային փոստային միության կանոնադրության», «Համաշխարհային փոստային միության ընդհանուր կանոնակարգի», «Համաշխարհային փոստային կոնվենցիայի» եւ «Փոստային վճարումների ծառայությունների մասին համաձայնագրի» փաստաթղթերով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ


ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության

նախարար Ռ. Խաչատրյանին

ՀՀ արդարադատության նախարար

Կ. Անդրեասյանին

Ի պատասխան ՀՀ ԲՏԱ նախարարության
09.09.2022թ. թիվ 01/15.1/7218-2022 գրության

Հարգելի՛ պարոնայք

Համաշխարհային փոստային միության կանոնադրությունում, Համաշխարհային փոստային միության ընդհանուր կանոնակարգում, Համաշխարհային փոստային կոնվենցիայում եւ «Փոստային վճարումների ծառայությունների մասին» համաձայնագրում՝ «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով` Գ. Սանոսյան


ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ» (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ հայտնում ենք, որ Համաձայնագրում առկա են ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի՝ անձնական տվյալների պաշտպանությանն առնչվող դրույթներ, որոնք վերաբերվում են մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներին եւ ազատություններին, ինչպես նաեւ պարտականություններին:

Ելնելով վերոգրյալից հայտնում ենք, որ Համաձայնագիրը ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի դրույթներով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի դրույթներով:



ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Ցանկ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն