Հոդված 1. Վավերացնել «Համաշխարհային փոստային կոնվենցիան» :
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Համաշխարհային փոստային կոնվենցիայի վավերացման նպատակահարմարության մասին
Համաշխարհային փոստային կոնվենցիայի վավերացման նպատակահարմարությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 35-րդ կետի կատարման անհրաժեշտությունից, որը կնպաստի փոստային կապի ունիվերսալ ծառայությունների որակի եւ հասանելիության բարձրացմանը:
Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային փոստային միությանն (այսուհետ՝ ՀՓՄ) անդամակցում է 1992 թվականից: ՀՓՄ-ը հանդիսանում է Միջկառավարական միջազգային կազմակերպություն եւ ունի Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության կարգավիճակ, որին անդամակցում է 192 երկիր: Այն երկրները, որոնք ընդունում են ՀՓՄ-ի կանոնադրությունը, կազմում են «Համաշխարհային փոստային միություն» միասնական փոստային տարածքը՝ փոստային առաքանիների փոխադարձ փոխանակման համար: Կազմակերպությունն օգնում է ապահովել ժամանակակից փոստային կապի ծառայությունների մատուցման միասնական ցանցը, իրականացնում է խորհրդատվական, միջնորդական եւ փոխկապակցող դեր, անհրաժեշտության դեպքում տրամադրում է տեխնիկական աջակցություն: ՀՓՄ-ը սահմանում է միջազգային փոստափոխանակման կանոնները, հանձնարարություններ է տալիս փոստային ծառայությունների ծավալների աճի խթանման եւ հաճախորդներին ծառայությունների մատուցման որակի բարձրացման վերաբերյալ:
ՀՓՄ-ի Կոնվենցիան այն հիմնական փաստաթուղթն է, որը կարգավորում է ՀՀ-ի փոստային նշանակված օպերատորի իրավահարաբերությունները, փոխհարաբերությունները եւ պարտավորությունները ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ: Այն կիրառվում է, ինչպես օտարերկրյա փոստային նշանակված օպերատորների, այնպես էլ միջազգային օդային ընկերությունների, մաքսային ծառայությունների եւ այլ միջազգային կազմակերպությունների համար: Կոնվենցիայում սահմանված են ընդհանուր դրույթներ, որոնք վերաբերում են փոստային ունիվերսալ ծառայությունների մատուցմանը, տարանցիկ փոստափոխանակմանը, ՀՓՄ դրամական միավորին, փոստային ծառայությունների սակագներին, փոստային անվտանգությանը, անվճար փոխադրման ենթակա առաքանու տեսակներին, վճարումը հաստատող փոստային նամականիշերի թողարկմանը եւ վերոհիշյալ իրավահարաբերությունները կարգավորող այլ խնդիրներին:
Կոնվենցիան սահմանում է նամակագրական թղթակցության եւ փոստային ծանրոցների նկատմամբ կիրառվող կանոնները եւ դրույթները, փոստային նշանակված օպերատորների միջեւ պատասխանատվությունը, արագընթաց փոստային ծառայության մատուցման սկզբունքները, ինչպես նաեւ նախնական ու վերջնական դրույթները:
Համաձայն 2019 թվականի սեպտեմբերի 26-ին Ժնեւում կայացած արտահերթ համագումարի ժամանակ ստորագրված ՀՓՄ-ի Կոնվենցիայի 40-րդ հոդվածի՝ «Կոնվենցիան ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից եւ գործում է մինչեւ հաջորդ համագումարի ակտերն ուժի մեջ մտնելը»: Համաձայն 2021 թվականի օգոստոսի 26-ին Աբիջանում կայացած արտահերթ համագումարի ժամանակ ստորագրված ՀՓՄ-ի Կոնվենցիայի 41-րդ հոդվածի՝ «Կոնվենցիան ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից եւ գործում է անորոշ ժամկետով»:
Միաժամանակ, միջազգային փոստային ծառայության բարելավման նպատակով ՀՓՄ-ի Կոնվենցիայում կատարվել են մի շարք փոփոխություններ եւ լրացումներ: Այսպիսով, ցանկացած անդամ երկիր կամ նրա նշանակված օպերատորը, որը ցանկանում է ընդլայնել կամ փոխել այն ապրանքների ցանկը, որոնք արգելում կամ ճանաչում է որպես սահմանափակ ներմուծման (կամ տարանցման) համար, պետք է տեղեկացնի Միջազգային բյուրոյին, որը ժամանակին կթարմացնի համապատասխան տեղեկագիրը: Փոփոխություններ են կատարվել փոստային առաքանիների եւ ծառայությունների համար սահմանված դրույքաչափերում, իսկ ամենաքիչ զարգացած երկրներում ծառայությունների որակի բարելավման նպատակով հատուկ հաշվի գործարկումը լրացուցիչ սահմանվում է ծառայության որակի բարելավման գործող ընդհանուր հիմնադրամի շրջանակներում:
2021 թվականի օգոստոսի 9-ից 27-ը Կոտ դ՛Իվուարում կայացել է ՀՓՄ-ի 27-րդ համագումարը, որին ՀՀ-ը մասնակցել է հեռավար ձեւաչափով՝ հաշվի առնելով աշխարհում տիրող համաճարակը:
Համագումարի ժամանակ ընդունված ակտերը ստորագրվում են ՀՓՄ-ի անդամ-երկրների լիազորված ներկայացուցիչների կողմից:
Հաշվի առնելով, որ Կոտ դ՛Իվուարում կայացած ՀՓՄ-ի 27-րդ համագումարի ժամանակ ընդունված որոշման համաձայն, քվեարկությանը կարող էին մասնակցել միայն համագումարին ֆիզիկապես ներկա երկրները՝ ՀՀ-ի անունից քվեարկելու նպատակով համապատասխան լիազորագիր է տրվել ՌԴ արտաքին գործերի նախարարությանը, եւ ստացվել է հաստատում, որի հիման վրա ՀՀ արտաքին գործերի նախարարությունը գրություն է ուղարկել ՀՓՄ-ի Քարտուղարություն առ այն, որ ՀՀ-ի անունից քվեարկելու է ռուսական կողմը: Սակայն ՀՀ-ի կողմից ռուսական կողմին ՀՓՄ-ի ակտերը ստորագրելու լիազորություն չի տրվել, ուստի, Կոնգրեսում ընդունված ակտերը ՀՀ-ի կողմից չեն ստորագրվել:
ՀՓՄ-ի յուրաքանչյուր համագումարի ժամանակ ընդունվում է ՀՓՄ-ի Կոնվենցիայի փոփոխված տարբերակը՝ պահպանելով իրավական ակտի սկզբնական անվանումը, այն է՝ «Համաշխարհային փոստային կոնվենցիա»:
Հաշվի առնելով, որ ՀՓՄ-ի 27-րդ համագումարի շրջանակներում ընդունված «Համաշխարհային փոստային կոնվենցիան» չի ստորագրվել ՀՀ-ի կողմից, սակայն այն ս.թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել, ապա, այն ՀՀ-ի համար կարող է պարտադիր իրավաբանական ուժ ստանալ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված միանալու ընթացակարգի միջոցով:
Վավերացման գործընթացի իրականացման համար պատասխանատու մարմին է հանդիսանում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը:
Ելնելով վերոնշյալից եւ ղեկավարվելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի դրույթներով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նպատակահարմար է համարում Համաշխարհային փոստային կոնվենցիայի վավերացումը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ, ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԵՎ «ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետությունը Համաշխարհային փոստային միությանն (այսուհետ՝ ՀՓՄ) անդամակցում է 1992 թվականից: ՀՓՄ-ը հանդիսանում է միջկառավարական միջազգային կազմակերպություն եւ ունի Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության կարգավիճակ: Այն երկրները, որոնք ընդունում են ՀՓՄ-ի կանոնադրությունը, կազմում են «Համաշխարհային փոստային միություն» միասնական փոստային տարածքը՝ փոստային առաքանիների փոխադարձ փոխանակման համար: Կազմակերպությունը օգնում է ապահովել ժամանակակից փոստային կապի ծառայությունների մատուցման միասնական ցանցը, իրականացնում է խորհրդատվական, միջնորդական եւ փոխկապակցող դեր եւ՝ անհրաժեշտության դեպքում ցույց է տալիս տեխնիկական աջակցություն: ՀՓՄ-ն սահմանում է միջազգային փոստափոխանակման կանոնները, հանձնարարություններ է տալիս փոստային ծառայությունների ծավալների աճի խթանման եւ հաճախորդներին ծառայությունների մատուցման որակի բարձրացման գծով:
Համաշխարհային փոստային միության առաքելությունն է խթանել համաշխարհային փոստային ծառայությունների որակյալ, արդյունավետ եւ մատչելի կայուն զարգացումը՝ աշխարհի բնակիչների միջեւ կապերը հեշտացնելու նպատակով:
«Համաշխարհային փոստային միության Կանոնադրությունը», «Համաշխարհային փոստային միության ընդհանուր կանոնակարգը», «Համաշխարհային փոստային կոնվենցիան», «Փոստային վճարումների ծառայությունների մասին համաձայնագիրը» ՀՓՄ հիմնարար փաստաթղթերն են, եւ ՀՓՄ-ը կոչ է անում իր անդամ երկրներին հնարավորինս արագ միանալ հիշյալ փաստաթղթերին:
Համաշխարհային փոստային միության կանոնադրությունն ընդունվել է 1964թ. հուլիսի 10-ին: Կանոնադրությունը փոփոխվել է 1969 թվականի Տոկիոյի, 1974 թվականի Լոզանի, 1984 թվականի Համբուրգի, 1989 թվականի Վաշինգտոնի, 1994 թվականի Սեուլի, 1999 թվականի Պեկինի, 2004 թվականի Բուխարեստի, 2008 թվականի 24-րդ Համագումարի, 2016 թվականի Ստամբուլի, 2018 թվականի Ադիս Աբեբայի եւ 2021 թվականի Աբիջանի Լրացուցիչ արձանագրություններով: Կանոնադրությունն ուժի մեջ է մտել 1966 թվականի հունվարի 1-ից եւ ուժի մեջ է մնում անորոշ ժամկետով:
Համաշխարհային փոստային կոնվենցիան ստորագրվել է 2021թ. օգոստոսի 26-ին: Համաշխարհային փոստային կոնվենցիան ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 1-ից (բացառությամբ «Վարձատրություն» վերտառությամբ VII բաժնում ներառված բոլոր դրույթների, որոնք ուժի մեջ են մտել 2022 թվականի հունվարի 1-ից) եւ գործում է անորոշ ժամկետով:
Փոստային վճարումների ծառայությունների մասին համաձայնագիրը ստորագրվել է 2021թ. օգոստոսի 26-ին: Փոստային վճարումների ծառայությունների մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ին եւ գործում է անորոշ ժամկետով:
Համաշխարհային փոստային միության ընդհանուր կանոնակարգը ստորագրվել է 2012թ. հոկտեմբերի 11-ին, փոփոխվել է 2016 թվականի Ստամբուլի, 2018 թվականի Ադիս Աբեբայի եւ 2021 թվականի Աբիջանի լրացուցիչ արձանագրություններով Համաշխարհային փոստային միության ընդհանուր կանոնակարգն ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 1-ից եւ ուժի մեջ է մնում անորոշ ժամկետով:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ 1964թ. հուլիսի 10-ին ստորագրված Համաշխարհային փոստային միության կանոնադրության, 2012թ. հոկտեմբերի 11-ին ստորագրված Համաշխարհային փոստային միության ընդհանուր կանոնակարգի, 2021թ. օգոստոսի 26-ին ստորագրված Համաշխարհային փոստային կոնվենցիայի եւ 2021թ. օգոստոսի 26-ին ստորագրված «Փոստային վճարումների ծառայությունների մասին» համաձայնագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՓՈՍՏԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ» (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԿՈՆՎԵՆՑԻԱ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Կոնվենցիան թեեւ չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող կամ նոր օրենքի ընդունում նախատեսող դրույթներ, սակայն պարունակում է օրենքի փոփոխություն:
Մասնավորապես, Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 1.1.1 ենթակետով նախատեսված «վտանգավոր ապրանքներ« հասկացությունը ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված չէ:
Միաժամանակ հայտնում ենք, որ Կոնվենցիայում առկա են նաեւ ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի՝ անձնական տվյալների պաշտպանությանն առնչվող դրույթներ, որոնք վերաբերվում են մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներին եւ ազատություններին, ինչպես նաեւ պարտականություններին:
Ելնելով վերոգրյալից հայտնում ենք, որ Կոնվենցիան ենթակա է վավերացման ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 5-րդ կետերի դրույթներով, իսկ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական կամ գույքային պարտավորություններ նախատեսելու դեպքում նաեւ ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի դրույթներով:
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
Եզրակացություն
«Համաշխարհային փոստային միության կանոնադրության», «Համաշխարհային փոստային միության ընդհանուր կանոնակարգի», «Համաշխարհային փոստային կոնվենցիայի» եւ «Փոստային վճարումների ծառայությունների մասին համաձայնագրի» փաստաթղթերով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին
«Համաշխարհային փոստային միության կանոնադրության», «Համաշխարհային փոստային միության ընդհանուր կանոնակարգի», «Համաշխարհային փոստային կոնվենցիայի» եւ «Փոստային վճարումների ծառայությունների մասին համաձայնագրի» փաստաթղթերով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության
նախարար Ռ. Խաչատրյանին
ՀՀ արդարադատության նախարար
Կ. Անդրեասյանին
Ի պատասխան ՀՀ ԲՏԱ նախարարության
09.09.2022թ. թիվ 01/15.1/7218-2022 գրության
Հարգելի՛ պարոնայք
Համաշխարհային փոստային միության կանոնադրությունում, Համաշխարհային փոստային միության ընդհանուր կանոնակարգում, Համաշխարհային փոստային կոնվենցիայում եւ «Փոստային վճարումների ծառայությունների մասին» համաձայնագրում՝ «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:
Հարգանքով՝ Գ. Սանոսյան
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում