Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-650-21.08.2023-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 55-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-րդ մաս.

«14. Սույն հոդվածի 13-րդ մասին համապատասխան՝ հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերը դուրս են գրվում էլեկտրոնային եղանակով: Հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերի դուրսգրման դեպքերը եւ կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում եւ 267-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում «ապահովագրական ընկերությունները,» բառերից հետո լրացնել «ապահովագրական գործակալները, ապահովագրական բրոքերները,» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2) գյուղատնտեսական արտադրանքի եւ Կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի ձեռք բերման մասով Օրենսգրքի 150-րդ հոդվածի 13-րդ մասով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից:»:

Հոդված 4. Օրենսգրքի 343-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) չափագրման արդյունքում ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների եւ արտարժույթի) մնացորդի պակասորդ եւ (կամ) ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների եւ արտարժույթի) ձեռք բերման գործարքների փաստաթղթավորման պահանջները չպահպանելու փաստ հայտնաբերելու դեպքում.»:

Հոդված 5. Օրենսգրքի 346-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «մնացորդի պակասորդը,» բառերից հետո լրացնել «ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների եւ արտարժույթի) ձեռք բերման գործարքների փաստաթղթավորման պահանջների պահպանումը,» բառերը,

2) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված առանձին ապրանքների, այդ թվում՝ օգտակար հանածոների եւ դրանց արտադրատեսակների եւ շրջանառության ֆիզիկական ծավալների, իրացման փաստացի գների (այդ թվում՝ միջին) վերաբերյալ հարկային մարմին ներկայացված հաշվետվությունների եւ հաշվարկային փաստաթղթերում կամ հարկային հաշվարկներում արտացոլված տվյալների կամ հսկիչ դրամարկղային մեքենաների կտրոններում (այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոններում) կամ հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերում արտացոլված տվյալների կամ հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում արտացոլված տվյալների եւ հարկային մարմին ներկայացված (այդ թվում՝ երրորդ անձից ստացված) տեղեկությունների անհամապատասխանությունները.»,

3) 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) Օրենսգրքով սահմանված կարգով ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների եւ արտարժույթի)  ձեռքբերումը եւ (կամ) իրացումը չփաստաթղթավորելու ռիսկերին վերաբերող հարկային մարմնի վերլուծության արդյունքները:»,

4) 2-րդ մասի 2-րդ կետում՝

ա.  «հարկային տարվա որեւէ ամսում իրացման շրջանառության» բառերը փոխարինել «հարկային տարվա որեւէ ժամանակահատվածում իրացման շրջանառության կամ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված եւ (կամ) 13-րդ մասին համապատասխան փաստաթղթերով ձեռք բերված ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների եւ արտարժույթի) արժեքի (առանց ԱԱՀ-ի, ակցիզային հարկի եւ (կամ) բնապահպանական հարկի գումարների)» բառերով,

բ. «100» թիվը փոխարինել «24» թվով,

գ.  «փաստացի պակասորդը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների եւ արտարժույթի) ձեռք բերման գործարքների փաստաթղթավորման պահանջների պահպանումը» բառերը,

5) 3-րդ մասում՝

ա. «հարկային տարվա որեւէ ամսում իրացման շրջանառության» բառերը փոխարինել «հարկային տարվա որեւէ ժամանակահատվածում իրացման շրջանառության կամ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված եւ (կամ) 13-րդ մասին համապատասխան փաստաթղթերով ձեռք բերված ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների եւ արտարժույթի) արժեքի (առանց ԱԱՀ-ի, ակցիզային հարկի եւ (կամ) բնապահպանական հարկի գումարների)» բառերով,

բ. «100» թիվը փոխարինել «24» թվով,

6) 10-րդ մասի 4-րդ կետի՝

ա. «ա» ենթակետում «փաստացի մնացորդների վերաբերյալ արձանագրությունները» բառերից հետո լրացնել «, իսկ դրանց բացակայության դեպքում՝ հարկ վճարողի հաշվապահական հաշվառման տվյալները, իսկ հաշվապահական հաշվառման տվյալների բացակայության դեպքում՝ Օրենսգրքի 350-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմնին տրամադրված կամ հարկային մարմնի կողմից ստացված տվյալները կամ հարկային մարմնի տեղեկատվական բազայի տվյալների հիման վրա հաշվարկված հարկ վճարողների ապրանքային մնացորդների վերաբերյալ տվյալները» բառերը,

բ. «ա» ենթակետում «միակողմանի գնման ակտերը» բառերը փոխարինել «հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերը» բառերով,

7) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-13-րդ մասեր.

«11. Ապրանքների մատակարարման եւ (կամ) պահպանման վայրերում ապրանքների մնացորդի պակասորդ (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների եւ արտարժույթի) հայտնաբերելու նպատակով սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված կարգով չափագրումը (ներառյալ՝ գույքագրմամբ ապրանքների փաստացի մնացորդի (քանակագումարային) արձանագրումը, ապրանքների փաստաթղթային մնացորդի (քանակագումարային) որոշումը, պակասորդի մեծության որոշումը) կատարվում է հարկային մարմնի պաշտոնատար անձի կողմից ընտրված ապրանքների գծով: Պակասորդ հայտնաբերելու նպատակով ընտրված ապրանքների գծով չափագրում իրականացնելիս ապրանքների ընտրությունը կատարվում է ԱՏԳ ԱԱ առնվազն առաջին 4 նիշի մակարդակով: Հարկային մարմնի պաշտոնատար անձը սույն մասով սահմանված կարգով չափագրումը պարտավոր է իրականացնել ընտրված ԱՏԳ ԱԱ առաջին 4 նիշում ներառվող բոլոր ապրանքների գծով: Ընտրված ապրանքների գծով պակասորդի մեծությունը որոշվում է ըստ յուրաքանչյուր ապրանքի՝ ընդունելով ԱՏԳ ԱԱ առաջին 4 նիշին համապատասխանող ապրանքների տեսակավորման արդյունքում տարբեր տեսակների ապրանքային պակասորդների եւ ավելցուկների տարբերությունները: Սույն մասով սահմանված ապրանքների մնացորդի պակասորդի հայտնաբերման կարգը կիրառվում է նաեւ համալիր հարկային ստուգումների ընթացքում:

12.  Սույն հոդվածի 11-րդ մասում նշված՝ ընտրված ապրանքների ցանկը ուսումնասիրության հանձնարարագրի հետ միասին ներկայացվում է հարկ վճարողին ծանոթացման: Ուսումնասիրության ընթացքում հարկային մարմնի պաշտոնատար անձինք ցանկում չնշված ապրանքների մասով չափագրում իրականացնելու իրավունք չունեն:

13.  Չափագրման ընթացքում ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների եւ արտարժույթի) ձեռք բերման գործարքների փաստաթղթավորման պահանջների պահպանման նկատմամբ ուսումնասիրությունն իրականացվում է սույն հոդվածին համապատասխան: Ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների եւ արտարժույթի) ձեռք բերման գործարքների փաստաթղթավորման պահանջների պահպանման նկատմամբ սույն հոդվածին համապատասխան իրականացվող ուսումնասիրության կարգը կիրառվում է նաեւ համալիր հարկային ստուգումների ընթացքում:»:

Հոդված 6. Օրենսգրքի 385-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «թղթային կամ» բառերը:

Հոդված 7. Օրենսգրքի 406-րդ հոդվածում՝

1)  1-ին մասում «ԱԱՀ վճարողից» բառերը փոխարինել «հարկ վճարողից» բառերով,

2) 2-րդ մասում՝

ա. 1-ին կետում «մինչեւ չափագրումը որեւէ ամսում» բառերը փոխարինել «մինչեւ չափագրումն ընկած որեւէ ժամանակահատվածում» բառերով,

բ. 2-րդ կետում «մինչեւ չափագրումը որեւէ ամսում» բառերը փոխարինել «մինչեւ չափագրումն ընկած որեւէ ժամանակահատվածում, Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված եւ (կամ) 13-րդ մասին համապատասխան փաստաթղթերով ձեռք բերված ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների եւ արտարժույթի) արժեքի (առանց ԱԱՀ-ի, ակցիզային հարկի եւ (կամ) բնապահպանական հարկի գումարների) եւ (կամ)» բառերով,

գ. 1-ին եւ 2-րդ կետերում «100» թիվը փոխարինել «24» թվով:

Հոդված 8. Օրենսգրքում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 406.1-ին հոդված.

«Հոդված 406.1. Ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների եւ արտարժույթի) ձեռք բերման գործարքների փաստաթղթավորման պահանջները չպահպանելը

1. Շրջանառության հարկ վճարողների մոտ ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների, արտարժույթի, գյուղատնտեսական արտադրանքի եւ Կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի) ձեռք բերման գործարքների փաստաթղթավորման պահանջները չպահպանելու փաստը հարկային մարմնի կողմից իրականացվող համալիր հարկային ստուգման կամ չափագրման ընթացքում արձանագրվելու դեպքում շրջանառության հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ այդ ապրանքների ձեռք բերման գնի (արժեքի) 20 տոկոսի չափով: Սույն մասով սահմանված խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում գանձվում է տուգանք՝ ապրանքների ձեռք բերման գնի (արժեքի) 50 տոկոսի չափով:

2. Սույն հոդվածով սահմանված տուգանքը՝ ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների, արտարժույթի, գյուղատնտեսական արտադրանքի եւ Կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի) ձեռք բերման գործարքների փաստաթղթավորման պահանջները չպահպանելու մասով եկամտային հարկի հաշվարկման (այդ թվում նաեւ որպես հարկային գործակալ) առումով հանդիսանում է վերջնական հարկային պարտավորություն:

3.  Սույն հոդվածով սահմանված տուգանքների կիրառության իմաստով՝ ապրանքի ձեռք բերման գնի (արժեքի) որոշման անհնարինության դեպքում ապրանքի ձեռք բերման գին (արժեք) է համարվում խախտումը հայտնաբերելու եռամսյակում հարկ վճարողի մոտ երկկողմանի հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված նույն ապրանքի վաճառքի (իրացման) միջին կշռված գինը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Օրենսգրքով սահմանված անուղղակի եղանակներով որոշված գինը:»:

Հոդված 9. Օրենսգրքի 407-րդ հոդվածում՝

1)  1-ին մասում «հայտնաբերման դեպքում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքի,» բառերը,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մաս.

«2.1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սույն հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետին համապատասխան՝ ձեռնարկատիրական գործունեություն համարվելու դեպքում համապատասխանաբար՝ վարձատուից գանձվում է տուգանք՝ անշարժ գույքի՝ օրենքով սահմանված կարգով գնահատված՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը: Սույն մասով սահմանված խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում գանձվում է տուգանք՝ անշարժ գույքի՝ օրենքով սահմանված կարգով գնահատված՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ միլիոն դրամը:»,

3) 7-րդ մասի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.

«Սույն մասի կիրառության իմաստով անշարժ գույքը վարձակալության հանձնելը չի համարվում ձեռնարկատիրական գործունեություն, եթե անշարժ գույքի վարձակալության գործարքից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում կամ հարկ վճարողը Օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի վարձակալությունից ստացվող եկամուտներից հաշվարկել է եկամտային հարկը կամ անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի վերաբերյալ այդ իրավունքի փաստացի ծագման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում հարկային մարմին է ներկայացվել հայտարարություն: Սույն կետով սահմանված եկամտի ստացման իրավունքի եւ դրա դադարեցման հայտարարության ձեւը եւ ներկայացման կարգը սահմանում է հարկային մարմինը:

Առանց անշարժ գույքի վարձակալության գործարքից ծագող իրավունքների պետական գրանցման՝ վարձակալությունից ստացվող եկամուտներից եկամտային հարկը հաշվարկելը կամ անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի վերաբերյալ հարկային մարմին հայտարարություն ներկայացնելը չի կարող հանդիսանալ վարձակալության հանձնված գույքի նկատմամբ որեւէ իրավունքի ճանաչման կամ վարձակալության գործարքը վավեր համարելու (ճանաչելու) հիմք:»:

Հոդված 10.

1.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:

2. Սույն օրենքի 2-րդ եւ 6-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

3. Սույն օրենքի 3-րդ եւ 8-րդ հոդվածներն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

4. Հարկային տարվա որեւէ ամսում իրացման շրջանառության կամ ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների մաքսային արժեքի, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների մասով՝ սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազայի (առանց ակցիզային հարկի) 100 միլիոն դրամի շեմը չգերազանցած՝ շրջանառության հարկ վճարողների մոտ ապրանքների մնացորդի փաստացի պակասորդը պարզելու նպատակով սույն օրենքին համապատասխան չափագրումն իրականացվում է 2025 թվականի հունվարի 1-ից:

5. Այն հարկ վճարողները, որոնք 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Օրենսգրքի
457-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ըստ մատակարարման եւ պահպանման առանձին վայրերի չեն հաշվառել ապրանքների մնացորդները, պարտավոր են 2025 թվականի փետրվարի 1-ի դրությամբ ըստ մատակարարման եւ պահպանման առանձին վայրերի հաշվառել ապրանքների մնացորդները, եթե 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ նախորդ հարկային տարում Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված եւ (կամ) 13-րդ մասին համապատասխան փաստաթղթերով ձեռք բերված ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների եւ արտարժույթի) արժեքի (առանց ԱԱՀ-ի, ակցիզային հարկի եւ (կամ) բնապահպանական հարկի գումարների) կամ ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների մաքսային արժեքի, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների մասով՝ սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազան (առանց ակցիզային հարկի) գերազանացում է 24 միլիոն դրամի շեմը:

6. Այն հարկ վճարողները, որոնք 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասի եւ (կամ) սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն ըստ մատակարարման եւ պահպանման առանձին վայրերի չեն հաշվառել ապրանքների մնացորդները, սակայն հետագայում որեւէ ամսաթվի դրությամբ հարկային տարվա որեւէ ժամանակահատվածում հարկ վճարողի (այդ թվում՝ նոր ստեղծված (պետական գրանցում ստացած կամ հաշվառված) Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված եւ (կամ) 13-րդ մասին համապատասխան փաստաթղթերով ձեռք բերված ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների եւ արտարժույթի)  արժեքը (առանց ԱԱՀ-ի, ակցիզային հարկի եւ (կամ) բնապահպանական հարկի գումարների) կամ ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների մաքսային արժեքը, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների մասով՝ սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազան (առանց ակցիզային հարկի) գերազանցում է 24 միլիոն դրամի շեմը, պարտավոր են գերազանցելու հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ ըստ մատակարարման եւ պահպանման առանձին վայրերի հաշվառել ապրանքների մնացորդները:

7. Սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցը շրջանառության հարկ վճարողների նկատմամբ կիրառվում է 2025 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո ձեռք բերված ապրանքների նկատմամբ:

8. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտը Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է այդ դրույթն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

9. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտը հարկային մարմինը սահմանում է այդ դրույթն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

10. Այն քաղաքացիները, որոնք սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ անշարժ գույքի վարձակալության գործարքից ծագող իրավունքները չեն ներկայացրել պետական գրանցման, պարտավոր են մինչեւ սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտն ուժի մեջ մտնելու օրը ներառող ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ը անշարժ գույքի վարձակալության գործարքից ծագող իրավունքները ներկայացնել պետական գրանցման կամ հարկային մարմին ներկայացնել անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի ստացման վերաբերյալ հայտարարություն:

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

Նախագծի ընդունման նպատակն է բարձրացնել հարկային մարմնի հսկողական միջոցառումների արդյունավետությունը եւ նպաստել հարկային իրավախախտումների բացահայտման գործընթացին:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները.

- Գործող կարգավորումների համաձայն՝ շրջանառության հարկ վճարողներն ազատված են ՀՀ հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 13-րդ մասով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից, ինչը նպաստում է ապրանքների ձեռք բերման գործարքներն առանց փաստաթղթավորման իրականցնելուն: Միաժամանակ, հարկային գործակալի պարտավորություններից ազատումը անհավասար պայմաններ է ստեղծում շրջանառության հարկ վճարողներ եւ շահութահարկ վճարողների,  միկրոձեռնարկատիրության սուբյեկտների միջեւ:

- Գործող կարգավորումների համաձայն՝ ապահովագրական գործակալները եւ ապահովագրական բրոքերները հնարավորություն ունեն գործելու հարկման հատուկ (արտոնյալ) համակարգերում, այն դեպքում, երբ ապահովագրական ընկերությունները գործում են հարկման ընդհանուր համակարգում, ինչը կարող է ռիսկեր ստեղծել ապահովագրական ընկերությունների կողմից լրացուցիչ ծախսերի հայտարարագրման համար:

- Օրենսգրքի 346-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկ վճարողի հարկման օբյեկտների, հարկման բազաների եւ հարկային պարտավորությունների հաշվարկման (գնահատման), ինչպես նաեւ հարկ վճարողի մոտ արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման, իրացման, ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման եւ (կամ) ծառայությունների մատուցման փաստացի ծավալները, ապրանքների մատակարարման կամ պահպանման վայրերում ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների եւ արտարժույթի) մնացորդի պակասորդը, ինչպես նաեւ իրացման փաստացի գները (այդ թվում՝ միջին) պարզելու նպատակով հարկային մարմինը կարող է իրականացնել չափագրումներ: Խնդիրն այն է, որ Օրենսգրքով սահմանված չէ որեւէ հսկողական մեխանիզմ, որը հնարավորություն կտա ստուգել հարկ վճարողների կողմից ապրանքների ձեռք բերման գործարքների փաստաթղթավորման պահանջների պահպանումը: Հսկողությունն իրականացվում է ապրանքների մնացորդների պակասորդի  հայտնաբերման նպատակով, մինչդեռ առանց համապատասխան փաստաթղթերի ձեռք բերված ապրանքների նկատմամբ հսկողության հնարավորությունը բացակայում է, ինչը ստեղծում է ռիսկեր՝ ապրանքներն առանց համապատասխան փաստաթղթերի ձեռք բերելու եւ առհասարակ ապրանքների ձեռք բերման մասով փաստաթղթավորման պահանջների չպահպանման համար:

- Օրենսգրքի 346-րդ հոդվածին համապատասխան չափագրման կամ համալիր հարկային ստուգումների ընթացքում հարկ վճարողների մոտ ապրանքների պակասորդ հայտնաբերելու նպատակով հարկային մարմնի պաշտոնատար անձինք պարտավոր են հարկ վճարողների մոտ ապրանքների գծով իրականացնելու ապրանքների փաստաթղթային մնացորդի որոշում, ինչպես նաեւ հարկ վճարողներից պահանջելու, որպեսզի իրականացվի ապրանքների գույքագրում: Նշված գործընթացը բավականին բարդ, ծախսատար եւ ծավալուն է ինչպես հարկ վճարողների, այնպես էլ հարկային մարմնի համար, իսկ առանձին դեպքերում գրեթե անհնար, քանի որ հատկապես խոշոր հարկ վճարողների մոտ (առավել եւս առեւտրով զբաղվող) ապրանքների տեսականին բազմազան է եւ միաժամանակ այդ ապրանքների շրջանառելիությունը բավականին արագ է:

Միաժամանակ, գործնականում շատ են հանդիպում իրավիճակներ, երբ հարկային մարմնի վերլուծության արդյունքները վկայում են այն մասին, որ տվյալ հարկ վճարողի մոտ առանձին ապրանքների գծով է առկա պակասորդի ռիսկը: Այս համատեքստում անհրաժեշտ է հստակեցնել ապրանքների մնացորդի պակասորդի առկայությունը ընտրված  ռիսկային ապրանքների գծով որոշելը:

- Բացի այդ, Օրենսգրքի 346-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն, ըստ էության, չափագրման ուսումնասիրության շրջանակներում հարկային մարմինը ապրանքների մնացորդի փաստացի պակասորդը իրավունք ունի պարզելու այն հարկ վճարողների մոտ, որոնց  հարկային տարվա որեւէ ամսում իրացման շրջանառությունը կամ ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների մաքսային արժեքը, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների մասով՝ սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազան  գերազանցել է 100 միլիոն դրամի շեմը:

Ընդ որում, Օրենսգրքի 406-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն համալիր հարկային ստուգման ընթացքում Օրենսգրքի 346-րդ հոդվածով սահմանված պակասորդ հայտնաբերելու դեպքում ԱԱՀ վճարողից գանձվում է տուգանք՝ պակասորդի գնի (արժեքի) 50 տոկոսի չափով: Միաժամանակ, Օրենսգրքի 406-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ չափագրումների ընթացքում Օրենսգրքի 346-րդ հոդվածով սահմանված պակասորդ հայտնաբերելու դեպքում հարկ վճարողներից գանձվում է տուգանք՝ պակասորդի գնի (արժեքի) 50 տոկոսի չափով:

Վերոնշյալ կարգավորումները վկայում են, որ համալիր հարկային ստուգման ընթացքում պակասորդ հայտնաբերելու դեպքում տուգանք կարող է կիրառվել միայն ԱԱՀ վճարողի նկատմամբ (այսինքն՝ շրջանառության հարկով հարկման համակարգում գործունեություն իրականացնողների մոտ համալիր հարկային ստուգման ընթացքում պակասորդ հայտնաբերելու դեպքում՝ համալիր հարկային ստուգմամբ տուգանք չի կարող կիրառվել), իսկ չափագրման ուսումնասիրության արդյունքում պակասորդ հայտնաբերելու դեպքում տուգանք կարող է կիրառվել բոլոր հարկ վճարողների նկատմամբ, սակայն այս դեպքում էլ՝ չափագրման ուսումնասիրության շրջանակներում ապրանքային մնացորդի պակասորդի առկայության հարցը կարող է ուսումնասիրվել միայն վերը նշված ցուցանիշների 100 մլն դրամը գերազանցելու պարագայում, ինչը հատուկ հարկման համակարգի հարկ վճարողների մոտ գրեթե առկա չէ:

100 մլն դրամի շեմը մի կողմից վերաբերում է հարկային տարվա որեւէ ամսում իրացման շրջանառությանը կամ ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների մաքսային արժեքին, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների մասով՝ ԱԱՀ-ով հարկման բազային, իսկ մյուս կողմից այդ շեմը չի վերաբերում ՀՀ տարածքում ձեռքբերված ապրանքներին, ինչը արդյունավետ մոտեցում չէ, քանի որ արդյունքում առանձին հարկ վճարողների նկատմամբ ընթացիկ կանխարգելիչ հսկողական միջոցառում (մասնավորապես՝ պակասորդ հայտնաբերելու նպատակով չափագրում) հարկային մարմինն իրավունք չի ունենում կատարելու:

- Միաժամանակ, գործող կարգավորումներով՝ ապրանքների սկզբնական մնացորդի որոշման համար հիմք են ընդունվում Օրենսգրքով սահմանված կարգով հաշվառված ապրանքների փաստացի մնացորդների վերաբերյալ տվյալները, իսկ դրա բացակայության դեպքում՝ հարկային մարմնի կողմից նախորդ համալիր հարկային ստուգման կամ չափագրման ժամանակ կազմված ապրանքների փաստացի մնացորդների վերաբերյալ արձանագրությունները: Գործնականում բազմաթիվ են դեպքերը, երբ հարկ վճարողները Օրենսգրքով սահմանված կարգով հաշվառված ապրանքների փաստացի մնացորդները չեն հաշվառել (որի գծով ի դեպ Օրենսգրքով հաշվառելու պարտականությունը սահմանված է, սակայն չհաշվառելու դեպքում պատասխանատվություն սահմանված չէ) եւ (կամ) նախկինում հարկ վճարողի մոտ համալիր հարկային ստուգում կամ չափագրման ուսումնասիրություն չի իրականացվել: Տվյալ դեպքում ակնհայտ պակասորդի ռիսկի առկայության պարագայում՝ չափագրման գործընթացը հայտնվում է փակուղում, քանի որ սկզբնական մնացորդը որոշելու այլ կանոն Օրենսգիրքը չի սահմանում: Նշվածը շատ ակնառու է նոր ստեղծված հարկ վճարողների մոտ, օրինակ՝ հարկ վճարողը ստեղծվել է եւ 2 տարի շարունակ իրականացրել է գործունեություն եւ միաժամանակ, այդ ընթացքում համալիր հարկային ստուգում կամ չափագրում չի իրականացվել: Տվյալ պարագայում նշված հարկ վճարողի ապրանքների սկզբնական մնացորդը (ստեղծման պահին) հիմնականում լինում է զրո, սակայն տվյալ դեպքում՝ Օրենսգիրքը ապրանքների սկզբնական մնացորդի որոշման որեւէ կանոն չի սահմանում:

- Օրենսգրքի 346-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ չափագրումների իրականացման համար հիմք կարող են հանդիսանալ՝ մասնավորապես՝ կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների ծավալների եւ դրանց փաստացի գների (այդ թվում՝ միջին) վերաբերյալ հաշվետվությունների, հսկիչ դրամարկղային մեքենաներով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարների, գործարքների եւ գործողությունների փաստաթղթավորման նպատակով կիրառվող հաշվարկային փաստաթղթերի տվյալների, հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկների եւ հարկային մարմին ներկայացված (այդ թվում՝ երրորդ անձից ստացված) տեղեկությունների անհամապատասխանությունները:

Խնդիրն այն է, որ կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների ծավալների եւ դրանց փաստացի գների (այդ թվում՝ միջին) վերաբերյալ հաշվետվություն կազմելու եւ հարկային մարմին ներկայացնելու պահանջ ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված չէ, սակայն այդ կետում օգտագործվում է համապատասխան եզրույթը,

- Օրենսգրքի 385-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դրամարկղային գործառնությունները գրանցվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում: Միաժամանակ,  դեռեւս առկա են գործարքների կատարումը հիմնավորող առանձին փաստաթղթեր, որոնք հարկ վճարողների կողմից կազմվում են թղթային եղանակով,

- Օրենսգրքի 407-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի կիրառության իմաստով՝ ձեռնարկատիրական գործունեություն չի համարվում, մասնավորապես քաղաքացիների՝ գույքը վարձակալության հանձնելը: Ֆիզիկական անձանց միջեւ վարձակալության գործարքը հարկվում է եկամտային հարկով, սակայն վարչարարությունը դառնում է գրեթե անհնար այն դեպքերում, երբ գործարքները պետական գրանցում չեն ստանում եւ պետությունը, ըստ էության, տեղեկացված չի լինում գործարքի առկայության մասին: Գործնականում շատ են դեպքերը, երբ քաղաքացիները՝ հարկային պարտավորությունների կատարումից խուսափելու նպատակով գույքը վարձակալության հանձնելիս խուսափում են պայմանագիր կնքելուց եւ պետական գրանցում կատարելուց, ինչը խնդիրներ է ստեղծում հարկային վարչարարության տեսանկյունից: Միաժամանակ առկա են նաեւ դեպքեր, երբ գործարքները պետական գրանցում չեն ստանում, սակայն քաղաքացիների կողմից ներկայացվում են հարկային հաշվարկները եւ հայտարարագրվում են փաստացի վարձակալությունից առաջացող հարկերը:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Նախագծով առաջարկվում է՝

- սահմանել որ ապահովագրական գործակալները եւ ապահովագրական բրոքերները չեն կարող համարվել շրջանառության հարկ վճարողներ կամ միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ,

- Օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, ինչի արդյունքում շրջանառության հարկ վճարողները Օրենսգրքի 150-րդ հոդվածի 13-րդ մասով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից ազատվում են միայն գյուղատնտեսական արտադրանքի եւ Կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի ձեռք բերման մասով, ինչը կնպաստի շրջանառության հարկ վճարողների կողմից ֆիզիկական անձանցից կատարված ձեռբերումների մասով փաստաթղթավորման ապահովմանը,

- սահմանել, որ հարկային մարմինը չափագրումներ կարող է իրականացնել նաեւ ապրանքների ձեռք բերման գործարքների փաստաթղթավորման պահանջների պահպանումը պարզելու նպատակով,

- Օրենսգրքի 346-րդ հոդվածում հստակեցնել ապրանքների մնացորդի պակասորդի առկայությունը որոշակի ընտված ապրանքների գծով որոշելը: Ընդ որում, եթե հարկային մարմնի պաշտոնատար անձը ընտրում է որեւէ ապրանք, ապա այն պետք է ընտրի ԱՏԳ ԱԱ 4 նիշի մակարդակով եւ տվյալ դեպքում պետք է պակասորդի հայտնաբերման գործընթացը իրականացնի այդ ընտրված 4 նիշում ներառված բոլոր ապրանքների գծով: Ընտրված ապրանքների ցանկը ուսումնասիրության հանձնարարագրի հետ միասին ներկայացվում է հարկ վճարողին ծանոթացման,

- Օրենսգրքի 346-րդ հոդվածում 100 միլիոն դրամի շեմը նվազեցնել՝ սահմանելով 24 մլն դրամ՝ ստեղծելով հնարավորություն շրջանառության հարկ վճարողների նկատմամբ եւս սահմանված դրույթները կիրառելու համար: Միաժամանակ, առաջարկվում է նշված շեմը որոշել ոչ թե հարկային տարվա որեւէ ամսվա տվյալներով, այլ հարկային տարվա ցանկացած ժամանակահատվածի տվյալներով, ինչպես նաեւ այդ շեմը տարածել ոչ միայն իրացման շրջանառության կամ ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների մաքսային արժեքի, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների մասով՝ ԱԱՀ-ով հարկման բազայի, այլ նաեւ ՀՀ տարածքում ձեռքբերված ապրանքների արժեքի վրա,

Ընդ որում, շեմն առաջարկվում է սահմանել 24 միլիոն դրամ՝ հաշվի առնելով, որ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում գործունեություն իրականացնող սուբյեկտներ համարվելու համար սահմանված է իրացման շրջանառության 24 միլիոն դրամի շեմը: Հետեւաբար կարգավորումները տրվել են այնպես, որ հարկային վարչարարություն բեռը կիրառելի չլինի միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում գործունեություն իրականացնող հարկ վճարողների նկատմամբ,

- hաշվի առնելով հարկային մարմնին բացառապես էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի եւ տեղեկությունների ներկայացման անհրաժեշտությունը, դեռեւս թղթային եղանակով կազմվող հաշվարկային փաստաթղթերի դուրս գրումը եւ դրամարկղային գործառնությունների հաշվառման նպատակով դրամարկղային գրքերի վարումը նույնպես կատարել էլեկտրոնային եղանակով,

- շրջանառության հարկ վճարողների մոտ ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների եւ արտարժույթի) ձեռք բերման գործարքների փաստաթղթավորման պահանջները չպահպանելու դեպքում սահմանել տուգանք՝ այդ ապրանքների ձեռք բերման գնի (արժեքի) 20 տոկոսի չափով: Նույն խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում սահմանել տուգանք՝ ապրանքների ձեռք բերման գնի (արժեքի) 50 տոկոսի չափով,

- սահմանել պատասխանատվություն այն դեպքում, երբ անշարժ գույքի վարձակալության գործարքից ծագող իրավունքները չեն ստացել պետական գրանցում: Առաջարկվում է պատասխանատվությունը չկիրառել այն դեպքում, երբ հարկ վճարողը անշարժ գույքի վարձակալությունից ստացվող եկամուտներից oրենսգրքով սահմանված կարգով հաշվարկել է եկամտային հարկը (վերաբերում է այն դեպքերին, երբ օպերատիվ հետախուզական միջոցառումն իրականացվում է այն ավատրված հաշվետու ժամանակաշրջանների մասով, որոնց գծով լրացել է նաեւ հարկային հաշվարկի ներկայացման վերջնաժամկետը): Պատասխանատվությունը չի կիրառվի նաեւ այն դեպքում, երբ առանց վարձակալության գործարքից ծագող իրավունքների պետական գրանցման անշարժ գույքը վարձակալության հանձնվել եւ այդ հարկային տարվա ընթացքում անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի վերաբերյալ հարկային մարմին է ներկայացվել հայտարարություն (վերաբերում է այն դեպքերին, երբ օպերատիվ հետախուզական միջոցառման իրականացման հարկային տարվա ընթացքում փաստացի վարձակալությունը առկա է):

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից:

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է՝

- նվազեցնել շրջանառության հարկ վճարողների իրացման շրջանառությունների թերհայտարարագրման հնարավոր ռիսկերը՝ իրականացնելով արդյունավետ հարկային վարչարարություն,

- կարգավորել ապրանքների ձեռք բերման փաստաթղթավորման պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնելու հետ կապված հարցերը,

- դրամարկղային գործառնությունների հաշվառման նպատակով դրամարկղային գրքերի վարումը կատարելու է էլեկտրոնային եղանակով,

-  խրախուսել գույքի վարձակալության հանձնելու պայմանագրի գրանցումը, որի արդյունքում կնվազի գույքի վարձակալության ոլորտում առկա ստվերը:

6. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը կապված է հետեւյալ ռազմավարական փաստաթղթերի հետ.

- ՀՀ կառավարության 18.11.2021թ. N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի՝ «3. Հարկային հսկողության ռիսկերի կառավարման համակարգերի կատարելագործմամբ ստվերի կրճատում» նպատակի «3.1 Տնտեսավարող սուբյեկտների կողմից իրականացվող գործունեության օրինականության կամ գործարքների լիարժեք փաստաթղթավորման կարգապահության բարելավում, հսկողական գործիքակազմի կատարելագործում» միջոցառուման հետ,

- ՀՀ կառավարության 12.12.2019թ. N 1830-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի «2. Վարչարարության արդյունավետության բարձրացում, եկամուտների ավելացում, ստվերի կրճատում» նպատակի «1. Հարկային եւ մաքսային իրավախախտումների կանխարգելում» ենթանպատակի իրականացման հետ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն