Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-650-21.08.2023-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 55-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-րդ մաս.

«14. Սույն հոդվածի 13-րդ մասին համապատասխան՝ հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերը դուրս են գրվում էլեկտրոնային եղանակով: Հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերի դուրսգրման դեպքերը եւ կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում եւ 267-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում «ապահովագրական ընկերությունները,» բառերից հետո լրացնել «ապահովագրական գործակալները, ապահովագրական բրոքերները,» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2) գյուղատնտեսական արտադրանքի եւ Կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի ձեռք բերման մասով Օրենսգրքի 150-րդ հոդվածի 13-րդ մասով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից:»:

Հոդված 4. Օրենսգրքի 343-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) չափագրման արդյունքում ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների եւ արտարժույթի) մնացորդի պակասորդ եւ (կամ) ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների եւ արտարժույթի) ձեռք բերման գործարքների փաստաթղթավորման պահանջները չպահպանելու փաստ հայտնաբերելու դեպքում.»:

Հոդված 5. Օրենսգրքի 346-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «մնացորդի պակասորդը,» բառերից հետո լրացնել «ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների եւ արտարժույթի) ձեռք բերման գործարքների փաստաթղթավորման պահանջների պահպանումը,» բառերը,

2) 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված առանձին ապրանքների, այդ թվում՝ օգտակար հանածոների եւ դրանց արտադրատեսակների եւ շրջանառության ֆիզիկական ծավալների, իրացման փաստացի գների (այդ թվում՝ միջին) վերաբերյալ հարկային մարմին ներկայացված հաշվետվությունների եւ հաշվարկային փաստաթղթերում կամ հարկային հաշվարկներում արտացոլված տվյալների կամ հսկիչ դրամարկղային մեքենաների կտրոններում (այդ թվում՝ էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոններում) կամ հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերում արտացոլված տվյալների կամ հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկներում արտացոլված տվյալների եւ հարկային մարմին ներկայացված (այդ թվում՝ երրորդ անձից ստացված) տեղեկությունների անհամապատասխանությունները.»,

3) 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) Օրենսգրքով սահմանված կարգով ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների եւ արտարժույթի) ձեռքբերումը եւ (կամ) իրացումը չփաստաթղթավորելու ռիսկերին վերաբերող հարկային մարմնի վերլուծության արդյունքները:»,

4) 2-րդ մասի 2-րդ կետում՝

ա. «հարկային տարվա որեւէ ամսում իրացման շրջանառության» բառերը փոխարինել «հարկային տարվա որեւէ ժամանակահատվածում իրացման շրջանառության կամ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված եւ (կամ) 13-րդ մասին համապատասխան փաստաթղթերով ձեռք բերված ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների եւ արտարժույթի) արժեքի (առանց ԱԱՀ-ի, ակցիզային հարկի եւ (կամ) բնապահպանական հարկի գումարների)» բառերով,

բ. «100» թիվը փոխարինել «24» թվով,

գ. «փաստացի պակասորդը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների եւ արտարժույթի) ձեռք բերման գործարքների փաստաթղթավորման պահանջների պահպանումը» բառերը,

5) 3-րդ մասում՝

ա. «հարկային տարվա որեւէ ամսում իրացման շրջանառության» բառերը փոխարինել «հարկային տարվա որեւէ ժամանակահատվածում իրացման շրջանառության կամ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված եւ (կամ) 13-րդ մասին համապատասխան փաստաթղթերով ձեռք բերված ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների եւ արտարժույթի) արժեքի (առանց ԱԱՀ-ի, ակցիզային հարկի եւ (կամ) բնապահպանական հարկի գումարների)» բառերով,

բ. «100» թիվը փոխարինել «24» թվով,

6) 10-րդ մասի 4-րդ կետի՝

ա. «ա» ենթակետում «փաստացի մնացորդների վերաբերյալ արձանագրությունները» բառերից հետո լրացնել «, իսկ դրանց բացակայության դեպքում՝ հարկ վճարողի հաշվապահական հաշվառման տվյալները, իսկ հաշվապահական հաշվառման տվյալների բացակայության դեպքում՝ Օրենսգրքի 350-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմնին տրամադրված կամ հարկային մարմնի կողմից ստացված տվյալները կամ հարկային մարմնի տեղեկատվական բազայի տվյալների հիման վրա հաշվարկված հարկ վճարողների ապրանքային մնացորդների վերաբերյալ տվյալները» բառերը,

բ. «ա» ենթակետում «միակողմանի գնման ակտերը» բառերը փոխարինել «հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերը» բառերով,

7) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-13-րդ մասեր.

«11. Ապրանքների մատակարարման եւ (կամ) պահպանման վայրերում ապրանքների մնացորդի պակասորդ (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների եւ արտարժույթի) հայտնաբերելու նպատակով սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված կարգով չափագրումը (ներառյալ՝ գույքագրմամբ ապրանքների փաստացի մնացորդի (քանակագումարային) արձանագրումը, ապրանքների փաստաթղթային մնացորդի (քանակագումարային) որոշումը, պակասորդի մեծության որոշումը) կատարվում է հարկային մարմնի պաշտոնատար անձի կողմից ընտրված ապրանքների գծով: Պակասորդ հայտնաբերելու նպատակով ընտրված ապրանքների գծով չափագրում իրականացնելիս ապրանքների ընտրությունը կատարվում է ԱՏԳ ԱԱ առնվազն առաջին 4 նիշի մակարդակով: Հարկային մարմնի պաշտոնատար անձը սույն մասով սահմանված կարգով չափագրումը պարտավոր է իրականացնել ընտրված ԱՏԳ ԱԱ առաջին 4 նիշում ներառվող բոլոր ապրանքների գծով: Ընտրված ապրանքների գծով պակասորդի մեծությունը որոշվում է ըստ յուրաքանչյուր ապրանքի՝ ընդունելով ԱՏԳ ԱԱ առաջին 4 նիշին համապատասխանող ապրանքների տեսակավորման արդյունքում տարբեր տեսակների ապրանքային պակասորդների եւ ավելցուկների տարբերությունները: Սույն մասով սահմանված ապրանքների մնացորդի պակասորդի հայտնաբերման կարգը կիրառվում է նաեւ համալիր հարկային ստուգումների ընթացքում:

12. Սույն հոդվածի 11-րդ մասում նշված՝ ընտրված ապրանքների ցանկը ուսումնասիրության հանձնարարագրի հետ միասին ներկայացվում է հարկ վճարողին ծանոթացման: Ուսումնասիրության ընթացքում հարկային մարմնի պաշտոնատար անձինք ցանկում չնշված ապրանքների մասով չափագրում իրականացնելու իրավունք չունեն:

13. Չափագրման ընթացքում ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների եւ արտարժույթի) ձեռք բերման գործարքների փաստաթղթավորման պահանջների պահպանման նկատմամբ ուսումնասիրությունն իրականացվում է սույն հոդվածին համապատասխան: Ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների եւ արտարժույթի) ձեռք բերման գործարքների փաստաթղթավորման պահանջների պահպանման նկատմամբ սույն հոդվածին համապատասխան իրականացվող ուսումնասիրության կարգը կիրառվում է նաեւ համալիր հարկային ստուգումների ընթացքում:»:

Հոդված 6. Օրենսգրքի 385-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «թղթային կամ» բառերը:

Հոդված 7. Օրենսգրքի 406-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «ԱԱՀ վճարողից» բառերը փոխարինել «հարկ վճարողից» բառերով,

2) 2-րդ մասում՝

ա. 1-ին կետում «մինչեւ չափագրումը որեւէ ամսում» բառերը փոխարինել «մինչեւ չափագրումն ընկած որեւէ ժամանակահատվածում» բառերով,

բ. 2-րդ կետում «մինչեւ չափագրումը որեւէ ամսում» բառերը փոխարինել «մինչեւ չափագրումն ընկած որեւէ ժամանակահատվածում, Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված եւ (կամ) 13-րդ մասին համապատասխան փաստաթղթերով ձեռք բերված ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների եւ արտարժույթի) արժեքի (առանց ԱԱՀ-ի, ակցիզային հարկի եւ (կամ) բնապահպանական հարկի գումարների) եւ (կամ)» բառերով,

գ. 1-ին եւ 2-րդ կետերում «100» թիվը փոխարինել «24» թվով:

Հոդված 8. Օրենսգրքում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 406.1-ին հոդված.

«Հոդված 406.1. Ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների եւ արտարժույթի) ձեռք բերման գործարքների փաստաթղթավորման պահանջները չպահպանելը

1. Շրջանառության հարկ վճարողների մոտ ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների, արտարժույթի, գյուղատնտեսական արտադրանքի եւ Կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի) ձեռք բերման գործարքների փաստաթղթավորման պահանջները չպահպանելու փաստը հարկային մարմնի կողմից իրականացվող համալիր հարկային ստուգման կամ չափագրման ընթացքում արձանագրվելու դեպքում շրջանառության հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ այդ ապրանքների ձեռք բերման գնի (արժեքի) 20 տոկոսի չափով: Սույն մասով սահմանված խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում գանձվում է տուգանք՝ ապրանքների ձեռք բերման գնի (արժեքի) 50 տոկոսի չափով:

2. Սույն հոդվածով սահմանված տուգանքը՝ ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների, արտարժույթի, գյուղատնտեսական արտադրանքի եւ Կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի) ձեռք բերման գործարքների փաստաթղթավորման պահանջները չպահպանելու մասով եկամտային հարկի հաշվարկման (այդ թվում նաեւ որպես հարկային գործակալ) առումով հանդիսանում է վերջնական հարկային պարտավորություն:

3. Սույն հոդվածով սահմանված տուգանքների կիրառության իմաստով՝ ապրանքի ձեռք բերման գնի (արժեքի) որոշման անհնարինության դեպքում ապրանքի ձեռք բերման գին (արժեք) է համարվում խախտումը հայտնաբերելու եռամսյակում հարկ վճարողի մոտ երկկողմանի հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված նույն ապրանքի վաճառքի (իրացման) միջին կշռված գինը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Օրենսգրքով սահմանված անուղղակի եղանակներով որոշված գինը:»:

Հոդված 9. Օրենսգրքի 407-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «հայտնաբերման դեպքում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքի,» բառերը,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մաս.

«2.1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սույն հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետին համապատասխան՝ ձեռնարկատիրական գործունեություն համարվելու դեպքում համապատասխանաբար՝ վարձատուից գանձվում է տուգանք՝ անշարժ գույքի՝ օրենքով սահմանված կարգով գնահատված՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 500 հազար դրամը: Սույն մասով սահմանված խախտումն արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում գանձվում է տուգանք՝ անշարժ գույքի՝ օրենքով սահմանված կարգով գնահատված՝ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ միլիոն դրամը:»,

3) 7-րդ մասի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.

«Սույն մասի կիրառության իմաստով անշարժ գույքը վարձակալության հանձնելը չի համարվում ձեռնարկատիրական գործունեություն, եթե անշարժ գույքի վարձակալության գործարքից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում կամ հարկ վճարողը Օրենսգրքով սահմանված կարգով անշարժ գույքի վարձակալությունից ստացվող եկամուտներից հաշվարկել է եկամտային հարկը կամ անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի վերաբերյալ այդ իրավունքի փաստացի ծագման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում հարկային մարմին է ներկայացվել հայտարարություն: Սույն կետով սահմանված եկամտի ստացման իրավունքի եւ դրա դադարեցման հայտարարության ձեւը եւ ներկայացման կարգը սահմանում է հարկային մարմինը:

Առանց անշարժ գույքի վարձակալության գործարքից ծագող իրավունքների պետական գրանցման՝ վարձակալությունից ստացվող եկամուտներից եկամտային հարկը հաշվարկելը կամ անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի վերաբերյալ հարկային մարմին հայտարարություն ներկայացնելը չի կարող հանդիսանալ վարձակալության հանձնված գույքի նկատմամբ որեւէ իրավունքի ճանաչման կամ վարձակալության գործարքը վավեր համարելու (ճանաչելու) հիմք:»:

Հոդված 10.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հոկտեմբերի 1-ից, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:

2. Սույն օրենքի 2-րդ եւ 6-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

3. Սույն օրենքի 3-րդ եւ 8-րդ հոդվածներն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

4. Հարկային տարվա որեւէ ամսում իրացման շրջանառության կամ ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների մաքսային արժեքի, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների մասով՝ սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազայի (առանց ակցիզային հարկի) 100 միլիոն դրամի շեմը չգերազանցած՝ շրջանառության հարկ վճարողների մոտ ապրանքների մնացորդի փաստացի պակասորդը պարզելու նպատակով սույն օրենքին համապատասխան չափագրումն իրականացվում է 2025 թվականի հունվարի 1-ից:

5. Այն հարկ վճարողները, որոնք 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ըստ մատակարարման եւ պահպանման առանձին վայրերի չեն հաշվառել ապրանքների մնացորդները, պարտավոր են 2025 թվականի փետրվարի 1-ի դրությամբ ըստ մատակարարման եւ պահպանման առանձին վայրերի հաշվառել ապրանքների մնացորդները, եթե 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ նախորդ հարկային տարում Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված եւ (կամ) 13-րդ մասին համապատասխան փաստաթղթերով ձեռք բերված ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների եւ արտարժույթի) արժեքի (առանց ԱԱՀ-ի, ակցիզային հարկի եւ (կամ) բնապահպանական հարկի գումարների) կամ ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների մաքսային արժեքի, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների մասով՝ սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազան (առանց ակցիզային հարկի) գերազանացում է 24 միլիոն դրամի շեմը:

6. Այն հարկ վճարողները, որոնք 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասի եւ (կամ) սույն հոդվածի 5-րդ մասի համաձայն ըստ մատակարարման եւ պահպանման առանձին վայրերի չեն հաշվառել ապրանքների մնացորդները, սակայն հետագայում որեւէ ամսաթվի դրությամբ հարկային տարվա որեւէ ժամանակահատվածում հարկ վճարողի (այդ թվում՝ նոր ստեղծված (պետական գրանցում ստացած կամ հաշվառված) Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված եւ (կամ) 13-րդ մասին համապատասխան փաստաթղթերով ձեռք բերված ապրանքների (բացառությամբ հումքի, նյութերի, հիմնական միջոցների եւ արտարժույթի) արժեքը (առանց ԱԱՀ-ի, ակցիզային հարկի եւ (կամ) բնապահպանական հարկի գումարների) կամ ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների մաքսային արժեքը, իսկ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծված ապրանքների մասով՝ սահմանված կարգով որոշվող ԱԱՀ-ով հարկման բազան (առանց ակցիզային հարկի) գերազանցում է 24 միլիոն դրամի շեմը, պարտավոր են գերազանցելու հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 1-ի դրությամբ ըստ մատակարարման եւ պահպանման առանձին վայրերի հաշվառել ապրանքների մնացորդները:

7. Սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցը շրջանառության հարկ վճարողների նկատմամբ կիրառվում է 2025 թվականի հունվարի 1-ին եւ դրանից հետո ձեռք բերված ապրանքների նկատմամբ:

8. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտը Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է այդ դրույթն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

9. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտը հարկային մարմինը սահմանում է այդ դրույթն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

10. Այն քաղաքացիները, որոնք սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ անշարժ գույքի վարձակալության գործարքից ծագող իրավունքները չեն ներկայացրել պետական գրանցման, պարտավոր են մինչեւ սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտն ուժի մեջ մտնելու օրը ներառող ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 1-ը անշարժ գույքի վարձակալության գործարքից ծագող իրավունքները ներկայացնել պետական գրանցման կամ հարկային մարմին ներկայացնել անշարժ գույքի հետ կապված եկամտի ստացման իրավունքի ստացման վերաբերյալ հայտարարություն: