ՀՈԴՎԱԾ 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 փետրվարի 2007թվական, ՀՕ- 308, այսուհետեւ՝ օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասը «ժէ» կետից հետո լրանել նոր «ժէ՛» կետով, հետեւյալ բովանդակությամբ՝
«ժէ՛) Ազգային ժողովի նիստում հայտարարում է հեռարձակման անկախ կարգավորող մարմնի անդամի թափուր տեղի մասին, դիմում խմբակցություններին՝ անդամի ընտրության մրցութային հանձնաժողովի թեկնածուների առաջադրման առաջարկով եւ դրանց հիման վրա ձեւավորում մրցութային հանձնաժողով.»։
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 97-րդ հոդվածի՝
ա) 1-ին կետի 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Սահմանադրության 83-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան` պաշտոնում ընտրելու համար թեկնածուի առաջադրման իրավունքը պատկանում է խմբակցություններին եւ պատգամավորական խմբերին»:
բ) 1-ին կետը լրացնել 3-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ. «Սահմանադրության 83.2 հոդվածի համապատախան հեռարձակվող լրատվության միջոցների ազատության, անկախության եւ բազմազանության նպատակներից ելնելով` օրենքով ստեղծվող անկախ կարգավորող մարմնի անդամների կեսը վեց տարի ժամկետով ընտրում է Ազգային ժողովը:
Ազգային հանձնաժողովում թափուր տեղի առկայության դեպքում թափուր տեղում ընտրությունը կատարվում է Սահմանադրության 83.2 հոդվածին համապատասխան, այնպես, որ անդամների կեսը ընտրված լինի Ազգային ժողովի կողմից, իսկ մյուս կեսը նշանակված լինի Հանրապետության Նախագահի կողմից։
Ազգային հանձնաժողովում թափուր տեղ առաջանալու դեպքում Ազգային հանձնաժողովի նախագահն այդ մասին հայտնում է Ազգային ժողովի նախագահին։
Ազգային ժողովի նախագահը, Ազգային հանձնաժողովի նախագահի կողմից անկախ կարգավորող մարմնի անդամների թեկնածություններն առաջադրելու համար Ազգային ժողովի նախագահի կողմից 7-օրյա ժամկետում ձեւավորում է մրցութային հանձնաժողով:
Մրցութային հանձնաժողովի կազմում յուրաքանչյուր խմբակցություն, պատգամավորական խումբ առաջարկում է մեկական, իսկ խորհրդարանական ընդիմությունը երկու թեկնածու: Մրցութային հանձնաժողովի կազմում առաջադրվում են գիտության, կրթության, մշակույթի, լրագրության բնագավառների հեղինակավոր գործիչներ եւ (կամ) գիտության, կրթության, մշակույթի, լրագրության, իրավագիտության, հեռահաղորդակցության բնագավառներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Հայաստանի Հանրապետության պետական ծառայողները չեն կարող ընդգրկվել մրցութային հանձնաժողովի կազմում։
Մրցութային հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ եւ քարտուղար:
Թեկնածուների առաջադրման համար սահմանվում է առնվազն 10-օրյա ժամկետ։ Թեկնածուներն առաջադրվում են ինքնաառաջադրմամբ եւ պետք է ներկայացնեն առնվազն երեք հասարակական մասնագիտական կազմակերպության երաշխավորություն, որոնք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված են եւ գործում են առնվազն հինգ տարի։
Մրցութային հանձնաժողովը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի եւ զանգվածային լրատվության այլ միջոցներով։
Մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթի, եթե նա չի բավարարում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով սահմանված պահանջներին կամ առկա է այդ օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որեւէ մեկը։
Մրցույթն անցկացվում է, եթե մրցույթի համար դիմել է մեկ մասնակից։
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման եւ հարցազրույցի։
Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր։
Թեստերը կազմում է մրցութային հանձնաժողովը՝ մասնակիցների գիտելիքները ստուգելու համար՝
ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության,
բ) «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի,
գ) «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի իմացությունը։
Համակարգչում զետեղված հարցաշարը ոչ ուշ քան մրցույթն անցկացնելուց մեկ ամիս առաջ, պետք է հրապարակվի։
Թեստում յուրաքանչյուր հարց պետք է ունենա 3-4 ենթադրյալ պատասխան։ Յուրաքանչյուր հարց պետք է ունենա մեկ միանշանակ ճիշտ պատասխան։
Հարցազրույցի փուլին իրավունք են ստանում մասնակցել թեստավորման առաջադրանքների առնվազն 90%-ին ճիշտ պատասխանած մասնակիցները։
Մասնակիցների հետ հարցազրույց անցկացվում է գիտության, կրթության, մշակույթի, լրագրության բնագավառների, դրանց հիմնախնդիրներին ուղղված հեռուստատեսային ծրագրերի ստեղծման, լուսաբանման ուղղությամբ։
Մրցութային հանձնաժողովը հարցազրույցի արդյունքում յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է քվեարկություն։
Մրցութային հանձնաժողովի անդամը քվեարկում է կողմ կամ դեմ եւ քվեարկության մասնակցած անդամների կեսից ավելին կողմ ձայներ հավաքածները ճանաչվում են մրցույթում հաղթած։
Մրցույթի արդյունքները հրապարակվում է մրցույթն անցկացնելուց հետո՝ նույն օրը։
Մրցույթի արդյունքները նույն օրը կարող է գրավոր բողոքարկվել Ազգային ժողովի նախագահին կամ դատական կարգով։
Մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացությունը մրցութային հանձնաժողովի նախագահը ներկայացնում է գրավոր Ազգային ժողովի նախագահին։
Ազգային ժողովի նախագահը մրցույթի արդյունքներից ելնելով ճանաչվածին (ներին), եթե կա բողոք ներկայացնում է Ազգային ժողովի առաջիկա քառօրյա նիստում։
Ազգային ժողովը այդ մարմնի անդամներին մրցույթի արդյունքներից ելնելով ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։
Չի բացառվում, որ տվյալ պաշտոնում նշանակվի բողոք ներկայացնող քաղաքացին։
Եթե մրցույթի արդյունքով ոչ ոք չի ճանաչվել հաղթող (թեստավորման փուլում, ապա հարցազրույցի ժամանակ) ապա անցկացվում է նոր մրցույթ։
Եթե մրցութային հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չեն մասնակցում կեսից ավելին) ապա մրցույթը համարվում է չկայացած եւ անցկացվում է կրկնակի մրցույթ։
Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում եւ անցկացվում է մրցույթ 10-օրյա ժամկետում ընդհանուր հիմունքներով։
Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված դիմումներում առկա են «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 41-րդ հոդվածի կամ 45-րդ հոդվածներով սահմանված հիմքերից որեւէ մեկը, ինչպես նաեւ մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած եւ անցկացվում է նոր մրցույթ։
Սույն հոդվածով սահմանված կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով։
Նոր մրցույթ է անցկացվում նաեւ մրցույթն անվավեր ճանաչելու դեպքում՝ ընդհանուր հիմունքներով։
Ազգային հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար թեկնածու կարող է առաջադրվել յուրաքանչյուր ոք՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի պահանջների համաձայն։
Ազգային հանձնաժողովի անդամ նշանակողի (ընտրողի) կողմից Ազգային հանձնաժողովում իր կողմից նշանակվելիք հերթական անդամին չնշանակելը (չընտրելը) հիմք չէ Ազգային հանձնաժողովի մյուս անդամ նշանակողի (ընտրողի)՝ իր նշանակմանը (ընտրմանը) ենթակա հաջորդ թափուր տեղի համար անդամ չնշանակելու (չընտրելու) համար։
Նույն անձը չի կարող ավել քան երկու անընդմեջ նշանակվել Ազգային հանձնաժողովի անդամ։»։
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 27-րդ եւ 83.2 հոդվածներով՝ հեռարձակվող հանրային եւ մասնավոր լրատվության միջոցների ազատության, անկախության եւ բազմազանության ապահովման նպատակովանկախ կարգավորող մարմնի ձեւավորման համար,
հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումները, որով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի մի շարք հոդվածներ կասեցվել կամ ուժը կորցրած է ճանաչվել,
հաշվի առնելով ԵԽԽՎ N 1609 բանաձեւով առաջարկվող բարեփոխումները այս բնագավառում
առաջարկվում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ», «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր։
Առաջարկվող փոփոխությունները ուղղված են հեառարձակվող հանրային եւ մասնավոր լրատվության միջոցների գործունեությունը կարգավորող անկախ մարմնի՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի եւ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անկախության ապահովմանը, անդամների ընտրության մրցութային կարգին՝ եւ Հանրապետության Նախագահի եւ Ազգային ժողովի կողմից։ Փոփոխությունները հիմնականում վերաբերվում են այդ մարմինների ձեւավորման սկզբունքներին եւ ֆինանսական անկախության ապահովման մեխանիզմներին, ինչպես նաեւ բազմակարծության ապահովման դրույթներին։ Այդ փոփոխությունները տեղ են գտել նաեւ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքում, որի համաձայն ընտրվում է անկախ կարգավորող մարմնի անդամների կեսը։
Առաջարկվող նախագծերը հնարավորություն կտան իրավանորմերի միջոցով բարձրացնել վերոնշյալ մարմինների անկախության երեք հիմնական տարրերի՝ կառավարչական անկախության, ֆինանսական անկախության եւ ծրագրային քաղաքականության անկախության մակարդակը։
Նախագծերն փաթեթում տեղ է գտել նաեւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը սահմանում է հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման արտոնատիրոջ իրավունք ստացած իրավաբանական անձի կողմից պետական տուրքերի չափը, որը պետք է սահմանվեր միայն օրենքով եւ ոչ թե ենթաօրենսդրական ակտով։