Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-652-21.08.2023-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» 2021 թվականի մարտի 24-ի թիվ ՀՕ-147-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 3-րդ մասում «Կառավարությունը» բառից հետո լրացնել «(բացառությամբ 16-րդ հոդվածի 12-րդ եւ 12.1-րդ մասերի)» բառերը:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի՝

1) 8-րդ եւ 9-րդ մասերում «մասնագիտական աշխատանքային ստաժ» բառերից հետո լրացնել «(բացառությամբ 16-րդ հոդվածի 12-րդ եւ 12.1-րդ մասերի)» բառերը.

2) 12-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-րդ մաս.

«12.1. Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման այն պաշտոնների, որոնց համար պահանջվում է  պաշտոնի անձնագրով սահմանված տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տնտեսագիտության կամ պաշտոնի անձնագրով սահմանված գործառույթներով պայմանավորված այլ բնագավառների հատուկ մասնագիտական գիտելիքներ եւ հմտություններ, մրցույթի անցկացման կարգը եւ սույն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով, 16-րդ հոդվածի 8-րդ եւ 9-րդ մասերով նախատեսված պայմանները (պահանջները) սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:»

3) 13-րդ մասում «մեկ ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «երեք ամսվա ընթացքում» բառերով:

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի՝

1)   5-րդ մասում «մեկ ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «երեք ամսվա ընթացքում» բառերով.

2)  7-րդ մասում «երեք տարբերակները,» բառերից հետո լրացնել «հարցազրույցի քննական տոմսերը,» բառերը, իսկ «թեստավորման անցկացման պայմանները» բառերը փոխարինել «թեստավորման եւ հարցազրույցի անցկացման պայմանները» բառերով.

3)  8-րդ մասում «թեստավորման Հարցարանի» բառերից հետո լրացնել «եւ հարցազրույցի» բառերը.

4)  10-րդ մասի 2-րդ կետի «որի ընթացքում» բառերից հետո լրացնել «թեստերի եւ բանավոր հարցազրույցի միջոցով» բառերը, իսկ «Թեստավորման անցկացման նույն օրը» բառերը փոխարինել «Թեստավորման ավարտման օրը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ մաս.

«4. Հակակոռուպցիոն կոմիտեի սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների, զենքի եւ անձնական պաշտպանության միջոցների տեսակների ցանկը, ինչպես նաեւ դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու եւ ոչնչացնելու կարգը հաստատում է Կառավարությունը:»:

Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 7.1 գլխով.

«ԳԼՈՒԽ 7.1
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԶԵՆՔԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ (ԳՈՐԾԱԴՐՈՒՄ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ): ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 45.1. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու զենքի կիրառման հիմքերը, պայմանները եւ սահմանները

1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին թույլատրվում է կրել եւ պահել հաշվեցուցակային զենք ու հատուկ միջոցներ: Նրանք իրավունք ունեն սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով ֆիզիկական ուժ, այդ թվում՝ ձեռնամարտի հնարքներ, ինչպես նաեւ զենք ու հատուկ միջոցներ կիրառել, եթե այլ միջոցներով հնարավոր չէ ապահովել օրենքով սահմանված պարտականությունների կատարումը:

2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները պարտավոր են անցնել հատուկ պատրաստականություն, որի շրջանակում սովորում են բանակցություններ վարելու եւ համոզելու հմտություններ՝ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ զենքի կիրառումը սահմանափակելու նպատակով, ինչպես նաեւ պարբերաբար անցնել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ զենքի կիրառման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ: Համապատասխան պատրաստականություն անցնելուց հետո հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի պահելու եւ կրելու զենք ու հատուկ միջոցներ:

3. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ զենք կիրառելու նպատակահարմարությունը դիտարկելիս, ինչպես նաեւ տեսակի ընտրությունը կատարելիս հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը պարտավոր է գործել ստեղծված իրավիճակին, դիմադրության կամ իրավախախտման վտանգավորության բնույթին եւ աստիճանին համաչափ՝ հաշվի առնելով իրավախախտի անձը:

4. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ զենք կիրառելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել դրանք կիրառելու մասին՝ բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու եւ ենթադրյալ հանցագործությունը դադարեցնելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց կիրառման հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կամ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կյանքի ու առողջության համար կամ կարող է առաջացնել այլ ծանր հետեւանքներ, կամ երբ ստեղծված իրավիճակում այդպիսի նախազգուշացումն անհնար է:

5. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը պարտավոր է նաեւ՝

1) ձգտել, որ ենթադրյալ հանցանք կատարած անձին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի.

2) ցուցաբերել կամ ապահովել մարմնական վնասվածքներ ստացած անձանց առաջին օգնություն, մահվան դեպքերում՝ պարտադիր, իսկ մարմնական վնասվածքների դեպքում՝ ըստ անհրաժեշտության անհապաղ հրավիրել շտապ բժշկական օգնության բրիգադ.

3) ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք կիրառելու հետեւանքով մարմնական վնասվածքի կամ մահվան բոլոր դեպքերի, ինչպես նաեւ հատուկ միջոցներ (բացառությամբ ձեռնաշղթաների) եւ զենք կիրառելու յուրաքանչյուր դեպքի մասին անհապաղ զեկուցել վերադասության կարգով:

6. Օրենքով չնախատեսված դեպքերում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ զենքի կիրառումը կամ սահմանազանցումով դրանց կիրառումն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

7. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կողմից զենքի կիրառման յուրաքանչյուր դեպքի, ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք կիրառելու հետեւանքով մարմնական վնասվածքի կամ մահվան բոլոր դեպքերի մասին անհապաղ տեղեկացնում է վերադասության կարգով մինչեւ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, իսկ վերջինս էլ ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք կիրառելու հետեւանքով մարմնական վնասվածքի կամ մահվան բոլոր դեպքերի մասին անհապաղ տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազին:

8. Սույն հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով եւ 7-րդ մասով նախատեսված դեպքերում տեղեկացումը կատարվում է գրավոր՝ նշելով ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի կիրառման անհրաժեշտությունը փաստող հանգամանքները եւ իրավական հիմքերը, այն անձանց շրջանակը, որոնց նկատմամբ կիրառվել են դրանք, կիրառված հատուկ միջոցների, զենքի եւ ռազմամթերքի տեսակը եւ քանակը, մարմնական վնասվածքներ ստացած անձանց առաջին օգնությանն ուղղված միջոցառումները, մարմնական վնասվածքներ ստացած անձանց կամ մահացածներին տեղափոխելու վայրերը:

Հոդված 45.2. Ֆիզիկական ուժի գործադրումը

1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաեւ ինքնապաշտպանության նպատակով հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի դիմադրություն ցուցաբերած անձի կամ անձանց նկատմամբ գործադրել ֆիզիկական ուժ (այդ թվում՝ ձեռնամարտի հնարքներ), ինչպես նաեւ ձեռքի տակ գտնվող անհրաժեշտ առարկաներ, եթե ոչ ուժային միջոցները չեն ապահովում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վրա դրված պարտականությունների կատարումը:

Հոդված 45.3. Հատուկ միջոցների գործադրումը

1. Հատուկ միջոցները հակակոռուպցիոն կոմիտեի սպառազինության մեջ ընդգրկված եւ սույն օրենքով նախատեսված տեխնիկական միջոցները (սարքերը, սարքավորումները, առարկաները, նյութերը) կամ ծառայողական շներն են, որոնց հիմնական նշանակությունը մարդկանց նկատմամբ անմիջական ֆիզիկական կամ հոգեբանական կամ նյութական օբյեկտների նկատմամբ անմիջական ֆիզիկական ներգործությունն է: Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները հանցագործությունների կանխման, խափանման, հայտնաբերման, բացահայտման կամ այլ գործառույթներն իրականացնելիս իրավունք ունեն հակակոռուպցիոն կոմիտեի սպառազինության մեջ ընդգրկված  հատուկ միջոցներ գործադրել՝

1) քաղաքացիների եւ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վրա կատարվող հարձակումը խափանելիս.

2) Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին կամ կոռուպցիոն հանցագործությունների դեմ տարվող պայքարին աջակցող, իրենց ծառայողական պարտականությունները կատարող անձանց նկատմամբ ցուցաբերվող դիմադրությունը խափանելիս կամ նրանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում.

3) ենթադրյալ հանցանքի կատարման պահին բռնված եւ փախուստի փորձ կատարող անձանց բռնելիս.

4) երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ անձը կամ անձինք պատրաստվում են զինված դիմադրություն ցույց տալ.

5) կոռուպցիոն բնույթի ենթադրյալ հանցանք կատարած անձանց Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով հակակոռուպցիոն կոմիտե բերելիս կամ ձերբակալելիս,  ձերբակալված եւ կալանավորված անձանց ուղեկցելիս կամ նրանց պահելիս, երբ վերջիններիս վարքագիծը հիմք է տալիս ենթադրելու, որ նրանք կարող են դիմել փախուստի, վնաս պատճառել իրենց կամ շրջապատին, դիմադրություն ցույց տալ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին կամ չենթարկվել նրա օրինական պահանջներին.

6) առեւանգված, ապօրինաբար ազատությունից զրկված եւ բռնի կերպով պահվող անձանց ու զավթված բնակարանները, շինությունները, տարածքներն ու տրանսպորտային միջոցներն ազատելիս.

7) ավտոտրանսպորտային միջոցը կանգնեցնելիս, երբ վարորդն ակնհայտորեն չի ենթարկվում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու պահանջին.

8) ենթադրյալ հանցանք կատարող կամ կատարած անձանց հայտնաբերելիս:

2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները, որպես հատուկ միջոցներ, կարող են գործադրել՝

1) ռետինե մահակներ՝ սույն հոդվածի առաջին մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված դեպքերում.

2) արցունքաբեր, գրգռիչ գազ, ծխաքողարկող միջոցներ, ռետինե գնդակներով փամփուշտներ՝ սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված դեպքերում.

3) ձեռնաշղթաներ՝ սույն հոդվածի առաջին մասի 2-րդ, 3-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված դեպքերում.

4) ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ՝ սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված դեպքերում.

5) արգելքներ քանդելու միջոցներ՝ սույն հոդվածի առաջին մասի 2-րդ, 4-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված դեպքերում.

6) մարդկանց եւ տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման (արգելափակման) միջոցներ՝ սույն հոդվածի առաջին մասի 7-րդ կետերով նախատեսված դեպքերում.

7) էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ՝ սույն հոդվածի առաջին մասի 1-4-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված դեպքերում.

8) հատուկ ներկող նյութեր՝ սույն հոդվածի առաջին մասի 8-րդ կետով նախատեսված դեպքերում.

9) ծառայողական շներ՝ սույն հոդվածի առաջին մասի 1-6-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված դեպքերում:

3. Հատուկ միջոցների բոլոր տեսակները կարող են գործադրվել նաեւ սույն օրենքի 45.4-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում:

4. Արգելվում է հատուկ միջոցները գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամություն ունեցող անձի եւ անչափահասների (այդ թվում, եթե ծառայողին հայտնի է անձի հղի, հաշմանդամություն ունենալու կամ անչափահաս լինելու հանգամանքը) նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին ու առողջությանն սպառնացող խմբակային հարձակման դեպքերի), դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունների տարածքներում (բացառությամբ այն դեպքերի, երբ հատուկ միջոցները գործադրվում են դրանց լիազոր ներկայացուցիչների խնդրանքով), ինչպես նաեւ մարտավարատեխնիկական բնութագրերով պայթյունավտանգ հատուկ միջոցները՝ այն շենքերում (շինություններում), որտեղ արտադրվում կամ պահվում են դյուրավառ կամ պայթուցիկ նյութեր, բացառությամբ այն դեպքերի, երբ հատուկ միջոցի չկիրառումը կարող է հանգեցնել մարդկային զոհերի:

5. Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում հատուկ միջոցների կամ զենքի բացակայության դեպքում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի օգտագործել իրեն հասանելի բոլոր հնարավոր միջոցները:

6. Արգելվում է հակակոռուպցիոն կոմիտեի սպառազինության մեջ հատուկ միջոցների այնպիսի տեսակներ ընդգրկելը, որոնք, ըստ իրենց մարտավարատեխնիկական բնութագրերի, կարող են մարդու առողջությանը պատճառել ծանր վնաս կամ մարդու օրգանիզմում առաջացնել անդառնալի փոփոխություններ կամ մահ պատճառել կամ չհիմնավորված ռիսկի աղբյուր են: Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը՝ հատուկ միջոցների տեխնիկական կանոնակարգերի հիման վրա:

7. Հատուկ միջոցները հակակոռուպցիոն կոմիտեին հատկացնելու, ինչպես նաեւ հատուկ միջոցները պահպանելու եւ դրանց պիտանելիությունը պարբերաբար ստուգելու կարգերը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 45.4. Զենքի կիրառումը (գործադրումը եւ օգտագործումը)

1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները հանցագործությունների կանխման, խափանման, հայտնաբերման, բացահայտման կամ այլ գործառույթներն իրականացնելիս իրավունք ունեն զենք գործադրել՝

1) քաղաքացիներին՝ նրանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր հարձակումից պաշտպանելիս.

2) Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վրա կատարվող հարձակումը հետ մղելու համար, երբ նրա կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, ինչպես նաեւ նրա զենքին տիրանալու փորձը կանխելիս.

3) պատանդներին ազատելիս.

4) ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելու պահին բռնված եւ փախուստի փորձ կատարող, ինչպես նաեւ զինված կամ խմբակային դիմադրություն ցույց տվող անձանց ձերբակալելիս.

5) կոռուպցիոն բնույթի ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի կատարման կասկածանքով ձերբակալված, կալանքի կամ ազատազրկման վայրերից փախուստի դիմած անձանց բռնելիս կամ փախուստը խափանելիս, ինչպես նաեւ նրանց բռնի ազատման փորձերը հետ մղելիս:

2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներն իրավունք ունեն զենք օգտագործել՝

1) տրանսպորտային միջոցը վնասելով կանգնեցնելիս, եթե վարորդն իրական վտանգ է ստեղծում քաղաքացիների կյանքի ու առողջության համար եւ չի ենթարկվում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու ազդանշաններին.

2) մարդկանց կյանքին եւ առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներին վնասազերծելիս.

3) զենք օգտագործելու կամ գործադրելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապ հայտարարելիս կամ օգնության կանչելիս:

3. Արգելվում է զենքի գործադրումը հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամություն ունեցող անձի եւ անչափահասների (այդ թվում, եթե ծառայողին հայտնի է անձի հղի, հաշմանդամություն ունենալու կամ անչափահաս լինելու հանգամանքը)  նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից քաղաքացիների կյանքի համար վտանգավոր զինված կամ խմբակային հարձակման եւ զինված դիմադրության դեպքերի), ինչպես նաեւ երբ զենքի գործադրումից կարող են տուժել այլ անձինք:

4. Հակակոռուպցիոն կոմիտեի սպառազինության մեջ ընդգրկված զենքի, զենքի լրակազմի, օժանդակ միջոցների եւ ռազմամթերքի տեսակների ցանկը հաստատում է Կառավարությունը: Արգելվում է հակակոռուպցիոն կոմիտեի սպառազինության մեջ զենքի կամ ռազմամթերքի այնպիսի տեսակներ ընդգրկելը, որոնք պատճառում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսվածից առավել ծանր վնասվածքներ կամ չհիմնավորված ռիսկի աղբյուր:

6. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին պահելու եւ կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք եւ ռազմամթերք հատկացնելու, ինչպես նաեւ հատկացված զենքը պահելու, կրելու եւ հանձնելու կարգը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 45.5. Հակակոռուպցիոն կոմիտեի զինված ծառայողի անձնական անվտանգության երաշխիքները

1. Հակակոռուպցիոն կոմիտեի զինված ծառայողն իրավունք ունի մերկացնել եւ մարտական վիճակի բերել զենքը, եթե գտնում է, որ ստեղծված իրադրությունում կարող է սույն օրենքի 45.4-րդ հոդվածին համապատասխան զենքի կիրառման անհրաժեշտություն առաջանալ:

2. Մերկացրած զենքով ձերբակալում կատարող հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին մոտենալու (նրա կողմից պահանջված հեռավորությունը խախտելու միջոցով), առանց թույլտվության անսպասելի կտրուկ շարժում կատարելու, ձեռքերը գրպանները տանելու կամ զենքին ձեռք մեկնելու՝ ձերբակալվողի ցանկացած փորձ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին իրավունք է տալիս առանց նախազգուշացման զենք օգտագործել սույն օրենքի 45.4-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետին համապատասխան:

Հոդված 45.6. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի անձնական պաշտպանության միջոցները

1. Անձնական անվտանգության ապահովման համար հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի օգտագործել սաղավարտ, վահան, զրահաբաճկոն, հակագազ եւ անձնական պաշտպանության այլ միջոցներ:

2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի անձնական պաշտպանության միջոցների ցանկը, ինչպես նաեւ դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու եւ ոչնչացնելու կարգը հաստատում է Կառավարությունը:

3. Անձնական պաշտպանության միջոցները հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին հատկացնելու, պահելու, կրելու եւ հանձնելու կարգը սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:»:

Հոդված 6. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի (այսուհետ նաեւ՝ Կոմիտե) առջեւ դրված խնդիրները լուծելու համար անհրաժեշտ են բանիմաց եւ ժամանակակից գիտատեխնիկական առաջընթացին համապատասխան գիտելիքների տիրապետող ծառայողներ՝ անհրաժեշտություն է առաջացել օրենսդրական մակարդակով ամրագրել այնպիսի իրավակարգավորումներ, որոնք հնարավորություն կընձեռեն կատարելու կադրերի ճիշտ ընտրություն: Դրան կնպաստեն նաեւ ինքնավար պաշտոնների համար նախատեսված մրցութային ընթացակարգերի ձեւաչափի որոշակի փոփոխությունները, որի արդյունքում կբարձրացվի նաեւ գործող ընթացակարգերի արդյունավետությունը: Իսկ թափուր հաստիքները համալրելու գործընթացն ավելի ճկուն դարձնելու, ուժերի եւ միջոցների արդյունավետ կառավարում իրականացնելու նպատակով առաջացել է ընթացիկ կարգավորումների փոփոխության անհրաժեշտություն:

Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդրական մակարդակով  կարգավորված չէ Կոմիտեի ծառայողների կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ զենք գործադրելու ընթացակարգը՝ անհրաժեշտություն է առաջացել նախատեսելու համապատասխան իրավական հիմքեր:

Ուստի, Կոմիտեի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով մշակվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ (այսուհետ՝ Նախագիծ):

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

1. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 3-րդ մասով ֆիզիկական պատրաստականության պահանջ է ներկայացվում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող պաշտոններ զբաղեցնող բոլոր անձանց համար:

 Ժամանակակից գիտատեխնիկական առաջընթացը եւ դրան համապատասխան փոփոխությունները հանգեցրել են տարբեր մասնագիտություններին ներկայացվող պահանջների փոփոխության, ինչի արդյունքում փոփոխվել են նաեւ աշխատանքային մեթոդներն ու միջոցները:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ փոխվել են նաեւ հանցագործությունների կատարման եղանակները՝ անհրաժեշտություն է առաջանում նոր պահանջներ սահմանել կոռուպցիոն հանցագործությունները բացահայտող օպերատիվ աշխատակիցների համար: Նման պահանջները կապված են տնտեսագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների, հատուկ տեխնիկայի կիրառման մասնագիտական հմտությունների եւ կարողությունների հետ: Այսինքն՝ տեղեկատվության ստեղծման, ձեռքբերման, պահպանման եւ կիրառման եղանակների փոփոխությունը հանգեցրել է դրանց հետ աշխատելու մեթոդների փոփոխության:

Անհերքելի է այն փաստը, որ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման նպատակով իրականացվող օպերատիվ-հետախուզական գործունեությունը մեծ մասամբ կապված է տեղեկատվական տիրույթում առկա տեղեկությունների վերլուծության հետ: Վերլուծական աշխատանքի համար ֆիզիկական պատրաստականության պահանջ նախատեսելը նպատակահարմարության շրջանակներից դուրս է մնում, քանի որ տեղեկատվության վերլուծական գործունեությունն ամբողջովին կապված է մտավոր գործունեության հետ:

Հարկ է նշել նաեւ, որ ներկայումս Կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոններ զբաղեցնելու համար առողջական վիճակի հետ կապված առավել խիստ պահանջներ են ներկայացվում, քան հանրային ծառայության այլ պաշտոններ զբաղեցնելու համար:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ արձանագրենք, որ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող պաշտոններ զբաղեցնող անձանց համար Օրենքով նախատեսված ֆիզիկական պատրաստականության եւ առողջական վիճակի հետ կապված խիստ պահանջները խոչընդոտում են տնտեսագիտության, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառների հմուտ մասնագետների ներգրավմանը: Տվյալ ոլորտում լավագույն կերպով աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտ է կոնկրետ տվյալ մասնագիտացումն ունեցող մասնագետների ներգավում, ինչը բավականին բարդացված է Օրենքում առկա կարգավորումների պարագայում: Այսպես՝ Օրենքի ներկայիս կարգավորումները առավել վերաբերելի են դասական իմաստով օպերլիազորներին, իսկ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար կառույցին անհրաժեշտ են ոչ միայն դասական իմաստով օպերլիազորներ, այլեւ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող այնպիսի անձինք, որոնք լավագույնս տիրապետում են տեղեկատվական տեխնոլոգիաների, տնտեսագիտության եւ այլ բնագավառներին:

Պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ քրեական վարույթին զուգահեռ պետք  է իրականացվի նաեւ ֆինանսական քննություն, ինչը լավագույնս կարող են իրականացնել բացառապես տվյալ ոլորտում մասնագիտացված անձինք: Այս խնդրի լուծման նպատակով Նախագծով առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին լիազորություն վերապահել նման գործառույթներ իրականացնող պաշտոնների համար սահմանելու անհրաժեշտ պահանջներ: Նման փոփոխությունը կնպաստի Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ ստորաբաժանում հմուտ եւ բանիմաց ծառայողների համալրմանը:

2. Բացի այդ, Նախագծով առաջարկվում է նաեւ Կոմիտեի ծածկագրված ծառայողներին պաշտոնի նշանակելու կապակցությամբ Օրենքով ամրագրված կարգավորումները կիրառելու համար ստեղծել իրավական հիմք: Խնդիրն այն է, որ Օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով նախատեսվում է, որ Կոմիտեի ծածկագրված ծառայողներին պաշտոնի նշանակելու (ատեստավորելու, վերապատրաստելու, այլ պաշտոնի փոխադրելու) կարգը եւ պայմանները սահմանում է Կոմիտեի նախագահը, բայց միեւնույն ժամանակ մեկ այլ հոդվածով նախատեսվում է Կոմիտեի ծառայողներին ներկայացվող հստակ եւ պարտադիր պահանջներ ու պայմաններ, որոնցից բացառություններ նախատեսված չէ վերոհիշյալ անձանց մասով: Այսինքն՝ ստացվում է, որ Օրենքով Կոմիտեի ծածկագրված ծառայողների համար նախատեսվել է առանձնահատուկ կարգավիճակ, սակայն այն իրականցնելու համար իրավական հիմքերը սահմանափակ են:

Օրենքի 17-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսվում է Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնների մրցույթի անցկացման թեստավորման փուլը:

Օրենքի կարգավորումներից պարզ է դառնում, որ ծառայողի մասնագիտական գիտելիքների ստուգումն իրականացվում է միայն թեստավորման միջոցով:

Այլ կերպ՝ մրցույթի անցկացման գործող կարգավորումները հիմնվում են միայն մրցույթի մասնակիցների տեսական գիտելիքների ստուգման վրա, այսինքն՝ անցկացվում է թեստավորում, որով, ըստ էության, հնարավորություն չի տրվում լիարժեք պատկերացում կազմելու մրցույթի մասնակիցների այնպիսի կարողությունների մասին, ինչպիսիք են ձեռք բերված գիտելիքները գործնականում կիրառելու, իրավիճակային բարդ խնդիրները ճիշտ լուծելու, ստեղծված իրադրությունում արագ կողմնորոշվելու եւ այլ անհրաժեշտ հմտությունների մասին, որոնք տեսանելի են դառնում բացառապես գիտելիքների կիրառության ընթացքում: Հաշվի առնելով վերոնշյալ դիտարկումները՝ անհրաժեշտություն է առաջանում նախատեսել նաեւ մասնագիտական գիտելիքների ստուգման բանավոր փուլ (հարցազրույցի ձեւաչափով), որով հնարավորություն կընձեռվի ամբողջական պատկերացում կազմել մրցույթի մասնակիցների եւ՛ տեսական, եւ՛ գործնական գիտելիքների մասին:

Անվիճելի է, որ միայն տեսական գիտելիքների առկայությունը չի կարող վկայել մրցույթի մասնակցի առավել բարձր մասնագիտական որակների մասին: Մասնագիտական որակները սերտորեն կապված են նաեւ տվյալ անձի պրակտիկ գործունեության ընթացքում ձեռք բերած հմտությունների եւ կարողությունների հետ:

Նախատեսվող նման փոփոխությունների արդյունքում մրցութային հանձնաժողովը հնարավորություն կունենա առավել ճիշտ գնահատել մասնակիցների եւԲ տեսական, եւԲ գործնական գիտելիքները, իսկ վերջնարդյունքում՝ ընտրել ավելի գիտակ եւ հմուտ կադրերի:

3. Հակակոռուպցիոն կոմիտեի գործող իրավակարգավորումների համաձայն՝ թափուր պաշտոն առաջանալու դեպքում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը  նշանակում է մրցույթ պաշտոնը թափուր մնալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում (17-րդ հոդված  5-րդ մաս):

Մեկ ամսվա ընթացքում մրցույթ նշանակելու պահանջը, ըստ էության, ողջամիտ ժամկետ չէ: Մեկ ամսվա պահանջի առկայության պարագայում ստացվում է, որ հնարավոր է զուգահեռ մի քանի մրցույթներ հայտարարվեն, որոնք կխոչընդոտեն  միմյանց, եւ կխաթարեն մրցութային հանձնաժողովի աշխատանքները: Այսպես՝ ներկայումս ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում հայտարարվել է միաժամանակ 4 մրցույթ, 3-ը՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման թափուր հաստիքների, մյուսը՝ ինքնավար պաշտոնների համալրման համար: Ուստի, առաջարկվում է նշված ժամանակահատվածը փոփոխել եւ նախատեսել երեքամսյա ժամկետում այն կազմակերպելու պահանջ: Մասնավորապես՝ համանման մոտեցում առկա է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում, որի համաձայն՝ մրցույթը հայտարարվում է քաղաքացիական ծառայության պաշտոնը թափուր մնալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ փաստենք, որ մրցույթ նշանակելու մեկ ամսվա պահանջը լրացուցիչ խոչընդոտներ է առաջացնում ինչպես մրցութային հանձնաժողովի, այնպես էլ թեկնածուների համար՝ հանգեցնելով լրացուցիչ ուժերի եւ միջոցների անտեղի վատնմանը: Մասնավորապես՝ ներկայումս եղել են այնպիսի դեպքեր, երբ մասնակիցը միաժամանակ մի քանի մրցույթների մասնակցելով մի դեպքում ստացել է անբավարար, իսկ մյուս դեպքում՝ բավարար եւ մրցութային հանձնաժողովը կանգնել է երկընտրանքի առաջ:

Այսպիսով՝ կարելի է արձանագրել, որ երեքամսյա ժամանակահատվածում մրցույթ հայտարարելու պահանջն առավել դյուրին կդարձնի ինչպես մրցութային հանձնաժողովի աշխատանքները, այնպես էլ մասնակիցների համար առավել մատչելի կլինի դիմելը:

Ուստի, նշված խնդիրների կարգավորման նպատակով առաջարկում ենք Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից մրցույթ նշանակելու ժամկետ նախատեսել երեք ամիսը:

4. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հակակոռուպցիոն կոմիտեն իր լիազորությունների շրջանակներում «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացնում է օպերատիվ-հետախուզական գործունեություն:»:

Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝  Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն ունի ծառայողական հաշվեցուցակային զենք եւ անձնական պաշտպանության հատուկ միջոցներ պահելու եւ կրելու իրավունք: Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին ծառայողական հաշվեցուցակային զենք եւ անձնական պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրում է Կառավարության լիազոր մարմինը:

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն իրավունք ունի անցկացնելու օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական բոլոր միջոցառումները:»:

 «Զենքի մասին» օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝  «(…) Օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման նպատակով մարտական զենք օգտագործվում է նաեւ հակակոռուպցիոն կոմիտեում:

(…)

Հակակոռուպցիոն կոմիտեում մարտական զենքի եւ նրա փամփուշտների նոր տեսակները (նմուշները) սպառազինման ընդունելու, մարտական եւ այլ զենքի, դրա փամփուշտների եւ ռազմամթերքի շրջանառության, ինչպես նաեւ մարտական զենքի առնչությամբ ծագող այլ հարաբերությունների նկատմամբ տարածվում են սույն օրենքով պետական ռազմականացված կազմակերպություններին առնչվող համապատասխան կարգավորումները եւ դրանցից բխող՝ Կառավարության որոշումները:»:

Ինչպես տեսնում ենք, Հակակոռուպցիոն կոմիտեն իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է նաեւ օպերատիվ-հետախուզական գործունեություն եւ դա իրականացնելու համար ունի առանձին ստորաբաժանում՝ օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող վարչություն, որն իր առջեւ դրված խնդիրները լուծելու նպատակով իրավունք ունի գործածել նաեւ մարտական զենք: Չնայած այս հանգամանքին՝ Օրենքում նախատեսված չէ Կոմիտեի ծառայողների կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ զենք գործածելու մասին դրույթներ: Տվյալ նորմերի բացակայությունը խաթարում է Կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող վարչության, ինչպես նաեւ մյուս ծառայողների բնականոն աշխատանքը արդյունավետ կազմակերպելու գործընթացը:

Օրենսդրության վերլուծությունից պարզ է դառնում, որ չնայած այն հանգամանքին, որ Կոմիտեի ծառայողներին վերապահված է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական բոլոր միջոցառումներն իրականացնելու հնարավորություն, սակայն դրանք լիարժեք կատարելու համար անհրաժեշտ իրավակարգավորումներ նախատեսված չեն:

Բացի այդ, պետք է արձանագրել, որ Օրենքի 45-րդ հոդվածին համաձայն՝ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն ունի ծառայողական հաշվեցուցակային զենք եւ անձնական պաշտպանության հատուկ միջոցներ պահելու եւ կրելու իրավունք:

Նշված դրույթից բխում է, որ ինչպես օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող, այնպես էլ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձինք իրավունք ունեն ծառայողական հաշվեցուցակային զենք եւ անձնական պաշտպանության հատուկ միջոցներ պահելու եւ կրելու: Մասնավորապես՝ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ քննիչն իրականացնում է քննչական գործողություններ, որոնց ժամանակ երբեմն անհրաժեշտություն է առաջանում դիմադրությունը խափանելու համար ֆիզիկական ուժ եւ այլ պաշտպանության միջոցներ կիրառելու:

Ուստի, զենք եւ անձնական պաշտպանության հատուկ միջոցներ պահելու եւ կրելու իրավունքը հավասարապես վերաբերում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող, այնպես էլ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց:

Այսպիսով՝ պետք է հստակ արձանագրել, որ Կոմիտեի ծառայողներն իրենց ամենօրյա աշխատանքն իրականացնելիս, այդ թվում՝ կոռուպցիոն հանցագործություններ հայտնաբերելու, բացահայտելու, կանխելու, խափանելու, ինչպես նաեւ հանցանք կատարող կամ կատարած անձանց հայտնաբերելու կարեւորագույն գործառույթներն իրականացնելու ժամանակ կարիք ունեն կիրառել նաեւ վերոհիշյալ գործիքակազմը: Մասնավորապես՝ վերջիններս իրենց պարտականությունները պատշաճ իրականացնելու համար անհրաժեշտ է կիրառել այնպիսի միջոցներ, ինչպիսիք են ձեռնաշղթաները, ռետինե մահակներ եւ այլն:

Ելնելով վերոգրյալից եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքում հստակեցված չէ Կոմիտեի ծառայողների կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ զենք գործածելու կարգը՝ անհրաժեշտություն է առաջացել մշակելու  սույն նախագիծը:

3. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների մասնագիտական գիտելիքների ստուգումն անցկացնել նաեւ հարցազրույցի (բանավոր) միջոցով, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին լիազորել մրցույթ հայտարարել պաշտոնը թափուր մնալուց երեք ամսվա ընթացքում, ինչպես նաեւ սահմանել օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման այն պաշտոնները ու դրանց նշանակման պայմանները եւ կարգը, որոնց գործառույթների իրականացումը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների, տնտեսագիտության եւ այլ բնագավառների հատուկ մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների կիրառմամբ: Նախագծով առաջարկվում է նաեւ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների համար նախատեսել գործունեության իրավական կարգավորումներ՝ ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ զենք կիրառելու համար:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կապահովվի Հակակոռուպցիոն կոմիտեում առավել բանիմաց եւ հմուտ մասնագետների ընտրություն, առավել արդյունավետ կիրականացվի թափուր պաշտոնների համար անցկացվող մրցույթը, ինչպես նաեւ հնարավորություն կընձեռվի առանց ֆիզիկական պատրաստականության պահանջի ընտրելու օպերատիվ ստորաբաժանման այնպիսի ծառայողների, որոնք տեղեկատվական տեխնոլոգիաների, տնտեսագիտության եւ այլ բնագավառներում ունեն հատուկ մասնագիտական գիտելիքներ եւ հմտություններ: Բացի այդ, կկարգավորվի Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից  ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ զենք կիրառելու կարգը, ինչը կնպաստի Կոմիտեի առջեւ դրված խնդիրների լուծմանը:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ  ԿՈՄԻՏԵԻ  ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում: 

«Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում: 
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն