Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-652-21.08.2023-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» 2021 թվականի մարտի 24-ի թիվ ՀՕ-147-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 3-րդ մասում «Կառավարությունը» բառից հետո լրացնել «(բացառությամբ 16-րդ հոդվածի 12-րդ եւ 12.1-րդ մասերի)» բառերը:

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի՝

1) 8-րդ եւ 9-րդ մասերում «մասնագիտական աշխատանքային ստաժ» բառերից հետո լրացնել «(բացառությամբ 16-րդ հոդվածի 12-րդ եւ 12.1-րդ մասերի)» բառերը.

2) 12-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-րդ մաս.

«12.1. Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման այն պաշտոնների, որոնց համար պահանջվում է պաշտոնի անձնագրով սահմանված տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տնտեսագիտության կամ պաշտոնի անձնագրով սահմանված գործառույթներով պայմանավորված այլ բնագավառների հատուկ մասնագիտական գիտելիքներ եւ հմտություններ, մրցույթի անցկացման կարգը եւ սույն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով, 16-րդ հոդվածի 8-րդ եւ 9-րդ մասերով նախատեսված պայմանները (պահանջները) սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:»

3) 13-րդ մասում «մեկ ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «երեք ամսվա ընթացքում» բառերով:

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի՝

1) 5-րդ մասում «մեկ ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «երեք ամսվա ընթացքում» բառերով.

2) 7-րդ մասում «երեք տարբերակները,» բառերից հետո լրացնել «հարցազրույցի քննական տոմսերը,» բառերը, իսկ «թեստավորման անցկացման պայմանները» բառերը փոխարինել «թեստավորման եւ հարցազրույցի անցկացման պայմանները» բառերով.

3) 8-րդ մասում «թեստավորման Հարցարանի» բառերից հետո լրացնել «եւ հարցազրույցի» բառերը.

4) 10-րդ մասի 2-րդ կետի «որի ընթացքում» բառերից հետո լրացնել «թեստերի եւ բանավոր հարցազրույցի միջոցով» բառերը, իսկ «Թեստավորման անցկացման նույն օրը» բառերը փոխարինել «Թեստավորման ավարտման օրը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ մաս.

«4. Հակակոռուպցիոն կոմիտեի սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների, զենքի եւ անձնական պաշտպանության միջոցների տեսակների ցանկը, ինչպես նաեւ դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու եւ ոչնչացնելու կարգը հաստատում է Կառավարությունը:»:

Հոդված 5. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 7.1 գլխով.

«ԳԼՈՒԽ 7.1
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԶԵՆՔԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ (ԳՈՐԾԱԴՐՈՒՄ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ): ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 45.1. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու զենքի կիրառման հիմքերը, պայմանները եւ սահմանները

1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներին թույլատրվում է կրել եւ պահել հաշվեցուցակային զենք ու հատուկ միջոցներ: Նրանք իրավունք ունեն սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով ֆիզիկական ուժ, այդ թվում՝ ձեռնամարտի հնարքներ, ինչպես նաեւ զենք ու հատուկ միջոցներ կիրառել, եթե այլ միջոցներով հնարավոր չէ ապահովել օրենքով սահմանված պարտականությունների կատարումը:

2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները պարտավոր են անցնել հատուկ պատրաստականություն, որի շրջանակում սովորում են բանակցություններ վարելու եւ համոզելու հմտություններ՝ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ զենքի կիրառումը սահմանափակելու նպատակով, ինչպես նաեւ պարբերաբար անցնել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ զենքի կիրառման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ: Համապատասխան պատրաստականություն անցնելուց հետո հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի պահելու եւ կրելու զենք ու հատուկ միջոցներ:

3. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ զենք կիրառելու նպատակահարմարությունը դիտարկելիս, ինչպես նաեւ տեսակի ընտրությունը կատարելիս հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը պարտավոր է գործել ստեղծված իրավիճակին, դիմադրության կամ իրավախախտման վտանգավորության բնույթին եւ աստիճանին համաչափ՝ հաշվի առնելով իրավախախտի անձը:

4. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ զենք կիրառելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել դրանք կիրառելու մասին՝ բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու եւ ենթադրյալ հանցագործությունը դադարեցնելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց կիրառման հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կամ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կյանքի ու առողջության համար կամ կարող է առաջացնել այլ ծանր հետեւանքներ, կամ երբ ստեղծված իրավիճակում այդպիսի նախազգուշացումն անհնար է:

5. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը պարտավոր է նաեւ՝

1) ձգտել, որ ենթադրյալ հանցանք կատարած անձին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի.

2) ցուցաբերել կամ ապահովել մարմնական վնասվածքներ ստացած անձանց առաջին օգնություն, մահվան դեպքերում՝ պարտադիր, իսկ մարմնական վնասվածքների դեպքում՝ ըստ անհրաժեշտության անհապաղ հրավիրել շտապ բժշկական օգնության բրիգադ.

3) ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք կիրառելու հետեւանքով մարմնական վնասվածքի կամ մահվան բոլոր դեպքերի, ինչպես նաեւ հատուկ միջոցներ (բացառությամբ ձեռնաշղթաների) եւ զենք կիրառելու յուրաքանչյուր դեպքի մասին անհապաղ զեկուցել վերադասության կարգով:

6. Օրենքով չնախատեսված դեպքերում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ զենքի կիրառումը կամ սահմանազանցումով դրանց կիրառումն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

7. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կողմից զենքի կիրառման յուրաքանչյուր դեպքի, ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք կիրառելու հետեւանքով մարմնական վնասվածքի կամ մահվան բոլոր դեպքերի մասին անհապաղ տեղեկացնում է վերադասության կարգով մինչեւ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին, իսկ վերջինս էլ ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք կիրառելու հետեւանքով մարմնական վնասվածքի կամ մահվան բոլոր դեպքերի մասին անհապաղ տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազին:

8. Սույն հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով եւ 7-րդ մասով նախատեսված դեպքերում տեղեկացումը կատարվում է գրավոր՝ նշելով ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի կիրառման անհրաժեշտությունը փաստող հանգամանքները եւ իրավական հիմքերը, այն անձանց շրջանակը, որոնց նկատմամբ կիրառվել են դրանք, կիրառված հատուկ միջոցների, զենքի եւ ռազմամթերքի տեսակը եւ քանակը, մարմնական վնասվածքներ ստացած անձանց առաջին օգնությանն ուղղված միջոցառումները, մարմնական վնասվածքներ ստացած անձանց կամ մահացածներին տեղափոխելու վայրերը:

Հոդված 45.2. Ֆիզիկական ուժի գործադրումը

1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաեւ ինքնապաշտպանության նպատակով հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի դիմադրություն ցուցաբերած անձի կամ անձանց նկատմամբ գործադրել ֆիզիկական ուժ (այդ թվում՝ ձեռնամարտի հնարքներ), ինչպես նաեւ ձեռքի տակ գտնվող անհրաժեշտ առարկաներ, եթե ոչ ուժային միջոցները չեն ապահովում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վրա դրված պարտականությունների կատարումը:

Հոդված 45.3. Հատուկ միջոցների գործադրումը

1. Հատուկ միջոցները հակակոռուպցիոն կոմիտեի սպառազինության մեջ ընդգրկված եւ սույն օրենքով նախատեսված տեխնիկական միջոցները (սարքերը, սարքավորումները, առարկաները, նյութերը) կամ ծառայողական շներն են, որոնց հիմնական նշանակությունը մարդկանց նկատմամբ անմիջական ֆիզիկական կամ հոգեբանական կամ նյութական օբյեկտների նկատմամբ անմիջական ֆիզիկական ներգործությունն է: Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները հանցագործությունների կանխման, խափանման, հայտնաբերման, բացահայտման կամ այլ գործառույթներն իրականացնելիս իրավունք ունեն հակակոռուպցիոն կոմիտեի սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցներ գործադրել՝

1) քաղաքացիների եւ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վրա կատարվող հարձակումը խափանելիս.

2) Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին կամ կոռուպցիոն հանցագործությունների դեմ տարվող պայքարին աջակցող, իրենց ծառայողական պարտականությունները կատարող անձանց նկատմամբ ցուցաբերվող դիմադրությունը խափանելիս կամ նրանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում.

3) ենթադրյալ հանցանքի կատարման պահին բռնված եւ փախուստի փորձ կատարող անձանց բռնելիս.

4) երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ անձը կամ անձինք պատրաստվում են զինված դիմադրություն ցույց տալ.

5) կոռուպցիոն բնույթի ենթադրյալ հանցանք կատարած անձանց Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով հակակոռուպցիոն կոմիտե բերելիս կամ ձերբակալելիս, ձերբակալված եւ կալանավորված անձանց ուղեկցելիս կամ նրանց պահելիս, երբ վերջիններիս վարքագիծը հիմք է տալիս ենթադրելու, որ նրանք կարող են դիմել փախուստի, վնաս պատճառել իրենց կամ շրջապատին, դիմադրություն ցույց տալ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին կամ չենթարկվել նրա օրինական պահանջներին.

6) առեւանգված, ապօրինաբար ազատությունից զրկված եւ բռնի կերպով պահվող անձանց ու զավթված բնակարանները, շինությունները, տարածքներն ու տրանսպորտային միջոցներն ազատելիս.

7) ավտոտրանսպորտային միջոցը կանգնեցնելիս, երբ վարորդն ակնհայտորեն չի ենթարկվում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու պահանջին.

8) ենթադրյալ հանցանք կատարող կամ կատարած անձանց հայտնաբերելիս:

2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները, որպես հատուկ միջոցներ, կարող են գործադրել՝

1) ռետինե մահակներ՝ սույն հոդվածի առաջին մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված դեպքերում.

2) արցունքաբեր, գրգռիչ գազ, ծխաքողարկող միջոցներ, ռետինե գնդակներով փամփուշտներ՝ սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված դեպքերում.

3) ձեռնաշղթաներ՝ սույն հոդվածի առաջին մասի 2-րդ, 3-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված դեպքերում.

4) ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ՝ սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված դեպքերում.

5) արգելքներ քանդելու միջոցներ՝ սույն հոդվածի առաջին մասի 2-րդ, 4-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված դեպքերում.

6) մարդկանց եւ տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման (արգելափակման) միջոցներ՝ սույն հոդվածի առաջին մասի 7-րդ կետերով նախատեսված դեպքերում.

7) էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ՝ սույն հոդվածի առաջին մասի 1-4-րդ եւ 6-րդ կետերով նախատեսված դեպքերում.

8) հատուկ ներկող նյութեր՝ սույն հոդվածի առաջին մասի 8-րդ կետով նախատեսված դեպքերում.

9) ծառայողական շներ՝ սույն հոդվածի առաջին մասի 1-6-րդ եւ 8-րդ կետերով նախատեսված դեպքերում:

3. Հատուկ միջոցների բոլոր տեսակները կարող են գործադրվել նաեւ սույն օրենքի 45.4-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում:

4. Արգելվում է հատուկ միջոցները գործադրել հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամություն ունեցող անձի եւ անչափահասների (այդ թվում, եթե ծառայողին հայտնի է անձի հղի, հաշմանդամություն ունենալու կամ անչափահաս լինելու հանգամանքը) նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից զինված հարձակում գործելու, զինված դիմադրության, մարդկանց կյանքին ու առողջությանն սպառնացող խմբակային հարձակման դեպքերի), դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչությունների տարածքներում (բացառությամբ այն դեպքերի, երբ հատուկ միջոցները գործադրվում են դրանց լիազոր ներկայացուցիչների խնդրանքով), ինչպես նաեւ մարտավարատեխնիկական բնութագրերով պայթյունավտանգ հատուկ միջոցները՝ այն շենքերում (շինություններում), որտեղ արտադրվում կամ պահվում են դյուրավառ կամ պայթուցիկ նյութեր, բացառությամբ այն դեպքերի, երբ հատուկ միջոցի չկիրառումը կարող է հանգեցնել մարդկային զոհերի:

5. Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում հատուկ միջոցների կամ զենքի բացակայության դեպքում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի օգտագործել իրեն հասանելի բոլոր հնարավոր միջոցները:

6. Արգելվում է հակակոռուպցիոն կոմիտեի սպառազինության մեջ հատուկ միջոցների այնպիսի տեսակներ ընդգրկելը, որոնք, ըստ իրենց մարտավարատեխնիկական բնութագրերի, կարող են մարդու առողջությանը պատճառել ծանր վնաս կամ մարդու օրգանիզմում առաջացնել անդառնալի փոփոխություններ կամ մահ պատճառել կամ չհիմնավորված ռիսկի աղբյուր են: Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը՝ հատուկ միջոցների տեխնիկական կանոնակարգերի հիման վրա:

7. Հատուկ միջոցները հակակոռուպցիոն կոմիտեին հատկացնելու, ինչպես նաեւ հատուկ միջոցները պահպանելու եւ դրանց պիտանելիությունը պարբերաբար ստուգելու կարգերը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 45.4. Զենքի կիրառումը (գործադրումը եւ օգտագործումը)

1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները հանցագործությունների կանխման, խափանման, հայտնաբերման, բացահայտման կամ այլ գործառույթներն իրականացնելիս իրավունք ունեն զենք գործադրել՝

1) քաղաքացիներին՝ նրանց կյանքի կամ առողջության համար վտանգավոր հարձակումից պաշտպանելիս.

2) Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի վրա կատարվող հարձակումը հետ մղելու համար, երբ նրա կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, ինչպես նաեւ նրա զենքին տիրանալու փորձը կանխելիս.

3) պատանդներին ազատելիս.

4) ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելու պահին բռնված եւ փախուստի փորձ կատարող, ինչպես նաեւ զինված կամ խմբակային դիմադրություն ցույց տվող անձանց ձերբակալելիս.

5) կոռուպցիոն բնույթի ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի կատարման կասկածանքով ձերբակալված, կալանքի կամ ազատազրկման վայրերից փախուստի դիմած անձանց բռնելիս կամ փախուստը խափանելիս, ինչպես նաեւ նրանց բռնի ազատման փորձերը հետ մղելիս:

2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողներն իրավունք ունեն զենք օգտագործել՝

1) տրանսպորտային միջոցը վնասելով կանգնեցնելիս, եթե վարորդն իրական վտանգ է ստեղծում քաղաքացիների կյանքի ու առողջության համար եւ չի ենթարկվում հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու ազդանշաններին.

2) մարդկանց կյանքին եւ առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներին վնասազերծելիս.

3) զենք օգտագործելու կամ գործադրելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապ հայտարարելիս կամ օգնության կանչելիս:

3. Արգելվում է զենքի գործադրումը հղիության նկատելի նշաններով կանանց, ակնհայտ հաշմանդամություն ունեցող անձի եւ անչափահասների (այդ թվում, եթե ծառայողին հայտնի է անձի հղի, հաշմանդամություն ունենալու կամ անչափահաս լինելու հանգամանքը) նկատմամբ (բացառությամբ նրանց կողմից քաղաքացիների կյանքի համար վտանգավոր զինված կամ խմբակային հարձակման եւ զինված դիմադրության դեպքերի), ինչպես նաեւ երբ զենքի գործադրումից կարող են տուժել այլ անձինք:

4. Հակակոռուպցիոն կոմիտեի սպառազինության մեջ ընդգրկված զենքի, զենքի լրակազմի, օժանդակ միջոցների եւ ռազմամթերքի տեսակների ցանկը հաստատում է Կառավարությունը: Արգելվում է հակակոռուպցիոն կոմիտեի սպառազինության մեջ զենքի կամ ռազմամթերքի այնպիսի տեսակներ ընդգրկելը, որոնք պատճառում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսվածից առավել ծանր վնասվածքներ կամ չհիմնավորված ռիսկի աղբյուր:

6. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին պահելու եւ կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք եւ ռազմամթերք հատկացնելու, ինչպես նաեւ հատկացված զենքը պահելու, կրելու եւ հանձնելու կարգը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 45.5. Հակակոռուպցիոն կոմիտեի զինված ծառայողի անձնական անվտանգության երաշխիքները

1. Հակակոռուպցիոն կոմիտեի զինված ծառայողն իրավունք ունի մերկացնել եւ մարտական վիճակի բերել զենքը, եթե գտնում է, որ ստեղծված իրադրությունում կարող է սույն օրենքի 45.4-րդ հոդվածին համապատասխան զենքի կիրառման անհրաժեշտություն առաջանալ:

2. Մերկացրած զենքով ձերբակալում կատարող հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին մոտենալու (նրա կողմից պահանջված հեռավորությունը խախտելու միջոցով), առանց թույլտվության անսպասելի կտրուկ շարժում կատարելու, ձեռքերը գրպանները տանելու կամ զենքին ձեռք մեկնելու՝ ձերբակալվողի ցանկացած փորձ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին իրավունք է տալիս առանց նախազգուշացման զենք օգտագործել սույն օրենքի 45.4-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետին համապատասխան:

Հոդված 45.6. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի անձնական պաշտպանության միջոցները

1. Անձնական անվտանգության ապահովման համար հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողն իրավունք ունի օգտագործել սաղավարտ, վահան, զրահաբաճկոն, հակագազ եւ անձնական պաշտպանության այլ միջոցներ:

2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի անձնական պաշտպանության միջոցների ցանկը, ինչպես նաեւ դրանք սպառազինության մեջ ընդգրկելու, սպառազինությունից հանելու եւ ոչնչացնելու կարգը հաստատում է Կառավարությունը:

3. Անձնական պաշտպանության միջոցները հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին հատկացնելու, պահելու, կրելու եւ հանձնելու կարգը սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:»:

Հոդված 6. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում: