Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-654-22.08.2023-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» 1995 թվականի նոյեմբերի 6-ի Ն-061-I օրենքի (այսուհետ՝ Օրենք)՝

1) 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը «զավակ» բառից հետո լրացնել «կամ ծնող» բառերով:

2) 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «եւ որը» բառերից հետո «18 տարին լրանալուց հետո՝ 3 տարվա ընթացքում, դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով վերջին մեկ տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում.» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Գործող Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը՝ 1) որը մինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնելու պահը վերջին երկու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով գրանցված ամուսնության մեջ է գտնվել Հայաստանի Հանրապետության քաղաքացու hետ եւ այդ երկու տարվա ընթացքում առնվազն 365 օր օրինական հիմքերի առկայությամբ բնակվել է Հայաստանի Հանրապետությունում կամ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի զավակ.

2) որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, եւ որը 18 տարին լրանալուց հետո՝ 3 տարվա ընթացքում, դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար:

Այն տրամաբանությունը, որ եթե ծնողը կարող է իր երեխայի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալու հիմքով նախաձեռնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու գործընթաց, ապա օբյեկտիվ իրականությունում այս գործընթացը պետք է հնարավոր լինի կյանքի կոչել նաեւ հակառակ պարագայում: Առաջարկվում է՝ որպես նույն իրավական ճանապարհով քաղաքացիություն ձեռք բերելու գործընթաց կարողանա նախաձեռնել նաեւ չափահաս զավակը՝ ծնողներից մեկի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունենալու հիմքով:

Նախագծով առաջարկվում է, որ զավակից զատ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնելու հիմք հանդիսանա ի թիվս այլնի այն, որ դիմողի առնվազն ծնողներից մեկը կա՛մ հանդիսանում է, կա՛մ էլ նախկինում հանդիսացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

Գործող օրենքով խնդիր է առաջանում, երբ 18 տարին լրացած անձը երեք տարվա ընթացքում չի դիմում քաղաքացիություն ստանալու համար (մինչեւ 21 տարեկանը), իսկ նախագծի համաձայն՝ անձը, ըստ էության, 1 տարի բնակվելով ՀՀ-ում այլեւս ժամանակային վերոնշյալ սահմանափակման խնդիրը չի ունենում:

Այս ամենը, ի թիվս այլնի, միտված է նաեւ որոշակի առումով «թեթեւացնելու» Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցած կամ ունեցող՝ ազգությամբ ոչ հայերի զավակների կողմից ավելի մատչելի ու հեշտ ժամկետներում քաղաքացիություն շնորհելու դիմում ներկայացնելը:

Նախագծի ներկայացման առիթներից մեկն էլ աշխարհաքաղաքական լրջագույն գործընթացներն են, որոնց պարագայում առաջացել է անհրաժեշտություն՝ հնարավորինս մատչելի ճանապարհով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զավակներին շնորհել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն եւ առնել պետության հովանու ներքո:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը եւ նպատակը

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը «զավակ» բառից հետո լրացնել «կամ ծնող» բառերով եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ «որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, եւ որը օրենքով սահմանված կարգով վերջին մեկ տարում մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում.»:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյան, ՀՀ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչ, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ, ՀՀ ՆԳՆ  ոստիկանության, ՀՀ ՆԳՆ Միգրացիոն ծառայության ներկայացուցիչներ եւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչ:

4. Իրավական ակտի կիրառման արդյունքում ակնկալվող արդյունքը

Ելնելով ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածից, ըստ որի՝ խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է, օրենքի նախագիծը, ըստ էության, ենթադրում է խտրականության ու ընտրողական վերաբերմունքի բացառում ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Ներկայացվող փոփոխությունները հնարավորություն կտան Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին առավել դյուրին եւ լիարժեք կազմակերպելու ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու գործընթացը:

Բացի այդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձինք ներկայացվող փոփոխությամբ հնարավորություն կստանան առավել ակտիվ մասնակցություն ունենալ Հայաստանի Հանրապետության քաղաքական, տնտեսական, մշակութային, հասարակական կյանքում՝ գրանցելով եւ ներդնելով ավանդ իրենց աշխատանքային ու մասնագիտական գործունեությամբ՝ ի շահ Հայաստանի Հանրապետության:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

21 օգոստոսի 2023թ.

Հարգարժա՛ն պարոն Սիմոնյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Ռուստամ Բաքոյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքում փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:

Խնդրում եմ օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Հարգանքով՝                                                        ՌՈՒՍՏԱՄ ԲԱՔՈՅԱՆ