Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6561-28.08.2023-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 81.2-րդ հոդվածի՝

1. 1-ին մասում «կամ սահմանված կարգով հատկացված վայրում չտեղադրելը» բառերը փոխարինել «իրականացնելը» բառով.

2. 2-րդ մասում «խախտումները, որոնք կատարվել են» բառերը փոխարինել  «խախտումը, որը կատարվել է» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ  «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Առկա իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենքը) 17-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ մթնոլորտային օդի պահպանության վերահսկողությունն իրականացնում է մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին): Մասնավորապես, Տեսչական մարմինը իրեն վերապահված գործառույթների շրջանակում իրականացնում է մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատումը, եւ համապատասխանաբար՝  մթնոլորտային օդին պատճառված եւ հատուցման ենթակա վնասի չափի հաշվարկը: Այնուամենայնիվ, մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը հաստատվել է ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի N 91-Ն որոշմամբ՝ հիմք ընդունելով «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքից դուրս եկած 42-րդ հոդվածը:

Այսպիսով, անհրաժեշտություն է առաջացել Օրենքում նախատեսել Կառավարության կողմից մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը սահմանելու լիազորող նորմ՝ հետագայում համապատասխան կարգը հաստատող Կառավարության որոշման մեջ նշված լիազորող նորմին հղում տալու նպատակով:

Միաժամանակ, Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն՝ շենքերի եւ շինությունների կառուցման (վերակառուցման, վերականգնման, քանդման, հիմնական եւ ընթացիկ նորոգման) աշխատանքների ընթացքում փոշու արտանետումների շինարարական հրապարակից դուրս տարածվելը կանխարգելելու նպատակով շինարարություն, ինչպես նաեւ փոշու արտանետման հետ կապված աշխատանքներ կատարող ֆիզիկական (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) եւ իրավաբանական անձինք դրանք իրականացնելու ընթացքում պարտավոր են  շինարարական աղբը տեղափոխել դրանց հեռացման համար հատուկ հատկացված վայրեր եւ հատուկ սահմանված երթուղով, իսկ Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝  մթնոլորտային օդի պահպանության վերահսկողությունն իրականացնում է մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը, ինչն ենթարդում է նաեւ , որ համապատասխան տեսաչական մարմինը պետք է վերահսկողություն իրականացնի նաեւ Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով սահմանված պահանջի նկատմամբ: Իր հերթին: Իր հերթին, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 43.1-րդ հոդվածի 6-րդ մասի եւ 219.1-րդ հոդվածի համաձայն՝ շինարարական աղբը համայնքի ղեկավարի սահմանած երթուղով չտեղափոխելը կամ սահմանված կարգով հատկացված վայրում այն չտեղադրելու համար սահմանված իրավախախտման մասով գործերի քննությունը վերապահված է տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչն հակասում է Օրենքով սահմանված կարգավորումներին:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի մասով՝

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 43.1-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն եւ 219.1-րդ հոդվածի համաձայն՝ սահմանվում է վարչական պատասխանատվություն շինարարական աղբը համայնքի ղեկավարի սահմանած երթուղով չտեղափոխելը կամ սահմանված կարգով հատկացված վայրում այն չտեղադրելու համար, իսկ նշված մասերով գործերի քննությունը վերապահվում է տեղական ինքնակառավարման մարմիններին եւ Ոստիկանությանը:

Իր հերթին, նույնաբովանդակ կարգավորում առկա է նաեւ Օրենսգրքի 81.2-րդ 1-ին եւ 2-րդ մասերում, որոնց համաձայն՝ սահմանվում է վարչական պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային միջոցներով ավազի կամ ցեմենտի կամ գաջի կամ խիճի կամ այլ սորուն նյութերի կամ հողային զանգվածների, ինչպես նաեւ շինարարական աղբի տեղափոխումն առանց փոշու համար անթափանց ծածկոցների իրականացնելու կամ սահմանված կարգով հատկացված վայրում չտեղադրելու համար:

Այսպիսով՝ շինարարական աղբի տեղադրման մասով Օրենսգրքում առկա են միմյանց կրկնորդող դրույթներ, որոնցով նախատեսված խախտումների մասով գործերի քննությունը վերապահված է տարբեր գերատեսչությունների:

Նշվածի մասով հարկ է նաեւ նկատի ունենալ, որ հատկացված վայրերում ավազի կամ ցեմենտի կամ գաջի կամ խիճի կամ այլ սորուն նյութերի կամ հողային զանգվածների տեղադրման կարգ բնապահպանական օրենսդրությամբ չի սահմանվում, իսկ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 6-րդ կետերով սահմանվում են պահանջներ միայն վերոհիշյալ նյութերի տեղափոխման եւ պահպանման վերաբերյալ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

1) «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում լրացնել Կառավարության կողմից մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետեւանքով առաջացած ազդեցության գնահատման կարգը  սահմանելու, իսկ լիազոր մարմնի կողմից այն մշակելու լիազորող նորմերը,

2) Հստակեցնել տնտեսավարողների պարտականությունները համապատասխան կարգով գնահատված վնասի հատուցումը կատարելու մասով,

3) Միմյանց համապատասխանեցնել «Մթնոլորտային օդի պահպանության մասին» եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում առկա կարգավորումները՝ «Մթնոլորտային օդի պահպանության մասին»  օրենքով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահելով հատուկ սահմանված երթուղով եւ հատուկ հատկացված վայրեր  շինարարական աղբի տեղափոխման նկատմամբ վերահսկողությունը,

4) Շինարարական աղբի ոչ սահմանված վայրերում տեղադրման եւ սահմանված երթուղով տեղափոխման հարցերիի հետ կապված բացառել Օրենսգրքում առկա կրկնորդումները:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Օրենքների նախագծերի փաթեթը մշակվել է Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի եւ Տեսչական մարմնի կողմից համատեղ:

4. Ակնկալվող արդյունքը

Օրենքների նախագծերի ընդունման արդյունքում՝

1) Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործառույթները կիրականացվեն առավել արդյունավետ, իսկ խախտումների արձանագրման եւ պետության եւ շրջական միջավայրին պատճառված վնասի հատուցման գործընթացի տեսանկյուններից առավելագույնը կբացառվի համապատասխան որոշումների բեկանման հնարավորությունը:

2) Կապահովվի «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքով սահմանված պահանջների նկատմամբ Տեսչական մարմնի կողմից իրականացվող պատշաճ վերահսկողությունը:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Օրենքների նախագծերը չեն բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն