Հոդված 1. «Հյուպատոսական ծառայության մասին» 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-61 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 43-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 43. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների կողմից կատարվող նոտարական գործողությունները
1. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության անունից նոտարական գործողություններ կատարում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինները:
2. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների անունից նոտարական գործողությունները կատարում են հյուպատոսական պաշտոնատար անձինք, իսկ նրանց բացակայության դեպքում՝ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները:
3. Հյուպատոսական պաշտոնատար անձինք, իսկ նրանց բացակայության դեպքում՝ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները նոտարական գործողություններ կատարում են «Նոտարիատի մասին» օրենքով եւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով»:
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 44-րդ, 45-րդ, 46-րդ, 47-րդ, 48-րդ եւ 49-րդ հոդվածները:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ակտի ընդունման անհրաժեշտությունը եւ ընթացիկ իրավիճակը
«Նոտարիատի մասին» օրենքով որպես նոտարական ակտի բաղադրիչ է հանդիսանում ճզմիչ կնիքը: Ներկայումս գործում է «QR» կոդը եւ «e-verify» համակարգը, որը հնարավորություն է տալիս հավաստիանալու վավերացված փաստաթղթի իսկության մեջ, որն ավելի արդյունավետ տարբերակ է: Ուստի նման պայմաններում նոտարական ակտի բովանդակության բաղադրիչ հանդիսացող ճզմիչ կնիքի անհրաժեշտությունը վերանում:
Գործող Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ մասով նախատեսված հիմքով նոտարական գործողության կատարումը կարող է մերժվել միայն, եթե հետախուզման որոշում կայացրած անձից կամ մարմնից կամ արդարադատության նախարարությունից նոտարը ստացել է անձի հետախուզման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն: Մինչդեռ, հյուպատոսը նոտարական գործողություններ կատարելուց առաջ ստուգում է անձի ինքնությունը հյուպատոսական էլեկտրոնային համակարգի միջոցով, որտեղ հստակ երեւում է ՝ արդյոք անձը գտնվում է հետախուզման մեջ, թե ոչ: Ուստիեւ, համաձայն գործող օրենսդրության, հյուպատոսը չի կարող մերժել հյուպատոսական գործողություններ կատարելն այն անձի նկատմամբ, քանի դեռ չի ստացել անձի հետախուզման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն, ինչը համարում ենք ոչ արդյունավետ միջոց, քանի որ հնարավոր է, որ հետախուզման որոշում կայացրած անձից կամ մարմնից կամ արդարադատության նախարարությունից անձի հետախուզման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չստացվի, սակայն հյուպատոսը հյուպատոսական էլեկտրոնային համակարգի միջոցով անձի ինքնությունը ճշտելիս պարզի, որ տվյալ անձը գտնվում է հետախուզման մեջ, սակայն չկարողանա մերժել նոտարական գործողություններ կատարելը՝ բավարար իրավական հիմքերի բացակայության պատճառով:
Օրենքով սահմանված է, որ դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների անունից նոտարական գործողություններ կարող են կատարել դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների ղեկավարները, այնինչ ինչպես հյուպատոսական այլ գործառույթները, այդ թվում՝ նոտարական գործառույթները, ենթակա են կատարման հենց հյուպատոսի կողմից: Ավելին, զգալի ծանրաբեռնվածություն ունեցող դիվանագիտական ծառայության մարմիններում արդյունավետ է հյուպատոսի եւ փոխհյուպատոսի միաժամանակյա ներկայությունը, որի առնչությամբ էլ նախագծով առաջարկում ենք դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների անունից նոտարական գործողություններ կատարելու իրավասությունը վերապահել հյուպատոսական պաշտոնատար անձանց, իսկ նրանց բացակայության դեպքում՝ նոր միայն դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներին: Նշյալ հասկացությունն իր մեջ ներառում է ինչպես հյուպատոսներին, այնպես էլ փոխհյուպատոսներին: Սույն առաջարկության իրավաչափությունը համապատասխանում է «Դիվանագիտական ծառայության մասին», «Հյուպատոսական ծառայության մասին» ՀՀ օրենքների, «Հյուպատոսական կապերի մասին» 1963թ. Վիեննայի կոնվենցիայի պահանջներին:
Միաժամանակ, Օրենքով սահմանված «դիվանագիտական ներկայացուցչություններ եւ հյուպատոսական հիմնարկներ» բառերը «դիվանագիտական ծառայության մարմիններ» բառերով փոխարինելու առաջարկությունը բխում է «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի պահանջից:
«Հյուպատոսական ծառայության մասին» օրենքը՝ ընդունված 1996 թվականի մայիսի 29-ին, ենթարկվել է թվով 6 փոփոխությունների: Ներկայումս սույն օրենքի 12-րդ գլուխը, որն ամբողջությամբ վերաբերում է նոտարական գործողություններին, եւ որում երբեւիցե փոփոխություններ կամ լրացումներ չեն իրականացվել, պարունակում է դրույթներ, որոնք չեն համապատասխանում 2001 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Նոտարիատի մասին» օրենքի դրույթներին կամ թերի են:
2021 թվականի փետրվարի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում, որին ներկա է եղել նաեւ ՀՀ նոտարական պալատի նախագահը: Քննարկման արդյունքում առաջարկվել է նախաձեռնել օրենսդրական բարեփոխումներ՝ հյուպատոսական պաշտոնատար անձանց կողմից մատուցվող նոտարական ծառայությունների հստակեցման համար:
Կարգավորման նպատակը եւ բնույթը
Վերոնշյալ խնդրի կարգավորման նպատակով «Հյուպատոսական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է օրենքի 12-րդ գլուխը, որը վերաբերում է նոտարական գործողություններին, ամբողջությամբ համապատասխանեցնել «Նոտարիատի մասին» օրենքին՝ միաժամանակ հղում կատարելով «Նոտարիատի մասին» օրենքին՝ հաշվի առնելով տվյալ իրավահարաբերության զարգացման դինամիկան եւ հետագա հնարավոր փոփոխությունները:
«Նոտարիատի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է վերացնել իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները, անհամապատասխանությունները, ճզմիչ կնիքի պարտադիր առկայությունը, ավելացնել «QR» կոդի եւ «e-verify» համակարգի վերաբերյալ դրույթներ, սպառիչ կարգավորել հետախուզվող անձի նկատմամբ նոտարական գործողություն կատարելու մերժման ընթացակարգը եւ հստակեցնել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների անունից նոտարական գործողությունների եւ դրանք կատարող անձանց շրջանակը:
Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Ռազմավարական փաստաթղթերից Է բխում:
ՀՀ կառավարության 18.08.2021թ. N 1363-Ա որոշմամբ հաստատված ծրագրով սահմանվել է, որ Կառավարությունն արմատապես բարեփոխելու է պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայությունների որակը՝ դրանք դարձնելով քաղաքացիակենտրոն եւ արդիական, առաջադեմ, տեխնոլոգիական հիմքով՝ նպատակ ունենալով պետության հետ հարաբերություններում քաղաքացիների եւ գործարար հատվածի անհարկի բեռն ու քաշքշուկը (տես՝ 6.2 «Պետության կողմից հանրությանը մատուցվող ծառայություններ»):
Կարեւորվում է պետության կողմից ծառայությունների մատուցման ոլորտում էլեկտրոնային գործիքների ներդրման միջոցով քաղաքացի-պետություն շփման հնարավորինս սահմանափակումը պետական կառավարման բոլոր ոլորտներում եւ գիտելիքի, տեխնոլոգիաների հիման վրա կառավարման արդյունքում նվազագույն ծախսերով առավելագույն արդյունքի ստացումը, հասանելի, մատչելի, հուսալի, անվտանգ, բարձրորակ եւ միջազգայնորեն մրցունակ ծառայությունների ապահովումը (Տես՝ 7.2 «Կապը եւ թվայնացումը»): Մասնավորապես, «QR» կոդի եւ «e-verify» համակարգը հնարավորություն կտա հավաստիանալու վավերացված փաստաթղթի իսկության մեջ՝ առանց հավելյալ եւ ժամանակատար իսկությունը պարզելուն ուղղված գործողությունների, որն ավելի արդյունավետ տարբերակ է եւ քաղաքացուն լրացուցիչ վարչարարությամբ չի ծանրաբեռնում:
Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունման պարագայում կբարձրացվի փաստաթղթերի իսկության ստուգման արդյունավետությունը, կկրճատվեն հավելյալ ծախսերը, համապարփակ կկարգավորվի հետախուզվող անձի նկատմամբ նոտարական գործողություն կատարելու մերժման կարգը եւ կհստակեցվի Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների անունից նոտարական գործողություններ կատարող անձանց շրջանակը:
Հնարավորություն կընձեռվի խուսափել իրավական ակտերի միջեւ առկա հակասություններից եւ հստակեցնել հյուպատոսական պաշտոնատար անձանց կողմից մատուցվող նոտարական ծառայությունները:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում