Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-598-26.05.2023,07.09.2023-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Oրենքի կարգավորման առարկան եւ գործողության ոլորտը

1.Սույն օրենքը կարգավորում է տնտեսավարող սուբյեկտի կողմից շուկայահանված՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող ոչ պարենային արտադրանքի Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված անվտանգության պահանջների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման եւ առեւտրի, արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի ոլորտներում իրականացվող վերահսկողության հիմնական սկզբունքները, առանձնահատկությունները, լիազոր մարմնի պաշտոնատար  անձանց, տնտեսավարող սուբյեկտների իրավունքները եւ պարտականությունները, ինչպես նաեւ վերահսկողության հետ կապված այլ հարաբերությունները:

2.Սույն օրենքի գործողությունը չի տարածվում տարանցիկ փոխադրվող ոչ պարենային արտադրանքի, դեղամիջոցների (այդ թվում՝ անասնաբուժական), միջուկային նյութերի, հատուկ տրոհվող նյութերի, միջուկային էներգիայի բնագավառում օգտագործվող այլ արտադրանքի, ռազմական նշանակության արտադրանքի, օդանավերի եւ դրանցում տեղադրված սարքավորումների, քաղաքաշինության օբյեկտների վրա:

Հոդված 2. Շուկայի վերահսկողության մասին օրենսդրությունը

1.Շուկայի վերահսկողության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը կազմված է սույն օրենքից, «Տեսչական մարմինների մասին», «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին», «Թանկարժեք մետաղների մասին», «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին», «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին»,  «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքներից, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքից եւ այլ իրավական ակտերից:

Հոդված 3. Հիմնական հասկացությունները

1.Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) լիազոր մարմին՝ տնտեսավարող սուբյեկտի կողմից շուկայահանված՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող ոչ պարենային արտադրանքի անվտանգության, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման եւ առեւտրի, արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի ոլորտներում վերահսկողություն իրականացնող՝ տեսչական մարմին.

2) ոչ պարենային արտադրանք (այսուհետ՝ արտադրանք)՝ լիազոր մարմնի կողմից վերահսկման ենթակա շուկայահանված արտադրանք, որի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված են պահանջներ.

3) վերահսկողություն՝ լիազոր մարմնի կողմից իրականացվող գործողություն կամ գործողությունների համալիր, որով պարզվում է տնտեսավարող սուբյեկտի կողմից շուկայահանված տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի անվտանգության, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման, հարգադրոշմման եւ առեւտրի, արտադրական կանեփի արտադրության, արտահանման, ներմուծման կամ մեծածախ առեւտրի լիցենզավորման, քվոտավորման եւ օրինական շրջանառության ոլորտներում  ծավալած գործունեության համապատասխանությունն Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջներին.

4) վտանգավոր արտադրանք՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված արտադրանքին ներկայացվող անվտանգության պահանջներին չհամապատասխանող արտադրանք, որը կարող է վնաս պատճառել մարդու առողջությանը, անվտանգության պահպանությանը, շրջակա միջավայրին, այդ թվում՝ բուսական եւ կենդանական աշխարհի պահպանությանը, ազգային անվտանգության ապահովմանը, Հայաստանի Հանրապետությունում արտադրանքին ներկայացվող տեխնիկական պահանջների ներդաշնակեցմանը միջազգային տարածաշրջանային (միջպետական) պահանջներին, միջազգային առեւտրի տեխնիկական խոչընդոտների վերացմանը

5) ստուգում՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնի կողմից իրականացվող գործընթաց.

6) արտադրանքի հետկանչ՝ տնտեսավարող սուբյեկտի կողմից շուկայանհանված արտադրանքի շրջանառության դադարեցման եւ շրջանառությունից հանման (հետկանչ) գործողությունների համալիր, որն ուղղված է մարդու առողջության եւ անվտանգության պահպանությանը, շրջակա միջավայրի, այդ թվում՝ բուսական եւ կենդանական աշխարհի պահպանությանը, ազգային անվտանգության ապահովմանը, Հայաստանի Հանրապետությունում արտադրանքին ներկայացվող տեխնիկական պահանջների ներդաշնակեցմանը միջազգային տարածաշրջանային (միջպետական) պահանջներին, միջազգային առեւտրի տեխնիկական խոչընդոտների վերացմանը.

7) արտադրանքի պիտանիության ժամկետ՝ ժամանակահատված, որի ավարտից հետո շուկայանհանված արտադրանքն իր նշանակությամբ օգտագործման համար պիտանի չէ. .

8) նմուշառում՝ Կառավարության սահմանված կարգով վերահսկողության ընթացքում լաբորատոր փորձարկման նպատակով արտադրանքի նմուշների ընտրություն (նմուշներ վերցնելը)՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջներին համապատասխանությունը պարզելու նպատակով.

9) փորձանմուշի գնում՝ լիազոր մարմնի կողմից վերահսկողության ընթացքում արտադրանքի Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ այլ իրավական ակտերին պահանջներին համապատասխանությունը որոշելու նպատակով լիազոր մարմնի պաշտոնատար անձի կողմից կատարվող գնում: Փորձանմուշի գնումն իրականացվում է միայն այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխանությունը հնարավոր չէ պարզել այլ տարբերակով.

10) կասեցում՝ գործընթաց, որի միջոցով ժամանակավորապես արգելվում է արտադրանքի կամ արտադրանքի որոշակի խմբաքանակի իրացումը, այդ թվում՝ մինչեւ խախտման վերացումը.

11) կարգադրագիր՝ լիազոր մարմնի պաշտոնատար անձի կողմից օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգման ընթացքում կամ իրականացված ստուգման արդյունքներով արձանագրված խախտման հիման վրա իր իրավասության սահմաններում ընդունված ակտ.

12) լաբորատոր փորձարկում՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով հավատարմագրված եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված փորձարկման լաբորատորիայի կողմից վերահսկողության օբյեկտ հանդիսացող արտադրանքի՝ ընթացակարգի համաձայն համապատասխանության գնահատման օբյեկտի մեկ կամ մի քանի բնութագրերի որոշում.

13) փորձանմուշ՝ լաբորատոր փորձարկման համար անհրաժեշտ նմուշառմամբ վերցվող արտադրանք կամ դրա մի մասը.

14) Խախտում՝ Հայաստանի Հանրապետության օրենքների եւ այլ իրավական ակտերի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջների դեմ ուղղված մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողություն կամ անգործություն, որի համար օրենսդրությամբ նախատեսված է համապատասխան պատասխանատվություն.

15) շրջանառության մեջ դնել՝ արտադրանքն իրացնելը կամ այլ ձեւով փոխանցելը կամ ցանկացած այլ տեսակի փոխանցման համար առաջարկելը:

16) արտադրանքի ոչնչացում՝   Հայաստանի Հանրապետության օրենքների եւ այլ իրավական ակտերի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին պահանջներին չհամապատասխանող արտադրանքի այնպիսի վիճակի հասցնելը, որում այն պիտանի չէ դրա ցանկացած օգտագործման կամ կիրառման համար, եւ որը բացառում է դրա անբարենպաստ ներգործությունը մարդու, կենդանիների եւ շրջակա միջավայրի վրա.

17) արտադրանքի օգտահանում՝ Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ այլ իրավական ակտերին եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջներին չհամապատասխանող արտադրանքի օգտագործումն այնպիսի նպատակներով, որոնք տարբերվում են արտադրանքի համար նախատեսված նպատակներից կամ այն նպատակներից, որոնցով այդ արտադրանքը սովորաբար օգտագործվում է:

Հոդված 4. Շուկայի վերահսկողության հիմնական սկզբունքները

1.Շուկայի վերահսկողության հիմնական սկզբունքներն են՝

1) սպառողների շահերի պաշտպանության սկզբունք՝ սպառողների առողջության եւ կյանքի համար արտադրանքի հնարավոր վնասակար ազդեցությունից պաշտպանություն, այդ թվում՝ սպառողների գույքային իրավունքների եւ ազատությունների պաշտպանություն.

2) ռիսկերի վերլուծության սկզբունք՝ լիազոր մարմնի վերահսկողության ոլորտներում գիտականորեն հիմնավորված ռիսկերի գնահատման, խորհրդատվության տրամադրման, ռիսկերի կառավարման ընթացքում դրանց գիտականորեն հիմնավորված գնահատականների հիման վրա որոշումների ընդունումը.

3) կանխարգելման սկզբունք՝ լիազոր մարմնի վերահսկողության ոլորտներում պետությանը եւ հանրությանը սպառնացող վտանգների աղբյուրների հայտնաբերում, դրանց հետագա տարածման կանխում ու վերացում.

ԳԼՈՒԽ  2

ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 5. Լիազոր մարմնի կողմից իրականացվող վերահսկողությունը

1. Շուկայի վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով եւ դեպքերում:

2. Վերահսկողության ձեւերն են՝

1) ստուգումը.

2) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով ուսումնասիրությունը.

3) «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքով սահմանված դեպքում դիտարկումը:

3. Վերահսկողությունն իրականացվում է՝

1) արտադրանքի եւ տեխնիկական անվտանգության ոլորտում՝ տնտեսավարող սուբյեկտի կողմից շուկայահանված՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ.

2) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի ոլորտում՝ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի առուվաճառքի, ինչպես նաեւ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման գործունեության նկատմամբ.

3) արտադրական կանեփի ոլորտում՝ օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման նկատմամբ:

4. Լիազոր մարմինը վերահսկողության ընթացքում այլ պետական մարմնի լիազորություններին առնչվող խախտումների բացահայտման դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է տվյալ պետական մարմնին: Տեղեկացման եղանակը, ժամկետները եւ ընթացակարգը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջների խախտման դեպքում տրվող կարգադրագրերը

1. Լիազոր մարմնի պաշտոնատար անձը ստուգման ակտի հիման վրա, օրենքով սահմանված իր իրավասությունների շրջանակներում, տնտեսավարող սուբյեկտին տալիս է կարգադրագրեր բացահայտված խախտումների եւ թերությունների վերացման ուղղությամբ՝ սահմանելով ժամկետներ, որոնք համաձայնեցվում է տնտեսավարող սուբյեկտի հետ, դրանց վերացման համար:

2.Լիազոր մարմնի պաշտոնատար անձը տալիս է՝

1) արտադրանքի կասեցման, արտադրանքի հետկանչի , օգտահանելու կամ ոչնչացնելու մասին կարգադրագրեր.

2) «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքով սահմանված չափման միջոցների իրացումը կամ շահագործումն արգելելու մասին կարգադրագրեր:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի Կարգադրագրի ձեւերը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը:

4. Կարգադրագիրը տրվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքով սահմանված ընթացակարգով եւ ժամկետում, եթե՝ արտադրանքը կամ չափման միջոցը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ այլ իրավական ակտերին եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջներին:

5. Տնտեսավարող սուբյեկտը տրված կարգադրագրի կատարման մասին պարտավոր է սահմանված ժամկետի ավարտից հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր տեղեկացնել լիազոր մարմնին:

6. Կարգադրագրի կատարման վերաբերյալ սահմանված ժամկետում լիազոր մարմնին գրավոր չտեղեկացնելը համարվում է կարգադրագրի չկատարում:

7. Կարգադրագրերով նախատեսված սահմանափակող միջոցները վերացնում է լիազոր մարմնի ղեկավարը՝ տնտեսավարող սուբյեկտի դիմումով կարգադրագրերի կատարման ստուգման դրական արդյունքների հիման վրա:

8.Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով ամրագրված  նորմերի խախտման դեպքում կարգադրագրեր տալը կիրառվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցների հետ զուգահեռ:

Հոդված 7. Շուկայի վերահսկողության ոլորտում Կառավարության լիազորությունները

1. Շուկայի վերահսկողության ոլորտում Կառավարությունը սահմանում է՝

1) Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակով նմուշների նմուշառում իրականացնելու, ինչպես նաեւ փորձանմուշների գնման ֆինանսավորման եւ  գնված արտադրանքի տնօրինման կարգը.

2) Հայաստանի Հանրապետության հարկային եւ մաքսային մարմինների կողմից  լիազոր մարմնին օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկատվության տրամադրման դեպքերը, տեղեկատվության բովանդակությունը  ու տեղեկատվության տրամադրման կարգը.

3)

4) Տնտեսավարող սուբյեկտների կողմից վտանգավոր արտադրանքի մասին լիազոր մարմնին, այլ պետական մարմիններին, սպառողին տեղեկացնելու կարգը, դեպքերը, ժամկետները եւ ծանուցման ձեւը.

5) Վտանգավոր արտադրանքի իրացման կասեցման, շուկայից հետ կանչման, ոչնչացման, օգտահանման ենթակա ապրանքների ցանկը, հիմքերը եւ դեպքերը.

6) Վտանգավոր արտադրանքի խմբաքանակի հաշվառման ու պահման կարգ:

ԳԼՈՒԽ 3

ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ, ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 8. Լիազոր մարմնի պաշտոնատար անձանց իրավունքներն ու պարտականությունները

1. Վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք իրավունք ունեն՝

1) ծառայողական պարտականությունները կատարելիս պահանջել անհրաժեշտ տեղեկություններ, բացատրություններ, փաստաթղթեր, պատճեններ, լուսապատճեններ, իրեր, փորձանմուշներ եւ գործին վերաբերող այլ նյութեր.

2) տնտեսավարող սուբյեկտներին տալու կարգադրագրեր, սահմանելով ժամկետ, որը համաձայնեցնվում է տնտեսավարող սուբյեկտի հետ.

3) վերահսկողության ընթացքում լիազոր մարմնի վերահսկողության ոլորտները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտումների հայտնաբերման դեպքում իրենց իրավասությունների շրջանակներում կիրառելու Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված սահմանափակումներ.

4) վերահսկողության ընթացքում ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման համար ներգրավելու փորձագետների, որոնց վճարման, ներգրավելու դեպքերը եւ պայմանները սահմանում է Կառավարությունը.

5) Կառավարության սահմանված կարգով կատարելու նմուշների ընտրություն եւ նմուշառում՝ փորձաարկում կամ գործերի քննություն իրականացնելու նպատակով.

6) ստուգման շրջանակներում կատարելու սահմանված կարգով փորձանմուշների գնումներ:

2.Լիազոր մարմնի պաշտոնատար անձինք պարտավոր են՝

1) կատարել վերադաս պաշտոնատար անձանց՝ օրենքով սահմանված կարգով ընդունած հրամաններն ու որոշումները, կարգադրություններն ու ցուցումները.

2) սահմանված կարգով եւ ժամկետներում դիմումները եւ բողոքները քննության առնել եւ դրանց ընթացք տալ.

3) պահպանել Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջները՝ պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու ընթացքում, այդ թվում՝ ծառայությունը դադարեցնելուց հետո.

4) Սույն օրենքի շրջանակում իրականացվող վերահսկողության ընթացքում տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց ծանոթացնել իրենց իրավունքներին եւ պարտականություններին.

3. Լիազոր

4. մարմնի պաշտոնատար անձանց համար սույն օրենքով, այլ իրավական ակտերով կարող են սահմանվել նաեւ այլ իրավունքներ եւ պարտականություններ:

Հոդված 9. Տնտեսավարող սուբյեկտի իրավունքները եւ պարտականությունները

1.Սույն օրենքի շրջանակում իրականացվող վերահսկողության ընթացքում տնտեսավարող սուբյեկտը իրավունք ունի՝

1) ներկայացնելու բացատրություններ, պարզաբանումներ, հարուցելու միջնորդություններ, օրենքով սահմանված կարգով բողոքարկելու լիազոր մարմնի պաշտոնատար անձանց գործողությունները.

2) օրենքով սահմանված կարգով պահանջելու լիազոր մարմնի պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների հետեւանքով պատճառված վնասի հատուցում.

3) իր շահերի պաշտպանության նպատակով՝ վերահսկողության ցանկացած փուլում սեփական միջոցների հաշվին ներգրավելու մասնագետների, փորձագետների, աուդիտորների, փաստաբանների.

2.Սույն օրենքի շրջանակում իրականացվող վերահսկողության ընթացքում տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է՝

1) չխոչընդոտել վերահսկողության ընթացքին, կատարել լիազոր մարմնի պաշտոնատար անձանց վերահսկողական գործառույթներին վերաբերող օրինական պահանջները.

2) լիազոր մարմնի պաշտոնատար անձի պահանջով ներկայացնել պահանջվող տեղեկությունները, բացատրությունները, փաստաթղթերը, պատճենները, լուսապատճենները (լուսապատճենահանման ծախսերը կատարվում են  լիազոր մարմնի կողմից), իրերը, փորձանմուշները եւ գործին վերաբերող այլ նյութերը:  :

3) սահմանված ժամկետում կատարել վերահսկողության արդյունքներով տրված կարգադրագրերը՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով լիազոր մարմնին.

4) ստուգման անցկացման համար օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրել փորձանմուշներ.

5) տնտեսական գործունեությունը իրականացնել սույն օրենքին եւ այլ իրավական ակտերին համապատասխան.

3.Եթե տնտեսավարող սուբյեկտը պարզել է կամ հիմքեր ունի ենթադրելու, որ իր կողմից շրջանառության մեջ դրված տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքը կարող է վնաս պատճառել մարդու առողջությանը, անվտանգության պահպանությանը, շրջակա միջավայրին, այդ թվում՝ բուսական եւ կենդանական աշխարհի պահպանությանը, ազգային անվտանգության ապահովմանը, Հայաստանի Հանրապետությունում արտադրանքին ներկայացվող տեխնիկական պահանջների ներդաշնակեցմանը միջազգային տարածաշրջանային (միջպետական) պահանջներին, միջազգային առեւտրի տեխնիկական խոչընդոտների վերացմանը կամ չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջներին, ապա վերջինս պետք է իրականացնի սույն օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված պարտականությունները եւ դրանց վերաբերյալ տեղեկացնի լիազոր մարմնին:

4.Տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է կազմակերպել եւ իրականացնել սահմանված պահանջներին չհամապատասխանող շուկայահանված տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի հետկանչը ՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով արտադրողների, վերամշակողների, լիազոր մարմնի եւ շահագրգիռ այլ մարմինների հետ:

Հոդված 10.Տնտեսավարող սուբյեկտի պարտավորությունները վտանգավոր արտադրանք շուկայահանելու դեպքում, լիազոր մարմնի պարտականությունը հայտնաբերված վտանգավոր արտադրանքի դեպքում, վտանգավոր արտադրանքի խմբաքանակի հաշվառում եւ պահում

1. Եթե տնտեսավարող սուբյեկտը պարզել է կամ հիմքեր ունի ենթադրելու, որ իր կողմից շրջանառության մեջ դրված արտադրանքը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված նորմերին, ապա նա պետք է օրենքով սահմանված կարգով տեղեկացնի լիազոր մարմնին իր ձեռնարկած միջոցառումների մասին՝ վերջնական սպառողի համար ռիսկը կանխարգելելու նպատակով:

2. Լիազոր մարմնի վերահսկողության ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտը կազմակերպում եւ իրականացնում է վտանգավոր արտադրանքի հետկանչը եւ համագործակցում է արտադրողների, վերամշակողների եւ լիազոր մարմնի ու շահագրգիռ այլ մարմինների հետ:

3. Եթե տնտեսավարող սուբյեկտը պարզել է կամ հիմքեր ունի ենթադրելու, որ ներմուծված, արտադրված, վերամշակված, պատրաստված կամ իր կողմից վաճառած արտադրանքը չի համապատասխանում անվտանգության պահանջներին, ապա նա անմիջապես իրականացնում է այդ արտադրանքի՝ հետկանչ ՝ կատարելով հետեւյալը՝

1) տվյալ խմբաքանակը ենթարկելով առանձին հաշվառման ու պահման.

2) այդ մասին տեղեկացնել լիազոր մարմնին, տվյալ արտադրանքի  մատակարարին,սպառողին:

4.Եթե վտանգավոր արտադրանքը հասել է սպառողին, ապա տնտեսավարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով տեղեկացնում է սպառողներին հետկանչման պատճառների մասին՝ նախազգուշացնելով սպառողներին հնարավոր ռիսկերի մասին եւ, անհրաժեշտության դեպքում, հետ է կանչում արդեն առաքված արտադրանքը, եթե անվտանգության բարձր մակարդակի ապահովման համար այլ միջոցները բավարար ազդեցություն չունեն:

5. Վտանգավոր արտադրանքը իրացնող տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է սկսել արտադրանքի հետկանչը ինքնուրույն կամ լիազոր մարմնի պահանջով: Վտանգավոր արտադրանքի հետկանչը, փորձարկումը, փոխադրումը, պահումը, կամ ոչնչացումը կատարվում են տվյալ արտադրանքը իրացնող տնտեսավարող սուբյեկտի միջոցների հաշվին:

6. Լիազոր մարմինն իրականացնում է հայտնաբերված վտանգավոր արտադրանքի ամբողջ խմբաքանակի՝ հետկանչի վերահսկողությունը եւ դրա շրջանառության հետ կապված ռիսկի տեսակի, ծավալի եւ աստիճանի վերլուծությունը, ինչպես նաեւ այդ մասին, ըստ անհրաժեշտության, զանգվածային լրատվության միջոցներով կամ լիազոր մարմնի պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով իրազեկում է ազգաբնակչությանը:

7. Տնտեսավարող սուբյեկտը օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում արտադրության եւ վերամշակման փուլերում վտանգավոր արտադրանք թողարկելու համար:

8. Վտանգավոր արտադրանքի խմբաքանակը ենթակա է առանձին հաշվառման ու պահման՝ հետագայում օգտահանելու կամ ոչնչացնելու համար:

Հոդված 11. Տեղեկատվության մատչելիությունը արտադրանքի անվտանգության ապահովման բնագավառում

1. Լիազոր մարմնի կողմից իր լիազորությունների իրականացման ընթացքում շուկայում առկա վտանգավոր արտադրանքի հայտնաբերման, ինչպես նաեւ հետկանչի կարգադրագրերի կիրառման վերաբերյալ տեղեկատվությունը լիազոր մարմնի  կողմից տարածվում է զանգվածային լրատվության կամ լիազոր մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով:

ԳԼՈՒԽ 4

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ, ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 12. Օրենքի խախտման համար պատասխանատվությունը

1. Սույն օրենքի պահանջները խախտող լիազոր մարմնի պաշտոնատար անձինք եւ տնտեսավարող սուբյեկտները պատասխանատվություն են կրում օրենքով  սահմանված կարգով:

Հոդված 13. Եզրափակիչ մաս  եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: