Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-608-31.05.2023,08.09.2023-ԱռՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի 7-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1-ին հոդվածով.

«Հոդված 7.1. Տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը բնակչության բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում

1. Հասարակական կարգի պահպանման, ուսումնական եւ գիտական, պացիենտների  իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու,  ինչպես նաեւ պացիենտների այլ իրավաչափ շահերի պաշտպանության նպատակներով բնակչության բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում կարող են կառավարության սահմանած կարգով օգտագործվել տեսալուսանկարահանող սարքեր:

2. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբինետներում, միջամտությունների սենյակներում, հիվանդասենյակներում, լոգարաններում եւ  սանհանգույցներում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումն արգելվում է:

3. Տեսալուսանկարահանող սարքեր օգտագործելու դեպքում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունները իրենց կազմակերպության տարածքի տեսանելի հատվածներում տեղադրում են իրազեկման ցուցանակներ: Իրազեկման ցուցանակները տեղադրվում են այնպես, որ տեսանելի լինի մինչեւ տեսահսկման տարածք մտնելը:

4. Տեսալուսանկարահանող սարքերի օգտագործմամբ ստացված տվյալները կարող են պահպանվել, սույն հոդվածի 1-ին մասում նշված կառավարության սահմանած կարգին համապատասխան:

5. Եթե հայտնաբերվում է խախտում, ապա տեսանյութերը բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում պահվում են մինչեւ խախտման դեպքի քննության (այդ թվում` բողոքարկման վարույթի) կամ ծառայողական քննության ավարտը, եթե օրենքով այլ ժամկետ նախատեսված չէ: Պացիենտների  իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությանն աջակցելու դեպքում տեսանյութերը պահվում են առնվազն մեկ ամիս, բայց ոչ ավելի, քան վեց ամիս:

6. Տեսալուսանկարահանող սարքերի օգտագործման արդյունքում  ստացված տվյալները տրամադրվում են օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: