Հոդված 1. «Փաստաբանության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-29-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 45-րդ հոդվածի 5-րդ մասում «դրույքաչափերը,» բառից հետո լրացնել «հանրային պաշտպանների արտաժամյա աշխատանքի համար վճարները,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 45-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1. մասով.
«7.1. Հանրային պաշտպանների արտաժամյա աշխատանքի դիմաց վճարման համար ծախսերի փոխհատուցման չափը հաշվարկվում է հանրային պաշտպանների պաշտոնային դրույքաչափերի վճարման համար նախատեսված ընդհանուր գումարի տասնհինգ տոկոսի չափով:»:
Հոդված 3. Օրենքի 45-րդ հոդվածի 8-րդ մասում «աշխատանքի վարձատրության» բառերը փոխարինել «պաշտոնային դրույքաչափերի վճարման» բառերով.
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Փաստաբանության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության ապահովման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են պետական բյուջեից, որոնք ներառում են հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի, տեղակալների եւ հանրային պաշտպանների պաշտոնային դրույքաչափերը, ինչպես նաեւ հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության ապահովման հետ կապված այլ ծախսեր: Հանրային պաշտպանի գրասենյակին հատկացվող ֆինանսական միջոցները չեն կարող ծախսվել այլ նպատակներով:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հանրային պաշտպանի եւ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է Երեւան քաղաքի դատախազության ավագ դատախազի համար օրենքով սահմանված պաշտոնային դրույքաչափին հավասար գումարի չափով:
Գործող օրենսդրությամբ հանրային պաշտպանների աշխատավարձը կազմված է բացառապես պաշտոնային դրույքաչափից՝ հիմնական աշխատավարձից. լրացուցիչ աշխատավարձի, այդ թվում՝ արտաժամյա աշխատանքի համար վճարման հնարավորությունը պարզապես բացակայում է:
Քրեական վարույթներին շրջանակներում անհետաձգելի դատավարական գործողություններին մեղադրյալի պաշտպանի մասնակցությունը նաեւ ոչ աշխատանքային օրերին եւ ժամերին ապահովելու համար հանրային պաշտպանի գրասենյակը հարկադրված է կազմակերպել մշտական հերթապահություն եւ հասանելիություն ապահովել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Հերթապահության շրջանակներում հանրային պաշտպանները ոչ աշխատանքային օրերին եւ ժամերին, այդ թվում՝ գիշերային ժամանակ, մասնակցում են քննչական եւ այլ դատավարական գործողությունների, սակայն դրա համար լրացուցիչ չեն վարձատրվում: Մասնավորապես, 2021 թվականի ընթացքում քրեական վարույթների շրջանակներում հանրային պաշտպանները, որպես հերթապահություն շուրջ 244 անգամ ոչ աշխատանքային օրերին եւ ժամերին, այդ թվում՝ գիշերային ժամանակ, մասնակցել են քննչական եւ այլ դատավարական գործողությունների, որից 190 դեպքում՝ Երեւանում, իսկ 54 դեպքում՝ մարզերում, իսկ արդեն 2022 թվականին հերթապահությունների քանակը կրկնակի ավելացել է հասնելով 421, որից 307 դեպքում՝ Երեւանում, 114 դեպքում մարզերում:
Նկարագրված իրավիճակը խնդրահարույց է ՀՀ աշխատանքային օրենսգրքի պարտադիր պահանջների համատեքստում: Այն հետեւանք է հանրային պաշտպանների վարձատրության համակարգում օրենսդրական կարգավորումների սահմանափակումների, եւ հղի է անձանց աշխատանքային իրավունքների խախտման վտանգով:
Հատկանշական է նաեւ այն հանգամանքը, որ քրեական դատավարության նոր օրենսդրության կարգավորումներն ուժի մեջ մտնելուց, այն է՝ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո արտաժամյա աշխատանքի ներգրավվելու դեպքերը գրեթե կրկնակի ավելացել են:
Անհրաժեշտ է հավելել, որ մեկ հաստիք զբաղեցնող հանրային պաշտպաններն իրավունք չունեն զբաղվելու մասնավոր փաստաբանական գործունեությամբ, ինչպես պետական ծառայողներն իրավունք չունեն զբաղվել այլ մասնավոր գործունեությամբ, ուստի հանրային պաշտպանությունը նրանց միակ եկամուտի աղբյուրն է գործնականում:
Հաշվի առնելով հանրային պաշտպանի գրասենյակին պետական բյուջեից միջոցներ հատկացնելու ներկայում գործող մեխանիզմը՝ վերը նկարագրված խնդիրները լուծելու, այսինքն՝ հանրային պաշտպանների աշխատանքային իրավունքներն ապահովելու համար նախագծով առաջարկվում է օրենսդրական կարգավորմամբ հանրային պաշտպանի գրասենյակին հանրային պաշտպանների պաշտոնային դրույքաչափերի հանրագումարի տասնհինգ տոկոսի չափով հատկացնել գումար՝ հանրային պաշտպանների արտաժամյա աշխատանքի վճարման ծախսերը փոխհատուցելու համար:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Հանրային պաշտպանների աշխատանքային իրավունքներն ապահովելու, ինչպես նաեւ պետական մարմինների աշխատակիցներին համարժեք սոցիալական երաշխիքներով նրանց ապահովելու համար նախագծով առաջարկվում է հանրային պաշտպանի գրասենյակին հիմնական աշխատավարձի ֆոնդի տասնհինգ տոկոսի չափով հատկացնել գումար՝ հանրային պաշտպանների արտաժամյա աշխատանքի դիմաց վճարման նպատակով:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության եւ Փաստաբանների պալատի կողմից համատեղ:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կնպաստի հանրային պաշտպանի աշխատանքի համար որակյալ կադրերի ներգրավմանը, պահպանմանը, ինչպես նաեւ Աշխատանքային օրենսգրքով նախատեսված դեպքերում, այն է՝ արտաժամյա եւ գիշերային աշխատանքի դիմաց լրացուցիչ աշխատավարձ ստանալու հանրային պաշտպանների իրավունքի իրացումը:
Որպես վերջնական արդյունք ակնկալվում է կանխել հանրային պաշտպանի գրասենյակի կողմից ցուցաբերվող անվճար իրավաբանական օգնության որակի հնարավոր անկումը եւ ապահովել տրամադրվող օգնության որակի աճ:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ:
Նախագիծը ուղղակիորեն չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում