Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-664-19.09.2023-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 324-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «սնանկության գործի» բառերը փոխարինել «սնանկության վարույթի» բառերով,

2) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ սնանկության վարույթի ավարտն ընկած ժամանակահատվածում, կանխավճարներ չեն հաշվարկվում, դադարում է պարտապանի՝ հարկերի, տուրքերի այլ վճարների գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար տույժերի եւ տուգանքների հաշվեգրումը: Ընդ որում, պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ սնանկության վարույթի ավարտն ընկած ժամանակահատվածում, մինչեւ վճռի ուժի մեջ մտնելը հաշվետու ժամանակաշրջաններին (ժամանակահատվածներին) վերաբերող ստուգումներով (կամ վերստուգումներով) կամ այլ եղանակով (այդ թվում՝ ճշտված հաշվարկներով) այդ ժամանակաշրջանների (ժամանակահատվածների) համար լրացուցիչ առաջացած հարկերի, տուրքերի այլ վճարների գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար տույժեր եւ տուգանքներ հաշվարկվում են մինչեւ վճռի օրինական ուժի մեջ մտնելու օրը:»,

3) լրացնել նոր 2.1-ին, 2.2-րդ, 2.3-րդ մասեր՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2.1. Սնանկության վտանգի դիմումը բավարարելու եւ ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ սնանկության վարույթի ավարտն ընկած ժամանակահատվածում կասեցվում է պարտապանի՝ մինչեւ վճռի կայացման օրվա դրությամբ առկա հարկերի, տուրքերի այլ վճարների գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար տույժերի եւ տուգանքների հաշվեգրումը:

2.2 Սնանկության վտանգի դիմումը բավարարելու եւ ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռը կայացնելուց հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար տույժեր եւ տուգանքներ հաշվարկվում են Օրենսգրքով սահմանված կարգով: Ընդ որում, սնանկության վտանգի դիմումը բավարարելու եւ ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ սնանկության վարույթի ավարտն ընկած ժամանակահատվածում, մինչեւ վճռի ուժի մեջ մտնելը հաշվետու ժամանակաշրջաններին (ժամանակահատվածներին) վերաբերող ստուգումներով (կամ վերստուգումներով) կամ այլ եղանակով այդ ժամանակաշրջանների (ժամանակահատվածների) համար լրացուցիչ հայտնաբերված հարկերի, տուրքերի այլ վճարների գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար տույժեր եւ տուգանքներ հաշվարկվում են մինչեւ վճռի օրինական ուժի մեջ մտնելու օրը, իսկ վճռի ուժի մեջ մտնելու օրվանից հետո հաշվարկման ենթակա տույժերի եւ տուգանքների հաշվեգրումը կասեցվում է:

2.3 Սնանկության վտանգի դիմումը բավարարելու եւ ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հաշվետու ժամանակաշրջաններին (ժամանակահատվածներին) վերաբերող ստուգումներով (կամ վերստուգումներով) տույժերը եւ տուգանքները հաշվարկվում են Օրենսգրքով սահմանված կարգով: Ընդ որում, եթե սնանկության վարույթն ավարտվում է պարտապանի առողջացմամբ, ապա սույն կետով սահմանված կարգով կասեցված տույժերը, տուգանքները համարվում են դադարած, իսկ եթե սնանկության վարույթն ավարտվում է առողջացման ծրագրի չկատարման հետեւանքով, ապա կասեցված տույժերը հաշվեգրվում են պարտապանի անձնական հաշվի քարտում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Կարգավորման ենթակա խնդիրը.

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ ««Սնանկության մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագիծ 1 եւ Նախագիծ 2) մշակվել են Օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասը Օրենքի դրույթներին համապատասխանեցնելու, ինչպես նաեւ Օրենքում առկա տարընկալումների առիթ տվող որոշ կարգավորումներ հստակեցնելու եւ հարկային մարմնի բնականոն գործունեությանը նպաստող դրույթներ նախատեսելու նպատակով:

2. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագիծ 1-ի 1-ին հոդվածով նախատեսված փոփոխության անհրաժեշտությունը կայանում է Օրենսգրքի կարգավորումները Օրենքի 15.5-րդ հոդվածի եւ 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայնեցնելու մեջ:

Նախագիծ 2-ի 1-ին եւ 2-րդ հոդվածների կապակցությամբ հարկ է նշել, որ եթե ֆիզիկական անձանց նկատման կայացված գանձման որոշումը վարչական դատարանի վճռով ընթացակարգային հիմքով ճանաչվում է անվավեր, սակայն առկա է պարտավորություն, որի կատարման այլ եղանակ առկա չէ, միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներով արտահայտել է դիրքորոշում այն մասին, որ սնանկության դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է անբողոքարկելի վարչական ակտ, եւ ՀՀ ՊԵԿ-ը իրավասու է կատարելու իր լիազորություններից բխող բոլոր իրավաչափ ներգործության այլ միջոցները հարկային պարտավորության գծով չվճարված գումարները գանձելու համար, բայց ոչ՝ հարկային պարտավորության գծով ժամանակին չվճարված գումարը գանձելու մասին նոր վարչական ակտ ընդունելով: Ուստի առաջացել է ֆիզիկակակն անձանց մասով ունենալ հարկադիր սնանկության դիմում ներկայացնելու հնարավորություն ունենալու անհրաժեշտություն:

Նախագիծ 2-ի 3-րդ հոդվածով նախատեսված փոփոխության անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ ապացույցների մի մասը, մասնավորապես՝ ՀՀ ՊԵԿ-ի կողմից ստացվում է էլեկտրոնային եղանակով, իսկ էլեկտրոնային եղանակով ստացված փաստաթղթերի, տեղեկությունների՝ դատարան ներկայացնելու կարգ Օրենքով սահմանված չէ, չնայած, որ այն սահմանված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, սակայն ՀՀ սնանկության դատարանում բազմաթիվ են դեպքերը, երբ ՀՀ ՊԵԿ-ի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ներկայացվում են թղթի վրա տպված վիճակում, սակայն դատարանները դրանք ետ են վերադարձնում Օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված բնօրինակ չներկայացնելու հիմքով:

Գործող օրենսդրության համաձայն պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից պարտապանի մոտ ստուգում կամ ուսումնասիրություն կարող է իրականացվել միայն դատարանի որոշմամբ:

Նկատի ունենալով, որ սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ ստացվում է, որ ցանկացած սկսված ստուգում պետք է վճռի հրապարակման պահից դադարեցվի եւ միջնորդություն ներկայացվի դատարան այն շարունակելու համար: Սակայն օբյեկտիվ իրականության մեջ վճիռը հրապարակման պահից հասանելի չէ ստուգում իրականացնող պաշտոնատար անձին, ինչի արդյունքում ստացվում է մի իրավիճակ, երբ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց մեկ կամ մի քանի օր հետո, ստուգման ակտով առաջադրվելու են հարկային պարտավորություններ, սակայն, նկատի ունենալով, որ ակտը կազմվել է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ այն կհամարվի օրենքի խախտմամբ ընդունված վարչական ակտ, իսկ պարտավորություները կմնան անկատար:

Միաժամանակ, հայտնում ենք, հարկային մարմնի կողմից ստուգում կամ ուսումնասիրություն ներկայացնելու թույլտվություն ստանալու նպատակով դատարան ներկայացված միջնորդությունները բավարարվում են, հետեւաբար, նշված փոփոխության ընդունման արդյունքում նախ դատարանները միջնորդությունները քննելու եւ որոշում կայացնելու գործողություններից կազատվեն, իսկ հարկային մարմինն էլ իր հերթին ժամանակ կխնայի եւ վարչական ակտերն ավելի սեղմ ժամկետներում կկազմի:

Գործող օրենսդրությամբ լուծարման գործընթացը սկսվելուց հետո ստուգման կամ ուսումնասիրության շարունակելն օրենքով արգելվում է, ինչի արդյունքում հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների ու ուսումնասիրությունների ընթացքը մնում է անկատար: Արդյունքում, հարկային մարմնի կողմից բողոքարկվում են պարտապանի լուծարման վարույթ սկսելու մասին որոշումները, ինչն ըստ էության ժամանակատար է, որի հետեւանքով պարտատերերի համար օրենքով սահմանված պահանջի բավարարման ռիսկեր են առաջանում ( պարտապանին պատկանող գույքի փչացում, գույքի ոչ պիտանի դառնալը), միաժամանակ, առկա են նաեւ պետական բյուջե հավաքագրվող գումարների նվազեցման ռիսկեր: Միաժամանակ հարկ է նշել, որ կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների եւ ուսումնասիրությունների շրջանակը ընդլայնվել է, որից բխող փոփոխություններ «Սնանկության մասին» ՀՀ օրենքում չի կատարվել:

Այս կապակցությամբ Նախագիծ 2-ի 4-րդ հոդվածով ընդլայնվել է պարտապանի լուծարման գործընթացը սկսվելուց հետո ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնելու շրջանակը: Նախագծով նախատեսվել է ստուգումը շարունակել նաեւ հարկային մարմնի կողմից իրականացվող այն ստուգումների դեպքում, որոնք սկսվել են մինչեւ պարտապանի նկատմամբ լուծարման վարույթ սկսելու մասին որոշում կայացնելը: Լուծարման վարույթում գտնվող պարտապանի մոտ անհրաժեշտություն է առաջանում իրականացնել հսկիչ գնումներ, չափագրումներ, Օրենսգրքով նախատեսված ուսումնասիրություններ:

Նախագիծ 2-ի 5-րդ հոդվածով նախատեսված փոփոխության անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ՍնԴ/0104/04/19 սնանկության գործով կայացվել է նախադեպային որոշում, համաձայն որի՝ Օրենքում հաշվարկվող օրերի վերաբերյալ նշել է, որ եթե գործողությունների կատարման համար Օրենքով սահմանված է որեւէ ժամկետ՝ առանց «աշխատանքային օր» գրառման, ապա այն պետք է հասկանալ եւ հաշվարկել ոչ աշխատանքային օրերը ներառելով, իսկ այն դեպքում, երբ ժամկետի հաշվարկի վերաբերյալ կարգավորումն ուղղակիորեն պարունակում է «աշխատանքային օր» գրառումը, ապա ժամկետի հաշվարկի մեջ չպետք է ներառել ոչ աշխատանքային օրերը:

Նախագիծ 2-ի 6-րդ հոդվածով նախատեսված փոփոխության անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ պարտապանը ճանաչվում է սնանկ, նրա գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների վրա կիրառվում են սահմանափակումներ եւ մինչեւ ֆինանսական առողջացման ծրագրի հաստատումը պարտապանը զրկվում է սնանկության վարույթի ընթացքում առաջացող հարկային պարտավորությունները վճարելու հնարավորությունից, որի արդյունքում պետական բյուջեն կրում է վնասներ, իսկ պարտապանի պարտավորությունները զգալիորեն ավելանում են, հետագայում դժվարացնելով նաեւ առողջացման ծրագրի ներկայացումը եւ հաստատումը:

Նախագիծ 2-ի 7-րդ հոդվածով նախատեսված փոփոխության անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապահովված են համարվում ապահովված իրավունքով ծանրաբեռնված պահանջները: Ապահովված պարտատերեր են համարվում ապահովված իրավունք ունեցող անձինք՝ այդ պահանջների մասով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապահովված իրավունքը օրենքի կամ պայմանագրի ուժով, ի ապահովումն պարտավորության կատարման, գույքի կամ գույքային իրավունքի կամ պարտավորական իրավունքի նկատմամբ պարտատիրոջ իրավունքն է:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ապահովված իրավունքի առարկան կարող է լինել ցանկացած գույք, այդ թվում՝ գույքային իրավունք:

Օրենսգրքի 429-րդ հոդվածի համաձայն՝ գույքի արգելանքը հարկային պարտավորության կատարումն ապահովելու նպատակով հարկ վճարողի գույքային իրավունքների սահմանափակմանն ուղղված՝ հարկային մարմնի կողմից իրականացվող գործողություն է:

Վերը նշված իրավանորմերի համակարգային մեկնաբանությունը թույլ է տալիս փաստելու, որ որպես հարկային պարտավորությունների կատարումն ապահովող միջոց՝ արգելանքը եւս հարկային մարմնի պահանջը ծանրաբեռնում է ապահովված իրավունքով:

Նկատի ունենալով, որ Օրենքի 43-րդ հոդվածում ապահովված իրավունքով ծանրաբեռնված պահանջը համարվում է ապահովված պահանջ, իսկ Օրենքի 44-րդ հոդվածում օրենսդիրը ապահովված իրավունքին չի անդրադառնում, անհրաժեշտ է կատարել 6-րդ հոդվածով նախատեսված փոփոխությունը:

Նախագիծ 2-ի 8-րդ հոդվածով նախատեսված փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է դատական պրակտիկայում առկա տարընկալումներով: Որոշ դատավորներ պահանջները գրանցում են Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի է) հերթում՝ պատճառաբանելով, որ տվյալ դեպքում առկա չէ աշխատանքային պայմանագրերից բխող պահանջների բավարարումը: Ստացվում է մի իրավիճակ, երբ ՀՀ ՊԵԿ-ի գ) hերթում պահանջ ներկայացնելու իրավունքը պայմանավորվում է աշխատանքային պայմանագրերից բխող պահանջների ներկայացումից կամ բավարարումից, սակայն նշված հերթում առաջացող հարկային պարտավորություններն առաջանում են հաշվեգրման մեթոդով՝ անկախ այդ հերթի աշխատավարձերի վճարման օրվա հանգամանքից:

Դրոշմանիշային վճարների մասով՝ որոշ դատավորներ բավարարում են դրոշմանիշային վճարի գումարի գ) հերթում գրանցելու պարտատիրոջ պահանջը, որոշ դատավորներ մերժում են՝ պատճառաբանելով, որ օրենքը տառացի մեկնաբանությամբ գ) հերթը չի ներառում դրոշմանիշային վճարի մասին դրույթ:

Նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փոփոխության անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ եթե ՀՀ սնանկության դատարանում քննվում է նույն պարտապանի վերաբերյալ մեկից ավելի սնանկության գործ, պարտապանին սնանկ ճանաչելու մասին մյուս սնանկության գործերը կարճվում են, ուստի առավել նպատակահարմար է մյուս սնանկության գործերով դատական ծախսերը եւս պետք է գրանցել Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի դ) հերթում:

3. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի եւ բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել են «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ «Սնանկության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագծերը մշակվել են ՀՀ ՊԵԿ կողմից:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը անմիջականորեն չի բխում ընդունած ռազմավարություններից:

6. Նպատակը եւ ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունմամբ Օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասը կհամապատասխանեցվի Օրենքի դրույթներին, հարկային մարմնին կստանա ֆիզիկական անձանց մասով հարկադիր սնանկության դիմում ներկայացնելու հնարավորություն, իսկ սնանկ ճանաչված պարտապանը՝ սնանկության վարույթի ընթացքում առաջացող հարկային պարտավորությունները կատարելու հնարավորություն, կկանոնակարգվեն մինչեւ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը հրապարակվելը սկսված (կամ դրանց վերաբերյալ հանձնարարագիր հրապարակված) ստուգումների եւ ուսումնասիրությունների իրականացմանը, եկամտային հարկի, սոցիալական վճարների եւ դրոշմանիշային վճարի գումարների բավարարման հերթականությանը, այլ սնանկության վարույթով առաջացած պետական տուրքի գումարի վճարմանը, Օրենքով նախատեսված դատական ակտերի բողոքարկման ժամկետների հաշվարկին, էլեկտրոնային ապացույցների ներկայացմանը վերաբերող հարցերը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Սնանկության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն