Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 324-րդ հոդվածում՝
1) 1-ին մասում «սնանկության գործի» բառերը փոխարինել «սնանկության վարույթի» բառերով,
2) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2. Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ սնանկության վարույթի ավարտն ընկած ժամանակահատվածում, կանխավճարներ չեն հաշվարկվում, դադարում է պարտապանի՝ հարկերի, տուրքերի այլ վճարների գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար տույժերի եւ տուգանքների հաշվեգրումը: Ընդ որում, պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ սնանկության վարույթի ավարտն ընկած ժամանակահատվածում, մինչեւ վճռի ուժի մեջ մտնելը հաշվետու ժամանակաշրջաններին (ժամանակահատվածներին) վերաբերող ստուգումներով (կամ վերստուգումներով) կամ այլ եղանակով (այդ թվում՝ ճշտված հաշվարկներով) այդ ժամանակաշրջանների (ժամանակահատվածների) համար լրացուցիչ առաջացած հարկերի, տուրքերի այլ վճարների գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար տույժեր եւ տուգանքներ հաշվարկվում են մինչեւ վճռի օրինական ուժի մեջ մտնելու օրը:»,
3) լրացնել նոր 2.1-ին, 2.2-րդ, 2.3-րդ մասեր՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2.1. Սնանկության վտանգի դիմումը բավարարելու եւ ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ սնանկության վարույթի ավարտն ընկած ժամանակահատվածում կասեցվում է պարտապանի՝ մինչեւ վճռի կայացման օրվա դրությամբ առկա հարկերի, տուրքերի այլ վճարների գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար տույժերի եւ տուգանքների հաշվեգրումը:
2.2 Սնանկության վտանգի դիմումը բավարարելու եւ ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռը կայացնելուց հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար տույժեր եւ տուգանքներ հաշվարկվում են Օրենսգրքով սահմանված կարգով: Ընդ որում, սնանկության վտանգի դիմումը բավարարելու եւ ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից մինչեւ սնանկության վարույթի ավարտն ընկած ժամանակահատվածում, մինչեւ վճռի ուժի մեջ մտնելը հաշվետու ժամանակաշրջաններին (ժամանակահատվածներին) վերաբերող ստուգումներով (կամ վերստուգումներով) կամ այլ եղանակով այդ ժամանակաշրջանների (ժամանակահատվածների) համար լրացուցիչ հայտնաբերված հարկերի, տուրքերի այլ վճարների գծով պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար տույժեր եւ տուգանքներ հաշվարկվում են մինչեւ վճռի օրինական ուժի մեջ մտնելու օրը, իսկ վճռի ուժի մեջ մտնելու օրվանից հետո հաշվարկման ենթակա տույժերի եւ տուգանքների հաշվեգրումը կասեցվում է:
2.3 Սնանկության վտանգի դիմումը բավարարելու եւ ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հաշվետու ժամանակաշրջաններին (ժամանակահատվածներին) վերաբերող ստուգումներով (կամ վերստուգումներով) տույժերը եւ տուգանքները հաշվարկվում են Օրենսգրքով սահմանված կարգով: Ընդ որում, եթե սնանկության վարույթն ավարտվում է պարտապանի առողջացմամբ, ապա սույն կետով սահմանված կարգով կասեցված տույժերը, տուգանքները համարվում են դադարած, իսկ եթե սնանկության վարույթն ավարտվում է առողջացման ծրագրի չկատարման հետեւանքով, ապա կասեցված տույժերը հաշվեգրվում են պարտապանի անձնական հաշվի քարտում:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: