Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-6641-19.09.2023-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի
ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում լրացնել նոր՝ «ե» ենթակետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«ե) պահանջը բխում է օրենքի ուժով ֆիզիկական անձի համար առաջացած հարկեր, այլ վճարներ վճարելու պարտավորությունից, ընդ որում նշված պարտավորությունը բռնագանձելու համար օրինական ուժի մեջ մտած վճիռ կամ դատավճիռ կամ անբողոքարկելի դարձած վարչական ակտ չի պահանջվում,»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում «, բացառությամբ» բառից հետո լրացնել «սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված դեպքի, ինչպես նաեւ» բառերը:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասում «պատճենի ձեւով» բառերից հետո լրացնել «, իսկ էլեկտրոնային եղանակով կամ կապի այլ միջոցով ստացված նյութերը ներկայացվում է թղթի վրա տպված վիճակում: Դատարանը կարող է սահմանել էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով ստացված նյութերը ներկայացնելու այլ կարգ» բառերը:

Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում կատարել հետեւյալ լրացումը եւ փոփոխությունը.

1) 1-ին նախադասությունը «բացառությամբ» բառից հետո լրացնել «այն ստուգումների եւ ուսումնասիրությունների, որոնք սկսվել են կամ որոնց վերաբերյալ հանձնարարագրերը հրապարակվել են մինչեւ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվելը, ինչպես նաեւ» բառերով,

2) երրորդ պարբերության «միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների հիմնավորվածության եւ հանդիպակաց ուսումնասիրությունների» բառերը փոխարինել «հարկային մարմնի կողմից իրականացվող այն ստուգումների, որոնք սկսվել են մինչեւ պարտապանի նկատմամբ լուծարման վարույթ սկսելու մասին որոշում կայացնելը կամ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ արտագնա ուսումնասիրությունների» բառերով:

Հոդված 5. Օրենքում՝ 20.1-ին հոդվածից հետո, լրացնել նոր՝ 20.2-րդ հոդված՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 20.2. Բողոքարկման ենթակա ակտերի բողոքարկման ժամկետները

1.Սույն օրենքով նախատեսված օրերով հաշվարկվող դատական ակտերի բողոքարկման ժամկետներում չեն ներառվում օրենսդրությամբ նախատեսված ոչ աշխատանքային օրերը:»:

Հոդված 6. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «նախատեսված դեպքերի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ սնանկության վարույթում բնականոն գործունեության արդյունքում առաջացող հարկային եւ այլ վճարների գծով պարտավորությունների» բառերը:

Հոդված 7. Օրենքի 44-րդ հոդվածում «երաշխիքով (երաշխավորությամբ) չապահովված» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ ապահովված իրավունքով չծանրաբեռնված» բառերը:

Հոդված 8. Օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասում կատարել հետեւյալ փոփոխությունը եւ լրացումը.

1) «գ» կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«գ) աշխատանքային պայմանագրերից բխող պահանջները (ներառյալ՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչեւ լուծարումն առաջացած), բայց ոչ ավելի, քան պարտապանին սնանկ ճանաչելու պահին նախորդող 6 ամիսը, հեղինակային պայմանագրերով վարձատրությունների վճարումները եւ նույն ժամանակահատվածում առաջացած եկամտային հարկի, սոցիալական վճարի եւ դրոշմանիշային վճարի գումարները.»,

2) «դ» կետում «դատական ծախսերը» բառերից հետո լրացնել «, նաեւ այլ սնանկության վարույթով առաջացած պետական տուրքի գումարը» բառերը:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: