Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1703 -րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենսգրքի 2191 -ին հոդվածից հանել «, ինչպես նաեւ 170.3 հոդվածով նախատեսված տեղական հարկերը եւ տեղական վճարները (բացառությամբ տեղական տուրքի) սահմանված ժամկետներում չվճարելու վերաբերյալ գործերը» բառերը:
Հոդված 3. Օրենսգրքի 234-րդ հոդվածից հանել «170.3 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ մաքսային իրավահարաբերությունների մասով,» բառերը:
Հոդված 4. Օրենսգրքի 2442 -րդ հոդվածից հանել «, ինչպես նաեւ 170.3 հոդվածով նախատեսված պետական հարկերը եւ պետական վճարները, պետական բյուջե վճարվող օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները սահմանված ժամկետներում չվճարելու վերաբերյալ գործերը» բառերը:
Հոդված 5. Օրենսգրքի 302-րդ հոդվածում «Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կատարման ենթակա չէ, եթե այն ի կատար չի ածվել կայացման օրվանից երեք ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կատարման ենթակա չէ, եթե այն ի կատար չի ածվել անբողոքարկելի դառնալուց հետո երեք ամսվա ընթացքում» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Կարգավորման ենթակա խնդիրը.
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) նպատակն է բարձրացնել հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության արդյունավետությունը՝ նվազեցնելով դրա վրա ծախսվող ռեսուրսները:
2. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 9-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, պետության անվտանգության ապահովման, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:
Օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն վարչական տույժը համարվում է պատասխանատվության միջոց եւ կիրառվում է, նպատակ ունենալով վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակել խորհրդային օրենքները պահպանելու, սոցիալիստական համակեցության կանոնները հարգելու ոգով, ինչպես նաեւ կանխել ինչպես իր իսկ՝ իրավախախտողի, այնպես էլ ուրիշ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը:
Օրենսգրքի 2442 հոդվածով սահմանված են հարկային մարմինների քննությանը ենթակա վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը, որոնց թվում նախատեսված են նաեւ Օրենսգրքի 170.3 հոդվածով նախատեսված պետական հարկերը եւ պետական վճարները, պետական բյուջե վճարվող օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները սահմանված ժամկետներում չվճարելու վերաբերյալ գործերը:
Օրենսգրքի 170.3-րդ հոդվածի համաձայն պետական եւ տեղական հարկերը, պետական եւ տեղական վճարները (բացառությամբ տեղական տուրքի), պետական բյուջե վճարվող օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները սահմանված ժամկետներում չվճարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով:
Նախագծով նախատեսվում է Օրենսգրքի 170.3-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել՝ հաշվի առնելով վերջինիս կիրառման անարդյունավետությունը:
Մասնավորապես՝ նշված հոդվածով հարկային մարմնի կողմից հարուցվում են վարչական վարույթներ եւ նշանակվում վարչական տուգանք (20.07.2022-20.07.2023թթ. ընթացքում իրականացվել է թվով 24969 վարչական վարույթ եւ նշանակվել 842.423.360 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք), սակայն հարկ վճարողների նկատմամբ պետական հարկերը, պետական վճարները, պետական բյուջե վճարվող օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները սահմանված ժամկետներում չվճարելու դեպքում վարչական պատասխանատվության կիրառմամբ հիմնականում չի ապահովվում համապատասխան պարտավորությունների կատարումը, քանի որ հարկային մարմնի կողմից իրականացվող վարչական վարույթի ընթացքում անցկացվող վարույթի մասնակիցների լսումների արդյունքում պարզվում է, որ պետական հարկերը, պետական վճարները, պետական բյուջե վճարվող օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները չվճարելը պայմանավորված է գումար չունենալու հանգամանքով: Այսինքն՝ ստացվում է, որ նշված արարքի համար վարչական պատասխանատվություն կիրառելը չի նպաստում հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունների կատարմանը եւ պետական բյուջեի եկամուտների վերականգնմանը:
Միաժամանակ, ՀՀ հարկային օրենսգրքով եւ վճարների վերաբերյալ ՀՀ օրենքներով պատասխանատվություն է նախատեսված պետական հարկերի եւ վճարների վճարումը նշված իրավական ակտերով սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում, մասնավորապես՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար նախատեսված է տույժի վճարում:
Բացի այդ, հարկերի չվճարման դեպքերի կանխարգելման եւ հարկ վճարողների կողմից հարկային պարտավորությունները սահմանված ժամկետներում չկատարելու դեպքում դրանց կատարումն ապահովելու նպատակով հարկային մարմինն ունի ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված համապատասխան վարչական գործիքակազմ, այն է՝ չվճարված հարկային պարտավորությունների գանձման, ինչպես նաեւ հարկ վճարողի գույքի արգելանքի վարչական վարույթների իրականացումը, որով էլ ապահովվում է հարկ վճարողների կողմից համապատասխան պարտավորությունների կատարումը եւ պետական բյուջեի եկամուտների վերականգնումը:
Վերոգրյալից ստացվում է, որ պետական հարկերի եւ վճարների վճարումը ՀՀ հարկային օրենսգրքով եւ վճարների վերաբերյալ ՀՀ օրենքներով սահմանված ժամկետներում չկատարելու դեպքում համապատասխան իրավական ակտերով արդեն իսկ սահմանված է պատասխանատվություն, մասնավորապես՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար նախատեսված է տույժի վճարում եւ չվճարված հարկային պարտավորությունների գանձման, ինչպես նաեւ հարկ վճարողի գույքի արգելանքի վարչական վարույթների իրականացումը, այսինքն՝ նշված պատասխանատվության միջոցներով արդեն իսկ կանխվում է հակաիրավական արարքը ինչպես իրավախախտողի, այնպես էլ այլ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը, իսկ պետական հարկերը, պետական վճարները, պետական բյուջե վճարվող օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները չվճարելու դեպքում Օրենսգրքով վարչական վարույթի հարուցումը հարկային մարմնի կողմից իրականացվող կրկնակի վարչարարություն է, որը արդյունավետ չէ՝ հիմք ընդունելով 170.3-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության կիրառման պրակտիկան:
Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ վարչական վարույթի ընթացքում վարչական մարմինը պարտավոր է վարույթի մասնակիցներին հրավիրել վարչական մարմին, անցկացնել լսումներ, ինչը «Doing Business»-ի առումով արդյունավետ միջոց չէ եւ հանդիսանում է հարկ վճարողների բնականոն գործունեությանը խոչընդոտող հանգամանք:
Ելնելով վերոգրյալից եւ հաշվի առնելով հարկային պարտավորությունների կատարումն ապահովելու առումով Օրենսգրքի 170.3-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության կիրառման անարդյունավետությունը՝ անհրաժեշտությունը է առաջացել Օրենսգրքի 2442 հոդվածից հանել հարկային մարմնի կողմից Օրենսգրքի 170.3-րդ հոդվածով նախատեսված պետական հարկերը եւ պետական վճարները, պետական բյուջե վճարվող օրենքով սահմանված այլ պարտադիր վճարները սահմանված ժամկետներում չվճարելու վերաբերյալ գործերը քննելու վերաբերյալ դրույթը:
Միաժամանակ, Օրենսգրքի 302-րդ հոդվածի համաձայն՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կատարման ենթակա չէ, եթե այն ի կատար չի ածվել կայացման օրվանից երեք ամսվա ընթացքում, բացառությամբ 123, 1231 , 1232 , 1233 , 1234 , 1235 , 123.6, 123.7, 124, 1241, 1242 , 1243 , 1244 , 1245 , 1246 , 125, 126, 128, 129, 1292 , 129.3, 131, 132, 133, 140, 158 հոդվածի երկրորդ, երրորդ եւ քսանմեկերորդ մասերի, 182, 188, 189.13, 189.14, 189.15-րդ, 189.16-րդ, 189.19-189.24-րդ հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների կապակցությամբ կայացված վարչական տույժ նշանակելու մասին որոշումների, որոնց դեպքում վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կատարման ենթակա չէ, եթե այն ի կատար չի ածվել կայացման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում:
«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են վարչական բողոք ներկայացնելու ժամկետները: Մասնավորապես, նույն մասի «ա» կետի համաձայն վարչական բողոքը կարող է բերվել վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում, իսկ 2-րդ մասի համաձայն նույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետները բաց թողնելուց հետո ակտը դառնում է անբողոքարկելի:
Նույն օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն դրամական պահանջները ներկայացվում են հարկադիր կատարման նույն օրենքին համապատասխան՝ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց, իսկ վարչական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու դեպքում՝ հետաձգելու կամ տարաժամկետելու ժամկետի ավարտից հետո՝ եռամսյա ժամկետում:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն հարկադիր կատարման ենթակա են անբողոքարկելի վարչական ակտերը՝ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:
Ելնելով վերոգրյալից եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարկադիր կատարման կարող են ներկայացվել միայն անբողոքարկելի վարչական ակտերը եւ նշված վարչական ակտերի հարկադիր կատարման ներկայացնելու ժամկետի հաշվարկը պայմանավորված է անբողոքարկելի դառնալու հանգամանքով, միաժամանակ, «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով վարչական ակտերն անբողոքարկելի են դառնում ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամիս հետո, իսկ իրավակիրառ պրակտիկայում հաճախ հնարավոր չի լինում վարչական տույժ նշանակելու մասին որոշումները հարկադիր կատարման ներկայացնել դրանց կայացման օրվանից երեք ամսվա ընթացքում՝ հաշվի առնելով այդ ակտերի ուժի մեջ մտնելու եւ անբողոքարկելի դառնալու ընթացակարգերը եւ ժամկետները, ուստի իրավական որոշակիությունն ապահովելու նպատակով նախատեսվել է Օրենսգրքի 302-րդ հոդվածի 1-ին նախադասությունում «Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կատարման ենթակա չէ, եթե այն ի կատար չի ածվել կայացման օրվանից երեք ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «Վարչական տույժ նշանակելու մասին որոշումը կատարման ենթակա չէ, եթե այն ի կատար չի ածվել անբողոքարկելի դառնալուց հետո երեք ամսվա ընթացքում» բառերով:
Միաժամանակ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի մարտի 3-ի ՀՕ-87-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածով Օրենսգիրքը լրացվել է 246.1-ին հոդվածով, որի 1-ին մասի համաձայն՝ Օրենսգրքով սահմանված հարկային մարմնի քննությանը ենթակա 169.1-ին հոդվածի 2-րդ մասի, 169.18-րդ, 169.26-րդ, 169.27-րդ եւ 170.3-րդ հոդվածների համաձայն՝ հարկ վճարողների պաշտոնատար անձանց կատարած իրավախախտումների գործերով վարույթները հարուցվում եւ վարվում են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգի միջոցով (այսուհետ՝ Էլեկտրոնային համակարգ):
Օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ Օրենքն ուժի մեջ է մտնում Օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված էլեկտրոնային համակարգի ներդրման պահից:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներդրվում է Էլեկտրոնային համակարգ, որի միջոցով, համաձայն Օրենքի, հարուցվելու եւ վարվելու են հարկային մարմնի քննությանը ենթակա կոնկրետ հոդվածներներով, մասնավորապես՝ Օրենսգրքի 169.1-ին հոդվածի 2-րդ մասի, 169.18-րդ, 169.26-րդ, 169.27-րդ եւ 170.3-րդ հոդվածներով նախատեսված՝ հարկ վճարողների պաշտոնատար անձանց կատարած իրավախախտումների գործերով վարույթները, ուստի նախագծով առաջարկվել է Օրենքով սահմանված էլեկտրոնային եղանակով վարույթների իրականացման դրույթները տարածել հարկային մարմնի քննությանը ենթակա բոլոր գործերի նկատմամբ:
Վերոնշյալ փոփոխության իրականացմամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել խմբագրել նաեւ Օրենքի ուժի մեջ մտնելու վերաբերյալ դրույթը՝ սահմանելով, որ Օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի դեկտեմբերի 1-ից եւ մինչեւ էլեկտրոնային համակարգի ներդրումը, ինչպես նաեւ էլեկտրոնային համակարգի տեխնիկական շահագործման անհնարինության դեպքերում նույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված վարույթներն իրականացվում են թղթային եղանակով, ինչի արդյունքում կկարգավորվի, ի թիվս այլ հարցերի, Օրենքով սահմանված հարկ վճարողի պաշտոնատար անձանց անձնական գրասենյակի միջոցով վարչական իրավախախտման վարույթների շրջանակում ծանուցելու հետ կապված հարաբերությունները:
3. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի եւ բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել են Նախագծերը:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագծերը մշակվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
Նախագծերի ընդունումը անմիջականորեն չի բխում ընդունած ռազմավարություններից:
6. Նպատակը եւ ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունմամբ վարչական պատասխանատվություն չի կիրառվի հարկերը, տուրքերը եւ պարտադիր վճարները սահմանված ժամկետում չվճարելու համար, ինչպես նաեւ կկարգավորվի ընդհանուր վարութային հարցեր, Օրենքով սահմանված էլեկտրոնային եղանակով վարույթների իրականացման դրույթները կտարածվեն հարկային մարմնի քննությանը ենթակա բոլոր գործերի նկատմամբ, իսկ Օրենքի ուժի մեջ մտնելու դրույթի խմբագրման արդյունքում մինչեւ Էլեկտրոնային համակարգի ներդրումը, ինչպես նաեւ էլեկտրոնային համակարգի տեխնիկական շահագործման անհնարինության դեպքերում՝ վարչական վարույթներն կիրականացվեն թղթային եղանակով, ինչի արդյունքում կկարգավորվի, ի թիվս այլ հարցերի, Օրենքով սահմանված հարկ վճարողի պաշտոնատար անձանց վարչական իրավախախտման վարույթների շրջանակում անձնական գրասենյակի միջոցով ծանուցելու հետ կապված հարաբերությունները :
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում