Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-658-01.09.2023,29.09.2023-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 17-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՀՌՈՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԻՐԱՎԱԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԱԴԱՐՁՈՐԵՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը :

Հոդված 2. Ընդունել «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 6-րդ, 7-րդ եւ 8-րդ հոդվածներով նախատեսված՝ ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված եւ պատերազմական հանցագործությունների նկատմամբ 2021 թվականի մայիսի 10-ի ժամը 00:00-ից ի վեր հետադարձորեն ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության հայտարարությունը՝ համաձայն հավելվածի :

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը վավերացնելու  եւ իրավազորությունը ճանաչելու վերաբերյալ

Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը (այսուհետեւ՝ Կանոնադրություն) ընդունվել է 1998 թ. հուլիսի 17-ին Հռոմում: Հայաստանի Հանրապետությունը Կանոնադրությունն ստորագրել է 1999 թվականի հոկտեմբերի 1-ին:

Կանոնադրությունն ուժի մեջ է մտել 2002թ. հուլիսի 1-ից: ՀՀ Սահմանադրական դատարանը 2004 թվականի օգոստոսի 13-ի ՍԴՈ-502 որոշմամբ Կանոնադրությամբ ստանձնվող որոշ պարտավորություններ ճանաչել էր 1995 թվականի Սահմանադրությանը հակասող:

Կանոնադրության նպատակն է դրանում նշված առավել ծանր հանցագործություններ կատարած անձանց անպատժելիությունը բացառելու եւ դրանով իսկ այդպիսի հանցագործությունների կանխմանը նպաստելու համար ներպետական քրեական իրավազորության մարմիններին լրացնող Միջազգային քրեական դատարանի (այսուհետեւ՝ Դատարան) հիմնադրումը:

Կանոնադրության վավերացման եւ իրավազորության ճանաչման անհրաժեշտությունը եւ հրատապությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով.

2021թ. մայիսից սկսած Ադրբեջանի զինված ուժերը ռազմական ագրեսիա իրականացնելով ՀՀ-ի դեմ ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք եւ շարունակում են մնալ ՀՀ ինքնիշխան տարածքի տարբեր հատվածներում: Այնուհետեւ, 2022թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի տարբեր հատվածների ուղղությամբ իրականացվեց նոր լայնածավալ ռազմական ագրեսիա, որը հանգեցրեց հարյուրավոր զոհերի զինված ուժերի եւ քաղաքացիական բնակչության շրջանում, եւ որի ընթացքում կատարվեցին ծանրագույն պատերազմական հանցագործություններ:

Ավելին՝ դատելով Ադրբեջանի կողմից դրսեւորած պահվածքից եւ կատարած ռազմատենչ հայտարարություններից, Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ նոր ռազմական ագրեսիայի իրականացման ռիսկը շարունակում է մնալ բարձր:

Այս պայմաններում, ՀՀ-ի կողմից ՄՔԴ կանոնադրության շուտափույթ վավերացումը շատ կարեւոր է, քանի որ ՀՀ կողմից Կանոնադրությունը վավերացնելուց հետո Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածքում կատարված եւ Կանոնադրությամբ նախատեսված հանցագործություն, այդ թվում նաեւ պատերազմական հանցագործություններ, ենթակա են լինելու ՄՔԴ իրավազորությանը, ինչը միանշանակ կհանդիսանա կանխարգելիչ եւ զսպող միջոց Ադրբեջանի համար:

ՄՔ Դատարանի կողմից Կանոնադրության 5-րդ հոդվածում նշված հանցագործությունների համար պատասխանատու անձանց նկատմամբ իր իրավազորությունն իրականացնելու առիթ կարող են հանդիսանալ՝

- Կանոնադրության մասնակից պետության կողմից Դատախազին այն իրավիճակի ներկայացումը, որի դեպքում ենթադրաբար կատարվել է մեկ կամ մի քանի նման հանցագործություն,

- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Դատախազին այն իրավիճակի ներկայացումը, որի դեպքում ենթադրաբար կատարվել է մեկ կամ մի քանի նման հանցագործություն,

- Դատախազի կողմից այդ հանցագործությունների կապակցությամբ քննություն նախաձեռնելը:

Դատարանն իր իրավազորությունն իրականացնում է Կանոնադրությամբ նախատեսված միայն այն հանցագործությունների նկատմամբ, որոնք կատարվել են՝

ա) Կանոնադրության մասնակից պետության կամ Կանոնադրությանը համապատասխան Դատարանի իրավազորությունը ճանաչած պետության տարածքում՝ տվյալ պետության համար Կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո (Կանոնադրության հոդված 12, կետ 2, (ա) ենթակետ),

բ) Կանոնադրության մասնակից պետության կամ Դատարանի իրավազորությունը ճանաչած պետության քաղաքացիների կողմից՝ տվյալ պետության համար Կանոնադրության ուժի մեջ մտնելուց հետո (Կանոնադրության հոդված 12, կետ 2, (բ) ենթակետ):

Միաժամանակ, որպեսզի Հայաստանն ի վիճակի լինի տարածել ՄՔԴ իրավազորությունը 2021 թվականի մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիայի ժամանակ գործած պատերազմական հանցագործությունների վրա, Հայաստանը վավերացման հետ մեկտեղ կատարում է ՄՔԴ կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հայտարարություն՝ հետադարձորեն ճանաչելով ՄՔԴ իրավազորությունը 2021 թվականի մայիսի 12-ի ժամը 00:00-ից ի վեր: Ասվածը վերաբերում է միայն ցեղասպանության, մարդկայնության դեմ եւ պատերազմական հանցագործություններին եւ չի վերաբերում ագրեսիվ պատերազմի հանցագործությանը:

ՄՔԴ իրավազորության հետադարձորեն ճանաչումը նույնպես կարեւոր է, ինչը հնարավորություն կտա ՄՔԴ իրավազորությունը տարածել Ադրբեջանի կողմից արդեն իրականացրած Կանոնադրությամբ նախատեսված հանցագործությունների վրա: Սակայն այս գործիքի կիրառումը առավել արդյունավետ կլինի, երբ զուգորդվի ՀՀ կողմից Կանոնադրության վավերացմամբ:

Կանոնադրությունը, համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի ներկայացվելու է ՀՀ սահմանադրական դատարան՝ դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար: ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից ՄՔԴ կանոնադրությունը 2004թ. օգոստոսի 13-ի որոշմամբ ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչելուց ի վեր տեղի են ունեցել առանցքային եւ էական հասարական-քաղաքական, իրավական եւ աշխարհաքաղաքական զարգացումներ: Ավելին՝ այդ որոշմամբ ՄՔԴ կանոնադրության սահմանադրականության վերաբերյալ գնահատում է իրականացվել 1995թ. ՀՀ Սահմանադրության լույսի ներքո: Մինչդեռ 2004 թ.-ից ի վեր երկու անգամ փոփոխվել է Սահմանադրությունը, եւ ներկայում՝ հարցն առանձին ենթակա է գնահատման ՀՀ Սահմանադրության 2015թ. փոփոխությունների լույսի ներքո: Ըստ այդմ,  ՄՔԴ կանոնադրության համապատասխանությունը  ներկայիս Սահմանադրության դրույթներին նորովի գնահատելու համար ՀՀ սահմանադրական դատարանի մասին  սահմանադրական օրենքը Սահմանադրական դատարանին հնարավորություն է տալիս իր հայեցողությամբ, ելնելով գործի հանգամանքներից՝ ընդունել գործը քննության՝ որպես նոր հարց:

Հատկանշանակն է, որ  Կանոնադրությունը կրկին անցել է «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքով նախատեսված անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը, եւ, փաստացի, Կանոնադրությունը ներկա իրավական կարգավորումների համատեքստում առաջին անգամ է ներկայացվում ՀՀ սահմանադրական դատարանի քննությանը:

Ավելին, անգամ, եթե դիտարկենք, որ հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում, ապա այդ պարագայում Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի համաձայն այն շարունակում է լինել Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա: Մասնավորապես, Սահմանադրական դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում են գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու հիմքերը: Այսպես, հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ որպես նման հիմք նախատեսվում է այն դեպքը, երբ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-5-րդ կետերում նշված գործերով ներկայացված որեւէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում: Նույն հոդվածի 2-րդ մասը նախատեսում է բացառություն, այն է՝ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով ներկայացված դիմումներով Սահմանադրական դատարանը, ելնելով գործի հանգամանքներից, կարող է կայացնել գործը քննության ընդունելու մասին պատճառաբանված աշխատակարգային որոշում:

Այսինքն, Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքը Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-5-րդ կետերում նշված գործերով, այդ թվում նաեւ միջազգային պայմանագրով ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրության համապատասխանության հարցի լուծման վերաբերյալ հարցը թողնում է Սահմանադրական դատարանի հայեցողությանը:

Ինչ վերաբերում է Կանոնադրության որոշ հոդվածների սահմանադրականությանը, կարեւոր է փաստել, որ ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից 2004թ. որոշման կայացումից անցել է մոտ երկու տասնամյակ, որի ընթացքում տեղի են ունեցել ներքին եւ արտաքին հասարակական, քաղաքական եւ իրավական լրջագույն զարգացումներ, երկու անգամ փոփոխվել է ՀՀ Սահմանադրությունը, եւ Կանոնադրության դրույթների՝ Սահմանադրության համապատասխանության հարցն անհրաժեշտ է գնահատել նորովի՝ ի թիվս այլի նաեւ հաշվի առնելով իրավական ընկալումների զարգացումները:

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ՝                                  Ե. Կիրակոսյան

ՏԵՂԵԿԱՆՔ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՀՌՈՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (այսուհետ՝ Կանոնադրություն) ընդունվել է 1998թ. հուլիսի 17-ին, Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 1999թ. հոկտեմբերի 1-ին:

Կանոնադրությունն ուժի մեջ է մտնում 60-րդ վավերագիրը, ընդունման հաստատման կամ միացման փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ տալու օրվանից 60-րդ օրվան հաջորդած ամսվա առաջին օրը:

Վկայակոչելով Կանոնադրության 124-րդ հոդվածը «Չնայած 12-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերին, պետությունը, դառնալով սույն Կանոնադրության կողմ, կարող է հայտարարել, որ սույն Կանոնադրության՝ տվյալ պետության համար ուժի մեջ մտնելուց հետո յոթ տարվա ընթացքում ինքը չի ընդունում Դատարանի իրավազորությունը 8-րդ հոդվածում նշված հանցագործությունների կատեգորիաների նկատմամբ, երբ, ինչպես ենթադրվում է, հանցագործությունը կատարվել է իր քաղաքացիների կողմից կամ իր տարածքում: Սույն հոդվածի հիման վրա կատարված հայտարարությունից կարելի է հրաժարվել ցանկացած ժամանակ: Սույն հոդվածի դրույթները վերանայվում են 123-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան հրավիրված Վերանայման կոնֆերանսում:» : (Վերոհիշյալ կամ այլ հոդվածով նախատեսված հայտարարություն անելու նպատակահարմարության դեպքում իրավասու գերատեսչության կողմից պետք է ներկայացվի հայտարարության տեքստի նախագիծ):

Կանոնադրությունն ուժի մեջ է մտել 2002թ. հուլիսի 1-ին:

Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը ստորագրել է 137 պետություն, անդամ է 123 պետություն (ցանկը կից ներկայացվում է) :

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

ՀՌՈՄԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Կանոնադրությունը պարունակում է օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող նորմեր:

1. Ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքին, որ Կանոնադրության նախաբանի 1-ին մասի 10-րդ կետով եւ 1-ին հոդվածով նախատեսվում է, որ սույն Կանոնադրությամբ ստեղծվող Միջազգային քրեական դատարանը լրացնում է ազգային քրեական իրավազորության մարմինները, ինչը հնարավոր անհամապատասխանություն կարող է պարունակել ՀՀ Սահմանադրության 162-163-րդ հոդվածների համատեքստում, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան: Վերջինիս վերաբերյալ որոշման կայացման իրավասությունը պատկանում է Սահմանադրական դատարանին:

2. Ուշադրություն ենք հրավիրում նաեւ Կանոնադրության 7-րդ հոդվածին, որի համաձայն՝ մի շարք դրույթներ ՀՀ օրենսդրության տեսանկյունից խնդրահարույց են, մասնավորապես՝

- 1-ին մասի «է» կետում օգտագործվում է «բռնաբարություն» տերմինը, այնինչ՝  Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 135-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով օգտագործվում է «սեքսուալ բնույթի բռնի գործողություն» տերմինը:

- 2-րդ մասի «բ» կետով սահմանվում է, որ «բնաջնջումը» ներառում է կյանքի պայմանների դիտավորյալ ստեղծում, inter alia սննդամթերք եւ դեղորայք ձեռք բերելու հնարավորությունից զրկում, որն ուղղված է բնակչության մասնակի ոչնչացմանը, ինչը հակասում է Օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին, որի համաձայն՝ բնաջնջումը կյանքի այնպիսի պայմանների ստեղծումն է, որոնք ուղղված են բնակչության լրիվ կամ մասնակի ոչնչացմանը: Միաժամանակ, սույն հոդվածում «ստեղծում» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «inter alia սննդամթերք եւ դեղորայք ձեռք բերելու         հնարավորությունից զրկում,» բառերը:

- 2-րդ մասի «ե» կետով սահմանվում է, որ «խոշտանգում» նշանակում է կալանքի կամ մեղադրյալի հսկողության տակ գտնվող անձին դիտավորյալ կերպով ֆիզիկական կամ մտավոր սուր ցավ կամ տառապանք պատճառելը. խոշտանգում չէ այն ցավը կամ տառապանքը, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն առաջանում է օրինական պատժամիջոցներից, ինչը, սակայն, հակասում է Օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին, որի համաձայն՝ խոշտանգումը ազատությունից զրկված կամ հանցավորի վերահսկողության տակ գտնվող անձին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելն է:

- 2-րդ մասի «է» կետով նախատեսվում է՝ հետապնդումը որեւէ խմբին կամ հանրույթին պատկանելու պատճառով հիմնարար իրավունքներից դիտավորությամբ եւ կոպիտ կերպով զրկելը՝ ի հակադրություն միջազգային իրավունքի, ինչը հակասում է Օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետին, որի համաձայն՝ հետապնդումը որոշակի խմբի կամ հանրույթի պատկանելու հիմքով միջազգային իրավունքի խախտմամբ հիմնարար իրավունքներից զրկելն է:

3. Կանոնադրության 8-րդ հոդվածով սահմանված են որոշ իրավակարգավորումներ, որոնք եւս հակասում են ՀՀ օրենսդրությանը, մասնավորապես՝

- 1) 2-րդ մասի «ա» կետի «xxvi» ենթակետով նախատեսվում է, որ 1949 թվականի  օգոստոսի 12-ի Ժնեւի կոնվենցիայի լուրջ խախտում է համարվում՝ մինչեւ տասնհինգ տարեկան երեխաներին ազգային զինված ուժեր զինվորական ծառայության զորակոչելը կամ հավաքագրելը կամ ռազմական գործողություններին նրանց ակտիվ մասնակցությունն օգտագործելը: Վերոնշյալը իրավակարգավորումը հակասում է՝

- Օրենսգրքի 137-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի պահանջին, որով նախատեսվում է, որ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կամ պատերազմ վարելու օրենքների կամ սովորույթների այլ լուրջ խախտում է համարվում երեխաներին զինված ուժեր զինվորական ծառայության զորակոչելը կամ հավաքագրելը կամ ռազմական գործողություններին նրանց ակտիվ մասնակցությունն օգտագործելը:

- ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 53-րդ կետին, որի համաձայն՝ անչափահասը 18 տարին չլրացած անձն է:

- «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 1.1 հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, որի համաձայն՝  երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:

- 2) 2-րդ մասի «բ» կետի «ix» ենթակետով նախատեսվում է՝ դիտավորությամբ կատարված հարձակումները՝ կրոնական, կրթական, մշակութային, գիտական կամ բարեգործական նպատակների ծառայող շենքերի, պատմական հուշարձանների, հոսպիտալների եւ այն վայրերի վրա, ուր կենտրոնացած են հիվանդներ եւ վիրավորներ, պայմանով, որ նշված օբյետկները ռազմական նպատակակետեր չեն: Այնինչ, Օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսվում է՝ քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ կրոնական, կրթության, արվեստի, գիտության կամ բարեգործության նպատակների համար նախատեսված շենքերի, պատմական հուշարձանների, բժշկական հաստատությունների, հիվանդների կամ վիրավորների կենտրոնացման վայրերի կամ չպաշտպանվող տարածքների կամ ապառազմականացված գոտիների կամ չպաշտպանվող կամ ռազմական օբյեկտ չհանդիսացող այլ բնակավայրերի կամ շենքերի կամ շինությունների վրա հարձակումը:

4. Հիմք ընդունելով Կանոնադրության 8-րդ հովածի 2-րդ մասի «ա» կետի «xv» ենթակետը, որով նախատեսվում է՝ հակառակորդ կողմի քաղաքացիներին իրենց երկրի դեմ ուղղված ռազմական գործողություններին մասնակցելուն հարկադրելը, եթե, նույնիսկ, նախքան պատերազմը նրանք ծառայության մեջ են գտնվել պատերազմող կողմում, անհրաժեշտ է Օրենսգրքի 137-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում «հարկադրելը» բառից հետո լրացնել «եթե, նույնիսկ, նախքան պատերազմը նրանք ծառայության մեջ են գտնվել պատերազմող կողմում» բառերը:

5. Ելնելով Կանոնադրության 8-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումներից՝ անհրաժեշտություն է առաջանում Օրենսգրքում՝ պատերազմական հանցագործությունների ցանկում, կատարել համապատասխան լրացումներ, մասնավորապես՝

«- հակառակորդ պետությանը կամ նրա բանակին պատկանող անձանց դավադրաբար սպանելը կամ վիրավորելը,

- քաղաքի կամ բնակավայրի կողոպուտը, նույնիսկ եթե այն վերցվել է գրոհով,

- դատավճիռ կայացնելը եւ այն ի կատար ածելը՝ առանց սահմանված կարգով ստեղծված դատարանի կողմից՝ համընդհանուր կերպով անհրաժեշտ ճանաչված բոլոր դատական երաշխիքների պահպանմամբ նախորդ դատական որոշման կայացման:»:

Միաժամանակ գտնում ենք, որ Կանոնադրությունը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի  1-ին, 4-րդ, 5-րդ կետերի եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 10-րդ հոդվածի  2-րդ մասի 1-ին, 4-րդ, 5-րդ կետերի դրույթներով:

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ՝
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունով» Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունով» Հայաստանի Հանրապետության համար առկա են ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ (մասնավորապես՝ հոդված 115)՝ պետական բյուջեի ծախսերի ավելացման մասով:

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

ՀՀ արդարադատության նախարարի
պարտականությունները կատարող Գ. Մինասյանին
Պատճենը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյանին
Ի պատասխան ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի
02.12.2022թ. թիվ 02/06.5/39757-2022 գրության

Հարգելի՛ պարոնայք

Միջազգային քրեական դատարանի կանոնադրությամբ «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով՝   Գ. Սանոսյան

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՀՌՈՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայտնում ենք, որ ՀՀ ԱԳ նախարարությունը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով 1998թ. հուլիսի 17-ին ընդունված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման առնչությամբ առարկություններ չունի:

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ


Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Անգլերեն տարբերակ)


Գրություն

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում