Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-673-03.10.2023-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում պրոբացիա իրականացնող իրավասու մարմնում (այսուհետ՝ Պրոբացիայի ծառայություն) ծառայության ՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի կազմակերպման եւ գործունեության առանձնահատկությունները, այդ թվում՝ ծառայության հիմնական սկզբունքները եւ խնդիրները, ծառայություն անցնելու կարգը եւ ծառայության պայմանները, ծառայության հետ կապված՝ ծառայողների իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները, պաշտոններն ու կոչումների, ծառայողների բարեվարքության համակարգի, ծառայության հետ կապված այլ հիմնական հարաբերություններ:

2. Պրոբացիայի ծառայության անցնելու, իրականացնելու եւ դադարեցնելու հետ կապված հարաբերությունները, որոնք կարգավորված չեն սույն օրենքով, կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով իսկ դրանցով կարգավորված չլինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:

Հոդված 2. Պրոբացիայի ծառայությունը

1. Պրոբացիայի ծառայությունը ապահովում է «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պրոբացիայի ծառայության գործառույթների եւ պրոբացիայի խնդիրների իրականացումը:

2. Պրոբացիայում ծառայողը պրոբացիայի ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձն է, ով տվել է պրոբացիայի ծառայողի երդում:

ԳԼՈՒԽ 2

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 3. Պրոբացիայի ծառայության համակարգը

1. Պրոբացիայի ծառայությունը կազմված է կենտրոնական մարմնից եւ տարածքային մարմիններից:

2. Պրոբացիայի ծառայությունը իրականացվում է կենտրոնական մարմնի հիմնական մասնագիտական ստորաբաժանումների եւ տարածքային մարմինների կողմից:

3. Պրոբացիայի ծառայության կանոնադրությունը, կառուցվածքը եւ հաստիքացուցակը հաստատում է օրենսդրությամբ սահմանված ենթակայությանը համաձայն համապատասխան մարմնի ղեկավարը (այսուհետ՝ նախարար):

4. Պրոբացիայի ծառայության կենտրոնական եւ տարածքային մարմիններն ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով եւ իրենց հայերեն անվանմամբ կլոր կնիք, միասնական նմուշի ձեւաթղթեր, խորհրդանիշ եւ կարող են ունենալ անհատականացման այլ միջոցներ:

5. Պրոբացիայի ծառայության կենտրոնական եւ տարածքային մարմինների կողմից օգտագործվող կնիքի, միասնական նմուշի ձեւաթղթերի, խորհրդանիշի, անհատականացման այլ միջոցների նկարագիրը հաստատում է նախարարը:

Հոդված 4. Գլխավոր քարտուղարը եւ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները

1. Պրոբացիայի ծառայությունը ունի գլխավոր քարտուղար եւ աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ: Գլխավոր քարտուղարի լիազորությունները սահմանվում են «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքով:

2. Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարը քաղաքացիական ծառայող է, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է վարչապետը:

3. Պրոբացիայի ծառայությունում քաղաքացիական ծառայությունն ընդգրկում է ծառայությունը աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները:

4. Պրոբացիայի ծառայությունում քաղաքացիական ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:

Հոդված 5. Պրոբացիայի ծառայությունում տեխնիկական սպասարկում  իրականացնող քաղաքացիները

1. Պրոբացիայի ծառայությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք պրոբացիայի ծառայողներ չեն համարվում, եւ նրանց աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 3

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

Հոդված 6. Պրոբացիայի ծառայության պաշտոնների անվանացանկը եւ պաշտոնի անձնագիրը

1. Պրոբացիայի ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման եւ ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, գործունեության ազդեցության, շփումների եւ ներկայացուցչության, խնդիրների բարդության եւ դրանց լուծման, ինչպես նաեւ մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների տեսանկյունից ներկայացվող պահանջներից: Պրոբացիայի ծառայության պաշտոնները դասակարգվում են աստիճանական համակարգով՝ բարձրից ցածր, համապատասխանաբար՝ գլխավոր, առաջատար եւ կրտսեր խմբերի:

2. Պրոբացիայի ծառայության պաշտոնների խմբերում պաշտոնների դասակարգումն իրականացվում է պրոբացիայի ծառայության պաշտոնների անվանացանկով: Անվանացանկը հաստատում եւ փոփոխում է պրոբացիայի ծառայության պետը: Անվանացանկը վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով: Պրոբացիայի ծառայության պետը եւ նրա տեղակալները համարվում են պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձինք, որոնց պաշտոնները չեն ընդգրկվում պրոբացիայի ծառայության պաշտոնների անվանացանկում:

3. Պրոբացիայի ծառայության պաշտոնի համար սահմանվում է պաշտոնի անձնագիր:

4. Պրոբացիայի ծառայության պաշտոնի անձնագիրը (աշխատատեղի նկարագիրը) պրոբացիայի ծառայության իրավասությունը սահմանող իրավական ակտերից եւ խնդիրներից բխող պրոբացիայի ծառայողի գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու հաշվետվողականությունը նկարագրող եւ այդ գործառույթները արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ եւ կոմպետենցիաներ նախատեսող, կառավարման համակարգում տեղակայվածությունը նախատեսող եւ սույն օրենքով սահմանված կարգով հաստատված փաստաթուղթ է:

5. Պրոբացիայի ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատում եւ փոփոխում է պրոբացիայի ծառայության պետը:

6. Սույն օրենքով պրոբացիայի ծառայողի համար նախատեսված իրավունքները, պարտականությունները եւ սոցիալական երաշխիքները տարածվում են պրոբացիայի ծառայության պետի եւ նրա տեղակալների վրա, իսկ սույն օրենքով սահմանված այլ նորմերը պրոբացիայի ծառայության պետի եւ նրա տեղակալների վրա տարածվում են միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:

7. Պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության, քննչական մարմինների, հակակոռուպցիոն. քրեակատարողական, փրկարար, հարկադիր կատարման ծառայությունների եւ պրոբացիայի ծառայության պաշտոնների միջեւ համապատասխանությունը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 7. Պրոբացիայի ծառայողի անձնական գործը

1. Պրոբացիայի ծառայողի ծառայության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում: Պրոբացիայի ծառայողի անձնական գործը վարում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով այնքանով, կիրառելի է պրոբացիայի ծառայության նկատմամբ:

Հոդված 8. Պրոբացիայի ծառայողների կոչումները

1. Պրոբացիայի ծառայողներին շնորհվում են հետեւյալ կոչումները՝

1) արդարադատության գնդապետ.

2) արդարադատության փոխգնդապետ.

3) արդարադատության մայոր.

4) արդարադատության կապիտան.

5) արդարադատության ավագ լեյտենանտ.

6) արդարադատության լեյտենանտ.

2. Պրոբացիայի ծառայության պետին եւ նրա տեղակալներին կարող է շնորհվել արդարադատության գեներալ-մայոր բարձրագույն կոչումը: Արդարադատության գեներալ-մայոր կոչումը շնորհում է վարչապետը՝ Նախարարի առաջարկությամբ:

3. Պրոբացիայի ծառայողներին սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կոչումները շնորհում է պրոբացիայի ծառայության պետը:

4. Կոչումները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված կոչումներին համապատասխան, սույն օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ ոչ ուշ քան եռօրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

5. Կոչումները շնորհվում են անհատական կարգով, ցմահ, բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքի:

6. Պրոբացիայի ծառայողը, ինչպես նաեւ պրոբացիայի ծառայությունում ծառայությունը դադարեցրած քաղաքացին  ծանր կամ առանձնապես ծանր հանցանքի համար դատապարտվելու դեպքում դատապարտվելիս կարող է զրկվել ծառայության կոչումից՝ Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 9. Պրոբացիայի ծառայության պաշտոններին համապատասխանող առավելագույն կոչումները

1. Պրոբացիայի ծառայության պաշտոնների համար սահմանվում են հետեւյալ առավելագույն կոչումները.

1) պրոբացիայի ծառայության գլխավոր խմբի պաշտոններ՝

ա. պրոբացիայի ծառայության բաժնի պետ՝ արդարադատության գնդապետ,

բ. պրոբացիայի ծառայության բաժնի պետի տեղակալ՝ արդարադատության փոխգնդապետ.

2) պրոբացիայի առաջատար խմբի պաշտոններ՝ պրոբացիայի ծառայության գլխավոր ծառայող եւ պրոբացիայի ավագ ծառայող՝ արդարադատության մայոր,

3) պրոբացիայի ծառայության կրտսեր խմբի պաշտոններ՝ արդարադատության կապիտան:

Հոդված 10. Պրոբացիայի ծառայությունում կոչումների շնորհման ժամկետները

1. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական կոչումների շնորհման համար սահմանվում են ծառայության հետեւյալ ժամկետները.

1) արդարադատության լեյտենանտ կոչում ունեցողի համար՝ 2 տարի.

2) արդարադատության ավագ լեյտենանտ կոչում ունեցողի համար՝ 3 տարի.

3) արդարադատության կապիտան կոչում ունեցողի համար՝ 3 տարի.

4) արդարադատության մայոր կոչում ունեցողի համար՝ 4 տարի.

5) արդարադատության փոխգնդապետ կոչում ունեցողի համար՝ 5 տարի:

2. Արդարադատության գնդապետ կոչումը շնորհելու համար ժամկետ չի սահմանվում:

3. Այլ պետական մարմնում ծառայություն անցած (աշխատած) եւ զինվորական կամ հատուկ կոչում կամ դասային աստիճան կամ որակավորման դաս ունեցող քաղաքացիներին պրոբացիայի ծառայությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է իր զինվորական կամ հատուկ կոչմանը կամ դասային աստիճանին կամ որակավորման դասին համապատասխան կոչում, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքի, պաշտոնի նշանակվելուց հետո՝ եռօրյա ժամկետում:

4. Արդարադատության լեյտենանտ  կոչումը սկզբնական կոչումն է եւ շնորհվում է պրոբացիայի ծառայությունում պաշտոնի նշանակվելիս, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքի: Պրոբացիայի ծառայությունում մյուս պաշտոններում նշանակվելիս ծառայողին շնորհվում է պրոբացիայի ծառայության տվյալ պաշտոնին համապատասխանող կոչում:

5. Այլ պետական մարմիններում շնորհված զինվորական կամ հատուկ կոչումների կամ դասային աստիճանների կամ որակավորման դասերի համապատասխանությունը սույն օրենքով սահմանված կոչումներին սահմանում է Կառավարությունը:

6. Պրոբացիայի ծառայողին կոչում կամ հերթական կոչում  շնորհումը հետաձգվում է, եթե՝

1) պրոբացիայի ծառայողն ունի չմարված կարգապահական տույժ.

2) պրոբացիայի ծառայողի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում կամ նրա նկատմամբ իրականացվում է ծառայողական քննություն:

7. Հերթական կոչումի շնորհումը հետաձգելու դեպքում պրոբացիայի ծառայողի հերթական կոչումը շնորհվում է սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված հիմքերի վերացումից հետո՝ եռօրյա ժամկետում:

Հոդված 11. Պրոբացիայի ծառայությունում կոչումնեորով ծառայության ժամկետի հաշվարկումը

1. Կոչումներով ծառայության ժամկետը հաշվարկվում է այդ կոչումի շնորհման մասին իրավական ակտի ստորագրման հաջորդ օրվանից: Հերթական կոչում  շնորհելու ժամկետը հաշվարկելիս իջեցված կոչման ծառայության ժամանակահատվածը չի հաշվարկվում:

ԳԼՈՒԽ 4

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆԵԼԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հոդված 12. Պրոբացիայի ծառայությունում պաշտոնի նշանակելը

1. Պրոբացիայի ծառայության պետին նշանակում եւ ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ նախարարի առաջարկությամբ:

2. Պրոբացիայի ծառայության պետի տեղակալներին նշանակում եւ ազատում է նախարարը՝ պրոբացիայի ծառայության պետի առաջարկությամբ:

3. Սույն օրենքով սահմանված պրոբացիայի ծառայողների պաշտոններում պաշտոնի նշանակում եւ ազատում է  պրոբացիայի ծառայության պետը:

Հոդված 13. Պրոբացիայի ծառայությունում ծառայության համար ներկայացվող հիմնական պահանջները

1. Պրոբացիայի ծառայությունում, որպես պրոբացիայի ծառայող, ծառայության կարող է անցնել պրոբացիայի ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաեւ այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով եւ հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից):

2. Պրոբացիայի ծառայողին ներկայացվող մասնագիտական պահանջները սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:

3. Պրոբացիայի ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է կամ քրեական հետապնդում չի հարուցվել ոչ ռեաբիլիտացնող հիմքով կամ որը դատապարտվել է դիտավորյալ հանցանք կատարելու համար, անկախ դատվածությունը վերացված կամ մարված լինելու հանգամանքից կամ եթե առկա է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որեւէ մեկը:

Հոդված 14. Պրոբացիայի ծառայությունում պաշտոնի նշանակելու պայմանները

1. Պրոբացիայի ծառայության պետ կարող է նշանակվել այն անձը, որը զբաղեցրել է Պրոբացիայի ծառայության պետի տեղակալի պաշտոն կամ առնվազն երեք տարի՝ Պրոբացիայի ծառայության գլխավոր խմբի պաշտոն եւ ունի արդարադատության գնդապետի կոչում կամ համապատասխան կոչում կամ ունի բարձրագույն կրթություն եւ հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ ունի բարձրագույն կրթություն եւ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

2. Պրոբացիայի ծառայության պետի տեղակալ կարող է նշանակվել այն անձը, որը զբաղեցրել է առնվազն երեք տարի՝ Պրոբացիայի ծառայության գլխավոր խմբի պաշտոն եւ ունի արդարադատության փոխգնդապետից ոչ ցածր կոչում կամ համապատասխան կոչում կամ ունի հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ ունի բարձրագույն կրթություն եւ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

3. Պրոբացիայի ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն անձը, որը զբաղեցրել է առնվազն երեք տարի՝ առաջատար խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ:

4. Պրոբացիայի ծառայության առաջատար խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն անձը, որը զբաղեցրել է առնվազն մեկ տարի կրտսեր խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ:

5. Պրոբացիայի ծառայության կրտսեր խմբի պաշտոնում կարող է նշանակվել սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխանող քաղաքացին:

6. Պրոբացիայի ծառայության կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնելու համար աշխատանքային ստաժ չի պահանջվում:

7. Պրոբացիայի ծառայության պաշտոնն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչեւ վեց ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:

8. Պրոբացիայի ծառայությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով:

Հոդված 15. Պրոբացիայի ծառայությունում պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

1. Բացառությամբ Պրոբացիայի ծառայության պետի եւ նրա տեղակալների, Պրոբացիայի ծառայության պաշտոնները զբաղեցվում են մրցույթի արդյունքներով: Մրցույթի անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:

2. Պրոբացիայի ծառայողների առաջխաղացումը կատարվում է սույն օրենքով սահմանված մրցույթով:

3. Մրցույթին չեն կարող մասնակցել այն քաղաքացիները, որոնք չեն բավարարում սույն օրենքի 13-րդ, 14-րդ եւ 34-րդ հոդվածների պահանջները:

Հոդված 16. Պրոբացիայի ծառայողի երդումը

1. Պրոբացիայի ծառայությունում որպես Պրոբացիայի ծառայող պաշտոնի նշանակվող անձինք (բացառությամբ առանց ընդհատման ծառայության այլ պաշտոնում տեղափոխման, փոխադրման կամ առաջխաղացման դեպքերի) Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջեւ, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով, տալիս են հետեւյալ բովանդակությամբ երդում.

«Ես՝ (անուն, հայրանուն, ազգանուն), Հայաստանի Հանրապետության պրոբացիայի ծառայությունում պաշտոն ստանձնելով՝ երդվում եմ. հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Սահմանադրությունը եւ օրենքները, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն եւ բարեխղճորեն կատարել պարտականություններս»:

2. Պրոբացիայի ծառայողը երդում տալիս է անհատական կարգով, երդման տեքստն ընթերցելու միջոցով:

3. Պրոբացիայի ծառայողն ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը, որը պահպանվում է նրա անձնական գործում:

ԳԼՈՒԽ 5

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ, ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 17. Պրոբացիայի ծառայողի մասնագիտական պատրաստումը եւ վերապատրաստումը

1. Պրոբացիայի ծառայությունում  պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված քաղաքացիները հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետի  որոշմամբ սահմանված դեպքերում եւ կարգով կարող են անցնել մասնագիտական պատրաստում:

2.Պրոբացիայի ծառայության գլխավոր, առաջատար եւ կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող Պրոբացիայի ծառայողները ենթակա են վերապատրաստման Պրոբացիայի ծառայողի անհատական վերապատրաստման կարիքի գնահատման հիման վրա՝ սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կատարողականի գնահատականի արդյունքներով, ինչպես նաեւ Պրոբացիայի ծառայության գերակա խնդիրների արդյունավետ լուծմանն ուղղված Պրոբացիայի ծառայողների մասնագիտական գիտելիքների եւ կոմպետենցիաների զարգացման անհրաժեշտության դեպքում, սակայն ոչ ուշ, քան երեք տարին մեկ անգամ: Պրոբացիայի ծառայողների վերապատրաստման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:

3. Պրոբացիայի ծառայողը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված միջոցների հաշվին վերապատրաստվելուց հետո (բացառությամբ կատարողականի գնահատականի արդյունքներով պարտադիր վերապատրաստման) մեկ տարվա ընթացքում  ծառայությունից ազատվելու դեպքում՝ փոխհատուցում է իր վերապատրաստման համար կատարված ծախսերը՝ ծառայություն չիրականացրած ամիսներին համամասնորեն (մեկ ամսվա փոխհատուցման չափը հաշվարկվում է կատարված ընդհանուր ծախսը բաժանելով 12 ամսվա):

Հոդված 18. Պրոբացիայի ծառայողի կատարողականի գնահատումը

1. Պրոբացիայի ծառայողի կատարողականի գնահատման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:

Հոդված 19. Պրոբացիայի ծառայողի ատեստավորումը

1. Պրոբացիայի ծառայության գլխավոր, առաջատար եւ կրտսեր խմբերի ծառայողների ատեստավորումն անցկացվում է հավելավճար հաշվարկելու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ատեստավորումից առաջ Պրոբացիայի ծառայողն իր ցանկությամբ կարող է վերապատրաստվել: Պրոբացիայի ծառայողը մինչեւ ատեստավորումը մեկ անգամ իրավունք ունի անցնելու վերապատրաստում: Ատեստավորման նպատակով վերապատրաստումն անցկացվում է միայն առաջին անգամ ատեստավորման համար:

3. Պրոբացիայի ծառայությունում զբաղեցրած պաշտոնին հավասարազոր այլ պաշտոնի նշանակվելուց հետո պրոբացիայի ծառայողի ատեստավորման արդյունքները պահպանվում են, իսկ մրցույթի արդյունքներով առաջխաղացմամբ պաշտոնի նշանակվելիս ծառայողն ենթակա է ատեստավորման: Մինչեւ հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորվելն՝ առաջխաղացմամբ պաշտոնի նշանակված ծառայողը պահպանում է նախորդ պաշտոնում հաշվարկված ատեստավորման արդյունքները: Հաստիքների կրճատման, կառուցվածքային փոփոխության դեպքում՝ Պրոբացիայի ծառայությունում այլ պաշտոնի նշանակվելիս, այդ թվում՝ պաշտոնի մեկ աստիճանով իջեցման դեպքում, ծառայողներն ատեստավորման ենթակա չեն, բացառությամբ՝ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված ժամկետը լրանալու դեպքերի:

4. Ատեստավորման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ:

5. Ատեստավորման անցկացման նպատակով համապատասխան նախարարի հրամանով ստեղծվում է ատեստավորման հանձնաժողով:

6. Պրոբացիայի ծառայությունում համապատասխան պաշտոնի առաջին անգամ նշանակված ծառայողը կարող է ատեստավորում անցնել պաշտոնի նշանակվելուց ոչ շուտ, քան վեց ամիս անց: Նա սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ատեստավորման համար դիմում է վեցամսյա ժամկետը լրանալուց հետո երեք տարվա ընթացքում:

7. Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքի ձեռքբերման օրվանից:

8. Համապատասխան պաշտոնում ատեստավորված եւ տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողներն ատեստավորվում են յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար: Հավելավճարի հաշվարկումը շարունակելու նպատակով ատեստավորման համար դիմելու իրավունքը ծառայողի մոտ ծագում է նախորդ ատեստավորման արդյունքներով հավելավճար հաշվարկելու իրավունքը ձեռք բերելու օրվանից երկու տարի հետո: Մրցույթի արդյունքներով առաջխաղացմամբ պաշտոնի նշանակված ծառայողը հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորման համար դիմում է պաշտոնի նշանակվելուց հետո մեկ տարվա ընթացքում:

9. Հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվող ծառայողն ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երեք ամիս հետո: Սույն մասով նախատեսված ծառայողներն ատեստավորման համար կարող են դիմել եռամսյա ժամկետի ավարտից հետո երեք տարվա ընթացքում: Արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողն ենթակա է ատեստավորման ոչ շուտ, քան ծառայության անցնելուց երկու ամիս հետո:

10. Եթե պրոբացիայի ծառայողն ատեստավորման արդյունքներով ստացել է սույն հոդվածի 12-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով նախատեսված եզրակացությունը, որից հետո նրան տրամադրվել է հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, ապա հավելավճարի հաշվարկման ժամկետն արձակուրդի ժամանակահատվածում կասեցվում է: Այն վերսկսվում է նշված տեսակի արձակուրդից վերադառնալու օրը:

11. Ատեստավորման ենթակա ծառայողն ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:

12. Ատեստավորման արդյունքներով կայացվում է հետեւյալ եզրակացություններից որեւէ մեկը՝

1) ենթակա է հավելավճար հաշվարկելու,

2) ենթակա է շարունակելու հավելավճարի հաշվարկումը,

3) ենթակա չէ հավելավճար հաշվարկելու,

4) ենթակա չէ շարունակելու հավելավճարի հաշվարկումը:

13. Ատեստավորման մասնակցած այն ծառայողները, որոնց վերաբերյալ կայացվել է սույն հոդվածի 12-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետերով նախատեսված եզրակացությունը, ատեստավորման համար դիմելու ժամկետի ընթացքում ունեն ատեստավորման համար կրկին դիմելու առնվազն երկու հնարավորություն՝ համաձայն համապատասխան նախարարի կողմից հաստատված ժամանակացույցի:

14. Սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված եզրակացությունները հաստատվում են տվյալ ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի հրամանով:

15. Պրոբացիայի ծառայողը պարտադիր ծանոթացվում է ատեստավորման արդյունքներին եւ կայացված եզրակացությանը: Պրոբացիայի ծառայողն իրավունք ունի վերադասության կարգով բողոքարկելու ատեստավորման արդյունքները եւ կայացված եզրակացությունը՝ դրանց ծանոթանալու օրվանից հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում կամ դատական կարգով:

16. Ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը եւ վճարման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ: Սույն հոդվածի համաձայն՝ հավելավճար հաշվարկվելու դեպքում ծառայողներին «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը եւ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հավելումները չեն հաշվարկվում:

ԳԼՈՒԽ 6

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՅԼ ՊԱՇՏՈՆԻ ՓՈԽԱԴՐԵԼԸ ԵՎ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ

Հոդված 20. Պրոբացիայի ծառայողին այլ պաշտոնի փոխադրելը կամ տեղափոխելը

1. Պրոբացիայի ծառայողի տեղափոխման, փոխադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Պրոբացիայի ծառայողը, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված առանց իր համաձայնության կարող է փոխադրվել՝

1) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի, այդ թվում՝ այլ տարածքային մարմնի պաշտոնի՝ տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո,

2) իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող խմբում ավելի ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ.

3)  զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ կամ ավելի ցածր պաշտոնի՝ առողջական վիճակից ելնելով՝ բժշկական եզրակացության հիման վրա:

3. Փորձաշրջանի մեջ գտնվող ծառայողը կարող է փոխադրվել այլ պաշտոնի միայն փորձաշրջանի ավարտից հետո:

4. Պրոբացիայի ծառայության ծառայողներին սույն օրենքով սահմանված կարգով այլ պաշտոնի փոխադրում է պրոբացիայի ծառայության պետը:

ԳԼՈՒԽ 7

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 21. Պրոբացիայի ծառայողի իրավունքները

1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված հիմնական իրավունքներից բացի, պրոբացիայի ծառայողների հիմնական իրավունքներն են՝

1) որոշումներ ընդունելը.

2) իր լիազորությունների իրականացման նպատակով ցանկացած ժամանակ անարգել այցելելու պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների, էլեկտրոնային սարքավորումների տեղադրման եւ էլեկտրոնային հսկողության կիրառման վայրեր, ինչպես նաեւ դրանց կատարումն ապահովող իրավասու մարմիններ.

3) անարգել այցելել պրոբացիայի շահառուի մշտական կամ ժամանակավոր բնակության վայրեր, աշխատավայր եւ ուսումնական հաստատություն.

4) պրոբացիայի շահառուից պահանջել բացատրություններ,  գործի համար անհրաժեշտ փաստաթղթեր.

5) կոչման՝ սահմանված կարգով բարձրացումը.

6) պաշտոնի նշանակման արդյունքների բողոքարկումը.

7) ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի վերաբերյալ պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին առաջարկությունների ներկայացումը:

2. Պրոբացիայի ծառայողն ունի օրենքով նախատեսված այլ իրավունքներ:

Հոդված 22. Պրոբացիայի ծառայողի պարտականությունները

1. «Հանրային ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված հիմնական պարտականություններից բացի, պրոբացիայի ծառայողի պարտականություններն են՝

1) սահմանված կարգով եւ ժամկետներում առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննության առնելը եւ դրանց ընթացք տալը.

2) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ աշխատելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը,

3) պրոբացիայի շահառուի անձնական տվյալների եւ փաստաթղթերի գաղտնիությունը պահպանելը եւ պաշտպանության ապահովելը, այդ թվում՝ ծառայությունից ազատվելուց հետո.

4) վարքագծի կանոնները եւ ներքին կանոնակարգը պահպանելը:

2. Պրոբացիայի ծառայողն ունի օրենքով նախատեսված այլ պարտականություններ:

Հոդված 23. Պրոբացիայի ծառայողի պահանջների կատարման պարտադիր լինելը

1. Պրոբացիայի ծառայողի՝ առաջադրած պահանջների կատարումը պարտադիր է բոլոր պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների եւ քաղաքացիների համար:

2. Պրոբացիայի ծառայողի օրինական պահանջները չկատարելը կամ նրա պարտականությունների կատարմանը խոչընդոտելն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 8

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Հոդված 24. Օրենսդրությամբ սահմանված ենթակայությանը համաձայն համապատասխան մարմնի լիազորությունները պրոբացիայի ծառայության կազմակերպման գործում

1. Օրենսդրությամբ սահմանված ենթակայությանը համաձայն համապատասխան մարմինը կազմակերպում, վերահսկում եւ մեթոդական ղեկավարում է իրականացնում պրոբացիայի ծառայության գործունեության նկատմամբ:

2. Նախարարը՝

1) կազմակերպում է եւ ընդհանուր վերահսկողություն է իրականացնում պրոբացիայի ծառայության գործունեության նկատմամբ.

2) արձակում է պրոբացիայի ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված հրամաններ եւ տալիս է պարտադիր կատարման ցուցումներ.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կատարում է նշանակումներ, կիրառում է կարգապահական եւ խրախուսանքի միջոցներ.

4) hաստատում է պրոբացիայի ծառայության կանոնադրությունը, Կառավարության հաստատմանն է ներկայացնում Պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգը.

5) հաստատում է պրոբացիայի ծառայության կառուցվածքը եւ հաստիքացուցակները.

6) քննում է պրոբացիայի ծառայողների որոշումների, գործողությունների կամ անգործության դեմ բերված բողոքները, օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով եւ իր լիազորությունների սահմաններում կասեցնում, փոփոխում, անվավեր կամ ուժը կորցրած է ճանաչում պրոբացիայի ծառայության պաշտոնատար անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող, այլոց իրավունքները խախտող կամ սահմանափակող հրամանները, որոշումներն ու ցուցումները.

7) սահմանում է պրոբացիայի ծառայության կողմից հաշվետվություններ ներկայացնելու կարգը եւ ժամկետները.

8) սահմանում է պրոբացիայի ծառայության չափահաս եւ անչափահաս շահառուների ռիսկերի եւ կարիքների գնահատման էլեկտրոնային գործիքների կիրառման կարգը.

9) հաստատում է պրոբացիայի ծառայողի այցելության արդյունքում, պրոբացիայի ծառայողին իրավասու մարմնի որոշմամբ սահմանված վայր մուտքն եւ ելքն արգելելու, պրոբացիայի ծառայողի պարտականությունների կատարմանը ցանկացած ձեւով խոչընդոտելու դեպքում կազմվող արձանագրությունների ձեւերը.

10) սահմանում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու զեկույցը կազմելու,  տրամադրելու կարգը եւ զեկույցի ձեւը.

11) հաստատում է կամավորի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձեւը եւ պայմանները.

12) իրականացնում է սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 25. Պրոբացիայի ծառայության լիազորությունները

1. Պրոբացիայի ծառայությունը՝

1) ապահովում է «Պրոբացիայի մասին» օրենքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցների կատարումը.

2) ապահովում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված անվտանգության միջոցների կատարումը.

3) ապահովում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների կատարումը.

4) ապահովում է իրավաբանական անձանց նկատմամբ նշանակված քրեաիրավական ներգործության կատարումը.

5) տրամադրում է պրոբացիայի շահառուի վերաբերյալ զեկույցներ, ներկայացնում հաշվետվություններ եւ միջնորդություններ.

6) վերահսկողություն է իրականացնում պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ.

7) իրականացնում է հաշտարարություն.

8) իրականացնում է վերասոցիալականացման միջոցառումներ.

9) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 26. Պրոբացիայի ծառայության պետը եւ տեղակալները

1. Պրոբացիայի ծառայության պետը՝

1) ղեկավարում եւ հսկում է պրոբացիայի ծառայության գործունեությունը.

2) ապահովում է սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, ինչպես նաեւ Նախարարի հրամանների եւ ցուցումների կատարումը.

3) ընդունում է պրոբացիայի ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված որոշումներ, հրամաններ, տալիս է ցուցումներ եւ հանձնարարականներ.

4) առաջարկություններ է ներկայացնում  նախարարին՝ ծառայության կառուցվածքի եւ հաստիքացուցակի, պրոբացիայի ծառայության պետի տեղակալներին նշանակելու կամ պաշտոնից ազատելու վերաբերյալ.

5) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս պրոբացիայի ծառայության անունից, ներկայացնում նրա շահերը, տալիս է լիազորագրեր պրոբացիայի ծառայության անունից հանդես գալու համար.

6) պրոբացիայի ծառայության անունից ներկայացնում է հաշվետվություններ.

7) միջնորդություն է ներկայացնում նախարարին՝ պրոբացիայի ծառայողների տեղակալներին խրախուսելու կամ նրանց նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին.

8) քննում է պրոբացիայի ծառայողների որոշումների, գործողությունների կամ անգործության դեմ բերված բողոքները, օրենքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում, վերացնում, անվավեր, չեղյալ կամ ուժը կորցրած է ճանաչում պրոբացիայի ծառայության պաշտոնատար անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող, այլոց իրավունքները խախտող կամ սահմանափակող հրամանները, որոշումներն ու ցուցումները.

9) նշանակում է ծառայողական քննություններ.

10) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապես դադարեցնել իր կողմից պաշտոնում նշանակված պրոբացիայի ծառայողի լիազորությունները.

11) խրախուսանքի կամ կարգապահական տույժի է ենթարկում պրոբացիայի ծառայողներին.

12) առաջարկություններ է ներկայացնում պրոբացիայի ծառայությանն առնչվող օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.

13) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

2.  Պրոբացիայի ծառայության պետը պատասխանատվություն է կրում պրոբացիայի ծառայության խնդիրների իրականացման համար:

3. Պրոբացիայի ծառայության պետի տեղակալները՝

1) համակարգում են պրոբացիայի ծառայության պետի կողմից իրենց հանձնարարված բնագավառներում կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումների գործունեությունը.

2) պրոբացիայի ծառայության պետին ներկայացնում են տեղեկատվություն՝ իրենց  հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.

3) իրենց համակարգմանը հանձնարարված ոլորտի ստորաբաժանումների  ղեկավարներին տալիս են ցուցումներ եւ հանձնարարականներ եւ դրանց կատարման նկատմամբ իրականացնում են հսկողություն.

4) պրոբացիայի ծառայության պետին առաջարկություններ են ներկայացնում պրոբացիայի ոլորտի օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.

5) պրոբացիայի ծառայության պետին միջնորդություններ են ներկայացնում իրենց հանձնարարված ոլորտի ստորաբաժանումների ղեկավարներին խրախուսելու եւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

6) իրենց վերապահված լիազորությունների սահմաններում առանց լիազորագրի հանդես են գալիս պրոբացիայի ծառայության անունից, ներկայացնում նրա շահերը, տալիս են լիազորագրեր պրոբացիայի ծառայության անունից հանդես գալու համար.

Հոդված 27. Պրոբացիայի ծառայության տարածքային մարմնի ղեկավարը

1. Պրոբացիայի ծառայության տարածքային մարմնի ղեկավարումն իրականացնում է տարածքային մարմնի ղեկավարը: Տարածքային մարմնի ղեկավարը՝

1) ապահովում է տարածքային մարմնի բնականոն գործունեությունը.

2) համակարգում է Պրոբացիայի ծառայության տարածքային մարմնի ծառայողների աշխատանքները.

3) ապահովում է սույն օրենքի, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի, Պրոբացիայի ծառայության պետի հրամանների եւ ցուցումների, Պրոբացիայի ծառայության պետի տեղակալների ցուցումների եւ հանձնարարականների կատարումը.

4) ընդունում է որոշումներ, տալիս է ցուցումներ.

5) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս տարածքային մարմնի անունից, ներկայացնում նրա շահերը.

6) միջնորդություն է ներկայացնում պրոբացիայի ծառայության պետին՝ տարածքային մարմնի ծառայողներին խրախուսանքի կամ կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ.

7) առաջարկություններ է ներկայացնում պրոբացիայի ծառայության պետին  պրոբացիայի ծառայությանն առնչվող օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.

8) պարբերաբար իրականացնում է տարածքային մարմնում առկա անձնական գործերի ուսումնասիրություններ, թերությունների կամ օրենսդրության պահանջների խախտումների հայտնաբերման դեպքում անհապաղ միջոցառումներ է ձեռնարկում դրանց վերացման ուղղությամբ եւ այդ մասին հայտնում է Պրոբացիայի ծառայության պետին.

9) տարածքային մարմնի անունից ներկայացնում է հաշվետվություններ.

10) ներկայացնում է տարածքային մարմինը այլ մարմինների, կազմակերպությունների եւ քաղաքացիների հետ հարաբերություններում.

11) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

2.  Կենտրոնական մարմնի մասնագիտական ստորաբաժանման դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված լիազորություններն այնքանով, որքանով կիրառելի են իրականացնում է մասնագիտական ստորաբաժանման ղեկավարը:

ԳԼՈՒԽ 9

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ  ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

Հոդված 28. Պրոբացիայի ծառայության ֆինանսական եւ նյութատեխնիկական ապահովումը

1. Պրոբացիայի ծառայության ֆինանսական եւ նյութատեխնիկական ապահովման իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաեւ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:

Հոդված 29. Պրոբացիայի ծառայողի վարձատրությունը

1. Պրոբացիայի յուրաքանչյուր ծառայող ունի ծառայության համար համարժեք վարձատրության իրավունք:

2. Պրոբացիայի ծառայողի վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով:

Հոդված 30. Պրոբացիայի ծառայողի կողմից տրանսպորտից օգտվելը

1. Ծառայողական պարտականությունները կատարելիս պրոբացիայի ծառայողի կողմից հասարակական տրանսպորտից օգտվելու պայմանները, ինչպես նաեւ անձնական տրանսպորտը ծառայողական նպատակներով օգտագործելու ծախսերի հատուցման կարգը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 31. Պրոբացիայի ծառայողի համազգեստը, վկայականը

1. Պրոբացիայի ծառայողին կարող է տրվել պրոբացիայի ծառայողի համազգեստ, որի նկարագիրը, այն տրամադրելու, կրելու կարգը եւ պայմանները, ինչպես նաեւ այն կրելու ժամկետները սահմանում է Նախարարը:

2. Պրոբացիայի ծառայողին տրվում է սահմանված ձեւի վկայական, որի ձեւը եւ տրամադրելու կարգը սահմանում է  նախարարը:

Հոդված 32. Պրոբացիայի ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

1. Բացի «Հանրային ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների՝ պրոբացիայի ծառայողն իրավունք չունի դատարանում իրականացնելու ներկայացուցչություն, բացառությամբ օրինական ներկայացուցիչ լինելու եւ ի պաշտոնե գործելու դեպքերի:

ԳԼՈՒԽ 10

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Հոդված 33. Պրոբացիայի ծառայողի աշխատաժամանակի տեւողությունը

1. Պրոբացիայի ծառայողի համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ կամ հերթափոխային ծառայություն: Պրոբացիայի ծառայության պետի ներքին իրավական ակտով կարող է սահմանվել հերթապահություն:

2. Պրոբացիայի ծառայողը կարող է ներգրավվել արտաժամյա ծառայության՝ պրոբացիայի ծառայությունում անհետաձգելի կամ հրատապ խնդիրներ առաջանալու դեպքերում:

3. Պրոբացիայի ծառայողի արտաժամյա աշխատաժամանակի եւ աշխատաժամանակի տեւողության վերաբերյալ կիրառելի են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված համապատասխան կարգավորումները:

Հոդված 34. Պրոբացիայի ծառայողի ժամանակավոր անաշխատունակության դեպքում իր պաշտոնեական պարտականությունների կատարումից ժամանակավորապես  ազատելը

1. Պրոբացիայի ծառայողը ժամանակավոր անաշխատունակության դեպքում առողջապահական հաստատության համապատասխան տեղեկանքի հիման վրա կարող է ժամանակավորապես ազատվել իր պաշտոնեական պարտականությունների կատարումից ոչ ավելի, քան 120 օր անընդմեջ, կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ոչ ավելի, քան 140 օր:

ԳԼՈՒԽ 11

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ

Հոդված 35. Պրոբացիայի ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

1. Պրոբացիայի ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված խրախուսանքի տեսակները: Պրոբացիայի ծառայողների նկատմամբ խրախուսանք կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

2. Պրոբացիայի ծառայողների նկատմամբ կարող է կիրառվել նաեւ արտահերթ կոչում այդ թվում իր զբաղեցրած պաշտոնի համապատասխան կոչումից ավելի բարձր կոչումի շնորհում խրախուսանքի տեսակը, որը պրոբացիայի ծառայողների նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել մեկ անգամ: Արտահերթ կոչումի շնորհում խրախուսանքի տեսակը կիրառում է կոչումը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված խրախուսանքի տեսակը չի կարող կիրառվել Պրոբացիայի ծառայության պաշտոնին համապատասխանող՝ սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված առավելագույն կոչում ունեցող Պրոբացիայի ծառայողի նկատմամբ:

4. Որպես «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված խրախուսանքի տեսակների այլընտրանք՝ երկարամյա ծառայության կամ ծառայողական պարտականությունները կամ հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու համար պրոբացիայի ծառայողը կարող է պարգեւատրվել կրծքանշանով:

5. Կրծքանշանի տեսակները, ձեւերը եւ շնորհման կարգը սահմանում է հանրային ծառայությունը համակարգող փոխվարչապետը:

Հոդված 36. Պրոբացիայի ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով պրոբացիայի ծառայողների նկատմամբ կիրառվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգապահական տույժերը:

2. Պրոբացիայի ծառայողի նկատմամբ որպես խիստ կարգապահական տույժ կարող է կիրառվել նաեւ կոչումի իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը՝ մեկ անգամ, կոչում շնորհած պաշտոնատար անձի կողմից:

3. Պրոբացիայի ծառայողների նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է պրոբացիայի ծառայության պետը:

4. Պրոբացիայի ծառայության պետի նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է վարչապետը՝ սեփական նախաձեռնությամբ կամ Նախարարի միջնորդությամբ:

5. Պրոբացիայի ծառայության պետի տեղակալի նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է Նախարարը՝ սեփական նախաձեռնությամբ կամ Պրոբացիայի ծառայության պետի միջնորդությամբ:

6. Պրոբացիայի ծառայողի վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, շահերի բախման, նվերներ ընդունելու արգելքի վերաբերյալ հարցերի ուսումնասիրության համար նշանակված ծառայողական քննությունն անցկացնում է պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովը:

Հոդված 37. Պրոբացիայի ծառայողի վարքագծի կանոնները խախտելու կամ հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները  չպահպանելու կամ շահերի բախման կանոնները, նվերներ ընդունելու արգելքը խախտելու, անհամատեղելիության պահանջները չպահպանելու հետ կապված հարաբերությունները

1. Պրոբացիայի ծառայողների պրոբացիայի ծառայողի վարքագծի կանոնները խախտելու կամ հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները  չպահպանելու կամ շահերի բախման կանոնները, նվերներ ընդունելու արգելքը խախտելու, անհամատեղելիության պահանջները չպահպանելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենքով:

ԳԼՈՒԽ 12

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ

Հոդված 38. Պրոբացիայի ծառայությունից ազատելը

1. Պրոբացիայի ծառայողը պրոբացիայի ծառայությունից ազատվում է՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման դեպքում.

2) անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր դիմումի հիման վրա.

3) սույն օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տարիքը կամ նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը լրանալու կապակցությամբ.

4) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.

5) «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «ա» եւ «բ» ենթակետերով նախատեսված կարգապահական տույժերը մեկ տարվա ընթացքում կիրառելու դեպքում կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու դեպքում կամ կոչման իջեցում մեկ աստիճանով կարգապահական տույժը եւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված տույժերից որեւէ մեկը մեկ տարվա ընթացքում կիրառելու դեպքում.

6) սույն օրենքով եւ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված սահմանափակումները եւ անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերում՝ համապատասխան եզրակացության հիման վրա.

7) երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում.

8) սույն օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասում սահմանված ժամկետում կամ ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք չբերելու, ինչպես նաեւ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերելու  կամ սույն օրենքի 19-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան կրկնակի ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերելու դեպքում կամ սույն օրենքի 19-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված կարգով կրկնակի ատեստավորման համար չդիմելու դեպքում.

9) պրոբացիայի ծառայողի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.

10) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով ավելի քան 120 օր անընդմեջ, կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ավելի քան 140 օր ծառայության չներկայանալու դեպքում՝ չհաշված հղիության եւ ծննդաբերության, ինչպես նաեւ մինչեւ 3 տարեկան երեխայի խնամքի համար տրամադրված արձակուրդը.

11) հանրային պաշտոններում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում.

12) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու դեպքում.

13) առողջական վիճակի պատճառով՝ ծառայությանը ոչ պիտանի լինելու դեպքում:

2. Երկու տարի անընդմեջ կատարողականի տարեկան գնահատման արդյունքները Կառավարության սահմանած տոկոսից (միավորից) ցածր լինելու դեպքում պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավունք ունի դադարեցնելու պրոբացիայի ծառայողի լիազորությունները:

3. Պրոբացիայի ծառայողի պարտականությունները համարվում են դադարած՝ նրա մահվան կապակցությամբ, որի վերաբերյալ պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը եռօրյա ժամկետում կազմում է համապատասխան ակտ:

4. Պրոբացիայի ծառայողին ծառայությունից ազատում է նրան համապատասխան պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը՝ սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված հիմքերի ի հայտ գալու դեպքում՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքերի:

Հոդված 39. Պրոբացիայի ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելը

1. Պրոբացիայի ծառայողը ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատվում է՝

1) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում՝ այլ պաշտոնի նշանակվելիս.

2) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե պրոբացիայի ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, եւ հաստիքների կրճատումը պայմանավորված է տվյալ կառուցվածքային ստորաբաժանման հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.

3) առողջական վիճակի պատճառով՝ տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում.

4) դատարանի վճռի հիման վրա պրոբացիայի ծառայողին նախկին աշխատանքում վերականգնելու դեպքում:

2. Պրոբացիայի ծառայողին ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատում է նրան համապատասխան պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի ի հայտ գալու դեպքում՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

Հոդված 40. Պրոբացիայի ծառայողի լիազորությունների ժամանակավորապես դադարեցումը

1 Պրոբացիայի ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել ծառայողական քննության ժամանակահատվածում՝ վարձատրության պահպանմամբ, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով՝ նա կխոչընդոտի ծառայողական քննությանը:

2. Պրոբացիայի ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելու դեպքում նրա լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել (կասեցվել) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով:

Հոդված 41. Պրոբացիայի ծառայությունում տարիքային սահմանափակումները

1. Պրոբացիայի ծառայողների համար պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիք է համարվում 55 տարեկանը:

2. Պրոբացիայի ծառայության պետը՝ Նախարարի համաձայնությամբ, պրոբացիայի ծառայողի պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալու դեպքումպրոբացիայի ծառայողի ծառայության ժամկետը երկարաձգում է մինչեւ 5 տարի ժամկետով, եթե առկա չեն պրոբացիայի ծառայության պաշտոն զբաղեցբելու համար խոչընդոտ հանդիսացող օրենքով սահմանված հիմքեր:

3. Պրոբացիայի ծառայությունից ազատումը, սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան, կատարվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարիքը լրանալուց հետո՝ հաջորդ ամսվա 1-ին, եթե պրոբացիայի ծառայողի ծառայության ժամկետը սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով չի երկարաձգվել:

Հոդված 42. Պրոբացիայի ծառայությունից ազատվածներին տրվող վճարումները եւ կենսաթոշակի ապահովումը

1. Պրոբացիայի ծառայությունից ազատվածներին տրվող վճարումները, արտոնությունները, կենսաթոշակի ապահովումը եւ կենսաթոշակ նշանակելու պայմանները, տեսակները, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ տրվող դրամական օգնությունը եւ վճարումները, ծառայության ստաժի հաշվարկման կարգը, ինչպես նաեւ սոցիալական ապահովության հետ կապված մյուս հարաբերությունները սահմանվում են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով:

Հոդված 43. Պրոբացիայի ծառայության կադրերի ռեզերվը

1. Պրոբացիայի ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատված ծառայողները: Պրոբացիայի ծառայության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կադրերի ռեզերվում չեն գրանցվում:

2. Պրոբացիայի ծառայության կադրերի ռեզերվում ծառայողի մեկանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը 6 ամիս է, սակայն ոչ ավելի, քան մինչեւ ծառայողի պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը լրանալը:

3. Պրոբացիայի ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու առաջին երեք ամիսների համար ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Այն դեպքում, երբ պրոբացիայի ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում ծառայողն անձնական նախաձեռնությամբ ազատվում է պրոբացիայի ծառայությունից, ապա պրոբացիայի ծառայողի վարձատրությունն իրականացվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակաշրջանին համապատասխան:

4. Պրոբացիայի ծառայության կադրերի ռեզերվը վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 13

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

Հոդված 44. Վեճերի լուծման համար դիմելու կարգը եւ ժամկետները

1. Ծառայությունում փոխադրվելու, պաշտոնը կամ կոչումը իջեցվելու, կարգապահական տույժի ենթարկվելու դեպքում պրոբացիայի ծառայողը կարող է վերադասության կամ դատական կարգով, իսկ ծառայությունից ազատվելու հետ չհամաձայնվելու դեպքում դատական կարգով բողոքարկել այդ իրավական ակտը՝ դրան ստորագրությամբ ծանոթանալու օրվանից հետո՝ երկամսյա ժամկետում:

Հոդված 45. Ծառայության կամ պաշտոնում վերականգնումը

1. Ծառայությունից կամ պաշտոնից անհիմն կամ անօրինական ազատված կամ փոխադրված պրոբացիայի ծառայողը ենթակա է իր ծառայությունում կամ պաշտոնում վերականգնման: Անհիմն կամ անօրինական իջեցված կոչումը ենթակա է վերականգնման:

Հոդված 46. Կոչումի շնորհումը եւ ծառայության ժամկետի հաշվարկը ծառայության վերականգնումից հետո

1. Ծառայությունից անօրինական ազատված եւ հետագայում վերականգնված ծառայողի անընդմեջ ծառայության ստաժում, հերթական կոչում շնորհելու ժամկետում, տոկոսային հավելավճարը հաշվարկելիս եւ կենսաթոշակ նշանակելիս հաշվարկվում է նաեւ անօրինական ազատումից մինչեւ վերականգնումն ընկած ժամանակահատվածը:

2. Ծառայությունից անօրինական ազատված, պաշտոնը կամ կոչումն իջեցված ծառայողներին մինչեւ դրանց վերականգնումն ընկած հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար տրվում է դրամական փոխհատուցում՝ նրան չվճարված միջին աշխատավարձի չափով՝ բացառությամբ կադրերի ռեզերվում գտնված ժամանակահատվածում ստացած վարձատրության:

3. Պրոբացիայի այն ծառայողներին, ովքեր ազատման պահից մինչեւ վերականգնվելն աշխատել են այլ կազմակերպություններում կամ զբաղվել են ձեռնարկատիրական գործունեությամբ, ստանում են հատուցում, եթե այդ աշխատանքից կամ գործունեությունից ստացած ամսական եկամուտը ավելի քիչ է, քան նախկինում զբաղեցրած պաշտոնին համապատասխանող պաշտոնային դրույքաչափը: Հատուցումը վճարվում է նրանց՝ ծառայությունում զբաղեցրած վերջին պաշտոնի պաշտոնեական դրույքաչափի եւ ծառայությունից ազատված ժամանակահատվածում ստացած ամսական եկամտի միջեւ եղած դրական տարբերության չափով:

ԳԼՈՒԽ 14

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂԻ ԷԹԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԵՎ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ

Հոդված 47. Պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովը

1. Պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովը բաղկացած է 7 անդամից: Հանձնաժողովի կազմում են Պրոբացիայի ծառայության պետի տեղակալներից մեկը՝ ծառայության պետի որոշմամբ, ծառայության մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներից 3 ծառայող՝ ծառայության պետի որոշմամբ, եւ Նախարարի նշանակած 3 ներկայացուցիչ: Էթիկայի հանձնաժողովի անդամները նշանակվում են առավելագույնը 3 տարի ժամկետով: Հանձնաժողովում նոր անդամների նշանակումները սույն հոդվածի սույն մասով սահմանված կարգով կատարվում են հանձնաժողովի գործող անդամների լիազորությունները դադարելու օրվան նախորդող օրը:

2. Էթիկայի հանձնաժողովը նախագահում է հանձնաժողովի կազմում ընդգրկված ծառայության պետի տեղակալը: Հանձնաժողովի նախագահը կատարում է աշխատանքների բաշխում հանձնաժողովի անդամների միջեւ:

3. Էթիկայի հանձնաժողովը որոշումներն ընդունում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ՝ բաց քվեարկությամբ: Հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում քննարկան դրված հարցը համարվում է մերժված:

Հոդված 48. Պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովի գործունեությունը

1. Պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովն աշխատանքները կազմակերպում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համապատասխան սահմանված ծառայողական քննության կարգին համապատասխան, այնքանով որքանով (mutatis mutandis) կարգի դրույթները կիրառելի են պրոբացիայի ծառայության նկատմամբ:

2. Հանձնաժողովը ծառայողական քննության վերաբերյալ եզրակացություն ընդունում է՝ գումարելով հանձնաժողովի նիստ: Նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է էթիկայի հանձնաժողովի առնվազն հինգ անդամ:

3. Պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովն անհամատեղելիության պահանջների եւ այլ սահմանափակումների, ինչպես նաեւ վարքագծի ուղենիշային սկզբունքների եւ դրանցից բխող վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն եւ մեթոդական աջակցություն ստանալու համար կարող է դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

4. Էթիկայի հանձնաժողովը հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների, ինչպես նաեւ շահերի բախման իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված առաջարկություններ է ներկայացնում համապատասխան պաշտոնատար անձին:

Հոդված 49. Պատասխանատվության առանձնահատկությունները պրոբացիայի ծառայողի վարքագծի կանոնները խախտելու, հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու, շահերի բախման կանոնները խախտելու դեպքերում

1. Պրոբացիայի ծառայողների էթիկայի հանձնաժողովը ծառայողական քննության արդյունքով ընդունած եզրակացությունն անմիջապես ուղարկում է ծառայողական քննության կողմերին եւ տվյալ ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին:

2. Պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը եզրակացությունը ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, քննարկում է եզրակացությունը եւ արդյունքների մասին ընդունում որոշում:

Հոդված 50. Բարեվարքության հարցերով կազմակերպիչը

1. Պրոբացիայի ծառայության անձնակազմի կառավարման գործառույթ իրականացնող ստորաբաժանումում նախատեսվում է բարեվարքության հարցերով կազմակերպչի քաղաքացիական ծառայության պաշտոն:

2. Բարեվարքության հարցերով կազմակերպիչը՝

1) պրոբացիայի ծառայողներին տրամադրում է անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն, ներկայացնում շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ առաջարկություն.

2) իրականացնում է բարեվարքության հարցերով վերապատրաստման կարիքների բացահայտում եւ վերապատրաստման ծրագրերի, ինչպես նաեւ բարեվարքության պահանջների պահպանմանն ուղղված այլ ծրագրերի մշակում.

3) էթիկայի հանձնաժողովի պահանջով կատարում է բարեվարքության համակարգին առնչվող ուսումնասիրություններ.

5) վարում է պրոբացիայի ծառայողների կողմից անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների եւ շահերի բախման, նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վիճակագրություն եւ նվերների ընդունման սահմանափակումների խախտման դեպքերի վերաբերյալ սահմանված կարգով տեղեկություններ է տրամադրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին.

6) պրոբացիայի ծառայողներին տրամադրում է իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման կապակցությամբ նվերների ստացման իրավիճակի լուծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ խորհրդատվական կարծիք:

ԳԼՈՒԽ 14

ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐ ԳՈՐԾԱԴՐԵԼԸ

Հոդված 51. Ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ գործադրելու իրավունքը

1. Պրոբացիայի ծառայողը իրավունք ունի գործադրելու ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ՝ իրեն ցույց տրված դիմադրությունը կամ ծառայողական պարտականությունների կատարման կապակցությամբ իր վրա կատարված հարձակումը կանխելու դեպքում:

2. Արգելվում է հատուկ միջոցների գործադրումը հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամների եւ անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու եւ պրոբացիայի ծառայողի կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:

3. Պրոբացիայի ծառայողների կողմից գործադրվող հատուկ միջոցների ցանկը սահմանում է Կառավարությունը:

Հոդված 52. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ գործադրելու պայմաններն ու սահմանները

1. Պրոբացիայի ծառայողը, սույն օրենքի 51-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում եւ կարգով, իրավունք ունի գործադրելու ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ, եթե այլ միջոցները չեն ապահովում նրա վրա դրված պարտականությունների կատարումը:

2. Ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոցներ գործադրելիս պրոբացիայի ծառայողը պարտավոր է՝

1) նախազգուշացնել դրանք գործադրելու մտադրության մասին՝ անձին բավարար ժամանակ տրամադրելով իր պահանջների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է ստեղծում պրոբացիայի ծառայողի կյանքի կամ առողջության համար.

2) դրանք գործադրել իրավախախտման կամ դիմադրության վտանգավորության բնույթին եւ աստիճանին համաչափ.

3) մարմնական վնասվածքներ ստացած անձանց ցույց տալ առաջին օգնություն:

3. Ֆիզիկական ուժի եւ հատուկ միջոցների գործադրման դեպքում պրոբացիայի ծառայողը անմիջապես զեկուցում է վերադասության կարգով:

4. Ֆիզիկական ուժի եւ հատուկ միջոցների գործադրման հետեւանքով առաջացած մարմնական վնասվածքների, մահվան բոլոր դեպքերի մասին պրոբացիայի ծառայության պետը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն անմիջապես տեղյակ է պահում առողջապահության եւ դատախազության համապատասխան մարմիններին:

4. Ֆիզիկական ուժը եւ հատուկ միջոցները՝ լիազորությունները գերազանցելով գործադրելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

ԳԼՈՒԽ 15

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 53. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

Հոդված 54. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունելը

1. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում:

Հոդված 55. Պրոբացիայի ծառայողների առաջին կատարողականի գնահատումը

1. Պրոբացիայի ծառայողների առաջին կատարողականի գնահատումն իրականացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամիս հետո:

Հոդված 56. Նախկինում կիրառված կարգապահական տույժերը հաշվի առնելը

1. Պրոբացիայի ծառայողների նկատմամբ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կիրառված կարգապահական տույժերը պահպանվում են:

2. Պրոբացիայի ծառայողին սույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի  հիմքով ծառայությունից ազատելիս հաշվի են առնվում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը նրա նկատմամբ կիրառված եւ սահմանված կարգով չմարված կարգապահական տույժերը:

Հոդված 57. Նախկինում շնորհված կոչումները եւ դասային աստիճանները

1. Պրոբացիայի ծառայությունում ծառայողներին նախկինում շնորհված կոչումները եւ դասային աստիճանները, անկախ նրանց զբաղեցրած պաշտոններից, համապատասխանեցվում են սույն օրենքով սահմանված կոչումներին: Դասային աստիճան (կոչում) չունեցող ծառայողներին սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում շնորհվում է զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված նվազագույն կոչումը:

Հոդված 58. Պրոբացիայի ծառայության ստաժի հաշվարկը

1. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը պրոբացիայի ծառայողների, կամ ազատազրկման հետ կապված կամ ազատազրկման հետ չկապված պատիժներ կատարած կամ դրանց իրականացման նկատմամբ վերահսկողություն իրականացրած ծառայողների եւ աշխատակիցների աշխատանքային ստաժը հաշվարկվում է պրոբացիայի ծառայության ստաժի մեջ:

Հոդված 59. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության քաղաքացիական ծառայողներին պրոբացիայի ծառայողներ համարելը եւ ատեստացիան

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կառուցվածքային ստորաբաժանումներում ծառայող Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության քաղաքացիական ծառայողները համարվում են պրոբացիայի ծառայողներ եւ նշանակվում են իրենց զբաղեցրած պաշտոնին համապատասխան պրոբացիայի ծառայության պաշտոնի եւ ենթակա են ատեստավորման պրոբացիայի ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցրած ծառայողների համար սահմանված կարգով եւ ժամկետներում:

Հոդված 60. Պրոբացիայի ծառայության ծառայողների աշխատավարձի պահպանումը

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության քաղաքացիական ծառայողները  պրոբացիայի ծառայության համապատասխան պաշտոնի նշանակվելիս չեն կարող ստանալ ավելի ցածր աշխատավարձ այն աշխատավարձի չափից, որը ստացել են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց առաջ:

Հոդված 61. Պրոբացիայի ծառայության էթիկայի հանձնաժողովի առաջին կազմը

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ձեւավորվող պրոբացիայի ծառայության էթիկայի հանձնաժողովի առաջին կազմում ծառայության մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներից 3 ծառայողները եւ Նախարարի նշանակած 3 ներկայացուցիչները կազմում ընդգրկվում են մեկ, երկու եւ երեք տարի ժամկետներով, նշանակող պածտոնատար անձի որոշմամբ: