Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-7561-05.12.2005-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» (18 հունվարի 2005 թվականի, ՀՕ-62-Ն), Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) հոդված 8-ի երկրորդ մասը լրացնել նոր՝ «5» կետով.

«5) անկախ բարձրագույն ուսումնական հաստատության սեփականության ձեւից՝ հայոց լեզու եւ հայ ժողովրդի պատմություն առարկաների ուսուցումը առնվազն երկու կիսամյակի ընթացքում, որոնք ավարտվում են ստուգարքով կամ քննությամբ։»

Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Ներկայացված օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին տարիների ընթացքում կրթության բնագավառում պատշաճ չի իրականցվում հայոց լեզվի եւ հայագիտական առարկաների ուսուցումը, ինչի հետեւանքով նվազել է այդ առարկաների ուսուցման մակարդակը, հետեւաբար նաեւ, սովորողներին տրվող գիտելիքների խորությունը։

Առաջարկվող լրացումները կնպաստեն, որպեսզի հայոց լեզուն եւ հայագիտական առարկաները չանտեսվեն ուսուցման համապատասխան ծրագրերից։