Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-675-09.10.2023-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զենքի շրջանառության կարգավորման մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-368-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 1-ին հոդվածը «ծառայողական» բառը հանել:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Հոդված 2. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) ռազմական նշանակության արտադրանք՝ զենք, ռազմամթերք, ռազմական տեխնիկա, ռազմական նշանակության գույք, ռազմական աշխատանքներ եւ ծառայություններ, ռազմական, կրթական, ռազմատեխնիկական կամ ռազմակիրառական գիտական կամ ռազմական նշանակության համար կիրառվող տեղեկատվություն, մտավոր գործունեության արդյունքներ, ներառյալ դրանց նկատմամբ բացառիկ իրավունքները (մտավոր սեփականություն).

2) զենք՝ սարք կամ առարկա, որը նախատեսված է կենդանի կամ այլ նշանակետ խոցելու, վնասազերծելու կամ ազդանշան արձակելու համար: Զենք չեն համարվում արտաքին տեսքով կամ կառուցվածքով զենքին նմանվող առարկաները, սարքերը կամ գործիքները, որոնք ունեն արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային եւ դեկորատիվ նշանակություն.

3) ձեռքի հրաձգային զենք՝ (այսուհետ՝ հրազեն)՝ վառոդի կամ այլ լիցքի էներգիայի հաշվին (ուղղորդված շարժում ստացած նետվող առարկայի միջոցով) տարածության վրա գտնվող կենդանի կամ այլ նշանակետի մեխանիկական խոցման համար նախատեսված զենք, որի հիմնական բաղկացուցիչ մասերն են փողը, իրանը, փողատուփը, թմբուկը, փակաղակը, հարվածային մեխանիզմը:

4) կարճ ակոսափող հրազեն՝ 300 մմ-ից պակաս երկարություն ունեցող ակոսափող եւ 800 մմ-ից պակաս ընդհանուր երկարություն ունեցող հրազեն.

5) ողորկափող հրազեն՝ հրազեն, որն ունի միայն ողորկ անցուղով փող կամ փողեր.

6) ակոսափող հրազեն՝ հրազեն, որն ունի միայն ակոսավոր անցուղով փող կամ փողեր.

7) սառը զենք՝ կտրող, ծակող, ջարդող սարք, որը նախատեսված է մարդու մկանային ուժի օգնությամբ անմիջական շփման դեպքում կենդանի կամ այլ նշանակետ խոցելու եւ վնասազերծելու համար.

8) նետողական զենք՝ սարք, որը նախատեսված է մարդու մկանային ուժի կամ մեխանիկական սարքի օգնությամբ նպատակաուղղված շարժում ստացող՝ նետման համար հարմարեցված առարկաների (այսուհետ՝ նետվող հարմարանք) միջոցով հեռավորության վրա գտնվող մարդուն կամ այլ կենդանի կամ այլ նշանակետ խոցելու եւ վնասազերծելու համար.

9) օդաճնշիչ զենք՝ սարք, որը նախատեսված է սեղմված օդի կամ գազային նյութի էներգիայի հաշվին նետվող հարմարանքին 7,5 ջոուլ եւ դրանից ավել փողային էներգիա ու նպատակաուղված շարժում հաղորդելու միջոցով կենդանի կամ այլ նշանակետ խոցելու եւ վնասազերծելու համար.

10) Օդաճնշիչ սարք՝ սարք, որը նախատեսված է սեղմված օդի կամ գազային նյութի էներգիայի հաշվին նետվող հարմարանքին մինչեւ 7,5 ջոուլ փողային էներգիա ու նպատակաուղված շարժում հաղորդելու միջոցով նշանակետ խոցելու համար.

11) ռազմամթերք՝ նշանակետը խոցելու համար նախատեսված առարկաներ, սարքեր եւ նետվող հարմարանքներ, որոնք պարունակում են պայթուցիկ, նետողական, հրատեխնիկական, արտամղիչ լիցքեր, կամ դրանց համակցություն: 12) փամփուշտ՝ զենքից կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկվող միջոց (հրապատիճ), նետողական լիցք (վառոդ) եւ նետվող հարմարանք (գնդակ, կոտորակ եւ այլն).

13) զենքի շրջանառություն՝ զենքի արտադրություն, առեւտուր, վաճառք, հարդարում, նորոգում, փոխանցում, ձեռքբերում, հավաքածուների կազմում եւ դրանց ցուցադրում, հաշվառում, պահպանում, պահում, կրում, տեղափոխում (փոխադրում), օգտագործում, նվիրատվություն, ժառանգում, ոչնչացում, ներկրում Հայաստանի Հանրապետության տարածք եւ արտահանում Հայաստանի Հանրապետությունից (այսուհետ համապատասխանաբար՝ ներկրում եւ արտահանում), տարանցիկ փոխադրում եւ առեւտրի միջնորդական գործունեություն.

14) զենքի արտադրություն՝ լիցենզիայի հիմքով՝ արտադրական գործընթացում զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի, փամփուշտների եւ ռազմամթերքի հետազոտություն, մշակում, նորոգում, փորձարկում, պատրաստում, հավաքում, ռազմամթերքի, փամփուշտների, պարկուճների, դրանց բաղադրիչ մասերի պատրաստում.

15) զենքով պարգեւատրում՝ սույն օրենքով սահմանված անձանց կողմից օրենքով վերապահված իրենց լիազորությունների շրջանակում սահմանված կարգով տրվող խրախուսանքի տեսակ.

16) զենքի պարագաներ՝ զենքի կոթը, նշանոցը, պահեստատուփը, մաքրման հարմարանքները, բոցամարիչի եւ փողաբերանի արգելակի փողհատուցիչի տեսակները կամ այն լրասարքը, որը նախագծված կամ հարմարեցված է զենքը տեղադրելու, փոխադրելու կամ զենքին կցելու, ամրացնելու միջոցով օպտիկական, գիշերային կամ ջերմատեսիլ սարքի միջոցով զենքի նշանառության հնարավորությունները բարելավելու համար: Զենքի պարագա է համարվում նաեւ զենքի ցանկացած այլ լրասարք, որը չի համարվում զենքի հիմնական բաղկացուցիչ մաս կամ չի փոխարինում դրան.

17) զենք պահել՝ զենքին տիրապետում՝ զենք պահելու եւ կրելու թույլտվություն ունեցող ֆիզիկական անձի մշտական կամ ժամանակավոր բնակության վայրում, զենք պահելու եւ օգտագործելու թույլտվություն ունեցող իրավաբանական անձի գտնվելու վայրում՝ զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների պահպանմամբ.

18) զենք կրել՝ պահելու համար նախատեսված տարածքից դուրս, առանց տեղափոխելու կանոնների կիրառմամբ, զենքի տեղաշարժն անձի վրա ամրացված, կախված, պայուսակում կամ գրպանում դրված կամ ձեռքում բռնած վիճակում, իսկ նետողական զենքի դեպքում՝ նետման համար նախատեսված եւ դրա վրա տեղադրված նետվող հարմարանքով.

19) զենք տեղափոխել (փոխադրել)՝ պահելու համար նախատեսված տարածքից դուրս զենքի տեղաշարժը լիցքաթափված վիճակում, ապահովիչ դետալը փակ, առանձնացված կամ դատարկ (առանց փամփուշտ) պահեստատուփով, ծածկաշապիկով կամ պատյանով կամ տեղափոխման համար նախատեսված գործարանային այլ տարայով, նետողական զենքի դեպքում՝ փաթեթավորված եւ անձի վրա չամրացված վիճակում, իսկ նետվող հարմարանքը պետք է լինի առանձնացված.

20) ուսումնական զենք՝ ուսումնական նպատակների համար օգտագործվող սարք կամ առարկա, որը հնարավոր չէ վերանորոգելով դարձնել կրակելու համար պիտանի, ուսումնական զենքի նմանակ կարող է հանդիսանալ նաեւ մալած զենքը.

21) զենքի նորոգում՝ զենքի հիմնական մասերը կամ այլ դետալները փոխելու կամ վերանորոգելու միջոցով զենքն աշխատունակ դարձնելը, որի դեպքում զենքի մարտավարատեխնիկական բնութագրերը չեն փոխվում.

22) զենքի հարդարում՝ զենքի գեղարվեստական ձեւավորում, որի դեպքում զենքի դետալները եւ մարտավարատեխնիկական բնութագրերը չեն փոխվում.

23) զենքի հավաքածու՝ ընտրված զենքերի ամբողջություն, որը կարող է ունենա սիրողական, ճանաչողական, պատմական, գիտական, գեղարվեստական, մշակութային եւ տեղեկատվական նշանակություն.

24) մալած զենք՝ կրակելու համար ոչ պիտանի դարձրած զենք.

25) զենքի հաշվառման միասնական էլեկտրոնային շտեմարան՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի լիազոր մարմնի կողմից վարվող՝ շրջանառվող քաղաքացիական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի եւ փամփուշտների հաշվառման էլեկտրոնային տեղեկատվական համակարգ.

26) գազային զենք՝ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան՝ արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով լիցքավորված փամփուշտներով ատրճանակի կամ ռեւոլվերի նմանվող սարք, դրանց փամփուշտնեը կամ փչող (ցրող) սարք, որը նախատեսված է կենդանի կամ այլ նշանակետ ժամանակավորապես վնասազերծելու համար.

27) գազային փամփուշտ՝ կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկվող միջոցը (հրապատիճը), նետողական լիցքը, խցանը եւ Կառավարության սահմանած՝ օգտագործման թույլատրված արցունքաբեր կամ գրգռիչ նյութը, որը նախատեսված չէ մարդուն մահ պատճառելու համար.

28) լուսաձայնային փամփուշտ՝ կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկվող միջոցը (հրապատիճը) եւ լուսաձայնային գործողության լիցքը, որը նախատեսված չէ կենդանի կամ այլ նշանակետ խոցելու համար.

29) ուսումնական փամփուշտ՝ ուսումնական նպատակների համար օգտագործվող համասարք՝ բաղկացած պարկուճից եւ բռնկվող լիցքից նետվող առարկայից, որը պատրաստված է բնօրինակի չափերին եւ կառուցվածքին համապատասխան, եւ որի պարկուճի մեջ բացակայում է նետողական լիցքը, կամ այն փոխարինված է նույն կշռով այլ՝ ոչ այրվող նյութով, իսկ բռնկվող միջոցը (հրապատիճը) վնասված (կրակված) է: Ուսումնական փամփուշտի պարկուճի վրա պետք լինեն տարբերակիչ սեղմվածքներ:

30) անգնդակ փամփուշտ՝ միայն ուսումնական, վարժանքային կամ ազդանշանային կրակոցներ կատարելու նպատակով օգտագործվող համասարք, որը նախատեսված չէ կենդանի կամ այլ նշանակետի խոցման համար, եւ որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկվող միջոցը (հրապատիճը), նետողական լիցքը, եւ որի կազմի մեջ բացակայում է նետվող առարկան, կամ առկա է հեշտ ոչնչացվող նյութից (պոլիմեր, թուղթ) փոխարինողը.

31) պայթուցիկ նյութ՝ արտաքին ազդեցության պայմաններում պայթելու ունակ քիմիական նյութ կամ նյութերի խառնուրդ.

32) պայթեցման սարք՝ հատուկ պատրաստված եւ որոշակի պայմաններում պայթելու ունակ ցանկացած սարք.

33) ազդանշանային զենք՝ սարք, որը նախատեսված է անգնդակ փամփուշտով լուսային, ծխային կամ ձայնային ազդանշան արձակելու համար.

34) ազդանշանային փամփուշտ՝ զենքից կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկվող միջոցը (հրապատիճը), նետողական լիցքը եւ նետվող լիցքը՝ լուսային, ձայնային կամ ծխային ազդանշան տալու համար, որը նախատեսված չէ կենդանի կամ այլ նշանակետի խոցման համար.

35) վառոդ՝ տարբեր բաղադրամասերից բաղկացած պայթուցիկ խառնուրդ, որը կարող է այրվել ըստ իր շերտերի զուգահեռության՝ առանց արտաքին միջավայրից թթվածնի ներթափանցման: Վառոդի՝ ըստ շերտերի զուգահեռության այրումը, որը չի վերածվում պայթյունի, այլ առաջ է բերում կայուն գազագոյացություն, հնարավորություն է տալիս կանոնավորելու գազագոյացման արագությունը.

36) էլեկտրահարող սարք՝ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան՝ ատրճանակի նմանվող սարք, կայծային պարպիչ եւ այլ կրովի էլեկտրահարող սարք, որոնք նախատեսված են կենդանի նշանակետը ժամանակավորապես վնասազերծելու համար.

37) սահմանափակ խոցելիությամբ (վնասվածքային) հրազեն` կարճափող զենք եւ անփող զենք՝ նախատեսված վնասվածքային գործողության փամփուշտի, վառոդի կամ այլ լիցքի էներգիայի հաշվին ուղղորդված շարժում ստացած արկի միջոցով տարածության վրա գտնվող կենդանի նշանակետի մեխանիկական խոցման՝ վնասազերծման համար, որը նախատեսված չէ մահ պատճառելու համար.

38) վնասվածքային գործողության փամփուշտ՝ ողորկափող հրազենից կամ սահմանափակ խոցելիությամբ (վնասվածքային) հրազենից կրակելու համար նախատեսված համասարք, որը պարկուճի միջոցով մեկ ամբողջության մեջ ներառում է բռնկվող միջոցը (հրապատիճը), նետողական լիցքը եւ վնասվածքային գործողության նետվող առարկան, որը նախատեսված չէ մարդուն մահ պատճառելու համար.

39) հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձինք՝ կազմակերպություններ, որոնք օրենսդրությամբ սահմանված կարգով կատարում են այնպիսի գործառույթներ, որոնք կապված են զենք օգտագործելու կամ գործադրելու հետ.

40) պետական ռազմականացված կազմակերպություններ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի հարկային եւ մաքսային մարմիններ, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտե, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե, Հայաստանի Հանրապետության դատախազություն, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայություն, պետական սուրհանդակային ծառայություն.

41) հրաձգարան` իրավաբանական անձանց պատկանող շինություն, տարածք կամ հողատարածք (այսուհետ՝ տարածք), որը հարմարեցված է հրաձգության համար: Հրաձգարանները կարող են լինել բաց, կիսափակ եւ փակ.

42) հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարան` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի լիազոր մարմնի կողմից վարվող` Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված չբացահայտված հանցագործությունների դեպքի վայրերից վերցված (հայտնաբերված) ակոսափող հրազեններից կրակված պարկուճների, գնդակների եւ զենքի հետքեր ունեցող փամփուշտների, Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառվող ակոսափող զենքի (մինչեւ 12,7 մմ տրամաչափի), ինչպես նաեւ առգրավված, հայտնաբերված, կամավոր հանձնված, կորած (հափշտակված) զենքերի ձգաբանական հետազոտման ենթարկված եւ նմուշառված` գնդակների, պարկուճների հավաքածու, որտեղ հաշվառումն իրականացվում է բնօրինակներով եւ էլեկտրոնային եղանակով.

43) համապատասխանության գնահատում՝ սույն օրենքի իմաստով՝ հավատարմագրված եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված համապատասխանության գնահատման մարմնի կողմից համապատասխանության հավաստման գործունեության իրականացում, որի արդյունքով տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող քաղաքացիական զենքի փամփուշտների եւ հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի համապատասխանության գնահատման փաստաթղթի տրամադրմամբ հավաստվում է համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (տեխնիկական կանոնակարգով) եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջներին.

44) համապատասխանության սերտիֆիկատ՝ սույն օրենքի իմաստով՝ հավատարմագրված եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված համապատասխանության գնահատման մարմնի տված փաստաթուղթ, որը հավաստում է արտադրանքի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (տեխնիկական կանոնակարգով) եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ընդունված փաստաթղթերով սահմանված պահանջներին:»:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «զենք համարվող հրազենը» բառերը փոխարինել «զենքն իր կառուցվածքով» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Քաղաքացիական զենքի տեսակներն են՝

1) ողորկափող հրազեն, այդ թվում՝ 140 մմ-ից ոչ ավելի երկարության ակոսավոր մասով.

2) համակցված հրազեն, այդ թվում՝ փոփոխվող, ներդրվող ակոսավոր փողով.

3) ակոսափող հրազեն՝ 1500 մմ-ից ոչ ավել երկարություն եւ 12.7 մմ-ից ոչ ավել տրամաչափ ունեցող փողով.

4) կարճ ակոսափող հրազեն.

5) օդաճնշիչ զենք՝ ոչ ավելի, քան 25 ջոուլ փողային էներգիայով.

6) գազային զենք.

7) ազդանշանային զենք.

8) սառը զենք.

9) նետողական զենք»:

Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 5. Քաղաքացիական կարճ ակոսափող հրազենը

1. Քաղաքացիական կարճ ակոսափող հրազենը (այսուհետ՝ Կարճ ակոսափող հրազեն) նախատեսված է պետական մարմինների եւ կազմակերպությունների պաշտոնատար անձանց, պետական ռազմականացված կազմակերպություններում ծառայողների (ծառայածների) կամ հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողների համար, որոնց օրենսդրությամբ թույլատրվում է պահել եւ կրել, պահել եւ օգտագործել այդ զենքը օրենքով նրանց վրա դրված՝ ինքնապաշտպանության, քաղաքացիների կյանքի, առողջության, սեփականության պաշտպանության, շրջակա միջավայրի, բնական պաշարների, արժեքավոր եւ վտանգավոր բեռների, հատուկ թղթակցության պահպանության պարտականությունների կատարման համար:

2. Անձնական օգտագործման համար ընդամենը մեկ միավոր կարճ ակոսափող հրազեն ձեռք բերելու իրավունք ունի պետական ռազմականացված կազմակերպություններում առնվազն 20 տարի զինվորական ծառայության ստաժ ունեցող եւ առնվազն «փոխգնդապետ» զինվորական կոչում ունեցող գործող կամ պահեստազորի սպան.

3. Կարճ ակոսափող հրազենի փամփուշտի գնդակը չի կարող ունենալ կարծր նյութերից բաղկացած միջնաձող:

4. Օրենսդրության համաձայն՝ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձինք իրավունք ունեն ժամանակավոր օգտագործման համար ստանալու կարճ ակոսափող հրազեն՝ Կառավարության սահմանած կարգով:

5. Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց Կարճ ակոսափող հրազենը տրվում է պահելու եւ օգտագործելու, իսկ հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց աշխատողներին` ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ պահելու եւ կրելու իրավունքով:

6 Հրաձգարան գործարկելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց Կարճ ակոսափող հրազեն տրվում է պահելու եւ օգտագործելու իրավունքով:

7. Օրենքով նախատեսված դեպքերում այլ մարմինների ղեկավար աշխատողների եւ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից Կարճ ակոսափող հրազեն օգտագործելու դեպքում այն տրվում է պահելու եւ կրելու իրավունքով:

Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝

«1. Մարտական է համարվում այն զենքը, որը նախատեսված է մարտական ու օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար եւ օրենսդրությանը համապատասխան ընդունված է օգտագործել պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինության մեջ, բացառությամբ քաղաքացիական զենքի: Մարտական զենքը քաղաքացիական զենքից տարբերվում է քաղաքացիական զենքի տեսակների՝ սույն օրենքով սահմանված չափանիշներից եւ կրակահերթով կրակելու հնարավորությամբ:»:

2) 3-րդ մասում «Պետական ռազմականացված կազմակերպություններում» բառերը հանել:

Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «եւ ծառայողական» շաղկապն ու բառը հանել.

2) 1-ին մասի 1-ին կետը «ունակության կորստի» բառերից հետո լրացնել «բացառությամբ կարճ ակոսափող հրազենի» բառերը.

3) 1-ին մասի 2-րդ կետի «ինքնաշեն հրազեն» բառերը փոխարինել «ինքնաշեն զենք» բառերով, «նմանեցված հրազեն» բառերը «նմանեցված զենք» բառերով.

4) 1-ին մասի 5-րդ կետում «սարք» բառը փոխարինել «զենք» բառով.

5) 1-ին մասի 8-րդ կետում «երեք» բառը փոխարինել «մեկ» բառով.

6) 1-ին մասի 12-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«90 մմ-ից ավել երկարության շեղբով կամ սայրով սառը զենք, դանակ կամ դաշույն, որի շեղբը կամ սայրը դուրս է գալիu բռնակից հատուկ կոճակը կամ լծակը սեղմելու միջոցով կամ ծանրության ուժի կամ արագացված շարժման ազդեցությամբ եւ ինքնաբերաբար ամրակցվում, բացառությամբ մշակութային արժեք ունեցող, այդ թվում` պատմական նշանակություն ունեցող սառը զենքի, դանակի կամ դաշույնի, դրանց պատճենների եւ կրկնօրինակների.»:

7) 2-րդ մասի 1-ին կետը «էներգիայով եւ» բառն ու շաղկապը փոխարինել «էներգիայով կամ» բառով եւ շաղկապով.

8) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) քաղաքացիական զենքի վրա անաղմուկ հրաձգության նպատակով կառուցված կամ արտադրված հարմարանքներ տեղադրելը.».

9) 2-րդ մասի 10-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

9) 2-րդ մասի 11-րդ կետում «5000» թիվը փոխարինել «3000» թվով, «հրաձգարանների» բառից հետո լրացնել «եւ ծայրահեղ անհրաժեշտության դեպքերի» բառերը:

Հոդված 8. Օրենքի 8-րդ հոդվածի վերնագրում, 1-ին, 2-րդ մասերում, 3-րդ մասի 2-րդ կետում «եւ ծառայողական» շաղկապը եւ բառը հանել».

Հոդված 9. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «Քաղաքացիական եւ ծառայողական» բառերը փոխարինել «Ռազմական նշանակության արտադրանքի արտադրությունը, Ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրումը եւ առեւտրի միջնորդական գործունեությունը» բառերով.

2) 2-րդ, մասում «Քաղաքացիական եւ ծառայողական» բառերը հանել.

3) 3-րդ մասում «եւ ծառայողական» շաղկապը եւ բառը հանել:

Հոդված 10. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի, 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի, 3-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի «քաղաքացիական եւ ծառայողական» բառերը հանել.

2) 2-րդ մասի «փամփուշտներ» բառը հանել.

3) 3-րդ մասի 8-րդ կետը «մարտական կամ ծառայողական» բառերը հանել.

4) 4-րդ մասի 1-ին կետը «թույլտվություն» բառը փոխարինել «թույլտվություններ» բառով.

5) 5-րդ մասը «քաղաքացիական հրազեն» բառերը փոխարինել «զենք» բառով.

6) 9-րդ մասը «օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «որի ժամանակ ստուգվում է նաեւ քաղաքացու մշտական բնակության վայրում զենքի պահպանման պայմանների առկայությունը» նախադասությունը.

7) 11-րդ մասի 2-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

8) 11-րդ մասի 5-րդ կետը «եզրակացությունը» բառից հետո լրացնել «եթե տվյալ պահին իր անունով հաշվառված զենք չունի» նախադասությունը.

9) 11-րդ մասի 7-րդ կետը «զենքի» բառից առաջ լրացնել «առաջին անգամ զենք ձեռք բերելիս» բառերը:

10) 13-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«13. Թույլտվությունների ժամկետները երկարաձգելիս կամ զենք պահելու եւ կրելու թույլտվություն ունենալու դեպքում նոր զենք ձեռք բերելիս Հայաստանի Հանրապետության քաղաքացին ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին է ներկայացնում միայն սույն հոդվածի 11-րդ մասի 1-ին, 3-րդ, 4-րդ եւ 6-րդ կետերով սահմանված փաստաթղթերը»:

Հոդված 11. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 4-րդ կետում «մյուս» բառը հանել.

2) 1-ին մասի 5-10-րդ կետերը հանել.

3) լրացնել նոր՝ 1.1. մասով հետեւյալ խմբագրությամբ.

«1.1. Թույլտվություններն ուժը կորցրած են ճանաչվում նաեւ հետեւյալ դեպքերում՝

1) ֆիզիկական անձը հաշվառվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում՝ կենցաղային ոլորտում պարբերաբար իրավախախտումներ թույլ տալու կամ ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու համար.

2) ֆիզիկական անձը հաշվառվել է հոգեբուժական կամ նարկոլոգիական հաստատություններում կամ ձեռք է բերել զենքի տիրապետումը խոչընդոտող հիվանդություններ եւ վիճակներ.

3) ֆիզիկական անձը չի անցել սույն օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված բժշկական հետազոտությունը.

4) ֆիզիկական անձը մեկ տարվա ընթացքում երկու անգամ թույլ է տվել հասարակական կամ կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող վարչական իրավախախտում.

5) ֆիզիկական անձը դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, եւ դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, կամ անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով:».

4) 2-րդ մասի «համապատասխան լիցենզիայից» բառերից հետո լրացնել «եւ թույլտվությունից» շաղկապով եւ բառով .

5) 4-րդ մասը «դադարեցման» բառից հետո լրացնել «կասեցման» բառով.

Հոդված 12. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետը «գործողությունները» բառից հետո լրացնել «կասեցվել կամ» բառը եւ շաղկապը.

2) 1-ին մասի 3-րդ կետը «կամ փաշփուշտներ» բառից առաջ լրացնել «հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր» բառերը.

3) 1-ին մասի 5-րդ կետը «քաղաքացիական կամ ծառայողական զենքի կամ որպես պարգեւ տրված» բառերը հանել.

4) 3-րդ մասը «եւ ծառայողական» շաղկապը եւ բառը հանել.

5) 9-րդ մասը «զենքի» բառից հետո լրացնել «հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի» բառերը:

Հոդված 13. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 4-րդ կետում «քաղաքացիական եւ ծառայողական» բառերը հանել,

2) 1-ին մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

3) 2-րդ մասը «զենք» բառից հետո լրացնել «եւ փամփուշտներ» շաղկապը եւ բառը:

Հոդված 14. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 1-ին եւ 2-րդ մասերը «եւ ծառայողական» շաղկապը եւ բառը հանել.

2) 6-րդ մասը «ոստիկանությունից ստացել զենք» բառերից հետո լրացնել «պահելու եւ» բառը եւ շաղկապը, «երեք» բառը փոխարինել «հինգ» բառով:

Հոդված 15. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «զենքի այլ» բառերը փոխարինել «մարտական զենքի» բառերով:

2) 6-րդ մասը «Քննությունից ազատվում է այն քաղաքացին, որը ծառայում է Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպություններում եւ ունի զենք պահելու եւ կրելու իրավունք:» նախադասությունը փոխարինել «Գործնական քննությունից ազատվում են այն քաղաքացիները, որոնք ծառայում են կամ ծառայել են Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպություններում, այդ թվում՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցածները, որոնք ունեն կամ ունեցել են զենք կրելու իրավունք:».

2) 7-րդ մասի 5-րդ կետը «քրեական հետապնդում» բառերից հետո լրացնել «զենքի օգտագործմամբ», իսկ «զենքի օգտագործմամբ» բառերը հանել.

Հոդված 16. Օրենքի 19-րդ հոդվածում՝

1) վերնագրում եւ 1-ին մասում «քաղաքացիական եւ ծառայողական» բառերը հանել.

2) 2-րդ մասը «եւ ծառայողական» շաղկապը եւ բառը հանել:

Հոդված 17. Օրենքի 20-րդ հոդվածում՝

1) Վերնագրում, 1-ին եւ 2-րդ մասերում «քաղաքացիական եւ ծառայողական» բառերը հանել.

2) լրացնել նոր՝ 3-րդ մասով հետեւյալ խմբագրությամբ.

«3. Գիտական կազմակերպությունները զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի, փամփուշտների եւ ռազմամթերքի հետազոտություն, մշակում, փորձարկում իրականացնում են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության սահմանած կարգով՝ առանց զենքի արտադրության լիցենզիայի:»:

Հոդված 18. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) վերնագրում, 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 11-րդ մասերում «եւ ծառայողական» շաղկապը եւ բառը հանել.

2) 4-րդ մասում «մեկ միավոր զենք» բառերից հետո լրացնել «մեկ միավոր հրազենի հիմնական բաղկացուցիչ մաս» բառերը:

2) 8-րդ, մասում «քաղաքացիական եւ ծառայողական» բառերը հանել.

Հոդված 19. Օրենքի 22-րդ հոդվածում՝

1) վերնագրում, 1-ին մասում, 1-ին մասի 1-ին, 9-րդ կետերում, 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերում, 3-րդ, 4-րդ, 5-րդ մասերում «եւ ծառայողական» բառը եւ շաղկապը հանել.

2) 1-ին մասում «իրավունք ունեն» բառերից հետո «քաղաքացիական» բառը հանել.

3) 1-ին մասի 1-ին կետը «սերտիֆիկատ» բառից հետո լրացնել «ակոսափող զենքի դեպքում՝ նաեւ գնդակապարկուճային հաշվառման մասին տեղեկանք» բառերը.

4) 1-ին մասի 2-րդ կետը «զենք ձեռք բերելու թույլտվություն» բառերը փոխարինել «թույլտվությունը» բառով.

5) 1-ին մասի 4-րդ կետում «,ծառայողական» կետադրական նշանը եւ բառը հանել.

6) 1-ին մասի 5-րդ կետում «տվյալները» բառից հետո լրացնել «ակոսափող զենքի դեպքում՝ նաեւ գնդակապարկուճային հաշվառման մասին տեղեկանքի պատճենը» բառերը, «ոստիկանությունից» բառից հետո լրացնել «զենք պահելու եւ կրելու կամ պահելու եւ օգտագործելու» բառերը.

7) 1-ին մասի 6-րդ կետում «տրամադրել» բառից հետո լրացնել «կամ վաճառել փամփուշտներ» բառերը», «տրամադրած՝» բառից հետո լրացնել «համապատասխան» բառը, լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ. «հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր վաճառել հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու թույլտվության առկայության դեպքում.».

8) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝

«քաղաքացիական զենք վաճառելը տվյալ տեսակի զենք ձեռք բերելու թույլտվություն չներկայացրած, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր վաճառելը՝ հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու թույլտվություն չներկայացրած, փամփուշտներ վաճառելը՝ տվյալ տեսակի զենք պահելու եւ կրելու կամ պահելու եւ օգտագործելու թույլտվություն չներկայացրած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց.».

Հոդված 20. Օրենքի 23-րդ հոդվածում՝

1) վերնագրում, 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ մասերում «եւ ծառայողական» բառը եւ շաղկապը հանել.

2) 1-ին մասում «նորոգելու իրավունք ունեն» բառերից հետո «քաղաքացիական» բառը հանել.

3) 2-րդ, 3-րդ մասերում «քաղաքացիական» բառը հանել.

Հոդված 21. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «իսկ քաղաքացիական» բառից հետո «եւ ծառայողական» շաղկապը եւ բառը հանել, «զենքը վաճառելու» բառերից հետո «քաղաքացիական եւ ծառայողական» բառերը հանել, «առեւտրի» բառից առաջ լրացնել «քաղաքացիական զենքի» բառերը.

2) 2-րդ մասը «մարտական եւ ծառայողական» բառերը հանել:

Հոդված 22. Օրենքի 25-րդ հոդվածում՝

1) Վերնագրում, 1-ին մասում «եւ ծառայողական» շաղկապը եւ բառը հանել, «դրանց» բառը հանել:

2) 9-րդ մասում «փամփուշտների» բառից հետո լրացնել «վերալիցքավորումը եւ» բառը եւ շաղկապը.

3) 10-րդ մասում «Քաղաքացիական եւ ծառայողական» բառերը հանել, «փամփուշտների» բառից հետո լրացնել «վերալիցքավորում եւ» բառը եւ շաղկապը:

Հոդված 23. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 24. Օրենքի 28-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը «21» թիվը փոխարինել «18» թվով.

1) 5-րդ մասը «համապատասխան պետական մարմինների» բառերը փոխարինել «պետական ռազմականացված կազմակերպությունների» բառերով:

2) 16-րդ մասի 2-րդ կետը, 21-րդ մասը «եւ ծառայողական» շաղկապը եւ բառը հանել:

Հոդված 25. Օրենքի 29-րդ հոդվածի վերնագրում, 1-ին, 3-րդ մասերում «եւ ծառայողական» շաղկապը եւ բառը հանել:

Հոդված 26. Օրենքի 31-րդ հոդվածում՝

1) 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ մասերը «եւ ծառայողական» շաղկապը եւ բառը հանել:

2) 3-րդ մասը «համաձայն» բառից հետո լրացնել «, որից հետո ֆիզիկական կամ իրավաբանական անձին տրվում է համապատասխան տեղեկանք՝ զենքի հաշվառման վերաբերյալ» նախադասությունը.

3) 8-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«8. Չհաշվառված քաղաքացիական զենքերը քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին կամովին ներկայացվելու դեպքում, համապատասխան քրեադատավարական ընթացակարգով անցնելուց եւ վարույթ իրականացնող մարմնի կողմից քրեական վարույթը կարճելու վերաբերյալ որոշում կայացվելուց եւ օրենքով սահմանված կարգով զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը զենքը հաշվառում եւ տրամադրում է քաղաքացուն՝ զենք պահելու եւ կրելու իրավունքով:»:

4) 12-րդ մասը «եւ քաղաքացին դրանք առանց թույլտվության կարող է ձեռք բերել միայն քաղաքացիական եւ ծառայողական զենքի առեւտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձանցից:» նախադասությունը փոխարինել «եւ դրանք վաճառելու իրավունք ունեն միայն քաղաքացիական զենքի առեւտրի լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք:» նախադասությամբ:

Հոդված 27. Օրենքի 32-րդ հոդվածում՝

1) 1-ին եւ 3-րդ մասերը «եւ ծառայողական» շաղկապը եւ բառը հանել.

2) 3-րդ մասի 2-րդ կետը «մեկ» բառից հետո լրացնել «անգամ» բառով.

3) 3-րդ մասի 3-րդ կետը «մեկ» բառից հետո լրացնել «անգամ» բառով:

Հոդված 28. Օրենքի 33-րդ հոդվածում՝

1) 5-րդմասը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Ակոսափող հրազենի համար նախատեսված բաց, կիսափակ եւ փակ հրաձգարանները պետք է սարքավորվեն անվտանգության կանոններին համապատասխան: Բաց հրաձգարանը պետք է ունենա նաեւ գնդակի արգելակման խոչընդոտներ: Բաց հրաձգարանի կրակագծից՝ կրակ բացելու ուղղությամբ մինչեւ բնակելի, պետական, հասարակական եւ արտադրական շինություններ պետք է լինի առնվազն 3000 մետր, իսկ կիսաբաց հրաձգարանների դեպքում հատակագծային սահմանից մինչեւ բնակավայր, բնակելի, պետական, հասարակական եւ արտադրական շինություններ՝ առնվազն 300 մետր հեռավորություն:»:

2) 10-րդ մասի «ուսումնական, սիրողական, սպորտային վարժանքների, հրաձգության եւ տակտիկական պարապմունքների, մրցումների անցկացման պահանջները» բառերը հանել:

3) լրացնել նոր՝ 11-րդ մաս հետեւյալ խմբագրությամբ.

«11. Արգելվում է կառուցել, նախագծել բաց հրաձգարանի կրակագծից՝ կրակ բացելու ուղղությամբ մինչեւ բնակավայր, բնակելի, պետական, հասարակական եւ արտադրական շինություններ առնվազն 3000 մետր, իսկ կիսաբաց հրաձգարանների դեպքում հատակագծային սահմանից մինչեւ բնակավայր, բնակելի, պետական, հասարակական եւ արտադրական շինություններ՝ առնվազն 300 մետր հեռավորությամբ: Հրաձգարանների վրայով քաղաքացիական ավիացիայի անվտանգ թռիչքների նորմերը սահմանում է քաղաքացիական ավիացիայի ոլորտում պետական կառավարման լիազոր մարմինը:»:

Հոդված 29. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերում փոփոխություններն ուժի մեջ են մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԻՆԿԱՍԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Օրենսդրական նախաձեռնության խնդիրները եւ նպատակները.

2022 թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց, իսկ 2022 թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրվեց «Զենքի շրջանառության կարգավորման» մասին օրենքը, որը նախատեսվում է պաշտոնապես ուժի մեջ է մտնել 2023 թ. հունիսի 1-ից եւ իրենից ներկայացնում է հասարակական հարաբերությունների կարգավորման եւ անվտանգային համակարգի զարգացման կարեւոր ձեռքբերումներից մեկը:

2022 թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետի N 1562-Ա որոշմամբ հաստատվեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» եվ «լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» օրենքների կիրառկումն ապահովող միջոցառումները, որտեղ Օրենսդիրը աշխատանքային կարգով աջակցեց այդ միջոցառումներին: Այդ ընթացքում եւ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, կրկին խորքային ուսումնասիրվեցին նոր օրենսդրության մի շարք դրույթները, որոնք, ըստ էության, կարող են որոշակի խոչընդոտներ ստեղծել նոր օրենքի կիրառման ընթացքում եւ Օրենսդիրը նախաձեռնեց նոր օրենսդրությունը լավարկելու նպատակով հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ:

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների հիմնական նպատակը հանդիսանում է Հայաuտանի Հանրապետությունում զենքի շրջանառության կապակցությամբ ծագող հարաբերությունները, որոնք ուղղված են քաղաքացու ինքնապաշտպանության իրավունքի օրենսդրական կարգավորմանը՝ պատշաճ պաշտպանական միջոցների հասանելիության միջոցով, սեփականության իրավունքի, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից քաղաքացիական զենքի օգտագործման պայմանների իրավական կարգավորումը:

Օրենդրական փոփոխությունները պետք է կանոնակարգեն նոր ստեղծվող իրավահարաբերությունները քաղաքացիական զենքի շրջանառության ոլորտում, կարգավորեն եւ ներդնեն նոր իրավահարաբերություններ, որոնք ուղղված են տնտեսության, սպորտի եւ հրաձգության զարգացման, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի հաղթահարման, ինքնապաշտպանության եւ անօրինական զենքի քանակի նվազեցման եւ ստվերային շրջանառությունից աստիճանաբար դուրս բերմանը:

2. Օրենքի ընդհանուր նկարագիրը եւ առանցքային դրույթները

Նախագծում առաջին փոփոխությունը վերաբերում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածին, որտեղ կարգավորվել են որոշ հիմնական հասկացությունների բացատրությունները եւ լրացվել են նորերը, մասնավորապես՝ ռազմական նշանակության արտադրանք, ողորկափող հրազեն, ակոսափող հրազեն:

Օրենքի 5-րդ հոդվածը ներկայացնում է «ծառայողական զենքի»-ի հետ կապված իրավահարաբերությունները: Հաշվի առնելով, որ ծառայողական զենքը տարբերվում է մարտական եւ քաղաքացիական զենքից ընդամենը փամփուշտների տարբերությամբ, նպատակահարմար է գտնվել ծառայողական զենք հանդիսացող կարճ-ակոսափող հրազենը, որը զուրկ է կրակահերթով կրակելու հնարավորությունից դարձնել քաղաքացիական նշանակության զենք, սակայն այն նույն սահմանափակումներով, որը որ նախատեսված էր ծառայողական զենքի համար: Դրանով է նաեւ պայմանավորված օրենքի 3-րդ հոդվածի փոփոխությունը, որով առաջարկվում է զենքը բաժանել 2 տեսակի՝ քաղաքացիական եւ մարտական:

Գործող օրենքով ծառայողական զենք (նոր կարգավորմամբ՝ քաղաքացիական կարճ ակոսափող հրազեն) ձեռք բերելու իրավունք ունի 20 տարվա զինվորական ստաժ ունեցող եւ առնվազն «գնդապետ» զինվորական կոչում ունեցող գործող կամ պահեստազորի սպան: Նոր կարգավորմամբ առաջարկվում է «գնդապետ» զինվորական կոչումը մեկ աստիճանով իջեցնել եւ հնարավորություն ընձեռել նաեւ «փոխգնդապետ» զինվորական կոչում ունեցողներին՝ հաշվի առնելով նրանց երկարամյա ծառայության փորձը եւ զենքի հետ վարվելու ունակությունները եւ պատասխանատվությունը:

Օրենքի 6-րդ մասի 1-ին մասը սահմանում է մարտական զենքի հասկացությունը, «Մարտական զենք է համարվում ռազմական նշանակության այն արտադրանքը, որը, օրենսդրությանը համապատասխան, ընդունված է օգտագործել պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինության մեջ եւ նախատեսված է մարտական ու օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար: Մարտական զենքը կարող է ունենալ կրակահերթով կրակելու հնարավորություն:», այս սահմանումը բավականին տարընթերցումների տեղիք է տալիս է, քանի որ ենթադրվում է, որ մարտական է այն զենքը, որը գտնվում է պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինության մեջ: Այդ պատճառով առաջարկվում է հստակ ֆիքսել, որ պետական ռազմականացված կազմակերպություններում օգտագործվող այն զենքերը, որոնք համապատասխանում են օրենքով սահմանված քաղաքացիական զենքի չափանիշներին, ապա դրանք քաղաքացիական զենքեր են:

Օրենքի 7-րդ հոդվածում առաջարկվում են հետեւյալ փոփոխությունները՝ 1-ին մասի 2-րդ կետում կա «ինքնաշեն հրազեն» ձեւակերպումը, որի համար սահմանված է արգելք, նախագծով առաջարկվում է այն փոխարինել «ինքնաշեն զենք» ձեւակերպմամբ, որպեսզի այն վերաբերի զենքի բոլոր տեսակներին: Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասի 10-րդ կետը, քանի որ այն տեսականորեն կա նաեւ 2-րդ մասի 5-րդ կետում: 2-րդ մասի 11-րդ կետը սահմանում է «ողորկափող հրազեն օգտագործելը բնակավայրերում, բնակավայրերից, մայրուղիներից, միջպետական եւ միջհամայնքային նշանակության ճանապարհներից 500 մետր, իսկ ակոսափող հրազեն՝ 5000 մետր հեռավորությունից մոտ տարածքում, բացառությամբ հրաձգարանների»: Նախագծով առաջարկվում է ակոսափող հրազենի համար նախատեսված 5000 մետր հեռավորությունը փոխարինել 3000 մետրով, քանի որ կարծում ենք, որ անվտանգության պահպանման համար այս թիվը բավարար է՝ հաշվի առնելով, որ նախկին «Զենքի մասին» օրենքով նմանատիպ սահմանափակում անգամ չկար: Այս կետում առաջարկվում է նաեւ ավելացնել ծայրահեղ անհրաժեշտության կամ ինքնապաշտպանության դեպքերը, քանի որ հաշվի չէր առնվել, որ քաղաքացին կարող է դիմել ինքնապաշտպանության դիցուք՝ բնակավայրում կամ ճանապարհին մոտ հատվածում:

Օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասով առաջարկվում է զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննության գործնական բաժնից ազատել նաեւ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցածներին, քանի որ նրանք արդեն իսկ ծանոթ են զենքի հետ վարվելու անվտանգության կանոններին, այդ պատճառով էլ նրանց անհրաժեշտ է հանձնել միայն տեսական քննությունը:

Օրենքի 20-րդ հոդվածում առաջարկվում է լրացնել 3-րդ մաս, որով հնարավորություն է տրվում գիտական կազմակերպություններին զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի եւ ռազմամթերքի հետազոտություն, մշակում, փորձարկում իրականացնելու համար զենքի արտադրության լիցենզիա ձեռք չբերել:

Օրենքում կատարվել են նաեւ մի շարք տեխնիկական փոփոխություններ:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագծի մշակման աշխատանքներին ներգրավվել են ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներ եւ փորձագետներ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ՀՀ Ներքին գործերի նախարարությունը, ոլորտը ուսումնասիրող մի շարք հասարակական կազմակերպություններ:

4. Նախագծի ընդունման ակնկալվող արդյունքը.

Ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում կարգավորել զենքի եւ ռազմամթերքի շրջանառությունը, նպաստել որսորդության, սիրողական եւ սպորտային հրաձգության, ինչպես նաեւ ռազմամարզության զարգացմանը: Ներդնել զենքի հետ վարվելու մշակույթ, որն ուղղված կլինի քաղաքացիների ինքնապաշտպանության եւ մարտունակության բարձրացմանը:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն