Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-6755-09.10.2023-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 50-րդ հոդվածի վերնագրում, 1-ին մասում «մարտական կամ ծառայողական» բառերը հանել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԻՆԿԱՍԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՈՐՍԻ ԵՎ ՈՐՍՈՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Օրենսդրական նախաձեռնության խնդիրները եւ նպատակները.

2022 թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց, իսկ 2022 թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրվեց «Զենքի շրջանառության կարգավորման» մասին օրենքը, որը նախատեսվում է պաշտոնապես ուժի մեջ է մտնել 2023 թ. հունիսի 1-ից եւ իրենից ներկայացնում է հասարակական հարաբերությունների կարգավորման եւ անվտանգային համակարգի զարգացման կարեւոր ձեռքբերումներից մեկը:

2022 թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետի N 1562-Ա որոշմամբ հաստատվեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» եվ «լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» օրենքների կիրառկումն ապահովող միջոցառումները, որտեղ Օրենսդիրը աշխատանքային կարգով աջակցեց այդ միջոցառումներին: Այդ ընթացքում եւ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, կրկին խորքային ուսումնասիրվեցին նոր օրենսդրության մի շարք դրույթները, որոնք, ըստ էության, կարող են որոշակի խոչընդոտներ ստեղծել նոր օրենքի կիրառման ընթացքում եւ Օրենսդիրը նախաձեռնեց նոր օրենսդրությունը լավարկելու նպատակով հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ:

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների հիմնական նպատակը հանդիսանում է Հայաuտանի Հանրապետությունում զենքի շրջանառության կապակցությամբ ծագող հարաբերությունները, որոնք ուղղված են քաղաքացու ինքնապաշտպանության իրավունքի օրենսդրական կարգավորմանը՝ պատշաճ պաշտպանական միջոցների հասանելիության միջոցով, սեփականության իրավունքի, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից քաղաքացիական զենքի օգտագործման պայմանների իրավական կարգավորումը:

Օրենդրական փոփոխությունները պետք է կանոնակարգեն նոր ստեղծվող իրավահարաբերությունները քաղաքացիական զենքի շրջանառության ոլորտում, կարգավորեն եւ ներդնեն նոր իրավահարաբերություններ, որոնք ուղղված են տնտեսության, սպորտի եւ հրաձգության զարգացման, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի հաղթահարման, ինքնապաշտպանության եւ անօրինական զենքի քանակի նվազեցման եւ ստվերային շրջանառությունից աստիճանաբար դուրս բերմանը:

2. Օրենքի ընդհանուր նկարագիրը եւ առանցքային դրույթները

Նախագծում առաջին փոփոխությունը վերաբերում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածին, որտեղ կարգավորվել են որոշ հիմնական հասկացությունների բացատրությունները եւ լրացվել են նորերը, մասնավորապես՝ ռազմական նշանակության արտադրանք, ողորկափող հրազեն, ակոսափող հրազեն:

Օրենքի 5-րդ հոդվածը ներկայացնում է «ծառայողական զենքի»-ի հետ կապված իրավահարաբերությունները: Հաշվի առնելով, որ ծառայողական զենքը տարբերվում է մարտական եւ քաղաքացիական զենքից ընդամենը փամփուշտների տարբերությամբ, նպատակահարմար է գտնվել ծառայողական զենք հանդիսացող կարճ-ակոսափող հրազենը, որը զուրկ է կրակահերթով կրակելու հնարավորությունից դարձնել քաղաքացիական նշանակության զենք, սակայն այն նույն սահմանափակումներով, որը որ նախատեսված էր ծառայողական զենքի համար: Դրանով է նաեւ պայմանավորված օրենքի 3-րդ հոդվածի փոփոխությունը, որով առաջարկվում է զենքը բաժանել 2 տեսակի՝ քաղաքացիական եւ մարտական:

Գործող օրենքով ծառայողական զենք (նոր կարգավորմամբ՝ քաղաքացիական կարճ ակոսափող հրազեն) ձեռք բերելու իրավունք ունի 20 տարվա զինվորական ստաժ ունեցող եւ առնվազն «գնդապետ» զինվորական կոչում ունեցող գործող կամ պահեստազորի սպան: Նոր կարգավորմամբ առաջարկվում է «գնդապետ» զինվորական կոչումը մեկ աստիճանով իջեցնել եւ հնարավորություն ընձեռել նաեւ «փոխգնդապետ» զինվորական կոչում ունեցողներին՝ հաշվի առնելով նրանց երկարամյա ծառայության փորձը եւ զենքի հետ վարվելու ունակությունները եւ պատասխանատվությունը:

Օրենքի 6-րդ մասի 1-ին մասը սահմանում է մարտական զենքի հասկացությունը, «Մարտական զենք է համարվում ռազմական նշանակության այն արտադրանքը, որը, օրենսդրությանը համապատասխան, ընդունված է օգտագործել պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինության մեջ եւ նախատեսված է մարտական ու օպերատիվ-ծառայողական խնդիրների լուծման համար: Մարտական զենքը կարող է ունենալ կրակահերթով կրակելու հնարավորություն:», այս սահմանումը բավականին տարընթերցումների տեղիք է տալիս է, քանի որ ենթադրվում է, որ մարտական է այն զենքը, որը գտնվում է պետական ռազմականացված կազմակերպությունների սպառազինության մեջ: Այդ պատճառով առաջարկվում է հստակ ֆիքսել, որ պետական ռազմականացված կազմակերպություններում օգտագործվող այն զենքերը, որոնք համապատասխանում են օրենքով սահմանված քաղաքացիական զենքի չափանիշներին, ապա դրանք քաղաքացիական զենքեր են:

Օրենքի 7-րդ հոդվածում առաջարկվում են հետեւյալ փոփոխությունները՝ 1-ին մասի 2-րդ կետում կա «ինքնաշեն հրազեն» ձեւակերպումը, որի համար սահմանված է արգելք, նախագծով առաջարկվում է այն փոխարինել «ինքնաշեն զենք» ձեւակերպմամբ, որպեսզի այն վերաբերի զենքի բոլոր տեսակներին: Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել 2-րդ մասի 10-րդ կետը, քանի որ այն տեսականորեն կա նաեւ 2-րդ մասի 5-րդ կետում: 2-րդ մասի 11-րդ կետը սահմանում է «ողորկափող հրազեն օգտագործելը բնակավայրերում, բնակավայրերից, մայրուղիներից, միջպետական եւ միջհամայնքային նշանակության ճանապարհներից 500 մետր, իսկ ակոսափող հրազեն՝ 5000 մետր հեռավորությունից մոտ տարածքում, բացառությամբ հրաձգարանների»: Նախագծով առաջարկվում է ակոսափող հրազենի համար նախատեսված 5000 մետր հեռավորությունը փոխարինել 3000 մետրով, քանի որ կարծում ենք, որ անվտանգության պահպանման համար այս թիվը բավարար է՝ հաշվի առնելով, որ նախկին «Զենքի մասին» օրենքով նմանատիպ սահմանափակում անգամ չկար: Այս կետում առաջարկվում է նաեւ ավելացնել ծայրահեղ անհրաժեշտության կամ ինքնապաշտպանության դեպքերը, քանի որ հաշվի չէր առնվել, որ քաղաքացին կարող է դիմել ինքնապաշտպանության դիցուք՝ բնակավայրում կամ ճանապարհին մոտ հատվածում:

Օրենքի 17-րդ հոդվածի 6-րդ մասով առաջարկվում է զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննության գործնական բաժնից ազատել նաեւ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցածներին, քանի որ նրանք արդեն իսկ ծանոթ են զենքի հետ վարվելու անվտանգության կանոններին, այդ պատճառով էլ նրանց անհրաժեշտ է հանձնել միայն տեսական քննությունը:

Օրենքի 20-րդ հոդվածում առաջարկվում է լրացնել 3-րդ մաս, որով հնարավորություն է տրվում գիտական կազմակերպություններին զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի եւ ռազմամթերքի հետազոտություն, մշակում, փորձարկում իրականացնելու համար զենքի արտադրության լիցենզիա ձեռք չբերել:

Օրենքում կատարվել են նաեւ մի շարք տեխնիկական փոփոխություններ:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագծի մշակման աշխատանքներին ներգրավվել են ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավորներ եւ փորձագետներ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ՀՀ Ներքին գործերի նախարարությունը, ոլորտը ուսումնասիրող մի շարք հասարակական կազմակերպություններ:

4. Նախագծի ընդունման ակնկալվող արդյունքը.

Ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում կարգավորել զենքի եւ ռազմամթերքի շրջանառությունը, նպաստել որսորդության, սիրողական եւ սպորտային հրաձգության, ինչպես նաեւ ռազմամարզության զարգացմանը: Ներդնել զենքի հետ վարվելու մշակույթ, որն ուղղված կլինի քաղաքացիների ինքնապաշտպանության եւ մարտունակության բարձրացմանը:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն