Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-678-12.10.2023-ԱռՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքը 11-րդ գլխից հետո լրացնել նոր՝ 12-րդ գլխով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«ԳԼՈՒԽ 12. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 51. Անցումային դրույթներ

1. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու նպատակով ավագ եւ միջին բուժաշխատողների համար սույն օրենքով նախատեսված ՇՄԶ հավաստագիր ունենալու պահանջը չի տարածվում 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված միջին եւ ավագ բուժաշխատողների վրա՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից, տարածվում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ծագած հարաբերությունների վրա եւ գործում է մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետեւանքով բռնի տեղահանված բուժաշխատողների աշխատանքային հարցերի կարգավորման անհրաժեշտությամբ:

Ներկա իրավակարգավորումների համաձայն՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելու համար ավագ եւ միջին բուժաշխատողները պետք է ունենան ՇՄԶ հավաստագիր, որը հանդիսանում է վերջիններիս համար աշխատանքի թույլտվությունը փաստող փաստաթուղթ: Յուրաքանչյուր 5-ամյա շրջափուլում ավագ բուժաշխատողները պետք է ունենան 220 ՇՄԶ կրեդիտ, դեղագետները՝ 160 ՇՄԶ կրեդիտ, միջին բուժաշխատողները՝ 140 ՇՄԶ կրեդիտ, դեղագործները՝ 100 ՇՄԶ կրեդիտ: Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղում նախատեսված չէր հավաստագրման ինստիտուտ եւ ԼՂ բուժաշխատողների համար չի գործել ՇՄԶ հավաստագիր ունենալու պահանջ, ուստի վերջիններս այս պահին չունեն ՇՄԶ հավաստագիր:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Ստեղծված իրավիճակում խնդրին շտապ լուծում տալու նպատակով նախագծով առաջարկվում է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում նախատեսել անցումային դրույթ, որով կթույլատրվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավագ եւ միջին բուժաշխատողներին զբաղվել մասնագիտական գործունեությամբ՝ սահմանելով որոշակի ժամանակահատված, որի ընթացքում վերջիններս կարող են մասնակցել կրեդիտավորված դասընթացների՝ կուտակելով ՇՄԶ կրեդիտներ եւ ստանալ ՇՄԶ հավաստագիր:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության եւ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավագ եւ միջին բուժաշխատողներին հնարավորություն տալ շարունակելու իրենց մասնագիտական գործունեությունը՝ մինչեւ սահմանված ժամկետում ՇՄԶ հավաստագիր ստանալը:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Սույն նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապե՟տու՟թյան պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն