Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6851-20.10.2023-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նույնականացման քարտերի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-286-Ն օրենքի /այսուհետեւ՝ Օրենք/ 8-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ


1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2017թ-ի հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետությանը կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգը սպասարկող եւ բլանկներ մատակարարող Լեհական PWPW ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը, ինչով պայմանավորված աշխատանքներ են տարվել Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման եւ փոխանցման նպատակով տեխնիկական առաջադրանք մշակելու, ինչպես նաեւ պայամանագիր կնքելու իրավունք շնորհելու համար գնման ընթացակարգի մրցույթ հայտարարելու ուղղությամբ:

Այդ աշխատանքներին զուգահեռ, պարբերաբար, «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում կատարվել են փոփոխություններ՝ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրումը երկարաձգելու նպատակով :

Հետագայում, նկատի ունենալով ՀՀ կառավարության կողմից որդեգրած քաղաքականությունը, այն է՝ ամբողջությամբ անցում կատարելը կենսաչափական տվյալներ պարունակող անձը հաստատող փաստաթղթերի տրամադրմանը, ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել գնալ առավել գլոբալ բարեփոխումների՝ Հայաստանի Հանրապետությունում ներդնել ոչ միայն կենսաչափական փաստաթղթերի տրամադրման համակարգ, այլեւ ավելացնել բնակչությանը էլեկտրոնային ծառայությունների մատուցման հնարավորությունները: Մասնավորապես, ստեղծել անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ ավելի շատ թվային ծառայություններ մատուցելու եւ այդ աշխատանքներում էլեկտրոնային ստորագրության կիրառումը առավել դյուրին դարձնելու ուղղությամբ:

Մասնավորապես, նախատեսվում է ՀՀ-ում ներդնել կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթղթերի տրամադրման նոր համակարգ՝ տալով այնպիսի լուծումներ, որ այն հնարավորություն ունենա բնակչությանը մատուցել թվային ծառայություններ: Այս ուղղությամբ կատարված աշխատանքների շրջանակում ընտրվել են միջազգային խորհրդատուներ՝ ովքեր արդեն իսկ սկսել են ուսումնասիրությունները՝ ՀՀ կարիքներին համահունչ առաջարկություններ ներկայացնելու ուղղությամբ:

2022 թվականի դեկտեմբերի 27-ին Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդի կողմից տեղի ունեցած նիստի թիվ 05/2022 արձանագրությամբ քննարկվել է «Նույնականացման քարտերի եւ կենսաչափական անձնագրերի նոր համակարգի ներդրման անվտանգության պահանջները եւ մրցույթի շրջանակը», որով նախատեսվել է ավարտին հասցնել ՀՀ քաղաքացու կենսաչափական անձնագրի եւ նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման մրցութային փաթեթը (այսուհետ՝ փաթեթ):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մրցույթը կայանալու, հաղթող կազմակերպության հետ պայմանագիր կնքելու, կենսաչափական անձը հաստատող փաստաթղթերի բլանկները թողարկելու, մատակարարելու եւ համակարգը վերջնական գործարկելու ու լիարժեք սպասարկում իրականացնելու համար կպահանջվի լրացուցիչ ժամանակ, ուստի «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում պարբերաբար փոփոխություններ կատարելուց զերծ մնալու նպատակով, ներկայացված նախագծով ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրի տրամադրման ժամկետներ չեն սահմանվում:

Ներկայացված փոփոխությունների նպատակն է գործողության մեջ թողնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» թիվ 821 որոշումը, ապահովելու համար ՀՀ քաղաքացիների ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները՝ անձը հաստատող փաստաթղթի տրամադրումը (փոխանակումը), մինչեւ նոր համակարգի ամբողջությամբ ներդրումը եւ փաստաթղթերի բլանկների ձեռք բերումը:

Միաժամանակ, նոր համակարգի ներդնումից հետո կսահմանվեն նոր կարգավորումներ 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագրի տրամադրման մասով, որն էլ կներառվի «Նույնականացման քարտերի մասին» օրենքում:

Վերոգրյալի համատեքստում անհրաժեշտություն է առաջանում նախատեսել համապատասխան փոփոխություն նաեւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում՝ վերջիններս ճանաչելով ուժը կորցրած:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը եւ նպատակը

Օրինագծերով նախատեսվում է «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներում կատարել համապատասխան փոփոխություններ, այն է՝ ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» 9-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը, ինչպես նաեւ օրենքի 5-րդ հոդվածի 18-րդ մասում եւ 9-րդ հոդվածի 3.1-րդ մասում կատարել համապատասխան լրացում եւ փոփոխություն՝ պայմանավորված նոր կենսաչափական համակարգի ամբողջական ներդրման ու գործարկման հետ եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել՝ ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթուղթ ունենալու իրավունքը երաշխավորելու նպատակով:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

Նախագծերը մշակվել են ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության անձնագրային եւ վիզաների վարչության կողմից:

4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Օրինագծերի ընդունումը հնարավորություն կտա ապահովել ՀՀ քաղաքացիների ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների իրացումը:

5. Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության եւ պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

2011 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՕ-287-Ն եւ 2011 թվականի դեկտեմբերի 21-ի «Նույնականացման քարտերի մասին» ՀՕ-286-Ն օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա:

6. Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման արդյունքում այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ:

Նախագծերը չեն բխում ռազմավարական փաստաթղթերից:


ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:



Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն