Armenian ARMSCII Armenian
Պ-616-14.06.2023,20.10.2023-ԳԿ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեսալսողական մեդիայի մասին» 2020 թվականի հուլիսի 16-ի ՀՕ-395-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) նպաստել տեսալսողական ոլորտում վարկանիշային չափումների զարգացմանը եւ չափման գործընթացին:».

2) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) Տեսալսողական մեդիայի ինդուստրիալ կոմիտեի վրա:»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 29-րդ եւ 30-րդ կետերով.

«29) Տեսալսողական մեդիայի ինդուստրիալ կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե)՝ կամավոր անդամության վրա հիմնված ինքնակարգավորվող ոչ առեւտրային կազմակերպություն (ԻԿԿ), որի իրավունքները, պարտականությունները եւ գործունեության առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով եւ իր կանոնադրությամբ.

30) տեսալսողական մեդիայի չափումներ (այսուհետ՝ չափումներ)՝ էլեկտրոնային գրանցման համակարգի միջոցով՝ դիտաչափ (փիփլմետր) սարքավորումներով առանձին տեսալսողական հաղորդումների եւ տեսալսողական ծրագրերի վարկանիշերի բացահայտման կապակցությամբ իրականացվող գործունեություն:»:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին գլխով.

«ԳԼՈՒԽ 3.1

ՏԵՍԱԼՍՈՂԱԿԱՆ ՄԵԴԻԱՅԻ ՉԱՓՈՒՄՆԵՐԸ

Հոդված 14.1. Կոմիտեն, դրա ձեւավորումը, գործառույթներն ու մասնակիցների լիազորություն՟ների դադարումը

1. Կոմիտեն համարվում է ձեւավորված, եթե ապահովվել է հանրային մուլտիպլեքսով հեռարձակողների կազմում հանրապետական եւ մայրաքաղաքային սփռում ունեցող հեռարձակողների առնվազն կեսից ավելի մասնակցությունը: Կոմիտեին կարող են անդամակցել նաեւ Կոմիտեի կանոնադրությամբ նախատեսված այլ անձինք:

2. Կոմիտեն օրենքով սահմանված կարգով ստեղծված է համարվում պետական գրանցման պահից: Կոմիտեի պետական գրանցումը կատարում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը: Կոմիտեի գրանցման համար, բացի օրենքով սահմանված փաստաթղթերից, ներկայացվում են նաեւ տեղեկություններ Կոմիտեի անդամների մասին: Կոմիտեի անվանումը պետք է ներառի «ինքնակարգավորվող կազմակերպություն» բառերը եւ «ԻԿԿ» հապավումը:

3. Կոմիտեի հիմնադիր ժողովի մասնակիցներ կարող են լինել հանրային մուլտիպլեքսով հեռարձակողների կազմում հանրապետական եւ մայրաքաղաքային սփռում ունեցող հեռարձակողները:

4. Հիմնադիր ժողովում ներառված հարցերը հաստատվում են մասնակիցների պարզ մեծամասնությամբ:

5. Կոմիտեն չի կարող ստեղծվել, իսկ ստեղծված լինելու դեպքում գործունեությունը օրենքի ուժով ժամանակավորապես դադարեցվում է, եթե դրան չի անդամակցում հան՟րային մուլտիպլեքսով հեռարձակվող հանրապետական եւ մայրաքաղաքային սփռում ունե՟ցող հեռարձակողների առնվազն կեսից ավելին:

6. Կոմիտեին անդամակցող անձինք իրենց անդամակցության ժամանակահատ՟վածում պարտավորվում են օգտվել սույն օրենքի 14.4-րդ հոդվածի դրույթներով սահմանված կազմակերպությունների կատարած չափումների տվյալներից եւ ծառայություններից՝ Կոմի՟տեի սահմանած նվազագույն պայմաններով:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված տվյալներից ու ծառայություններից չօգտվելու դեպքում տվյալ կազմակերպությունը (կամ անձը) պարտավորվում է չօգտված ծառայության արժեքի չափով անհատույց վճարում կատարել Կոմիտեին, որի հաշվարկ՟ման կարգը սահմանում է Կոմիտեն:

8. Կոմիտեն՝

1) սահմանում է չափումների չափանիշները.

2) առավելագույնը հինգ տարով ընտրում է համապատասխան չափումներ կատարող կազմակերպությանը.

3) վերահսկում է չափում կատարող կազմակերպության չափումների կատարումը.

4) սահմանում է չափումներ կատարող անձանց ընտրության եւ մրցույթի կազմակերպման կարգը.

5) սահմանում է չափումների գործընթացը կասեցնելու, դադարեցնելու, վերահսկելու կարգը.

6) սահմանում է չափումներ կատարող կազմակերպություններին ներկայացվող պահանջները՝ ըստ չափումների ենթակա նպատակի, կազմակերպությունների ընտրության ընթացակարգը, գործառույթները եւ դրանց հետ կնքվող չափումների պայմանագրի պայմանները.

7) կատարում է օրենքով չարգելված այլ գործառույթներ, որոնք միտված են չափումների գործընթացի բնականոն գործունեությանը եւ կատարելագործմանը:

9. Կոմիտեի մասնակիցների անդամությունը դադարեցնելու դեպքերը սահմանում է Կոմիտեն:

Հոդված 14.2. Կոմիտեի կառավարման մարմինները

1. Կոմիտեի կառավարման բարձրագույն մարմինը ընդհանուր ժողովն է, որը կազմակերպությունը ղեկավարում է տարեկան եւ արտահերթ ժողովների գումարման միջոցով:

2. Ընդհանուր ժողովի բացառիկ իրավասություններն են`

1) Կոմիտեի կանոնադրության հաստատումը.

2) Կոմիտեի դիտորդ խորհրդի (առկայության դեպքում), վերահսկիչ ծառայության (առկայության դեպքում) անդամների եւ ղեկավարի ընտրությունը, նրանց գործառույթների սահմանումը, լիազորությունների դադարեցումը.

3) Կոմիտեի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունների հաստատումը (հաշվետվություններին ներկայացվող պահանջները սահմանում է ընդհանուր ժողովը).

4) չափումներ կատարող անձանց ընտրության ժամկետների որոշումը, գործունեության կասեցումը, դադարեցումը.

5) Կոմիտեի անդամավճարի չափը եւ այն վճարելու կարգը սահմանելը.

6) գործադիր մարմնի ընտրությունը.

7) Կոմիտեի կանոնադրությամբ նախատեսված այլ հարցեր:

3. Գործադիր մարմնի եւ այլ մարմինների գործառույթները, գործունեության կարգը սահմանվում են կազմակերպության կանոնադրությամբ: Կոմիտեի կանոնադրությամբ կարող են սահմանվել սույն օրենքում չնշված կառավարման այլ մարմիններ եւս:

Հոդված 14.3. Տեսալսողական մեդիայի չափումները եւ սկզբունքները

1. Տեսալսողական մեդիայի ոլորտում վարկանիշի ձեւավորումը, ինչպես նաեւ տեսալսողական մեդիայի ոլորտի գովազդային ծառայությունների շուկայում վարկանիշային գնագոյացումը կատարվում են հեռարձակողների, առանձին տեսալսողական հաղորդումների եւ տեսալսողական ծրագրերի չափումների միջոցով:

2. Չափումները կատարվում են օրինականության, անկողմնակալության, անկախության, վստահելիության, արհեստավարժության, հետազոտությունների անընդհատության եւ չափումների ոլորտում ընդունելի այլ սկզբունքների հիման վրա:

3. Չափումների արդյունքները ենթակա չեն հրապարակման, եթե համապատասխան հեռարձակողն այդ մասով գրավոր պահանջ է ներկայացնում չափումներ կատարող անձին: Հեռարձակողը համապատասխան պահանջը ներկայացնելուց հետո այդ մասով չափումների արդյունքները տրամադրում է բացառապես կարգավորող մարմնին, որը դրանք կարող է օգտագործել օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով:

Հոդված 14.4. Չափումներ կատարողները

1. Չափումները կատարում են Կոմիտեի կողմից ընտրված եւ վերահսկվող առեւտրային կազմակերպությունները:

2. Կոմիտեի կողմից չափումներ կատարող անձինք ընտրվում են առավելագույնը հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով եւ Կոմիտեի սահմանած ընթացակարգով չընտրված կամ չվերահսկվող կազմակերպությունների կատարած չափումների արդյունքները հիմք չեն հեռարձակողների վարկանիշերի ձեւավորման համար:

Հոդված 14.5. Չափումների կատարումը մինչեւ Կոմիտեի ընտրած առեւտրային կազմակերպության գործունեությունը

1. Մինչեւ Կոմիտեի ընտրած առեւտրային կազմակերպության գործունեությունը, բայց ոչ ուշ, քան մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը չափումներ կարող են կատարել Կոմիտեի սահմանած ընթացակարգով չընտրված Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձինք՝ պայմանով, որ այդ մասին սույն օրենքի 3.1-ին գլուխն ուժի մեջ մտնելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, կամ չափումները կատարելուն նախորդող հինգ օրվա ընթացքում պետք է ծանուցեն կարգավորող մարմնին, իսկ Կոմիտեի ստեղծվելուց հետո՝ Կոմիտեին: Սույն մասում նշված ծանուցումը պետք է պարունակի առնվազն հետեւյալ տվյալները՝ չափումներ կատարող անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրի հասցեն:

2. Կոմիտեի սահմանած ընթացակարգով չընտրված անձանց կողմից մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը չափումներ կատարելու մասով կարգավորող մարմինը կարող է սահմանել, փոփոխել կամ չեղարկել չափանիշներ (ստանդարտներ)՝ չափումներ կատարելու համար եւ վերահսկել իր սահմանած չափանիշների (ստանդարտների) պահպանումը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վերահսկողության շրջանակում կարգավորող մարմինը կարող է չափումները կատարող անձանցից պահանջել անհրաժեշտ տեղեկատվություն, փաստաթղթեր կամ այլ նյութեր՝ սահմանելով դրանք ներկայացնելու ժամկետները եւ (կամ) ձեւաչափերը:

4. Մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը Կոմիտեի սահմանած ընթացակարգով չընտրված չափումներ կատարող անձինք, ինչպես նաեւ այլ անձ, որը չափումների արդյունքները կամ այդ արդյունքների հիման վրա մշակված այլ տվյալ փոխանցում կամ որեւէ կերպ օգտագործում է երրորդ անձանց հետ հարաբերություններում մինչեւ դրանց փոխանցումը եւ (կամ) օգտագործումը, պետք է այդ անձանցից ստացված գրավոր հավաստումների բնօրինակները ներկայացնեն կարգավորող պետական մարմին: Սույն մասում նշված գրավոր հավաստման մեջ առնվազն պետք է նշված լինեն, որ՝

1) չափումների արդյունքները կամ այդ արդյունքների հիման վրա մշակված այլ տվյալ չեն կարող հանդիսանալ օբյեկտիվ տվյալ.

2) գրավոր հավաստումը ներկայացնող անձը ծանոթացել է սույն օրենքի 3.1-ին գլուխն ուժի մեջ մտնելուն նախորդող երկու տարվա ընթացքում համապատասխան անձի չափումների մասով կատարված աուդիտի, ստուգումների եւ այլ ուսումնասիրությունների արդյունքներին, որոնք կասկածի տակ են դնում տվյալ անձի կողմից չափումների արժանահավատությունը՝ դրանց առկայության դեպքում գրավոր հավաստմանը կցելով համապատասխան աուդիտի, ստուգումների եւ այլ ուսումնասիրությունների ամբողջական արդյունքները (եզրակացությունները):

Սույն մասում նշված աուդիտի, ստուգումների եւ այլ ուսումնասիրությունների արդյունքները համապատասխան չափումներ կատարող անձինք եւ այլ անձ, որը չափումների արդյունքները կամ այդ արդյունքների հիման վրա մշակված այլ տվյալ փոխանցում կամ որեւէ կերպ օգտագործում է երրորդ անձանց հետ հարաբերություններում, պարտավոր են գրավոր հավաստումը տրամադրել ստորագրող անձին:

5. Մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը Կոմիտեի սահմանած ընթացակարգով չընտրված չափումներ կատարող անձինք, ինչպես նաեւ այլ անձ, որը չափումների արդյունքները կամ այդ արդյունքների հիման վրա մշակված այլ տվյալ տարածում է դրանց տարածմանը զուգահեռ, պետք է համաժամանակյա նույն եղանակով ծանուցեն երրորդ անձանց առնվազն հետեւյալի մասին.

1) չափումների արդյունքները կամ այդ արդյունքների հիման վրա մշակված այլ տվյալ չեն կարող համարվել օբյեկտիվ տվյալ.

2) սույն օրենքի 3.1-ին գլուխն ուժի մեջ մտնելուն նախորդող երկու տարվա ընթացքում համապատասխան անձի մոտ չափումների մասով կատարված աուդիտի, ստուգումների եւ այլ ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ, որոնք կասկածի տակ են դնում տվյալ անձի կողմից չափումների արժանահավատությունը՝ կցելով համապատասխան աուդիտի, ստուգումների եւ այլ ուսումնասիրությունների ամբողջական արդյունքները (եզրակացությունները) դրանց առկայության դեպքում:»:

Հոդված 4. Օրենքի 57-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-6.4-րդ մասերով.

«6.1. Օրենքի 14.5-րդ հոդվածի 2-րդ մասում նշված չափանիշներին (ստանդարտներին) չհամապատասխանելու դեպքում համապատասխան անձի կատարած չափումների արդյունքներն օգտագործելն առաջացնում է տուգանքի նշանակում չափումները կատարող անձի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով: Ընդ որում, եթե համապատասխան չափումներ կատարող անձը չի ներկայացնում իրենից պահանջվող՝ 14.5-րդ հոդվածի 3-րդ մասում նշված անհրաժեշտ տեղեկատվությունը, փաստաթղթերը կամ այլ նյութեր, կամ դրանք ներկայացվում են ոչ պատշաճ (սխալ, թերի, կարգավորող պետական մարմնի սահմանած ժամկետից ուշ կամ վերջինիս սահմանած ձեւաչափից տարբերվող ձեւով), ապա համարվում է, որ համապատասխան չափումները չեն համապատասխանում Օրենքի 14.5-րդ հոդվածի 2-րդ մասում նշված չափանիշներին (ստանդարտներին):

6.2. Օրենքի 14.5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված գրավոր հավաստումը չներկայացնելը (այդ թվում՝ երբ ներկայացված հավաստումը չի պարունակում սահմանված բովանդակության որեւէ մաս կամ անհրաժեշտ կից փաստաթղթեր) յուրաքանչյուր դեպքում առանձին առաջացնում է տուգանքի նշանակում համապատասխան չափումներ կատարող անձանց, ինչպես նաեւ այլ անձանց համար, որոնք չափումների արդյունքները կամ այդ արդյունքների հիման վրա մշակված այլ տվյալ փոխանցում կամ որեւէ կերպ օգտագործում են երրորդ անձանց հետ հարաբերություններում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով: Ընդ որում, սույն մասով նախատեսված պատասխանատվության միջոցը կիրառվում է միայն այն դեպքում, երբ անձը չի ներկայացնում իր հետ անմիջականորեն հարաբերությունների մեջ մտած անձանցից ստացված գրավոր հավաստումները:

6.3. Օրենքի 14.5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված չափումների մասով կատարված աուդիտի, ստուգումների եւ այլ ուսումնասիրությունների արդյունքները համապատասխան անձանց չտրամադրելը (այդ թվում՝ սահմանված ժամկետում չտրամադրելը կամ ոչ ամբողջական տրամադրելը) յուրաքանչյուր դեպքում առանձին առաջացնում է տուգանքի նշանակում այն տրամադրելու պարտավորություն ունեցող անձանց համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:

6.4. Օրենքի 14.5-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ծանուցումը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու յուրաքանչյուր դեպքում առանձին առաջացնում է տուգանքի նշանակում այդպիսի ծանուցում կատարելու պարտավորություն ունեցող անձանց համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:»:

Հոդված 5. Օրենքի 60-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 24-րդ մասով.

«24. Սույն օրենքի 14.5-րդ հոդվածը եւ 57-րդ հոդվածի 6.1-6.4-րդ մասերը գործում են մինչեւ Կոմիտեի ընտրած առեւտրային կազմակերպության գործունեությունը, բայց ոչ ուշ, քան մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: